Նախորդ հոդվածում ներկայացրել էի առցանց աղբյուրների կիրառումը ռազմական գործողությունների լուսաբանման, հետաքննական և փաստերի ստուգման լրագրության մեջ։ Նշել էի, որ արբանյակային լուսանկարներն առցանց աղբյուրների շարքում առանցքային դեր ունեն։ Այս հոդվածում կներկայացնեմ արբանյակային լուսանկարների տարատեսակ կիրառումները՝ հետաքննական լրագրողների և հետազոտողների կողմից։
Շատ դեպքերում արբանյակային լուսանկարների կիրառումը պայմանավորված է վայրի անհասանելի լինելու հետ։ Օրինակ, ամբողջատիրական երկրներ մուտք գործելը և հետաքննություն անցկացնելը շատ դեպքերում անհնար է։ Այլ դեպքերում հետաքննության առարկա վայրը կարող է վտանգավոր լինել, օրինակ, դեռ ընթացքի մեջ գտնվող ռազմական գործողությունների պատճառով։
Հյուսիսկորեական ճամբարները
Հյուսիսային Կորեան աշխարհի ամենափակ երկրներից մեկն է, որտեղ մարդու ամենահիմնական իրավունքները լայնորեն ոտնահարված են։ Այդ երկրի իշխանությունները հսկում են մարդկանց կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ 2016-ին իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունն արբանյակային լուսանկարների հիման վրա զեկույց հրապարակեց՝ Հյուսիսային Կորեայում երկու բանտ-ճամբարի մասին, որտեղ պահվում են կառավարության համար «անցանկալի» անձինք և հարկադիր աշխատանք են կատարում։
Պատմամշակութային հուշարձաններ
Արբանյակային լուսանկարների միջոցով կարելի է նաև տեսնել, թե ինչպես են ոչնչացվում պատմաճարտարապետական հուշարձանները։ Դեռ 2010-ին Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան (American Association for the Advancement of Science) հրապարակել էր Նախիջևանում՝ Ջուղայի հայկական խաչքարադաշտի արբանյակային լուսանկարների վերլուծություն։ Այդ լուսանկարները, որոնք արվել էին 2003-ին և 2009-ին, պարզ ցույց էին տալիս, որ ամբողջովին ավիրվել են խաչքարերը և հողային ծածկույթը ծանր տեխնիկայի օգնությամբ հարթեցվել էր։
Արբանյակային լուսանկարների միջոցով հարյուրավոր մշակութային հուշարձանների ավիրումը նաև հաստատվել է Սիրիայում ընթացող պատերազմի ժամանակ։ 2017-ին արբանյակային լուսանկարներից պարզ դարձավ, որ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունն ավիրել է Պալմիրայի հռոմեական ամֆիթատրոնի որոշ մասեր։
Կանաչ տարածքներ
2019-ին Ամազոնի անտառներում խոշոր հրդեհներր գտնվելու վայրերը ևս արբանյակային լուսանկարներով պարզ երևում էին։
«Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am) 2019-ի հոկտեմբերին հրապարակել էր Երևանի Դավթաշեն համայնքում հանրային այգու ոչնչացման մասին հետաքննություն, որի մեջ ներառել էինք այգու արբանյակային լուսանկարներ։ Դրանցում երևում են, թե ինչպես է այգին հողին հավասարացվել։
Պատերազմական գործողություններ
FIP.am-ը օրեր առաջ նաև հրապարակեց Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով վնասված կամ ավիրված մի շարք շինությունների մասին՝ հիմնվելով Google Earth ծրագրում վերջերս թարմացված և հանրայնորեն հասանելի դարձած արբանյակային լուսանկարների վրա։ Դրանց շարքում էր նաև Շուշիի մշակույթի տունը, որն ադրբեջանական ռմբակոծման հետևանքով լուրջ ավիրվածությունների է ենթարկվել։ Ներկայում քաղաքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, հետևաբար այնտեղ այցելել, տեղում փաստահավաք գործողություններ իրականացնելն անհնար է, փոխարենը բաց և հասանելի աղբյուրների՝ արբանյակային լուսանկարների միջոցով կարելի է շատ ավերածություններ գտնել Շուշի քաղաքում և հարակից շրջաններում։
JuxtaposeJS Embed
JuxtaposeJS Embed
Վերջերս «Փաստերի ստուգման հարթակը» նաև հրապարակեց Գյանջայի միջազգային օդանավակայանի արբանյակային լուսանկարներ, որը չի հաստատում հայկական կողմի այն պնդումը, թե ռազմական գործողությունների արդյունքում օդանավակայանը «հօդս է ցնդել»։ Սա Գյանջա քաղաքի միակ օդանավակայնն է և հենց այստեղ էին պատերազմի սկբում տեղակայվել թուրքական F-16 կործանիչները։
Սրանք արբանյակային լուսանկարների կիրառման ընդամենը մի քանի պարզ օրինակներ են։ Google Earth ծրագիրը բաց է և հասանելի լրագրողների ու լայն հանրության համար։ Դրա միջոցով հետաքննությունները կարող են ավելի հիմնավոր և առարկայական դառնալ։
Հովհաննես Նազարեթյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: