2021.11.26,

Խաչմերուկ

Պատերազմի ձայնը

Հանրային հեռուստաընկերության լրագրող Հայկ Նավասարդյանը վերհիշում է 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմը, որի ականատեսն է եղել:

Գիշերվա հազարն է…. Քաղաքում լուսավորություն չկա։ Հրետակոծությունը գնալով ավելի է ուժեղանում։ Մութ փողոցներում միայն օդային տագնապի ազդանշանն է ճախրում, որ հաճախ հրթիռների ձայներով է ընդհատվում։

Նկուղում՝ գետնին, մատրասների փոխարեն զրահաբաճկոնների վրա պառկած, գլուխները, երկաթե սաղավարտներին մի կերպ հենած, տղաները անհանգիստ շարժումներ են անում։ Աչք փակել չի լինում…. Ոչ ոք չի խոսում, բայց բոլորը արթուն են՝ վարորդը՝ վարպետ Գառնիկը, օպերատոր Արտակը, կոմպոզիտոր Սիմոնն ու ես։ Մղձավանջային գիշերվա լռությունը խախտում է Արտակի հարցը։

– Էս ինչի՞ց խփեցին էս …։

– Արտակ, ոնց որ «Լորան» էս էր հա՞, երևի ներքևի փողոցում խփեց, զգացի՞ր, ահավոր էր ցնցումները։

Պատերազմի հավանաբար երկրորդ կամ արդեն երրորդ շաբաթն էր. այդպես է տպավորված ինձ մոտ այդ օրը։ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում առաջին անգամ Ադրբեջանը Ստեփանակերտի վրա կիրառեց իսրայելական արտադրության LORA օպերատիվ-մարտավարական  հրթիռներ, որ աննկարագրելի ավերածություններ էր գործում։ Շառլ Ազնավուրի անվան կենտրոնի նկուղում, մեշոկների արանքից արևի մի քանի ճառագայթ հազիվ ներս է սղոսկում։ Անտանելի գիշերը մի կերպ ավարտվում է։

– Տղե՛րք, գնանք տենանք, որտեղ են խփել, ինչ վիճակ է, նկարենք։

– Գնացինք, վարպե՛տ, դե լավ էլի բրոնիկդ հագի, կասկեն դիր։

– Էլ չասես, գիտես՝ չեմ հագնում։

Վարպետ Գառնիկի Nissan-ը առավոտ շուտ սլանում է մայրաքաղաքի փողոցներով. ամենուրեք ավերածություններ են՝ վառվող մեքենաներ, տներ, դպրոց ու մանկապարտեզ… Արտակարգ իրավիճակների տղաները գիշերվանից աշխատում են, իսկ ամենազարմանալին՝ թերևս ինձ համար, հրթիռակոծված քաղաքի փողոցները վաղ առավոտյան մաքրում են քաղաքի մաքրության պատասխանատուները։

– Արտակ, նայի էս մարդիկ ի՞նչ սիրտ ունեն, նույնիսկ էս օրերին մաքրության մասին էլ  են մտածում։

– Իրոք, որ…

Դպրոցիցներից մեկից քիչ վերև գիշերային Lora-ի շնորհքն է աչքի զարնում։ Վարպետը իրեն հատուկ խռպոտ ձայնով.

– Էսա, տեսեք ինչ ա արել։

Հավանաբար երկհարկանի տուն է եղել, ինչո՞ւ եղել, որովհետև մոտ տասը մետր խորությամբ փոս է փորված, մի տեղ միայն երբեմնի կանգուն տան պատերից մեկ-երկու շարվածք է մնացել հազիվ իրար վրա։ 

– Էսա տեսեք, տղերք,- բեղ-մորուքով տղամարդը ձեռքին՝ շորի մեջ փաթաթած, արկից բեկոր է բերում, որի վրա ինչ-որ գրություններ են:

Լուսաբացի հետ քաղաքը ոտքի վրա է, ամենքը իրենց գործին են գնում, շենքերի բակերում նկուղներից դուրս են վազել փոքրիկ արցախցիները, խաղ են խաղում. դե իհարկե թեման պատերազմն է՝ «հայի ու թուրքի պատերազմը» (այդպես են կոչում երեխաները), և ոչ ոք չի ուզում «թուրքի» դերում լինել։

– Լյովկա, էս մհետն էլ տյու էս արա, ի՞նչ կըլի

– Բա թե տհե լյավա տյու էս էլի։ Չէ ես միշտ Մոնթեն եմ…

Երեխաների խաղին եմ նայում, դրսում հանգիստ քայլող մարդկանց ու մտածում. կարծես՝ պատերազմ չէ այս մարդկանց համար ու իրականում  ոչինչ էլ չի եղել, օրինակ հենց այս գիշեր, երբ մի ժամ անգամ չկարողացանք աչք փակել հրետակոծման ձայներից։

Տասին մոտ  օրվա առաջին նկարահանումները ավարտում ենք, վերադառնում նկուղ՝ ռեպորտաժ պատրաստելու։

– Տեսնես մեր մասին ի՞նչ են գրում էն կողմերում,- մտածում եմ ու սկսում փորփրել ադրբեջանական կայքերը։

Եւ ահա ադրբեջանական կայքերի բոլոր գլխագրերում հետևյալ տողերն են. «Հայերը զանգվածաբար լքում են Ղարաբաղը» կամ «Խուճապ է Խանքենդիում» ( այդպես են անվանում ադրբեջանցիները Ստեփանակերտը)։

– Արտա՛կ, տեսե՞լ ես՝ ի՞նչ են գրում, որ փախել են ժողովուրդը բան…

– Լո՞ւրջ, հա բա ի՞նչ կանեն, բա տենց բաներ գրելով պիտի փորձեն մեր մոտ, թիկունքում խուճապ տարածեն։

– Չէ, ավերածություններ ցույց տալով, թե ի՞նչ միջոցներ են կիրառում Արցախում խաղաղ հայ բնակչության դեմ, քիչ է,- մտածում եմ ի՞նչ անել, որ քարոզչությանը պատասխան ունենանք։

Պետք է նաև ցույց տանք, որ Արցախում իրապես խուճապ չկա, մարդիկ հանգիստ իրենց գործին են՝ չնայած պատերազմական արհավիրքներին։

– Արտա՛կ, գնանք մի հատ էլ նյութ նկարենք, մարդիկ ոնց են ապրում, ինչ են անում էս օրերին, բայց արի ոտքով գնանք էլի, որ հնարավորինս շատ տեղեր մտնենք։

– Գնացինք։

Արդեն մի քանի ժամ  Ստեփանակերտում պայթյունի ձայներ չեն լսվում, բայց քիչ հեռվում երաժշտության ձայներ եմ լսում, առաջին տպավորությունս այն է, որ ինձ է թվում ուղղակի։ Գնալով ձայները ավելի պարզ են դառնում՝ հստակ դաշնամուրի երաժշտություն է։

– Արտա՛կ, լսո՞ւմ ես։

– Ես էլ մտածում եմ՝ ինձ ա թվում, փաստորեն դու էլ ես լսել, հա՞։

– Կամերան միացրու, չանջատես, բարձրանանք, տեսնենք ով է էս խենթը։

 

Գնում ենք տեսնենք՝ ով է նա և ինչ է նվագում այս օրերին։

– Եկել ենք, տենսնենք՝ ով է նվագում։

– Այ՛ո, կյանքը չի կանգնել էս ռումբերի տակ, մեկա մենք նվագում ենք, ապրում ենք, արարում ենք ու հաղթելու ենք։

Հայկ Նավասարդյան,
լրագրող

Հոդվածաշարի նախորդ մասը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *