2020.10.21,

Խաչմերուկ

Առաջին անգամ պատերազմ լուսաբանողի փորձից

Օդում թռչող ԱԹՍ-ներն ու պարբերաբար շատ մոտ լսվող հրետակոծության ձայները չեն, որ վերջին օրերին հետ են կանգնեցրել այս կամ այն իրադարձությունը լուսաբանելու մտքից, այլ անընդհատ հետապնդող վտանգի զգացողությունը։

«Հրադադարի» առաջին օրը՝ հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտում էի, որոշել էինք նկարահանել քաղաքի թիվ 10 դպրոցում. ուսումնական հաստատությունը ադրբեջանական զինուժի հրթիռների ու ռումբերի թիրախ է սեպտեմբերի 27-ից առ այսօր։ Ըստ ամենայնի, պատճառը դպրոցին շատ մոտ մի կարևոր քաղաքացիական ենթակառուցվածք է, որը պարբերաբար փորձում է շարքից հանել հակառակորդը՝ զուգահեռաբար ավիրելով տարածքի շենքերն ու ուսումնական հաստատությունը։ 

Դպրոց տանող ճանապարհին մեզ ու մեր ուղեկիցներին պարբերաբար զանգահարում էին ու հայտնում, որ որևէ հրադադար չկա. հարավում ու հյուսիսում թեժ մարտեր են, պետք է ապաստարան իջնել, Ստեփանակերտին էլ կհարվածեն։ Բավականին լարված վիճակում մոտեցանք դպրոցին, չէինք հասցրել կանգնել, երբ պայթունի ուժգին ձայն լսվեց, ինչն էլ ազդարարում էր, որ հավանական հրթիռակոծության դեպքում՝ թիրախում նաև դպրոցն է լինելու ու մենք։ Խուճապի չմատնվեցինք, արագ լքեցինք տարածքը։ Երկու օր անց ի վերջո այնտեղ նկարահանում իրականացրեցի։

Ես պատերազմական գործողություններ լուսաբանող սկսնակ լրագրող եմ, սա իմ առաջին լուրջ փորձն է, այնպես որ չեմ վախենա ասել, որ Արցախում յուրաքանչյուր օր աշխատել եմ գերլարված մթնոլորտում։ 

Պատերազմի շունչն ակնհայտ զգացել եմ Հադրութ քաղաքին մոտենալով ու միաժամանակ ռազմաճակատից կիլոմետրերով հեռու գտնվելով։ Որոշել էինք պատմել թիկունքային աշխատանք կատարող Տումեցի Սպարտակի մասին (անվտանգության նկատառումներից ելնելով ես իմ հերոսների անձնական տվյալները ամբողջությամբ չեմ ներկայացնում)։ Սպարտակին չէին տարել ռազմաճակատ, սակայն նա օգնություն էր ցուցաբերում զինծառայողներին և քաղաքացիական բնակչությանը՝ տեղափոխում սնունդ և հագուստ, մտնում թեժ կետեր, ինչպես օրինակ Հադրութ քաղաք ու այնտեղից դուրս բերում երեխաների, կանանց և ծերերի։

Սպարտակի հետ ճանապարհ ենք ընկնում։ Ստեփանակերտից դուրս ես գալիս և զգում պատերազմի իրական շունչը։ Սկզբում ավելի շատ ես տեսնում զինվորական մեքենաներ, փողոցի աջ ու ձախ կողմերում՝ ծառերի տակ դիրքավորվող զինծառայողներ, շարունակում ես երթևեկել՝ գյուղերը լքված են, խանութները՝ փակ, տղամարդիկ են միայն, բոլորը զինված։ 

Ավելի ես խորանում՝ տարբեր հատվածներում զինտեխնիկա է՝ հրետանի, զրահամեքենաներ, տանկեր։ Հետո արդեն տեսնում ես խոցված զինտեխնիկա ու տեղ-տեղ գետնի մեջ «մեխված» հրթիռներ։

Ինչքան մոտենում ես առաջնագծին, այնքան ավելի է ուժգնանում հրետանու ձայնը, ամբողջ ճանապարհին օդում պտտվում են ԱԹՍ-ները։

Երբ տեղ ես հասնում, հասկանում ես, որ երկար ժամանակ չունես, ամեն ինչ պետք է անել հնարավորինս արագ ու լսել ոչ միայն զրուցակցիդ խոսքն, այլև հրետանու և ԱԹՍ-ների ձայները։

Արցախում եղած ժամանակ նաև հասկացա՝ եթե ուզում ես անվտանգ նկարահանում իրականացնել, ապա ապաստարաններից դուրս գալ չես կարող։ 

Շուշիում Վազգեն Սարգսյանի արձանի դիմաց «տանկիստ» Արմենին էինք նկարահանում, ամբողջ ընթացքում ԱԹՍ-ի թույլ ձայնն էր լսվում երկնքում։ Արմենը պատմում էր, որ 1994-ի պատերազմի ժամանակ հարսանիքի է գնացել, խոսքն ավարտեց ու նկատեցինք, որ ԱԹՍ-ն մոտենում է. սուր սվոցը հուշում էր, որ այսպես կոչված «կամիկաձե» անօդաչուն անցել է հարձակման։ Արմենը մի քանի անգամ խաչակնքվեց՝ կրկնելով՝ «Աստված մեզ հետ է», հետո իրար նայեցինք ու հասկացանք՝ գետնին պառկելու ժամանակն է։ Մեր գլխավերևով անցավ անօդաչուն, բայց չհասցրեց խոցել իր թիրախը, քանի որ չեզոքացվեց ՀՕՊ-ի հարվածից։

Արցախցիներն այս օրերի ընթացքում պաշտպանական լավ մեթոդներ էին մշակել, որոնք փոխանցում էին մեզ, դրան գումարած ստացել եմ մի փոքր փորձ, սիրով կկիսվեմ ընթերցողի հետ.

Այսպես. 

  1. Եթե պայթունի կամ հրետակոծության ձայն ես լսում, բայց հասկանում, որ դա ինչ-որ շենքի կամ այլ թիրախի խոցման ձայն է, ապա հրթիռները քեզնից հեռու են ընկել, հակառակ դեպքում՝ ձայնը կլսես կենդանի մնալուց հետո։ Ամեն դեպքում հարկավոր է պատսպարվել և առնվազն կես ժամ սպասել։
  2. Օդում սուր ու արձագանքով պայթունի ձայն լսելիս արագ փախչիր ու պատսպարվիր, ունես 5-6 վայրկյան. ըստ ամենայնի «Սմերչի» հռթիռն է գլխավերևումդ՝ 100-200մ բարձրության վրա պայթել ու ցած են ընկնում ռումբերը։
  3. Առաջնագծի գյուղերին մոտենալիս ԱԹՍ-ն քեզ «հետապնդելու է» գրեթե միշտ, նկարահանումներ հարկավոր է անել ծածկ ունեցող տարածքներում կամ տների ներսում՝ հեռու մնալով պատուհաններից։ 
  4. ԱԹՍ-ի ձայնի առկայության ժամանակ ոչ մի պարագայում նկարահանումներ մի կազմակերպիր երեքից ավելի մարդկանց մասնակցությամբ։ ԱԹՍ-ն փնտրում է զինտեխնիկա, սակայն տեսնելով մի տեղ հավաքված մարդկանց, հավանականությունը շատ է, որ կհարվածի։
  5. Նկարահանումներն անելուց առաջ ոչ միայն և ոչ այնքան փնտրիր տեղանք, որտեղ արագ կկարողանաս պատսպարվել հրետակոծությունից, այլ ճշտիր՝ որքանով է նկարահանման վայրը հեռու զորամասից, պահեստից, քաղաքացիական կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքից. հակառակորդն այդ ենթակառուցվածքներն է թիրախավորում՝ ավիրելով 500մ շառավղով ամեն ինչ։

Արցախում անցկացրած օրերի ընթացքում բազմաթիվ պայմանավորվածություններ եմ ձեռք բերել. Տումեցի Սպարտակի հետ որոշել ենք գնալ իրենց գյուղ ու թոնրի խորոված պատրաստել, Շուշիից Էդիկի հյուրատանն էլ մեկ շաբաթ կհանգստանանք, իսկ Շոշ գյուղից Արտակենց քարուքանդ եղած տունը համատեղ ուժերով կվերանորոգենք։ Շատ են պայմանավորվածություները, նախապայմանը մեկն է՝ խաղաղություն պետք է տիրի։

Գևորգ Թոսունյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *