Մայր Աթոռի բակը 2025թ․-ի դեկտեմբերի 18-ի երեկոյան։ Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի (Հետք)

Ժամերգությունն ու պատարագը նույնը չեն, պատարագը չեն անցկացնում՝մատուցում են, ժամերգությունը չեն գլխավորում՝անցկացնում են․ այս ու եկեղեցական առօրյային վերաբերող էլի շատ բառերի ու հասկացությունների ճիշտ կիրառմանը լրագրողները գուցե ավելի մեծ ուշադրություն դարձնեին, եթե ժամանակները խաղաղ՝ առաջվանը լինեին։ Առաջ հատուկենտ էին եկեղեցուց պատրաստվող ռեպորտաժները։ Դրանց առիթը հիմնականում ճրագալույցի կամ տոնական պատարագներն էին, որոնց ներկա էր լինում իշխանական վերնախավը։  

Հիմա իրավիճակ է փոխվել․ ինչ վարչապետն սկսել է գնալ պատարագների, պատարագները(նրա գնացած) հայտնվել են ուղիղ եթերներում՝ ուղեկցվող բոլոր զարգացումներով։ Տեղի ունեցողը լուսաբանվում է յուրահատուկ բառապաշարով՝ շրջիկ քահանա, գրոհել, ներխուժել, հարձակվել, իսկ դեկտեմբերի 18-ին նաև «հաղթանակ» գրանցվեց։  

Այսօր եկեղեցու մասին խոսույթը նախ խորհրդարանում ու կառավարությունում է չափազանց մեծ տեղ զբաղեցնում։ Կառավարության վերջին նիստից հետո վարչապետի ասուլիսը սկսվեց ոչ թե գործադիրի այս կամ այն ծրագրին կամ նախագծին, այլ հենց եկեղեցուն վերաբերող հարցով,  ասուլիսի մեծ մասը հենց եկեղեցուն ու կաթողիկոսին էր վերաբերում, թեպետ խոսողը վարչապետն էր։ Պատճառը հայտնի էր․ հենց վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակն» ու ՔՊ-ին պատկանող Civic.am-ն էին նույն օրը հրապարակել վարչապետի հովանավորությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող տասը եպիսկոպոսների հայտարարությունը։  Նրանք հոգևոր եղբայրներին և հավատավոր ժողովրդին  դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, կանչում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «հանգստի կոչելու արդար պահանջով»։  

Ինչպես պետք է պահանջը իրականություն դառնար, չէր ասվում, բայց այս կոչին հաջորդեց Արագածոտնի թեմի հայտարարությունը՝ «Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ին»: Երբ եպիսկոպոսների կողմնակիցները եկան Մայր Աթոռ, Տաճարն արդեն լեփ-լեցուն էր․ Ամենայն հայոց կաթողիկոսի համար Տաճար տանող ճանապարհը հազիվ բացվեց։ Ժամերգությունն սկսվեց, բայց հավատավոր եղբայրներին Էջմիածին հրավիրած եպիսկոպոսները Մայր տաճարի բակում չէին։  

Լրագրողները Մայր տաճարի բակում 

News.am-ի, 168 ժամի լրագրողները եպիսկոպոսներին հանդիպեցին Սուրբ Գայանե եկեղեցու տարածքում, և սա այդ օրվա եզակի հնարավորությունն էր, երբ նրանց հարց տալու համար գոռալու կարիք չկար, թեպետ հարցերին ըստ էության պատասխաններ չտրվեցին։ Ակնհայտ էր, որ եպիսկոպոսները լրագրողների հարցերին չպատասխանելու որոշում ունեին։  

Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներին Մայր տաճարի բակ բերեցին ու տարան քաղաքացիական հագուստով տղամարդիկ՝ մի քանի շարքով շուրջկալ արած։ Լրագրողներին չհաջողվեց նրանց հետ շփվել, բայց փորձեր եղան։ Լրագրող Վահե Մակարյանը «պարոն Միրզախանյանով» դիմեց եպիսկոպոսներից մեկին, հնչեց պատասխան՝ «պարոնը պապադ ա»։ Ո՞վքեր են հոգևորականներին ուղեկցող անձինք, ինչո՞ւ են հոգևորակնները Մայր Աթոռի բակ մտնում նրանցով շրջապատված․ այս ու այն կողմից հնչող հարցերը մնացին անպատասխան։ Եպիսկոպոսներից բացի, լրագրողների հարցերը անպատասխան թողեց նաև Ամենայն հայոց կաթողիկոսը։ 

Արդեն մեկ օր անց Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը «Ազատության» եթերում ասում է՝ «Ինձ թվում է՝ ուժայինները երևի այդ ագրեսիվ լրատվամիջոցներից էին գուցե փորձում պաշտպանել հոգևորականներին»։  

Մայր Աթոռի բակում լրագրողների աշխատանքը դուր չէր եկել նաև ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Ղազարյանին։ Հանրայինի «Լուրերի» եթերում նա ասում է․ «Երբեմն մեր լրագրողները լրագրողական գործունեություն իրականացնելիս նաև խոչընդոտում են որևիցե գործողությունների, դրանով երբեմն կարող են նաև տհաճ իրավիճակներ լինեն»։ Հետո բացատրում է, որ Մայր Աթոռի տարածքում «ժողովրդի ներկայացուցիչներ կան, ովքեր տարբեր կոչերով եկել են, և չի բացառվում լինի մտքերի բախում, և այդ ընթացքում լինեն հակաիրավական գործողություններ»։  

Ինչ է տեսել ու լսել Հանրայինի լրագրողը 

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի բակում տեղի ունեցածի մասին Հանրայինը գրեթե յոթ րոպեանց տեսանյութ էր պատրաստել։ Տեսանյութը կազմված էր ոստիկանապետի խոսքից, ՆԳՆ հայտարարությունից, Փաշինյանի կողքին հայտնված եպիսկոպոսների հայտարարությունից, նրանցից մեկի՝ Մայր Աթոռի բակում ունեցած ելույթից, կարգալույծ երկու քահանաների հարցազրույցներից։  

Տպավորություն էր՝ ժամեր շարունակ Մայր Աթոռի բակում լրագրողը միայն նրանց է տեսել՝ ոստիկանապետին, կարգալույծներին, փաշինյանական եպիսկոպոսներին։ Տեսանյութը պատրաստող թիմը (վերջում երեք անուն տրվեց) չէր լսել այդտեղ հնչող վանկարկումները՝ «Վեհափառ–վեհափառ»։ Դրա մասին՝ ոչ մի խոսք, բայց «Կտրի՛ճ, հեռացիրը» լսել էին։ Լրագրողը կարդում է․ «Տասը եպիսկոսների կոչով հավաքվածները վանկարկում էին «Կտրի՛ճ հեռացիր», մյուսները կոչերով աջակցում էին նրանց»։ Ովքե՞ր են մյուսները, ո՞ւմ են աջակցում, ի՞նչ կոչերով․ պարզ չէր։  

Ամենայն  հայոց կաթողիկոսի խոսքը՝ ժամերգության ավարտին, նույնպես եթեր չգնաց, թեպետ դա դիտողին պիտի որ ամենաշատը հետաքրքրեր՝ զուտ որպես «պատասխանող կողմի տեսակետ»։ Էկրանին հայտնված լրագրողը, երևի որպես օրվա ամենակարևոր, հետաքրքիր դրվագ, հարկ է համարում նշել․ «Մայր Աթոռի տարածքում են Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը, ինչպես նաև Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը»։ Մինչդեռ օրվա «բացահայտումը» ոչ թե Լևոն Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը կամ Իշխան Սաղաթելյանն էին, այլ Թալինի ՔՊ–ական քաղաքապետ Տավրոս Սափեյանը, որը Մայր Աթոռի տարածք մտավ մարդկանց մի մեծ խմբով, պահում էր իրեն առաջին անգամ մրցասպարեզ մտածի կռվազան կեցվածքով, հայհոյում էր։ 

Ակնհայտ էր, որ «Լուրերի» խմբագրակազմին չէր հաջողվել ժամեր շարունակ ուղիղ եթեր հեռարձակված իրադարձություններից լսարանի համար ամբողջական պատկեր փոխանցող տեսանյութ ստանալ։  

Ինչ է տեսել ու լսել 5-րդ ալիքի լրագրողը 

«Դավաճան Կճոյան, թուրք Վզգո, Հուդա»․ սրանք էլ 5-րդ ալիքի լրագրողի լսած վանկարկումներն են՝ դեկտեմբերի 18-ին, նույն տեղում՝ Մայր տաճարի բակում։ Եպիսկոպոսներից մեկի ելույթը, որը Հանրայինը, որքան հնարավոր է՝ երկար, եթեր է տալիս, 5-րդի տեսանյութում չկա ընդհանրապես, բայց ինֆորմացիան, որ նրանք կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն խոստացել են վերադառնալ միասնական աղոթքի, առկա է։ Զուտ որպես հեռուստադիտող՝ հետաքրքիր էր տեսնել, թե ինչ մեքենայով, ինչպես են եպիսկոպոսները բերվել Մայր Աթոռ․ կադրեր, որոնք Հ1-ը եթեր չի տալիս։  

«Վեհափառ–վեհափառ» վանկարկումները, Վեհափառի խոսքի ուղերձները հատուկ շեշտադրումներով է կարդում լրագրողը։ «Կտրիճ, հեռացիրի» մասին՝ ոչ մի խոսք։ Գործածվում են «Տիրադավ եպիսկոպոսներ», «տիրադավների պլան» արտահայտությունները։ Տեղեկանում ենք, որ վատացել են լրագրողը, քահանան։ 

Սա, սակայն, «Հայլուրի»՝ դեկտեմբերի 18-ի եթերում Մայր Աթոռի դեպքերին անդրադարձող միակ տեսանյութը չէ։ Կա ևս մեկը՝ մոտ 8 րոպե տևողությամբ՝ կազմված բացառապես կաթողիկոսի կողմնակիցների տեսակետներից, որտեղ հնչում է անեծք ու հայհոյանք, բացի դա՝ թողարկման սկզբում մեկնաբանը ուղիղ կապով միանում է Մայր Աթոռի բակում աշխատող լրագրողին, որը ներկայացնում է զարգացումները տեղից։ Թողարկումը փակվում է դարձյալ Էջմիածնում տեղի ունեցածին անդրադարձով։