2020.09.11,

Խաչմերուկ

Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը հայկական լրատվամիջոցներում․ հուլիս

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

2020թ․ հուլիսին հայ-ադրբեջանական հակամարտության թեման հայկական մեդիայում թեժ էր։

Ղարաբաղյան հակամարտության թեման վերջին շրջանում հայաստանյան լրատվամիջոցների ամենաքննարկվող թեմաներից է՝ սկսած ապրիլի 21-ից, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բանակցություններում կարգավորման փուլային տարբերակն է քննարկվում։

Քննարկումներն առավել թեժացան հուլիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ կատարեցին, որին հաջորդեցին հրետակոծություններն ու մարտական գործողությունները։

Բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում Տավուշն էր․ նրանցից շատերը թղթակիցներ ուղարկեցին սահմանամերձ գյուղեր, որտեղից պարբերաբար ռեպորտաժներ էին պատրաստում կամ ուղիղ եթերի ռեժիմով ներկայացնում կյանքը սահմանային գյուղերում։

Ամեն անգամ, երբ սահմանին լարված է լինում, լրատվամիջոցների բառապաշարում հաճախակիանում է թշնամի բառի օգտագործումը, ընդ որում՝ ոչ միայն հյուրերի ու ռեպորտաժների մասնակիցների հնչեցմամբ, այլ հենց լրագրողների, որոնք իրենց հերթին հիշեցնում են հայերի ու թուրքերի/ադրբեջանցիների դարավոր թշնամության մասին։

Մեդիան վերհիշեց ղարաբաղյան, ինչպես նաև ապրիլյան պատերազմներում ադրբեջանցիների  կողմից իրականացված վայրագությունները։ Սա կարծես տեսանելի էր բոլոր լրատվամիջոցներում։

Կային նաև նպատակադրված այլ թեզեր առաջ քաշող խմբագրություններ։ Նրանք սկսեցին տարանջատել բանակն ու իշխանությունը՝ նշելով, որ Տավուշում արձանագրված հաղթանակը կապ չունի իշխանության հետ։ Լրատվամիջոցների մի խումբ թեմա դարձրեց այն, որ Գրիգորի Խաչատուրովի ղեկավարած բանակային կորպուսը Տավուշում հակառակորդի դիվերսիոն բոլոր հարձակումներին արժանի հակահարված է տալիս, բայց Նիկոլ Փաշինյանը հետապնդումներ է իրականացնում նրա հոր՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ Խաչատուրով ավագին մեղադրանք է առաջադրվել 2008թ․-ին այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար։

Հուլիսյան դեպքերի ժամանակ շատերը հիշեցին ՀԱՊԿ-ի մասին

Տավուշյան դեպքերի օրերին լրատվամիջոցների հրապարակումներում շատ էր խոսվում ՀԱՊԿ-ի մասին, ու շատերն էին սպասում այդ ռազմական դաշինքի, որի անդամ է Հայաստանը, արձագանքին։

1in.am-ի հեղինակ Արամ Ամատունին իր նյութում գրում է․ «ՀԱՊԿ աննախադեպ որոշումը, ըստ որի, պետք է կազմակերպության Մշտական խորհրդի արտահերթ նիստում քննարկվեր Հայաստանի սահմանին ադրբեջանական սադրանքի հետևանքով առաջացած լարվածության հարցը, հետաձգվել է անորոշ ժամանակով: Այլ կերպ ասած, ՀԱՊԿ-ը չի դավաճանում Ադրբեջանին, որին ռազմա-քաղաքական թիկունք է եղել գրեթե մշտապես»:

ՀԱՊԿ-ի արձագանքի մասին է խոսել  նաև Անվտանգության և պաշտպանության ոլորտների ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը, ով ավելի շատ քննադատում է ԵԱՀԿ-ին։  «Եթե Մինսկի խմբի համանախագահներն ի վիճակի չեն անհրաժեշտ ռեժիմով աշխատել, թող լքեն իրենց դիրքը: Ի դեպ, հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որ պետք է հստակորեն մատնանշի ագրեսոր կողմին։

…Ի դեպ, երբ Հայաստանը կամ ակտիվիստները պահանջում են ՀԱՊԿ-ի պատասխանատվության հարցը, ապա դա շատերի գլխում ու մտքում ծնում է Երևանի և հայկական բանակի գործողությունների հարցը: Ես դա այդքան բացահայտ չէի անի: ՀԱՊԿ-ն ինքը ամեն ինչ շատ լավ հասկանում է և կտա ադեկվատ գնահատական: Մի բան պետք է հստակ արձանագրել՝ ՀԱՊԿ-ն Ադրբեջանի հետ չի պատերազմի»:

Lragir-ը այլ տեսանկյունից է հարցին անդրադարձել։ Հեղինակ Նաիրա Հայրումյանը հարց է բարձրացնում՝  «ո՞վ է շահագրգռված, որպեսզի ՀԱՊԿ-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ ներգրավի»:

Հուլիսի 12-ի միջադեպից անմիջապես հետո Ադրբեջանի ԱԳՆ-ի և Ալիևի աշխատակազմի հայտարարություններում նշվել է, որ Հայաստանն ուզում է «երրորդ կողմի» ներգրավել: «Գողի վրա, ինչպես ասում են, գլխարկը վառվում է. արդյոք ԱԳ նախարար Մամեդյարովը ուզում է «ապացուցել» իր մասնագիտական համապատասխանությունը և հասնել ռուսական կամ ՀԱՊԿ զորքերի մուտքին հակամարտության ռեգիոն»,- գրում է նա։

Նա հիշեցնում է, որ 2016թ. ապրիլյան պատերազմի օրերին Բելառուսի նախագահը զանգեց ոչ թե Երևան, այլ Բաքու, իսկ երկրի խորհրդարանն էլ ռազմական նոր դոկտրին ընդունեց՝ արգելելով արտասահմանում մասնակցել ռազմական գործողություններին:

․․․Թյուրքական Ղազախստանը և Ղըրղըզստանը, ինչպես նաև շիական Տաջիկստանը նույնպես, դժվար թե, աջակցեն Հայաստանին: Ստացվում է, որ ՀԱՊԿ անդամներից միայն Ռուսաստանն է, որ Հայաստանին «աջակցության» է շտապում: Կարո՞ղ է Ռուսաստանի «աջակցությունը» լինել Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի համար վերջին առաջադրանքը, թե ներկայիս սադրանքը Ադրբեջանի ղեկավարության համար պատրվակ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման 20-ամյա քաղաքականությունը «զրոյացնելու» համար»:

Ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարությամբ Ադրբեջանը լուրջ սխալ գործեց

Լրատվամիջոցների համար թեմա բացվեց նաև այն ժամանակ, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլիի միջոցով Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնաց «միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով»։

1in.am-ի նյութում հիշեցվում է, որ Հայաստանը հուլիսյան սահմանային լարվածության օրերին երբեք չի հայտարարել քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու մասին և չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ:

Ինչպես նաև այն, որ 1987 թվականի Ահաբեկչության հարցերով Ժնևյան կոնֆերանսն ընդունել է «The Geneva Declaration on Terrorism» վերնագրված հռչակագիրը, որում որպես պետական ահաբեկչության ակտ, մասնավորապես, արձանագրված է պետության զինված ուժերի հարձակումը այնպիսի թիրախների վրա, որոնք սպառնալիք են ներկայացնում այլ պետության տարածքի քաղաքացիական բնակչության համար:

Որպես շարունակություն կայքում տեղ են գտել նաև միջազգային լրատվամիջոցների անդրադարձները թեմային։

Մեկ այլ նյութում Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեն իր պաշտոնական հայտարարության մեջ ասում է․ «Այս հայտարարությունը քաղաքացիական բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիք է և դա կարող է բերել հումանիտար աղետի: Այսպիսի հայտարարությունները խաթարում են մարդու իրավունքների միջազգային համակարգը: Միջազգային մարդասիրական իրավունքը բացարձակ արգելում է քաղաքացիական բնակչությանն ուղղված նման ահաբեկումը»։

Lragir-ի հեղինակ Հակոբ Բադալյանը կարծում է, որ հայտարարության հանգամանքը բուն հարվածի սպառնալիքը չէ, քանի որ Հայաստանի անվտանգային համակարգում ատոմակայանի պաշտպանության հարցը անկասկած ունի պատշաճ հոգածություն: Խնդիրն այն է, որ միջազգային իրավունքի սուբյեկտ, ՄԱԿ անդամ երկրի պետական պաշտոնյան, պետական գերատեսչության խոսնակը սպառնում է ատոմակայանին ուղղված հարվածով, ինչը բնութագրել այլ կերպ, քան մարդասիրական աղետի ուղիղ և պաշտոնական սպառնալիք, հնարավոր չէ:

Այդպիսով, Ադրբեջանը պետականորեն անցնում է մարդասիրական աղետի սպառնալիքի, ասել է թե՝ պետական մակարդակի ահաբեկության: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի դեպքում դա ամենևին նորություն չէ, քանի որ Ադրբեջանը այն երկիրն է, որտեղ պետականորեն հերոսացվում և պարգևատրվում են քնած մարդուն կացնահարողները, գլուխ կտրողները, քաղաքացիական անձանց խոշտանգողները:

«Դեռ ոչ մի պետության ոչ մի ներկայացուցիչ հրապարակավ չի հայտարարել ատոմակայանի վրա հարձակման հնարավորության մասին: Աշխարհում նման նախադեպ չի եղել: Դրա մասին կարող են հայտարարել ահաբեկիչները, մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ, բայց՝ ոչ պետության պաշտոնական ներկայացուցիչը», – News.am-ի հետ զրույցում շեշտել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա՝ հայտարարությունը խոսում է այն մասին, որ «մենք շատ վտանգավոր ահաբեկչական հակառակորդ ունենք՝ ի դեմս Ադրբեջանի, որը կանգ չի առնի ոչ մի բանի առջև»:

«Մարդիկ, ովքեր սպառնացել են քաղաքացիական ինքնաթիռներ խոցել․ ի՞նչ կարելի է նրանցից սպասել։ Պետություն, որը հերոսացնում է մարդասպաններին և ահաբեկիչներին. ի՞նչ սպասել դրանից: Երկրի ղեկավարը, ով անձամբ պարգևներ է շնորհում քնած մարդու լկտի մարդասպանին, տարեցների մարդասպաններին և սպանված ծերերի մարմինները ծաղրի ենթարկածներին․ ի՞նչ կարելի է սպասել նրանից», – եզրափակել է Բաբայանը:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի համոզմամբ էլ՝  Հայաստանը պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի նշված հայտարարության վրա։

«Դա «հրաշալի նվեր» էր, որը մեզ արեց ադրբեջանական կողմը, սպառնալով փաստացի ամբողջ տարածաշրջանին»,- News.am-ի հետ զրույցում նշում է նա՝ ավելացնելով, որ մեծ ակնկալիքներ միջազգային հանրությունից ունենալ պետք չի, այսինքն՝ Ադրբեջանին պատժող լուրջ արձագանքի սպասել պետք չի։

168.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանն ասում է, որ վաղուց Ադրբեջանն իրեն դրսևորում է՝ որպես ահաբեկչական կազմակերպություն։

«Կոնկրետ Մեծամորի ատոմակայանի հետ կապված հայտարություններն էժանագին շանտաժ են և դատարկ վայրահաչոց։ Եթե նման բան լինի՝ Ադրբեջանը փաստորեն ինքն իրեն է պայթեցնելու, կործանելու է տարածաշրջանը՝ թունավորելով բոլոր ջրային ռեսուրսները։ Տարածաշրջանն այդ առումով շատ փոքր է, հետևաբար՝ կտուժի Թուրքիան, Իրանը, Ռուսաստանի հարավը։ Այնպես որ, այդ ամենը դատարկախոսություն է, թող չմոռանան, որ ոչ թե անհրաժեշտության դեպքում, այլ անպայմանորեն՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում, հայկական կողմը Ադրբեջանի բոլոր ռազմավարական օբյեկտները կոչնչացնի»։

Աննա Հակոբյանի խաղաղության կոչը միանշանակ չընդունվեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի` խաղաղության կոչը, որում նա դիմել էր ադրբեջանցի մայրերին՝ «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները և վտանգի չենթարկել ադրբեջանցի և հայ ժողովուրդների զավակների կյանքը», շատ լրատվամիջոցներում տեղ գտավ։ Որոշներն ուղղակի տեղադրում էին այն առանց մեկնաբանության, իսկ մի քանի լրատվամիջոցներում էլ դա քննարկման ու քննադատության առիթ դարձավ։

«5-րդ ալիքի» «Հարցազրույց»-ի ժամանակ, որի հյուրը Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան էր, անդրադառնալով Աննա Հակոբյանի խաղաղության կոչերին հաղորդավար Ագնեսա Խամոյանը հարց հնչեցրեց՝ «մենք ե՞րբ ենք հոգնելու այս խաղաղասիրական կոչերից»։

Ի պատասխան հյուրը ասում է՝ «ես հոգնել եմ արդեն»։ Ու շարունակելով թեման՝ նշում է, որ դրա նպատակայնությունն ու արդյունավետությունը չի հասկանում, որովհետև «եթե դա ուղղված է միջազգային հանրությանը, ապա բավականին բալանսավորված, չեզոք և ոչինչ չասող հայտարարությունները, միևնույն է, տեղ չեն հասնում։ Եթե Աննա Հակոբյանը չանի էլ էդ հայտարարությունը, Մեհրիբանը միևնույն է իր ռազմական հռետորաբանությունից չի հրաժարվելու»։

Ըստ նրա՝ հայերի թեման շատ զգայուն է, յուրաքանչյուրը բարեկամ, ծանոթ ունի սահմանին կանգնած․ «Ադրբեջանում այդպես չէ, այնտեղ մարդկանց կյանքը էդպիսի արժեք իրենից չի ներկայացնում իրենց քարոզչության համար»։

«Հայկական կողմից հնչող խաղաղասիրական կոչերը Ադրբեջանում ընկալում են որպես թուլության նշան»։

Նրա կարծիքով՝ դրա փոխարեն «առաջին տիկինը պետք է առաջին հերթին մեր զինվորներին շնորհակալություն հայտներ»։

Armnews-ի «Օրախնդիր» հաղորդման ընթացքում էլ հաղորդավարը իր հարցում ակնարկում է Աննա Հակոբյանի խաղաղության կոչը և նախկին ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանին հարցնում՝ «Երբ զինվորի ոգին պետք է բարձրացնել հաղթանակի մասին խոսելով, մենք խոսում ենք խաղաղության մասին, ինչու՞»։

Ի պատախան հյուրն ասում է․ «Եթե այսօր սահմանին զոհվում է քո տղան, անտեղի է խաղաղության մասին խոսել․․․»։

Իրավունքը վերահրապարակեց Աննա Հակոբյանի կոչերին ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի յուրօրինակ անդրադարձը։ Հովհաննիսյանը դիմում էր ոչ թե Հակոբյանին, այլ Մեհրիբան Ալիևային։

«Գրում եմ, քանզի վստահ եմ` հասցեատերը կկարդա:

Մեհրիբան Ալիևան պետք է հասկանա, որ ինչպես ինքն է ասում, հայրենիքի համար պայքարն իրոք սրբազան է:

Պարզապես մի խնդիր կա`

Տիկի՜ն դուք ձեզ համար հորինել եք հայրենիք, որ երբեք ձեզ չի պատկանել, դուք ուզում եք յուրացնել ուրիշի հայրենիքը, իսկ դա անհնար է:

․․․Դուք երբե՛ք Արցախում մուղամ չեք լսելու` հրավերով թե առանց: Իսկ հիմա ուղեցույց հայ հանրության կողմից` այն դեպքի համար, եթե սխալ եք հասկացել այստեղից հնչող «խաղաղասիրական» կոչերը։

Տիկի՛ն մենք խաղաղություն չենք խնդրում, մենք այն ձեզ պարտադրել ենք.. ՄԻՇՏ: Մեր մայրերն ու քույրերը ցանկանում ու ձգտում են խաղաղության, բայց զենքից զարդեր չեն ձուլել:

Չխաբվեք և լուրջ չընդունեք կամուֆլյաժը, ծաղիկները ու պաթոսը. մենք զգոն ենք: Մենք ուժեղ ենք, ու ուժեղի դիրքերից ենք խոսում խաղաղության մասին: Ձեր հիստերիկ գոռգռոցից ոչ ոք չի վախենում․․․»։

Անահիտ Դանիելյան

Կարդացեք նաև․
Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը հայկական լրատվամիջոցներում ամփոփումների նախորդ թողարկումները։
հունիս 
մայիս


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *