2020.11.25,

Խաչմերուկ

«Պատերազմից հետո շուրջ 30 տարվա ինքնախաբեության էջն, այլևս, փակված է»

Պատերազմի ժամանակ զգացմունքները սրվում են, իսկ դասական լրագրությունը դա չի սիրում։ Դժվար է, ինչ-որ տեղ նաև անհնար, լինել սառնասիրտ և չտրվել էմոցիաներին։ Առանց էմոցիաների պատերազմ, այն էլ Արցախյան երրորդ ու հուսով եմ՝ վերջին պատերազմը լուսաբանել անհնար էր։ 

Գևորգ Թոսունյան

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծությունից օրեր անց նույն տարածքում էինք, երբ միացավ տագնապի ազդանշանը, լսվեցին պայթյունի ձայներ, վազեցինք ու մտանք ամենամոտ շենքի ապաստարանը։ Հենց մտանք նկուղային այդ հատվածը, դիմացս մի ընտանիք էր՝ մայրն ու երկու մանկահասակ երեխաները. մի պարկից մյուսի մեջ էին լցնում գազարներ։ 

Երեխաներից փոքրը՝ կլիներ մեկուկես տարեկան, մյուսը՝ յոթ։ Այդ փոքրամարմին երեխան, իմ երեք տարեկան աղջկանից էլ մարմնով նիհար, հագուստը ճղրտած, դեմքը սփրթնած, մորն օգնում էր բանջարեղենը մեկ այլ պարկի մեջ դնել։ Հարցազրույց արեցի մոր հետ. պատմեց, որ երեխաների հետ եղել է եկեղեցում, երբ ռումբը հարվածել է կտուրին ու փլուզում առաջացրել, հազիվ են փրկվել։ Ավագ որդին հոգեկան ծանր վիճակում էր. բոլորին վիրավորում էր։ 

Հարցազրույցի ընթացքում նայում էի փոքրին, իր մանր թաթիկներով փորձում էր գազարները դնել պարկում, երբեմն չէր ստացվում, ընկնում էր բանջարեղենը, բայց չէր հանձնվում։ Դժվարությամբ էի արցունքներս զսպում։

Արցախյան պատերազմը էմոցիաների խառնուրդ էր՝ վախ, հպարտություն, ցավ, զայրույթ, հույս։ Ամեն ինչ մի տեղում, ամեն քայլափոխի դետալային կերպով էմոցիաներ ես զգում։ Երբեմն ուզում ես փախչել այն իրականությունից, որտեղ հայտնվել ես, երբեմն էլ սկսում ես քեզ հարց տալ՝ իսկ ինչու՞ եմ ես կենդանի, նրանք՝ ոչ։

Թոսունյան Գևորգ

Հոկտեմբերի կեսերն էր, նկարահանում էինք ապաստարաններից մեկում, զրուցեցինք ամուսիններին առաջնագիծ ուղարկած ու Արցախում մնացած կանանց, նրանց երեխաների հետ։ Նկարահանումներն ավարտել էինք ու սկսվեց ռմբակոծությունը, որոշեցինք մինչև տագնապի ավարտը մնալ նույն ապաստարանում։ Այդ ընթացքում կանանցից մեկին զանգեցին, պատասխանեց, սառած նայեց դիմացի պատուհանին ու սկսեց արտասվել։ Հետո պարզեցի, որ ամուսինը ռազմաճակատում մահացել է։ Նստած էի, հեռախոսի մեջ տարբեր լուսանկարներ էի դիտում, երբ նկատեցի, որ կողքս ինչ-որ մեկը կանգնած է, շրջվեցի, նույն կինն էր, անտարբեր, անշեղ ու անշունչ հայացքով նայում էր ինձ, ես ոչինչ ասել չկարողացա, նա էլ չասաց, նայեց ու կտրուկ շարժումով հեռացավ։ Սառած հայացքում մի հարց կար՝ ինչի՞ ես դու կենդանի, իսկ ամուսինս՝ ոչ։

Մենք՝ լրագրողներս, սիրում ենք, որ մեր ռեպորտաժներն ու տեքստերը տարածվում են։ Դա նաև արդյունավետ աշխատանքի ինդիկատոր է։ Արցախում, սակայն, հասկացա, որ իմ լավագույն աշխատանքն ունեցել է ընդամենը երեք դիտող։ Այցելել էինք զորամասերից մեկը, դուրս գալիս անցակետում երեք ժամկետային զինծառայողներ խնդրեցին իրենց նկարահանել և տեսանյութերն ուղարկել հարազատներին։

«Ամեն ինչ լավ ա, հանգիստ ա այստեղ»,- ասաց առաջին զինվորը, երկրորդն ավելացրեց․ «Մամ ջան, պապ ջան, ձեզ շատ եմ սիրում, ինչ ունենք պետք է տանք, որ մեր հողերը չկորցնենք», երրորդ զինվորն էլ միացավ իր ընկերներին, նաև բարևներ ուղարկեց ընկերուհուն։ Երեկոյան այս տեսանյութն ուղարկեցի 3 անձի (նրանց տվյալները փոխանցել էին զինվորները), սակայն տպավորությունն այնպիսին էր, որ արել եմ ավելին, քան մինչ այս հարյուր հազարավոր դիտումներ ունեցող ռեպորտաժներս։

Թոսունյան Արցախ զինվորներ

Պատերազմի զգացողություններից մեկն էլ անկարողությունն է։ 

Մարտական գործողությունների դադարից հետո զանգ ստացա Տումիեցի Սպարտակի կնոջից, Սպարտակը տարիքի ու առողջական խնդիրների պատճառով ռազմադաշտ չէր գնացել, բայց թիկունքային աշխատանք էր կատարում։ Նրա հետ ծանոթացել էինք հոկտեմբերի սկզբին Արցախ մեկնելու ճանապարհին, ընկերացել ու նկարահանում իրականացրել Տումիում։ 

Սպարտակի կինը հուզված էր հետս խոսում, ուզում էր հասկանալ՝ ինչ անել անելանելի վիճակից դուրս գալու համար։ Ադրբեջանական զինուժը նրանց գյուղում էր, հնարավորություն անգամ չունեին իրերը տեղափոխելու և այցելելու հարազատների գերեզմաններին․ «Հիմա մենք ի՞նչ ենք անելու»,- արտասվելով հարցնում էր նա։ Դժվար է նրան պատասխանել, առավել դժվար՝ լիարժեք ընկալել նրա հոգեվիճակը։ 

Այս տեքստի «կմախքը» պատրաստել էի դեռ այն ժամանակ, երբ պատերազմն ընթանում էր Արցախում։ Հիմա՝ ռազմական գործողություններից հետո, վերանայելով տեքստն ու կատարելով ավելացումներ՝ հասկանում եմ, որ չափից զգացմունքային եմ եղել, եթե այսօր զրոյից սկսեի գրել, դժվար այսքան դետալային ամեն ինչ ընկալեի ու հանձնեի թղթին։ Առանձնապես փոփոխություններ, սակայն, տեքստում չեմ արել, հակառակ դեպքում ընթերցողին կխաբեի։ 

Պատերազմն այդպիսին է՝ մարդուն հասցնում է էմոցիոնալ կիզակետի, վեր հանում վախերն ու ներքին հուզումները, ստիպում արժևորել ներկան ու գնահատել վաղվա օրը։ Պատերազմը մարդկային կյանքի իրական հայելին է։ 

Առաջին անգամ ու խորությամբ պատերազմ լուսաբանելիս, հասկացա, որ ինչքան էլ այն գերէմոցիոնալ, բազմաշերտ ու լրագրողական տեսանկյունից հետաքրքիր իրադարձություն է, սակայն երկրորդը լուսաբանել չեմ ցանկանում, փոխարենը՝ առաջացել է պատերազմը կանխելուն միտված ռեպորտաժներ ու նյութեր պատրաստելու մեծ ցանկություն։ 

Իսկ ի՞նչ անել պատերազմից հետո՝ նորերը կանխելու համար։ Այս պատերազմն ինձ տվեց մի կարևոր դաս՝ հարկավոր է անկեղծ լինել ընթերցողի հետ, անգամ այնպիսի հարցերում, որոնց հանդեպ հանրությունը շատ նրբազգաց է, իսկ դրանք վեր հանող լրագրողների նկատմամբ՝ անողոք։ 

Պապիկս խորհրդային տարիներից սկսած տարբեր գրքեր է հավաքել, հիմա ես եմ նրա աշխատանքը շարունակում։ Մի մեծ գրադարան ունենք։ Դեռ պատանեկան հասակում այդ գրադարանում հայտնաբերեցի տուրիստական բացիկների մի հավաքածու` տպագրված 1976-ին, խորհրդային «Զբոսաշրջիկ» բյուրոյի կողմից, վերնագրված՝ «Шуша», հետևյալ նկատարգությամբ՝ «Շուշա՝ Ադրբեջանի խոշորագույն զբոսաշրջային կենտրոն»։ 

Սա մի փոքր դետալ է այն իրողության, որը շատերս թաքցրել ենք հանրությունից, զուտ այն պատճառով, որ մարդիկ չեն ցանկանում այդ մասին իմանալ կամ էլ ագրեսիվ են տրամադրված նման բնույթի նյութերի, նրանց հեղինակների նկատմամբ։

Իմ կարծիքով, մենք՝ լրագրողներս, կամ մեր գերակշիռ հատվածը, մինչև վերջ անկեղծ չի եղել ընթերցողի, հեռուստադիտողի կամ ռադիոունկդրի հետ։ Մենք մարդկանց պատրաստել ենք պատերազմի, խուսափել ենք իրերը կոչել իրենց անուններով, սակայն մարդիկ, երկիրը ու բանակը՝ պատրաստ չեն եղել առերեսվելու նման արհավիրքի հետ։ Ուստի և պարտվեցինք։

Աղդամում եղել եմ մի քանի անգամ, տեսել, հասկացել ու ընկալել, որ այնտեղ մեծամասնությունն ադրբեջանական տներ են՝ լքված, իսկ տարածքը միտումնավոր չի վերաբնակեցվում, Շուշին, ժամանակին, իսկապես մեծամասամբ բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Այս թեմաներով խոսելը նախքան պատերազմը «հանցագործության նման մի բան էր». քեզ առնվազն սոցիալական ցանցերում կվիրավորեին, իսկ վատագույն դեպքում՝ սպառնալիքներից կանցնեին գործողության։ Դեռ հարց է՝ հիմա ինչպես կընկալեն այս տեքստը։ 

Խնդիրն այն է, որ շարունակաբար խաբելով մեր հանրությանը, որևէ դրական արդյունքի չենք հասնի այս փխրուն տարածաշրջանում։

Անկեղծությունը, առավել քան կարևոր է հենց պատերազմից հետո՝ տեղի ունեցած իրողությունների համատեքստում, շուրջ 30 տարվա ինքնախաբեության էջն, այլևս, փակված է։ 

Գևորգ Թոսունյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *