Անցյալ տարվա այս օրերին հայկական մամուլում հայտնվեց այս լուրը․ «Ադրբեջանական կողմը ականանետերից կրակ է բացել Շուշիի իրանական մզկիթի ուղղությամբ»։ Ընթերցողների մեծ մասին թվաց, թե իրենք հասկացել են այս նախադասության իմաստը։ Իրականում՝ ոչ։ Հիմա կփորձենք դա իրոք հասկանալ։
Շուշին, մզկիթն ու ականանետը
Նշված վերնագիրը ցուցադրել եմ ուսանողներիս, ներկայացրել եմ դպրոցի ուսուցիչների տարբեր լսարաններում։ Հիմնականում ընթերցողների ուշադրությունը շեղվել է զգացմունքային կողմի վրա։
Հարցրել եմ՝ ի՞նչ է ականանետը։ Այս հարցի պատասխանից տեղյակ են կա՛մ պատերազմին մասնակցածները, կա՛մ զինծառայության հետ կապ ունեցողները։ Հենց նրանք էլ մոտավոր գիտեն, թե որքան հեռավորության վրա է կրակում ականանետը։
Եվ իրականում, այդ վերնագիրը ադրբեջանցի զինծառայողների բարբարոսության մասին չէ, կամ գոնե միայն այդ մասին չէ։ Այստեղ զենքի կոնկրետ տեսակ է նշվում, ոչ թե առհասարակ զենք։ Հետևաբար այդ նախադասությունը կարելի է թարգմանել այսպես. «Ադրբեջանցիները գտնվում են Շուշիից ականանետի կրակի հեռավորության վրա»։
Ու եթե ցանկանում ենք ավելի մանրամասն հասկանալ, ապա կարելի է քարտեզով նայել, տեսնել, թե Շուշիի կոնկրետ որ մասում է իրանական մզկիթը (դրանք երկուսն են, ի դեպ), ինչպես նաև գուգլել, տեսնել, թե ինչ ականանետեր կան ադրբեջանական բանակում, և թե որքան հեռու են դրանք կրակում (մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետր)։
Այս օրինակը ցույց է տալիս, որ երբեմն մեզ միայն թվում է, թե հասկացել ենք կարդացածը։ Բայց եթե ինքներս մեզ հարցեր տանք կարդացածի մասին, կարող ենք անակնկալի գալ, թե ինչքան բան չենք հասկացել, ուշադրություն չենք դարձրել և այլն։
Իշխանասարերը
Մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ տարածք, ուշադրության կենտրոնում հայտնվեց Իշխանասարը։ Ահազանգող առաջին հրապարակումն ասում էր, որ Իշխանասարի մոտ մարտեր են եղել (մարտերի մասը հետագայում հերքվեց, միջադեպը՝ ոչ)։ Նույն օրը մեկ այլ լրատվամիջոց գրեց, որ Սյունիքի Իշխանասար գյուղում հանգիստ է։
Քարտեզով նայելու դեպքում երևում է, որ Սյունիքում կա նույնանուն և՛ սար, և՛ գյուղ։ Իշխանասար սարի՛ հարակից տարածքում այդ ժամանակ բոլորովին հանգիստ չէր․ ադրբեջանցիները գրավել էին բարձունքն ու մոտակա Սև լճերի տարածքը։ Սա և մանրամասները հայտնի դարձան ավելի ուշ։
Իսկ Իշխանասար գյուղում իրոք հանգիստ էր։ Լրատվամիջոցի տեքստում նշված էր, որ գյուղացիները «կրակոցի, պայթյունի և այլ արտառոց ձայներ չեն լսել»։ Իհարկե որևէ ձայն չէր լսվել․ չէ՞ որ նույնանուն սարը գյուղից ավելի քան 12 կմ հեռավորության վրա է, իսկ միջադեպի ժամանակ կրակոցներ չեն էլ եղել։
Բայց սա, ինչպես նշեցինք, կարելի է տեսնել քարտեզին նայելու դեպքում։ Եվ հենց դա պետք է համարել հասկանալու պրոցես, ոչ թե ուղղակի կարդալը։ Կարդալը, մանավանդ անուշադիր կարդալը, արդեն խաբել է մեզ։ Իսկ դրան էլ նպաստել է այն, որ թեման խիստ զգացմունքային է։
Փելա սարի դիրքերը
Քիչ ավելի բարդ էր Փելա սարի (Փայլասարի) դեպքը, որովհետև Գուգլի քարտեզի վրա նրա անունը նշված չէ, բայց ուշադիր աչքը գտնում է այն։ Այս դեպքն ավելի թարմ է․ հոկտեմբերի 18-ին լրատվամիջոցներից մեկը հրապարակեց «Կապանի Փելա սարը երկու օր է ադրբեջանցիների վերահսկողության տակ է. փակել են նաև հարակից ճանապարհահատվածը. Գևորգ Փարսյան» վերնագրով նյութ։ Ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանեց, որ նշված հատվածում դիրքային փոփոխություն չի եղել։
Հետո տեղական հեռուստաընկերությունը հրապարակվեց տեսանյութ, որտեղ Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանն արդեն քարտեզով բացատրում էր, որ Փելա սարի այդ հատվածում եղել է ռուսական սահմանապահների դիրք, որն էլ հանվել է։ Արդյունքում ադրբեջանցիները արգելափակել են հայերի անցուդարձը այդ հատվածում։
Ավելի ուշ պաշտպանության նախարարի տեղակալը թեմային անդրադառնալիս հղում տվեց ու վերահաստատեց ԱԱԾ հաղորդագրությունը, որ դիրքային փոփոխություն չի եղել։ Խորհրդարանում էլ նույնը հայտարարեց վարչապետը՝ դիրքային փոփոխություն չի եղել։
Իսկ արդյո՞ք երկու կողմերի ասածները հակասում են իրար։ Եթե հայկական կողմը դիրք չի զիջել, ապա դիրքային փոփոխություն այս կողմից չի եղել։ Բայց դա չի բացառում, որ ռուսական սահմանապահ ուժերը կարող էին, օրինակ, տեղափոխել իրենց դիրքը։ Եթե երկու պնդումն էլ ճիշտ է, ապա հակասություն չկա։ Իսկ խնդիրը դեռ կա․ ադրբեջանցիները արգելափակել են հայերի անցուդարձը այդ հատվածում։
Մտահոգիչը հենց դա պետք է լինի, բայց այդ խնդիրը կորչում է դիրքերի մասին պոլեմիկայի ստվերում։
**
Եվ այս խնդիրը, առհասարակ, վերաբերում է ոչ միայն ռազմական թեմատիկային, այլև մյուս ոլորտներին։ Օրինակ, տնտեսական տերմինների զգալի մասն ինքնին թվում են հասկանալի, սակայն այդպես չէ։ Այստեղ նույնպես, ինչպես և այլ դեպքերում, լրագրողների ուսերին է մնում հասկանալի գրելը, բացված գրելը։
Գարիկ Հարությունյան
լրագրող
3s baci h1-ic chem havatum urish lratv..mijoci