2020.12.24,

Խաչմերուկ

Պատերազմ էր՝ «անմասկա» ու «անկասկա»

Ֆեյսբուքից Ստեփանակերտ

Արթնացա, Ֆեյսբուքում պատերազմ էր։ Նույն Ֆեյսբուքն ինձ հիշեցրեց, որ ընկերուհուս ծնունդն ա։ Զանգեցի․
– Չգիտեմ, ի՞նչ ասեմ։
– Արի, գնանք։
Սպիտակ, նոր լվացած մեքենայով, ամենասովորական շապիկով գնացինք պատերազմ։

Աշխարհում COVID-ը շարունակվում էր։ Ըստ Արցախի օրենքի ու պատերազմի չգրված օրենքի` մենք հա՛մ անմասկա էինք, հա՛մ էլ առանց կասկա։

Քանի որ աշխարհում միևնուն է COVID էր, միջազգային լրագրողները դեռ Արցախ չէին հասել։ Աշխարհին արդեն իրական ռումբի կադրեր էին պետք, քանդված շենք ու պայթյուն։

Հադրութում 

Ստեփանկերտի արկն արդեն 10 ռակուրսից ու բոլոր մանրամասներով ու խոշոր պլաններով նկարել էին։ Միջազգային լրատվակններից գրեցին, որ ինձնից էլ են ուզում պատերազմական կադրեր, գնացի Հադրութ՝ էլի առանց «կասկա» ու առանց «մասկա»։

Խփեցին, «Շանթ» հեռուստաընկերության օպերատորն ասաց.
– Սպասիր հանեմ, իմը հագի։

Սեռերի հավասարության մասին քննարկումներում «բրոննիկ» վերցնել-չվերցնելը երբեք չէինք քննարկել․
– Բայց ․․․․լավ, տուր։

 Պատերազմի 5-րդ օրը նոր հասկացա, Սփյուռքի ընկերներիս գրեցի.
– Երեխեք, կարո՞ղ եք «բրոննիկ» ու «կասկա» առնել ինձ համար, դե գոնե բեկորներից կպաշտպանի։
– Որի՞ց։
– Չգիտեմ, է՜։

Պատերազմ էր…

Միջազգայիններից սկսեցին ասել, որ պայթյունի կադրերը ստատիկ նկարեմ, էդ պահին հասկացա, որ ուզում եմ միայն ֆիլմ նկարել։

Պատերազմն ինձ համար ապաստարանի՝ իմ արդեն ընկեր դարձած մարդիկ էին, ընկերոջս վրա հույս դնելով քնելն էր.
– Ռաֆո, սենյակիս համարը հիշում ես չէ՞, սիրենան միանա, կասես։
– Հա, 23։

Պատերզամն ինձ համար Երևանից զանգն էր․
– Ի՞նչ բերեմ։
– Նարինջ։

Ընկերոջ ծնունդին միակ բաց խանութից գնած «կինդեռ սյուրպրիզն» էր։  Պատերազմն ինձ համար պայթած շենքից հետո իրար նայելն էր․
– Ու՞մ տան մոտ էր։
– Գրիշենց, բայց իրենք լավ են, դիմացի ապաստարանում են։

Պատերազմը հույսն էր, որ արկերը քիչ խփեն «մերոնց», ու գիշերը հնարավոր լինի աստղեր տեսնել։

Ես պատերազմ լուսաբանող չէի ու չդարձա։

Մարտունիում։ Մենք պատրսատ չէինք․ ես էլ

Պատերազմից մեկ շաբաթ հետո գոնե տարբերակում էինք․
– Հեռու ա խփում։
– Մերոնք են։
– Դրոնի ձայնն ա, է՜։
– Մինամյոտով ա, ուրեմն քա՞նի կիլոմետրի վրա են։
Հեռուներն արդեն շատ էի լսել, մոտը լսեցի Մարտունիում։

6 մետր հեռու սնարյադը մեզ խփեց. Ավոյի արձանն ինձ պահեց:
                                                         
Մեզ մոտիկ խփեց, բայց էս անգամ արկի ձայնը Ֆրանսիա էլ հասավ․ «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ամեն ինչ անում են Արցախի Մարտունի քաղաքում վիրավորված լրագրողներին հնարավորինս շուտ Ղարաբաղից տեղափոխելու համար»։

Վիրավոր ֆրանսիացի լրագրողներին հոսպիտալ տեղափոխեցին լուսանկարիչ Արեգը, դոկումենտալիստ Խանեն, մեր ընկեր Սևակը։

Էս անուններից դե շատ տեղյակ չեղանք։ Վիրավորվեցին նաև մի քանի հայ լրագրողներ ու օպերատորներ, որոնք մեզ հետ էին։

Ստվերում մնաց մի անուն՝ Գրիշայինը, գյուղից մի երիտասարդի, որը ուղեկցել էր խմբին։ Հետո մենք ընկերներով դեռ երկար կմարսենք էս լուրը։

Մոտ երեք ժամ տևած ռմբակոծությունից հետո մտածում էի, որ գուցե լավ է, որ միայն տեղացիները չէին վիրավորել…

Համենյանդեպս էդ պահին, խաչն ամուր մի ձեռքումս բռնած, բեկորը՝ մյուս, դա էի մտածում․․․

Պատերազմի գույները խտացան։

Տրամաբանություն չկար. պատերազմն արդեն ամենուր էր:

Պատերազմի բոբոն շուտով դարձավ տեսախցիկով անձը, հատկապես կանայք պատերազմում շատ չէին, ու տեսախցիկով կինն է՛լ ավելի կասկածելի էր։

– Տեղերը «պալիտ» կանես։
– Հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը։
– Վտանգավոր ա, կինն էդտեղ ի՞նչ գործ ունի․․․

Պատերազմական դրության կանոններից զատ, խոսքս անցանկալի էր սոցցանցերում, ներկայությունս՝ գրեթե ամենուր….

«Հաղթելու ենք»-ը գծագրվեց որպես մեր գլխին ընկնող հայտնություն, ու պաշտոնական լրատվությունը՝ միակ սրբություն։

Ու այսպես շատ բաներ լուսանցքից դուրս մնացին։

Մի պահ կար, երբ նկարում էին ռումբեր ու փլված շենքեր ու ոչ մի վիրավոր քաղաքացի ու վիրավոր զինվոր։ Ու դա բացթողում էր, ու ոչ լուսաբանողների բացթողումն էր դա։

Բայց հարմարվեցի իրավիճակին ու գտա կախարդական բառերը, որոնք նաև իրողությունն էին․
– Ես լուր չեմ, արխիվ եմ։ Հիմա չենք ցույց տալու։

Մեղավոր էի

Ես իմ աշխատանքի ընթացքում տեսած ինֆորմացիան չէի հայտնել։ Արդյունքում էյֆորիան նույնքան վտանգավոր եղավ, որքան խուճապը։ Պատերազմից հետո, երբ մեղավոր էի զգում, որ գոնե ընդհանրական գծերով պատերազմական իրավիճակի «կարելիի սահմաններում» ականատեսի իմ մասը չէի հայտնել, որոշեցի, որ պետք է սկսեմ ասել, ու դրանից հետո մենակ էդ լուրը գիտի, թե ինքն ինչ կյանքով կապրի, ինչպես կազդի, կամ չի ազդի, ինչ այլ լուրի կմիանա….

Պաշտոնականն ամեն ինչ հերքում էր։ Հերքում էր Մարաղայում, հերքում էր Բերձորում, հերքում էր….

Հերքմանը զուգահեռ իրողությունում այրվող տներ էին, կիսվող նռան այգիներ, մոլորված մարդիկ… կյանքեր էին ու ճակատագրեր, որոնք կարող էինք միայն վավերագրել ու պատմել ականատեսի աչքերով։ 

Անժելա Ֆրանգյան,
ռեժիսոր-վավերագրող


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *