2021.12.27,

Խաչմերուկ

Ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան լուսաբանումը. սեպտեմբեր

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Սեպտեմբերին հայաստանյան լրատվամիջոցների ամենաքննարկվող թեմաներից էին Գորիս-Կապան ճանապարհին դարձյալ տեղի ունեցած միջադեպերը։ 

Ամսվա ընթացքում դրանք քիչ չէին՝ ձերբակալություն, առևանգում, հեգնանքի բացահայտ դրսևորում և այլն։ 

Հենակետի տեղադրումը և իրանցի վարորդների ձերբակալությունը

Լրատվամիջոցների ուշադրությունը կրկին սևեռվեց այդ ճանապարհահատվածին, երբ հայտնի դարձավ, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ ադրբեջանցիները ստուգում են իրանական պետհամարանիշներով բեռնատարները։ 

Սկզբից մամուլում հայտնվեցին ոչ պաշտոնական տեղեկություններ, այնուհետև, այդ մասին պաշտոնապես հայտարարեց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ այդ հատվածում տեղանունների ադրբեջանական տարբերակի օգտագործմամբ, ինչը հետագայում ակտիվ քննարկման ու մեկնաբանությունների առիթ դարձավ։ 

Այդ շարքից էր նաև կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որտեղ նա, անդրադառնալով Էյվազլի և Չայզամի տեղանուններն իր կողմից օգտագործելու մասին խոսակցություններին, նշել է, որ դա արվել է նրա համար, որ քաղաքացիների համար պարզ լինի՝ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է 2010 թվականի ընդունված օրենքով:

Ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակին անդրադարձավ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը՝ նշելով, որ Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են և ենթակա են անհապաղ հեռացման։ 

ՄԻՊ փաստահավաք աշխատանքները նաև բացահայտել են ճանապարհի այդ հատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ։ 

Օրեր անց էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի ոստիկանները Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդի։ Այս լուրին հետևեցին նաև պաշտոնականները՝ և՛ Հայաստանից, և՛ Իրանից։ 

Այս իրադարձությունները որոշ լրատվամիջոցներ ակտիվորեն լուսաբանում էին, նույնիսկ ոմանք տեղում էին աշխատում ու ներկայացնում նաև իրանցի վարորդների կարծիքները։ 

«Նոյեմբերի 9-ի ռուս-թուրքական «եռակողմ» փաթեթը հաղորդակցությունների ապաշրջափակման անվան տակ ուղղված է Հայաստանի լիակատար շրջափակմանը՝ պարտադրվող միջանցքներով ու ՀՀ մայրուղիների վերահսկմամբ։ Մինչ ՀՀ կառավարությունը շարունակում է իր դատարկախոսությունը «քարտեզներով Ադրբեջանի տարածքների» ու երկաթուղային կապի մասին, Մոսկվան ու Բաքուն արագացնում են այս գործընթացը Սյունիքի մարզից Տավուշի մարզ գծով»,- գրում է «Լրագիր»-ը։

Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը առիթ դարձավ մեկ այլ հակամարտության ճակատի բացմանը՝ Ադրբեջան-Իրան։ Ոմանք սկսեցին արդեն քննարկել այդ երկու երկրների միջև հնարավոր բախումների, այդ թվում՝ ռազմական, հավանականությունը։

Արևելագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմը, դրա հետևանքնով տարածաշրջանում ռազմական հավասարակշռության խախումը, բոլոր քայլերը, որոնք իրականացվում են իրանական կողմի դեմ, փունջ են ստեղծում խնդիրների, ինչն էլ հանգեցնում է հարաբերությունների լարման: Իրանական կողմի պատասխանը տարբեր հոգևոր և քաղաքական գործիչների հայտարարություններում է, իրականացվող զորավարժություններում: 

Ըստ Լրագրի՝ Բաքվի պնդումը, թե իրանական մեքենաները անցնում են իր տարածքով, ինչը նշանակում է, որ նրանք պետք է վճարեն, ոչ միայն Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում է, այլև դեմարշ Իրանի դեմ:

«Դատելով իրադարձությունների ընթացքից՝ Բաքուն և Անկարան իրանական միջուկային նոր համաձայնագրի նախօրեին պատրաստվում են սադրանքներ իրականացնել Իրանի հյուսիսում: Քրդերի և թուրքախոս իրանցիների միջև վերջին բախումները Իրանի հյուսիսում հետագա առճակատման նախերգանքն են»,- եզրակացնում է հեղինակը։

Մեկ այլ նյութում կայքը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրածին, որ հայկական զինված ուժերի դուրսբերումը դեպի Խորհրդային Հայաստանից ժառանգված սահմանները իրականացվել է նոր ռազմական էսկալացիայից խուսափելու համար, գրում է․

«Այսպիսով, Հայաստանը չի համաձայնվում Բաքվին տրամադրել «միջանցք» Ռուսաստանի «վերահսկողության» ներքո՝ հայտարարելով, որ պատրաստ է բացել կոմունիկացիաները, բայց պարտադիր մաքսային և սահմանային վերահսկողության անցակետերով: Ի պատասխան՝ Բաքուն, Ռուսաստանի զինվորականների ներկայությամբ, մաքսակետ է տեղակայում արդեն Հայաստանի տարածքում»:

«Կառավարությունը հայտարարել էր Սյունիքի մարզում 102-րդ ռուսական բազայի ընդլայնման մասին: Ստորագրվե՞լ են արդյոք փաստաթղթեր, որոնք սահմանում են ռուսական զորքերի գործառույթները: Արդյոք Ռուսաստանը «համաձայնել է պաշտպանել» Հայաստանի սահմանները՝ Մեղրիով «միջանցք» տրամադրելու վերջնագրով: Եվ արդյոք ՌԴ պարտավորությունների մեջ է մտնում Իրան-Հայաստան ճանապարհով ապրանքների ու տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժն ապահովելը»:

Պատանիներին տեղափոխող ավտոբուսն ու երկու երիտասարդների առևանգումը

Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում սեպտեմբերի 17-ին ադրբեջանցիները կանգնեցրել են արցախցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը։ 

«Ադրբեջանցիները կանգնեցրել են ավտոբուսը, շատ լկտի պահվածքով իջեցրել են բոլորին և սկսել են մեքենան ստուգելը։ Բախտի բերմամբ ռուս սահմանապահները նկատել են և երեխաներին ճանապարհել են»,- ասել է Գորիսի փոխքաղաքապետ Կարեն Քոչարյանը։ 

Միջադեպի համար քննադատություններ եղան նաև ռուս սահմանապահների հասցեին․ «Ստացվում է, որ ադրբեջանցի զինվորականները անցակետ են տեղադրել հայկական ճանապարհի վրա, կանգնեցնում են իրանական մեքենաները, հայ երեխաներով ավտոբուսները, իսկ ինչ-որ տեղ մոտակայքում կանգնած են ռուս սահմանապահներ, որոնք միջամտում են միայն նվաստացման ակտի ավարտից հետո»: 

Պատգամավոր Աննա Գրիգորյանը միջադեպի մասին նշել է․ «Այդ պահին մեր ազգային արժանապատությունն էր ջնջվում, իսկ պատանիներին ասել, որ Արցախը Ադրբեջան է, ազգային արժանապատվության հերթական ստորացումն է»։ 

Իսկ Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը կատարվածն անվանել է ահաբեկչության դասական օրինակ։ Այնինչ, ըստ լրատվամիջոցի՝ «թշնամու վայրենությունը մանր գործողություն է անվանել ՔՊ-ական Ալեն Սիմոնյանը»։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ Արցախի պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի հերթական դրսևորումն է։ 

Սեպտեմբերի 18-ին էլ մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել։ ՀՀ ԱԱԾ-ում տեղեկություններ են ստացվել առ այն, որ նույն օրը ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս «շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում»: 

Չնայած պաշտոնական կարծիքին, շատերը գտնում էին, որ երիտասարդները ոչ թե մոլորվել են, այլ նրանց առևանգել են։

Այդ կարծիքին է նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․ «Գորիս-Կապան միջպետական ճանապարհով երթևեկած քաղաքացիները լավ գիտեն, որ ճանապարհը խառնելու պատճառով շեղվելու հավանականությունը գրեթե բացառելի է։ Կամ մայրուղուց դիտմամբ պետք է մտնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատված կամ պետք է տեղի ունենա առևանգում»։

Լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում էին նաև ճանապարհների ապաշրջափակման հետևանքով Սյունիքի գյուղերում ստեղծված իրավիճակը, մարդկանց մտահոգությունները, վախերը, անվստահությունը հակառակորդ կողմի նկատմամբ և այլն։ Անդրադարձ կար նաև տնտեսական հետևանքներին։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *