2021.10.06,

Խաչմերուկ

Ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան լուսաբանումը. հունիս

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հայաստանյան լրատվամիջոցներում հունիսին ամենաքննարկվող թեմաները դարձյալ վերաբերում էին արցախյան պատերազմին, հետպատերազմյան զարգացումներին ու գերիների վերադարձին։ Այս անգամ նշված թեմաները դարձել էին հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական քարոզչության մաս։ 

Փոխադարձ մեղադրանքներն ու որակումները

Դավաճանության ու ստեղծված իրավիճակի համար մեղավորության մեջ իրար մեղադրում էին հատկաապես իշխող՝ «Իմ քայլը» («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) ու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչները։ 

Վերջիններս հորդորում էին չընտրել իշխող կուսակցությանը՝ ընդգծելով, որ արդյունքում կունենանք նոր պատերազմ, նոր զոհեր ու վիրավորներ, նոր գերիներ ու կորուստներ։ 

Նիկոլ Փաշինյանн իր նախընտրական հանդիպումներում, խոսելով հակամարտության կարգավորման և բանակցային գործընթացի մասին, հիմնականում ընդգծել է այն միտքը, որ «առաջին մեծ բացթողումը 1997-98թթ․ էր, երբ Արցախը դուրս մնաց բանակցությունների սեղանից»․ «1998թ․ սկսած Հայաստանը բանակցությունների սեղանին ինչ հնարավոր է, ամբողջը զիջել է»։

Նա նաև նշել է, որ 1998-ին Քոչարյանի օրոք որոշվեց Ղարաբաղը հանել բանակցություններից։

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ընտրողների հետ հանդիպումներից մեկում նշել է․ «Այսօր սահմանները անպաշտպան են, բանակի ողնաշարը ջարդված է, այսօր նույնիսկ երկրի ներսում անվտանգ չէ։ ․․․Եթե այս մարդիկ չգային իշխանության, մոտ մի 30 տարի հմուտ բանակցելու հնարավորություն ենք ունեցել»։ 

Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը շեշտել է․ «Նիկոլ նշանակում է նոր պատերազմ, նոր գերիներ, նոր զոհեր»։

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ բոլոր նրանց, ովքեր ուզում են գործող իշխանությանը նորից ընտրել, ասում է՝ կորուստների ցանկը մեծանալու է․ «Այս դավաճանին ձայն տալով դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը։ Թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը»։ 

«Պատիվ ունեմ» դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանն էլ շարքին ավելացրել է այն, որ եթե քաղաքացիներն ընտրեն գործող իշխանությանը, ապա «Հայաստանը խայտառակ միջանցք է ունենալու, Արցախի կարգավիճակը վերջնականապես հանվելու է, մի քանի տարուց Արցախը հայաթափվելու է, ինչը նշանակում է, որ հայաթափվելու են նաև Հայաստանի արևելյան սահմանամերձ շրջանները»։ 

Նույն քաղաքական թիմից մեկ այլ ներկայացուցիչ էլ՝ Էդուարդ Շարմազանովը, ասում է, որ «հունիսի 20-ին պետք է ապացուցենք, որ մենք չենք հանդուրժում մեր հայրենիքում Ալիևի և Էրդողանի կամակատարին»։ 

Արմնյուզի «Օրախնդիր» հաղորդման ընթացքում «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ ասել է, որ ժողովրդի փրկությունը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է. «Փաշինյանը ստորագրել է չորս փաստաթուղթ, որոնցից երկուսն ի կատար են արված, ևս երկուսն ընթացքի մեջ են: Գործընթացը կանգնեցնելու միակ ձևն այն է, որ իշխանության գա ոչ Նիկոլը, հունիսի 20-ին պետք է ընտրել ոչ Նիկոլին»։ 

Պրոռուսական ու հակառուսական քարոզչություն

Ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական բոլոր հանդիպումներում խոսել է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական պայմանագիր ստորագրելու և անվտանգության մասով ՌԴ-ի հետ սերտ համագործակցության անհրաժեշտության մասին․ «Հայ և ռուս զինվորը միասին պետք է սահմանը պահի, որ մեր ժողովուրդը հանգիստ լինի, լարված չլինի։ ․․․Այդ ժամանակ ոչ մի ճանճ չի կարա շարժվի, այդ ժամանակ լիարժեք անվտանգ ու ապահով կլինեն և ժողովուրդը, և սահմանները»։

«Ազգային ժողովրդավարական բևեռի» ներկայացուցիչ Արեգ Կյուրեղյանի կարծիքով՝ ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ իրենց դաշնակցային պարտավորությունները չկատարեցին․ «Դեռ 2016-ին մենք ասում էինք, որ հաջորդ պատերազմը կլինի ավելի մեծ՝ թե տարածքային, թե մարդկային կորուստներով, դա է նախապատրաստվում ՀՀ-ի համար մեր դաշնակիցների և ՀԱՊԿ-ի կողմից։ Հիմա դա արդեն ապացուցված է»։ 

Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը նույնպես կարծում է, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից և նախաձեռնի Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց։ 

Ըստ նրա՝ այլ անվտանգային համակարգին անդամակցելը հնարավորություն կտա ղարաբաղյան խնդիրը լուծել ի օգուտ Հայաստանի։ 

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ գտնում է, որ եթե Ռուսաստանը իր դաշնակից գործընկերոջ շահերը պաշտպաներ, ապա 8-րդ կետը՝ գերիների վերադարձը, վաղուց իրագործված կլիներ։ 

«Մենք գտնում ենք, որ այս փուլում խնդրի լուծումը պետք է տեղափոխվի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ։ Սահմանազատման գործընթացին պետք է մասնակցեն նաև ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Ավելին՝ խաղաղապահները միայն մի երկրից չպիտի լինեն»։

«Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքի անդամ Արման Բաբաջանյանն էլ կասկած տակ է դնում Ռուսաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերությունների որակը․ «Խաղաղապահների ներկայության համար Ստեփանակերտը ուղղակի չհանձնվեց»։ 

Բաբաջանյանը մեկ այլ հանդիպման էլ նշել է․ «Նախօրեին պարզ դարձավ, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը արցախյան հիմնահարցի հետ կապված բոլորովին նոր տրանսֆորմացիների մեջ է։ Որևէ մեկի համար կասկած չկա՞ չէ, որ ադրբեջանցիները կարող էին ոտնձգել մեր սահմանների նկատմամբ, խուժել սուվերեն երկրի տարածք առանց Ռուսաստանի թողտվության և հրահրման։ Հիմա էլ որոշել են խորհուրդ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամներին Արցախի կարգավիճակի հարցը չմղեն առաջին պլան, որովհետև նախ պետք է միջոցներ գտնել, որպեսզի հայ և ադրբեջանցի ժողովուրդները կարողանան հաշտության և համերաշխության մթնոլորտում ապրեն և հարևանություն անեն։ Սա ուղղակի ծաղր է մեր նկատմամբ և պիտի խոստովանենք, որ Ռուսաստանը իրեն պահում է սերիական մարդասպանի նման»։

Նույն կարծիքին է նաև Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գարեգին Չուքազյանը․ «Հակառակորդը մոտեցել էր Ստեփանակերտին, ո՞վ կարող էր խանգարել մտնել Ստեփանակերտ, եթե ոչ Ռուսաստանը։ Երբ որ պայմանավորված պատերազմ է լինում՝ հակառակորդին թողնում են այնքան, ինչքան պայմանավորվել են»։  

Կուսակցության մեկ այլ անդամ Հայկ Մարտիրոսյանն էլ գտնում է, որ Հայաստանը վաճառվել է «ռազմավարական դաշնակցի» կողմից նրա իսկական դաշնակցին։ 

Նա նշեց, որ իրենք ռուս ժողովրդի դեմ ոչինչ չունեն, իրենք հանդես են գալիս Կրեմլի,  պուտինյան Ռուսաստանի, կայսերապաշտական իշխանության և  քաղաքականության դեմ․ «Մենք առաջարկում ենք գոյություն չունեցող դաշնակցային հարաբերությունների փոխարեն թուլացող և տարաշածրջանից հեռացող, Թուրքիային հանձնող և վաճառող, գերիների հարցը չլուծող, Արցախի կարգավորման հարցը լուծել չցանկացող Ռուսաստանի փոխարեն ունենալ իրական դաշնակիցներ: Ունենալով ԱՄՆ-ի դաշնակցի կարգավիճակը, մեզ ոչ մի բան չի խանգարի համագործակցություն ծավալել Ֆրանսիային, Հնդկաստանի, Իրանի և մյուս երկրների հետ»։ 

«Lragir.am»-ի հեղինակ Նաիրա Հայրումյանը գրում է, որ Ռուսաստանը, որը հասցրել է Արցախի հեռուստատեսությունում «Миротворец» հաղորդում բացել և ստիպել ռուսերենը երկրորդ պաշտոնական լեզու հայտարարել Արցախում, անում է ամեն ինչ, որպեսզի պոկի Արցախը Հայաստանից։ 

«Հայաստանի «իրավունքը» Արցախի հանդեպ ճանաչում է և միջազգային հանրությունը, և Ալիևը, որը խնդրում է Հայաստանին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Սակայն Հայաստանում իշխանությունն ու ռուսանպաստ ընդդիմությունը չեն պահանջում քննարկել Արցախյան հարցը խորհրդարանում, ճանաչել միացումը կամ Արցախի կարգավիճակը, չեն հրաժարվում եռակողմ հայտարարությունից»։ 

Գերիների հարցը ամենաշահարկվող թեմաներից

Քարոզարշավի ոամբղջ ընթացքում ֆավորիտ ուժերի ներկայացուցիչները հեռահար մարտերի մեջ էին գերիների վերադարձի թեմայով։ 

Մեկ սկսվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ «իր Աշոտիկին թող տա 20-25 հոգի ստանա»,  հայտարարեց, որ պատրաստ է իր որդուն տալ բոլոր գերիների փոխարեն։ 

«Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանն էլ այսպես արձագանքեց․ «Այսօր այդ հողատուն հայտարարել է, որ պատրաստ է դիմել Ալիևին։ Էս մարդը շարունակում է իր կապիկությունները։ Տղա ես, քո տղային հերություն արա»։ 

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանի պնդմամբ էլ՝ Աշոտ Փաշինյանին կարող են նույնիսկ մի քանի շաբաթով տանել Ադրբեջան, առոք-փառոք պահել, հետո վերադարձնել։

«Ադրբեջանի և Թուրքիայի համար կենսական կարևորություն ունի այս իշխանությունների վերարտադրությունը։ ․․․ Շատ կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի մասնակցի ընտրությանը: Յուրաքանչյուր չքվեարկված քվեաթերթիկը գնալու է Ալիևի օգտին»,- ամփոփել է Ագնեսա Խամոյանը:

Մյուս առիթը 15 գերիների վերադարձն էր, որի ժամկետներն ու պայմանը բավականին քննարկվեց ու քննադատվեց ընդդիմության կողմից։

Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում, անդրադառնալով թեմային, նշեց․ «Ոչ թե քարտեզները գերիների հետ ենք փոխանակել, այլ մենք քայլին քայլով ենք պատասխանել։ Նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի կողմից գերիների վերադարձին զուգընթաց մենք պարբերաբար որոշակի թվով քարտեզներ փոխանցել ենք Ադրբեջանին, բայց ժամանակի ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը դադարեցրեց մեր գերիների վերադարձը և դիմեց միջազգային ատյաններին, թե Հայաստանը հրաժարվում է ականների քարտեզները տրամադրել։ Մենք երբեք չենք հրաժարվել, Ադրբեջանն է, որ դադարեցրել է գերիների վերադարձի գործընթացը»։ 

Նախընտրական հանդիպումներից մեկում «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Սերժ Սարգսյանը կոչ է արել նախընտրական հանդիպումներում չշահարկել գերիների անունները՝ նշելով, որ առանց այդ էլ նրանք դժոխքի միջով են անցել։ 

«Մի քանի հարց է առաջանում՝ ինչո՞ւ 15 հոգու հետ. այդ քարտեզները շատ, շատ ավելի մեզ հնարավորություն էին տալիս, քան 15 հոգի վերադառնային։ Եթե հնարավոր է քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչու այս 8 ամսում չեն արել դա։ Պահե՞լ են, որ նախընտրական շոու անեն»,- հարցնում էր նա։ 

Նույն դաշինքի անդամ Արտակ Զաքարյանն էլ, շարունակելով թիմակցի միտքը, նշել է․ «Պատկերացնում եք մեր գերիներին, որ կարող էինք բերել 5-6 ամիս առաջ։ Սրանք թույլ են տվել, որ մեր տղաները տանջվեն, կտտանքների ենթարկվեն, ինչ է թե կապիտուլյանտը պետք է դա իրականացներ ընտրություններից մի քանի օր առաջ»։ 

Բացի այս թեմաներից նաև հնչել էին այլ կարծիքներ։ Օրինակ, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանության գա, ապա գերիների հարցը մեկ շաբաթում կլուծվի։

Իսկ «Ազատական» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը գերիներին վերադարձնելու մեկ ճանապարհ է տեսնում՝ վերցնել ադրբեջանցի գերիներ ու փոխանակել հայերի հետ։ 

Իսկ «Հայոց Հայրենիք» կուսակցության անդամ Արտակ Գալստյանը ընգծել է․ «Այսօր մոտ 1000 ադրբեջանցի գտնվում են Հայաստանի տարածքում, որոնք կարելի է փոխանակել մեր գերիների հետ»։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *