Լուսանկարիչ, օպերատոր Հակոբ Պողոսյանի օբյեկտիվի միջով է անցել Արցախյան պատերազմի գրեթե ողջ ընթացքը, նրա կադրերում վավերագրվել է հակամարտությունը, մահն ու հաղթանակը:
Գրեթե չորս տարի աշխատելով պատերազմական գոտում՝ լուսանկարիչը սեփական փորձով կարողացել է տիրապետել կոնֆլիկտային գոտիներում աշխատող ֆոտոլրագրողների աշխատանքի կանոններին, յուրացնել դրանք՝ ստեղծելով պատմության ու սերունդների համար մնայուն կադրեր:
Զինվորի և օպերատորի տարբերությունն այն է, որ զինվորը թիրախ է փնտրում, օպերատորը կամ լուսանկարիչը` ոչ:
«Պատերազմական գործողությունների ժամանակ ամենադժվարը առաջին պահն է. պետք է խուճապի չմատնվես, հավաքվես, կադրը ճիշտ որսաս և լուսանկարես: Օպերատորից, ամենակարևորը, պահանջվում է զգուշություն: Զինվորի և օպերատորի տարբերությունն այն է, որ զինվորը թիրախ է փնտրում, բայց դու՝ ոչ: Դու թիրախ չես կարող փնտրել, պետք է արագ կողմնորոշվես, ականջդ պայթյունների ձայնի կողմը լինի. որտեղ պայթյուն եղավ, այնտեղ զոհ կամ վիրավորներ են լինելու, հարկավոր է հասցնել ֆիքսել պահը և, ամենակարևորը, մարտի պահը»,-ասում է լուսանկարիչ, օպերատոր Պողոսյանը:
Անկեղծանում է` երբ 1992 թվականին որոշեց գնալ ու տեսանկարահանել պատերազմական գործողությունները, վախեր չուներ, վտանգների մասին չէր էլ մտածում, միակ նպատակն էր հասնել Ղարաբաղ:
«Մի ներքին ուժ կա, որը քեզ տանում է, այդ պահին չես մտածում ոչ մի բանի մասին` բացի քո մասնագիտական գործը կատարելուց»,-նշում է լուսանկարիչը:
Հակամարտության գոտում աշխատելիս նա կարևորում է ֆոտոլրագրողի հոտառությունը, ներքին զգացողությունը և ունեցած ճիշտ տեղեկատվությունը, ինչի հանրագումարում հայտնվում է ճիշտ տեղում: Որպես օրինակ՝ ներկայացնում է քառօրյա պատերազմի ընթացքում Թալիշում կատարած աշխատանքը:
«Ապրիլի երեքին, երբ մտանք Թալիշ, գյուղն արդեն դատարկված էր, բայց ինֆորմացիա ունեինք, որ տներից մի քանիսում դեռ մարդիկ կան: Կապի մեջ էի հեռախոսով, անընդհատ ասում էին՝ բարձրացեք դեպի գյուղի վերևի հատվածը: Ինչ խոսք, վտանգ կար, բայց ես նորից չէի զգում: Այդ տարածքները լավ գիտեի, աշխատել էի 1992-93թթ.-ին, հասկանում էի, որ անընդհատ դեպի վերև գնալը նշանակում էր գնալ Ադրբեջանի կողմը: Հեռախոսի մյուս ծայրից փոխանցում էին, որ գյուղը գրեթե վերջանում է: Անընդհատ ռմբակոծում էին, տունը գտանք, բայց սպանված գյուղացիներով»,-պատմում է լուսանկարիչը:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ի մի է բերում այն բոլոր վտանգները, որոնցով անցել է ու հաղթահարել, սակայն սթրեսն ու ծանր ապրումները՝ արյուն նկարահանելուց հետո, երբեք էլ չեն անցնում:
«Բոլորիս մեջ նստած է այդ ցավը, տարիներ անց էլ, երբ տղաներով հանդիպում ենք, զրուցում, խոսում, հասկանում ենք, որ ժամանակը ի զորու չէ անցկացնելու մեր միջի նստած ցավը»,-ասում է Հակոբ Պողոսյանը:
Երբ կադրում հայտնվում է մահը
1993 թվականի մարտի 27-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի համար մղվող մարտական գործողությունների ժամանակ Հակոբ Պողոսյանի տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են մահացու վիրավորվում ազատամարտիկներ Սաքո Հարությունյանը և Հայկ Վերդյանը:
«Տղաներին թիկունքից նկարելիս հանկարծ տեսնում եմ՝ կադրիս մեջ խփեցին Սաքոյին, նա ընկավ: Գոռում եմ.«Սաքոյին խփեցին….», կամերան դնում եմ գետնին՝ առանց անջատելու, երբևէ՝ ինչպիսի իրավավիճակ էլ որ լինի, տեսախցիկը անջատելու իրավունք չունենք: Ուզում եմ վազել իրենց օգնելու, պարզվում է ես նույնպես ոտքից վիրավոր եմ: Բեկորը մտել ու անցել էր ոտքիս միջով, բայց չէի զգացել: Կրակ էր թափվում, մի տասը րոպե հնարավոր չէր մոտենալ տղաներին: Բառեր չեմ գտնում ապրումներս նկարագրելու համար, շոկ էր: Այդ ամենը կրկնակի ծանր էր, քանի որ նրանք նաև իմ ընկերներն էին»,-ասում է Պողոսյանը:
Լուսանկարիչը խոսոտվանում է՝ կադրեր ունի արված, որոնց այսօր չի կարողանում նայել, միևնույն ժամանակ զարմանում է, թե ինչպես է կարողացել նկարահանել:
«Հադրութի հիվանդանոցում շուրջ 40 րոպե տեւողությամբ վիրահատություն եմ նկարել. ասեղային ռումբերով ռմբակոծել էին Հադրութը, բժիշկները հանում էին այդ քորոցները: Զարմանալին այն է, որ երբ աչքս հեռացնում էի տեսախցիկի օբյեկտիվից, չէի կարողանում նայել վիրահայտությանը, աչքերս փակում էի, բայց երբ դնում էի օբյեկտիվին, բաց աչքերով նկարում էի: Տեսախցիկը կամ լուսանկարչական սարքը մեզ համար վահան են: Եղել է դեպք, որ մեր հերոս տղաներից մեկի թաղումը նկարելիս խնդրել եմ փակեն դագաղը. նրան կենդանի ժամանակ նկարել էի ու թաղումը նկարելը սարսափելի էր ինձ համար»,-ասում է նա:
Լուսանկարը, հատկապես դիմանկարը, հիմնականում հաջող է ստացվում, երբ մարդուն ճանաչում ես:
«Պետք հասկանալ՝ ինչ բնավորության մարդ է, որ հետո չասեն՝ անձնագրի նկար է: Ես սկսել եմ նկարել Երասխավանի գործողություններից: Այդ ընթացքում, շատերը երբ զոհվում էին, այդքան ծանր չէի տանում, բայց Ղարաբաղում, որտեղ տղաների հետ ամիսներ ու տարիներ էի անցկացրել, մի պատառ հաց կիսել, կորուստները դաժան էին: Ու նորից ցավ, նորից սթրես»,- պատմում է լուսանկարիչը:
Սկզբունքը մեկն է` եթե զենք ես վերցնում, նվիրվում ես զենքին, եթե տեսախցիկ կամ լուսանկարչական սարք՝ նշանակում է` քո գործն է նկարելը:
«Ընկերներիս կորուստը երբեք չի ստիպել ինձ զենք վերցնել: Երբեք զենքը չի ձգել. անգամ եթե ինձ շատ մոտ մարդ է ընկել, տեսախցիկը զենքով չեմ փոխարինել, շարունակել եմ իմ պարտականությունը կատարել` նկարել: Ընկերներս թանկ էին ինձ համար, ես նրանց լուսանկարում էի, տեսանկարում, բայց չի եղել դեպք, որ մտածեմ վրեժի մասին…մեզ համար սա խիստ կարևոր է՝ այդ սահմանը զգալը»,-ասում է Հակոբ Պողոսյանը:
Նրան աշխատելիս միշտ խանգարել է տեսանկարահանելն ու լուսանկարելը: Մարտական գործողությունների ժամանակ չի լուսանկարել: Նշում է, որ մարտերը ավելի հեշտ է տեսանկարահանել:
«Ինձ հոգեհարազատ է տեսանկարահանելը, պահի տակ մեկ էլ հասկանում ես, որ հիանալի խոսք ու շարժում է, ու դա պետք է ունենաս: Եթե կա լավ դինամիկա, արդեն լավ լուսանկար է: Հաճախ էին տղաներն ինձ ասում. «Մի՛ նկարի»: Բայց երբ սկսում են նկարել, անցնում է: Մարդիկ էլ կան՝ մինչև վերջ դեմ են լինում, նրանց պետք է կարողանաս որսալ, նրանք գուցե չեն գիտակցում, բայց դու գիտես, որ պատմություն ես վավերագրում»,-ասում է Պողոսյանը: