2021.11.24,

Խաչմերուկ

SMS որ կյանքեր փրկեց, բայց կարող էր կործանել

Հանրային հեռուստաընկերության լրագրող Հայկ Նավասարդյանը վերհիշում է 2020-ի Արցախյան 44-օրյա պատերազմի մասին, որի ականատեսն է եղել։

– Դե գնացի, լա՛վ եղեք, հիշի՛ր անպայման ասածներս ու ոչ մի ավել բառ կամ հուշող ինչ-որ բան, լա՞վ։

– Լա՛վ։ Միայն լատինատառ ու մեր բարբառով էն չլսված խոսքերից, որ տատիկ-պապիկներն են օգտագործում։

– Պայմանավորվեցինք, լավ կնայեք ձեզ։

Հոկտեմբերի 14-ն է։ Մեկ շաբաթ հետո նորից եմ Արցախ մեկնում: Տանը եղած այսպես կոչված հանգստյան օրերին կնոջս հետ խոսել եմ այս օրերին տեղեկատվության անվտանգության մասին. մասնավորապես հեռախոսային խոսակցությունների, կարճ հաղորդագրությունների մասին, ինչպես խոսել, գրել, որ հնարավորինս միայն երկուսիս հասկանալի լինի և որևէ ինֆորմացիայի արտահոսք չլինի հանկարծ։

Հայկ Նավասարդյանը և օպերատոր Արտակ Գևորգյանը Արցախում, 2020թ․

Նախատեսվածից մեկ ժամ էլ շուտ Արցախում ենք, արդեն մշտական դարձած տեղակայման վայրում։ Տղաները հասցրել են օրվա կարևոր իրադարձությունները հրապարակել ու պատրաստվել են սպասված հերթափոխին։  

– Հա՛յկ, էս շաբաթ մի ուղղություն էլ փակվեց, էլ չես կարա գնաս զորամասդ տեսնես։

– Գիտեմ, գիտեմ, հուսանք ժամանակավոր ա։

– Դե էլ ժամանակ մի՛ կորցրեք, քանի հանգիստ ա, դուրս եկեք, հասնեք «վերջին պազիկին», կզանգես անպայման, սպասում եմ։ («Վերջին պազիկը» պատերազմի օրերին անվանում էինք Բերձորի սահմանային անցակետը. հերթափոխ իրականացնող անձնակազմը միմյանց հետ տեղանունների մասին շփվում էինք նախօրոք պայմանավորված ծածկագրերով։)

– Ձյա՛ձ, չե՞ս ուզում էսօր ադրենալինդ բարձրացնեմ (վարորդ Գառնիկին այդպես եմ դիմում սովորաբար)

– Նայի է, էլի սկսեց… դուրս եկեք, ուշ ա, գնանք շուտ գանք, հազար գործ ունենք։

Մեկնում ենք առաջնագիծ։ Արդեն կեսօրին Մարտունու շրջանի պաշտպանական դիրքերում ենք։ Առաջին հայացքից իրադրությունը հանգիստ է թվում։ Տղաները սուրճի սեղան են դրել։

– Դե պատմեք է, տենամ ո՞նց եք, ի՞նչ վիճակ ա, հանգիստ ա հա՞ ոնց որ,- հարցնում եմ այդ պահին խրամատում սուրճի բույրի հետ հավաքված տղաներին։

– Հա, կարելի ա ասել,- պատասխանում է պաշտպանական շրջանի գումարտակի շտաբի պետը ու ավելացնում,- էսօր մենակ երկու «ծիտ» ենք խփել, մի «խոզ», էնա որ նայես, էսա կտենաս։

Պատերազմի օրերին «ծիտը» կոչում էին ԱԹՍ-ին, «խոզը»՝ տանկին։ 

Արցախի բանակի զինվորականն ու լրագրող Հայկ Նավասարդյանը, Արցախ, 2020թ․

Նրանք, ովքեր բանակում չեն ծառայել, այս փոխաբերական տերմինները միգուցե անհասկանալի թվան, բայց փաստ է, որ հատկապես պատերազմի օրերին  հաղորդակցության անվտանգությունը չափազանց կարևոր է, հաճախ կյանքեր փրկող։

– Արտա՛կ ջան, մենակ կրուպնի կադրեր արա, տղերքին քայլելիս մենակ ոտքերը ու մեջք, այլ բան չերևա։

Սովորույթի համաձայն ամեն անգամ նկարահանման ժամանակ զգուշացնում եմ գործընկեր օպերատորին, որպեսզի պահպանենք տեսանյութի կադրերի անվտանգությունը։ 

– Հա՛, հա՛, հանգի՛ստ եղիր, գիտեմ,- պատասխանում է Տավուշում 2020-ի հուլիսին մարտական գործողություններում արդեն թրծված (նկարած) Արտակը։

– Ձեր շարունակության դիրքերի վիճակը ո՞նց է,- հարցնում եմ գումարտակի երիտասարդ շտաբի պետին՝ նկատի ունենալով առաջին պաշտպանական շրջանը, որը Հադրութի զորամասն է իրականցնում։

– Տղերքը «դաչեքը» նորմալ պահում են, չեն կարացել առաջ գան, այ բայց քաղաքը էս պահին էլ մերը չի, չգիտեմ՝ ինչ եղավ, ոնց եղավ,- պատասխանում է շտաբի պետը։

– Հիմա դժվար վիճակա, եթե տղերքը ընդեղից ուզենան դուրս գան, չգիտեմ ոնց պիտի անեն. համարյա շրջափակման մեջ են,- ավելացնում է վաշտի հրամանատարը։

– Հա՛յկ ջան, բայց ուզում եմ մի քիչ արագացնեք, դուրս գաք ստեղից, նորից «ծտի» ձենա գալի, մենք դրանով զբաղվենք, դուք էլ գնացեք, կզանգեմ, կասեմ սրա ճակատագիրը։

– Լավ, ինչ ասեմ, տղերք, անփորձանք, ձեր մասին մի ընտիր նյութ եմ անելու էսօր, տնեցիքին ասեք՝ նայեն, կարոտած կըլնեն, լավ եղեք, մինչև նորից կտեսնվենք։

Երեկոյան արդեն Ստեփանակերտում ենք. Հայրենիքի պաշտպանների մասին ռեպորտաժը պատրաստ, եթերում է։ 

SMS – es verdieq es?

Կարճ ու կոնկրետ հաղորդագրություն եմ ստանում. կինս է։ Նայել է արդեն տեսանյութը և հարցնում է, թե որ ուղղությունն է։ «verdieq»-ը տավուշյան բարբառում նշանակում է որտեղ եք, ըստ մեր պայմանավորվածության՝ հարցը բարբառով է, շատերի համար գրեթե անհասկանալի, համենայնդեպս հակառակորդի համար։

Պատասխանում եմ.

SMS – mtita, ver xaqi tarin cov qynalic araj dacheqic nkareli, ay et xaterna։ (Հիշում ես, որ անցյալ տարի ծով գնալուց առաջ դիրքերում նկարել էի, այ էդ տարածքն է)։

Կնոջս հետ հազիվ էի մի քանի բառ փոխանակել և համացանցում տեսնում եմ ծանոթներիցս մեկի գրառումը, որ, ի դեպ, միասին էինք նախորդ տարի ծովում եղել, ընտանիքներով ծանոթացել։

– Ժողովուրդ ջան, խնդրում եմ օգնեք, աղաչում եմ տղես նոր զանգեց, շրջափակման մեջ են վաշտով, Հադրութի տակ են, ասեց մի ֆերմայի մոտ են, բայց սաղ կողքերը թուրք են։

Սա հենց այն դեպքն է, երբ պատերազմի ժամանակ համացանցում բաց հրապարակվում է զորքի տեղը, թիվը և նշվում է ժամանակը։ Միևնույն ժամանակ գիտակցում ես՝ ծնող է, որդուց տագնապալի լուր է լսել, ի՞նչ անի…

Անձնական նամակով գրում եմ.

Karine jan (անունը փոխված է) barev, inchi es senc ban grel, arag jnji mi hat: du vortexic tenc ban gites

Hayk txesa zangel asel, lav esa kjnjem, ba inch anem mi ban ara, erexus mi ban klni es indz chem. Neri:

– Kar, es hima kimanam mi ban kgrem qez, du menak vochinch el chgres

– Lav de spasum em, xndrum em mi ban ara

(Բոլոր վերոնշյալ նամակները իրական են, սակայն օրիգինալները չեմ կարող հրապարակել տվյալ մարդու համաձայնությունը չունենալու պատճառով։)

Ծանրացած օրը սկսում է ավարտին մոտենալ։ Վազում եմ տեղեկատվական կենտրոն, լուրը հայտնում պատասխանատու իրավասու անձանց։ Անցել է մոտավորոպես տասը րոպե։

– Hayk jan ete nor informacia unenas zangi eli xndrum em 095 … … …

– Կարինե ջան, կոնկրետ տեղ ա ասել

– che et erkusi aranqy.

Րոպեներ անց կապը հաստատվում է։ Վաշտի զինվորների հավանական գտնվելու մասին կոորդինատները ծածկագրով հայտնում են պատասխանատու մարմնին։

Մեկ ժամ անց

– mi ban imacar?

– Qich ush kgrem, miayn du vochinch el chgres 

Գիշերվա մի քանի ժամը անդադար ձգվում է, պատկերացնում եմ ծնողների համար ինչ վիճակ է, մտքերիս մեջ ինքս ինձ հետ զրուցում եմ։ Չգիտեմ մեկ կամ երկու ժամ մի կերպ աչք եմ կպցրել։ Արթնանում եմ հեռախոսիս ձայնից։ Խոսակցությունը բանակի պաշտոնյայի հետ չեմ հրապարակի. միայն մի նախադասություն։

– Էդ SMS-ը տղերքի կյանքերը փրկեց, բայց կարող էր բոլորինը կործանել։

Տղերքը իսկապես շրջափակման մեջ էին ընկել, առաջնագծից նահանջի ժամանակ հայտնվել ծուղակում ու մորը՝ որդու փոխանցած տվյալներով, հնարավոր էր եղել օգնության հասնել ու հանել շրջափակումից։

18 հոկտեմբերի 2020, ժամը 20։54 նորից նամակ եմ ստանում, արդեն հայատառ գրված.

– Փառք Աստծո, դժոխքը անցավ, էտ դժվարությունները հաղթահարել են, արդեն ամեն ինչ լավա, մենակ ոտքից ա վիրավոր տղես, բերել են մեր մոտ, էսօր ամբողջ օրը մոտն եմ եղել։ Դուք էլ զգույշ եղեք, երախտապարտ եմ քեզ տղես։

– Վայ… Փառք Աստծո, Կարինե ջան, դե լավա, գոնե տենց վիրավոր. կարծում եմ կհասկանաս ինձ։

Հայկ Նավասարդյան, լրագրող
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *