2022.03.03,

Խաչմերուկ

Ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան լուսաբանումը․ հունվար 2022

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հունվարին հայկական լրատվամիջոցների կողմից ամենաքննարկվող թեմաները հայ-թուրքական հարաբերությունների վերսկսումն ու սահմանային միջադեպերն էին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում։ 

Նախորդ ամիսների պես՝ այս անգամ էլ պակաս չէին սահմանային միջադեպերը, որոնց արդյունքում հայկական կողմը ունեցավ նաև զոհեր։ 

Սահմանային միջադեպեր․ Արցախից մինչև Հայաստան

Եթե Արցախում տեղի ունեցած միջադեպերը կապում էին արցախցիներին խուճապի մեջ պահելու և Արցախը հայաթափելու համատեքստում, Գեղարքունիքի սահմանում գործողությունները պայմանավորում էին Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորք ուղարկելու Հայաստանի որոշմամբ ու իշխանությունների ոչ ճիշտ քաղաքականությամբ։ 

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր Շուկա համայնքները հաճախակի են հայտնվում ադրբեջանական զորքերի թիրախում։ Հերթական միջադեպի ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի  10-ին, այրվել է քաղաքացիական ավտոմեքենա, որը կայանված էր մանկապարտեզի հարևանությամբ։  

Նույն օրը ադրբեջանական զորքերը սադրանքի են դիմել նաև Ասկերանի շրջանում՝ հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ բացելով տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ։ 

Իսկ երրորդ դեպքը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշիի հատվածում էր․ ադրբեջանցիները քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային։

Կարմիր Շուկայի դեպքի մասին պատմելով՝ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը, ցույց տալով մոխրացած մեքենան, ասում է՝  այն, որ թշնամու թիրախում հենց խաղաղ բնակիչներն են, մանկապարտեզներն ու դպրոցները, արդեն փաստերն են վկայում։ 

Արցախի նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանը, մեկնաբանելով Կարմիր Շուկայի և Ասկերանի շրջաններում տեղի ունեցածը, ասում է, որ Բաքուն Արցախում շատ հետևողականորեն երկու վտանգավոր քաղաքականություն է իրականացնում՝ ամենօրյա ահաբեկչություններ ու Արցախը փակ գոտի դարձնելու քայլեր, որոնց միջոցով Ադրբեջանն ուզում է Արցախն ամբողջությամբ հայաթափել։ 

Մանկապարտեզի թիրախավորումը ահաբեկչության դասական օրինակ է, նույն թողարկմանը ասում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը․ «Նման դեպքերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ մեր խաղաղ բնակավայրերի մերձակայքում կան ադրբեջանական դիրքեր»։ 

«Նման գործողություններն Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և նացիստական քաղաքականության դրսևորումներ են, որոնք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ»,- գտնում են Արցախի արտգործնախարարությունում։ 

Հունվարին տեղի ունեցած մեկ այլ միջադեպի հետևանքով հայկական կողմը ունեցավ նաև 3 զոհ ու 2 վիրավոր։ Գեղարքունիքի մարզում Ադրբեջանական զինված ուժերը կիրառել են նաև հեռահար միջոցներ ու անօդաչու թռչող սարքեր։  

Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն ասում է, որ սահմանին լարված իրավիճակ ստեղծելը Ադրբեջանի գլխավոր նպատակներից մեկն է․ «Նպատակը անընդհատ ճնշում գործադրելն է Հայաստանի և Արցախի վրա, որպեսզի նրանք հնարավորություն չունենան վերականգնվելու՝ թե հոգեբանական, թե ռազմական և տնտեսական իմաստով։ Նման ագրեսիաները կարող են և կրկնվել»,- նշում է նա։ 

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածը 5-րդ ալիքի հաղորդավարը կապում է Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորք ուղարկելու Հայաստանի որոշման հետ․«Սահմանային բախումները Ղազախական հետք էին կրում, վստահ են հայ փորձագետները։ Հայաստանը որպես ՀԱՊԿ նախագահող երկիր աննախադեպ օպերատվությամբ կազմակերպեց խաղաղապահ առաքելության մուտքը Ղազախստան, մինչդեռ այդ տարածքի վրա աչք ուներ Թուրքիան։ Այսպես փոքրիկ Երևանը հայտնվեց Մոսկվա-Անկարա մեծ քաղաքական խաղերի կենտրոնում։ Փորձագետների կարծիքով Ալմաթիիում ապտակ ստացած Թուրքիան հիմա Ադրբեջանի ձեռքերով փորձում է ռևանշի հասնել Հայաստանի սահմանին՝ տրորելով Ռուսաստանի ոտքը»։ 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կարծիքով էլ՝ հանդուրժել Նիկոլ Փաշինյանին՝ նշանակում է թիկունքից հարվածել Հայաստանի Հանրապետության պետականությանը։

«Թուրքի հետ խաղաղության գինը… Արթուրն ու Ռուդիկը զոհվեցին մի քանի ժամ առաջ։ Նրանք թուրքից խաղաղություն մուրացողների հերթական զոհերն են։ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ կնքել խաղաղության համաձայնագիր։ Երկու օրից Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի բանագնացները բացելու են երկու երկրների միջև խաղաղության «սպիտակ» էջը։ Արթուրն ու Ռուդիկը 20 տարեկան էին», – գրել է ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ Լրագրի՝ միջադեպի ընթացքում կիրառվող անօդաչուները կառավարվում են Աղդամի (Ակնայի) ռուս-թուրքական հետախուզական կենտրոնից, որը պաշտոնապես կոչվում է հրադադարի վերահսկման կենտրոն։ «Այսինքն՝ կենտրոնը չի կատարում իր գործառույթները։ Այսինքն՝ Բաքվի հարձակումները համաձայնեցված են ռուսական և թուրքական կողմերի հետ։

Բաքվի վերջին հարձակումները տեղի ունեցան ՀԱՊԿ կազմում հայկական զորախումբը Ղազախստան ուղարկելու ֆոնին, գրում է կայքը՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ-ը ժամանակին մերժեց ՀՀ դիմումը Հայաստանի «ինքնիշխան տարածք» Բաքվի ներխուժումների ժամանակ։

«Եթե Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը Հայաստանի հարցում լինեին իրենց պայմանագրային պարտավորությունների դիրքերում, ոչ մի «ադրբեջան» չէր համարձակվի հարձակվել Հայաստանի վրա։ Ընդ որում, խոսքը հենց 2020-ի սեպտեմբերի 27-ի մասին է»,-գրում է կայքը։

Հայ-թուրքական հարաբերությունների վերսկսում

Սահմանային միջադեպերին հաջորդեց Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի մասին հունվարին լրատվամիջոցները ամենաշատն էին գրում։ Այս թեմայով Ազգային ժողովում են տարբեր քննարկումներ եղել, վիճաբանություններ։ Իշխանական թևը պնդում է, որ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների, իսկ ոչ իշխանական թևում դրան չեն հավատում․ ոմանք իշխանություններին մեղադրում են գաղտնապահության մեջ, ոմանք էլ կարծում են, որ Հայաստանը ներկա իրավիճակում չպետք է գնա այդ քայլին։ 

Հայ-թուրքական բանակցությունների վերսկսումը ողջունել են ԱՄՆ պետքարտուղարությունը,  Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն և տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Թուրքագետ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի անդամ Ռուբեն Սաֆրաստյանը դրական է համարում, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների, սակայն չի բացառում, որ Թուրքիան ինչ-որ պահից Հայաստանի առաջ կդնի «քննարկման խնդիրներ»:

«Հայաստան» դաշինքը դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, բայց խնդիրն է՝ ի՞նչ գնով և ինչի՞ հաշվին պետք է կարգավորվեն դրանք։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը։ 

«Գտնում ենք, որ այս իշխանությունները նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանի շահերը։ ..Թուրքիան նույն Թուրքիան է, բայց Հայաստանը նույն Հայաստանը չէ պատերազմից հետո, հետևաբար, նրանք երկիրը տանում են նոր, շատ վտանգավոր մի ցիկլ»,- նշել է Սաղաթելյանը։

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ ԱԺ-ում ասել է, որ Թուրքիայի ամենատարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերից պարզ է դառնում, որ «Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով»։

«Այդ գործընթացը չի կարող իրականացվել հայ ժողովրդի մեջքի հետևում։ Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ ղարաբաղյան հակամարտության, թեպետ Չավուշողլուն արդեն իսկ ասել է, որ իրենք յուրաքանչյուր քայլը համաձայնեցնում են Ադրբեջանի հետ, այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին ի վնաս կամ ի հաշիվ»,- նշել է Մամիջանյանը՝ հավելելով նաև, որ այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Նիկոլ Փաշինյանի օրոք, որովհետև «մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի»։ 

ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ այս իրավիճակում խայտառակություն է, այս կոտրված, ջարդված, արյունաքամ վիճակում խոսել հայ-թուրքական հարաբերություններից, բիզնես անելուց, թուրքերին Գյումրիում բուժելուց և այլն:

«Հայ-թուրքական հարաբերությունների լավացումը կարող էր տեղին լինել, եթե գոնե 2025-ից հետո վստահ լինեինք, որ Արցախում խաղաղապահ կոնտինգենտը շարունակելու է իր առաքելությունն իրականացնել, երբ վերականգնված լիներ Մինսկի խմբի ձևաչափը և Արցախի բանակցային գործընթացն ընթացքի մեջ լիներ, մեր սահմաններն օկուպացված չէին լինի, երբ մեր տնտեսական վիճակը վերականգնված կլիներ»,-ասաց Արտակ Զաքարյանը: 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն էլ այն կարծիքին է, որ Հայաստանը գնում է Թուրքիայի հետ բարեկամության, որովհետև մեր երկրում իշխանությունը սերվել է հենց թրքահպատակ միջավայրից։

«Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում՝ Ռուբեն Ռուբինյանն իրականում փոստատար է աշխատելու, որովհետև քննարկվող բոլոր հարցերը կարգավորվել են հայ-թուրքական կուլիսներում և լուծվելու են Փաշինյանի հետ շփումների արդյունքում, ավելին՝ դրանք մեծ հաշվով արդեն որոշված են։ 

․․․Երբ ասում են, թե հայկական կողմը առանց նախապայմանների է բանակցելու, դրա մեջ բլեֆ կա, որովհետև այդ բանակցություններն ընթանալու են բացառապես թուրքական նախապայմաններով, իսկ հայկական կողմն ունի ընդամենը խնդրանքներ»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը։

«Որևէ մեկին որևէ բան ներելու համար նույնիսկ քրիստոնեության մեջ գոյություն ունի ապաշխարությունը, այսինքն՝ եթե մարդը չի զղջացել, հետ չի դարձել իր սխալ ճանապարհից, այլ հակառակը՝ համառում է իր ընթացքի մեջ. սրանից 100-150 տարի առաջ ոնց քեզ սպանել է, շարունակելու է: Ձեռագի՞ր է փոխվել, ինչ-որ բան փոխվե՞լ է: Մենք տեսնո՞ւմ ենք թուրքական պետություններից եկող որևէ զղջում, ապաշխարություն, քավություն, որ ներենք: Հիմար հո չե՞նք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկխոսության մեկնարկի մասին, ասել է դիրիժոր Վահե Բեգոյանը:

Թեմայի քննարկումների ժամանակ հնչեցին նաև այսպիսի կարծիքներ․ 

Ընդհանուր առմամբ՝ լրատվամիջոցները հայ-թուրքական բանակցությունների վերսկսման մասին բավականին շատ են գրել՝ փորձելով ներկայացնել իշխանական և ոչ իշխանական գործիչների, ինչպես նաև փորձագետների կարծիքները։ Լրատվամիջոցներից ընդգծված դիրքորոշում ուներ Armtimes-ը, որը հիմնականում հրապարակել է այդ հարաբերությունների վերսկսմանը կողմ տեսակետները։ Իսկ իշխանություններին քննադատող կարծիքներին ու դիրքորոշումներին ավելի շատ տեղ են տվել 168.am, Iravunq.com, Aysor.am կայքերը։  

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *