2024.04.05,

Քննադատ

Ի՞նչ են մտածում մարդիկ մեդիայի մասին

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Մարտին Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (այսուհետև՝ ՄՀԻ) հրապարակել էր հանրային կարծիքի հետազոտություն, համաձայն որի՝ հարցվածներից ավելի քչերն են սկսել մտածել, որ Հայաստանում մեդիա անկախությունը բարելավվում է։  

ՄՀԻ-ն 2018-ից սկսած ամեն տարի հրապարակում է հանրային կարծիքի հետազոտություններ, որոնց, մեդիային նվիրված բաժինները ուսումնասիրելով, media.am-ը պարզել է, թե մեդիայի մասին ինչ են մտածում հարցվածները։  

Մեդիա անկախության բարելավումը անկում է 

Եթե 2018-ի հեղափոխությունից հետո հարցվածները շարունակաբար կարծում էին, որ լրատվամիջոցների անկախությունը բարելավվում է, 2019-ին հասնելով ամենաբարձր՝ 75%-ի, ապա նախորդ տարի այն անկում է ապրել և հասել 41%-ի։ 

Թեև հարցվածների մեծ մասը կարծում է, որ տարբեր քաղաքական տեսակետներ արտահայտելու հարցում լրատվամիջոցները ազատ են, սակայն հակառակ կարծողների թիվը 2018-ի օգոստոսի՝ 12%-ի համեմատ աճել է՝ 2023-ի մարտին հասնելով 29%-ի։

2018-ին մամուլը ազատ չհամարողների մեծամասնության կարծիքով պատճառը մեդիայի կոռումպացված լինելն է, իսկ 2023-ին՝ լրատվամիջոցների կողմնակալությունը։

Որո՞նք են ամենավստահելի լրատվամիջոցները 

Հեղափոխությունից հետո Հանրային հ/ը-ն, ըստ ՄՀԻ-ի հարցումների տվյալների, ամենավստահելի միջոցն է դարձել՝ փոխարինելով Շանթ հեռուստաընկերությանը։ 

Սակայն ուշագրավ է, որ մեծ է այն մարդկանց տոկոսը, որոնք ոչ մի լրատվամիջոցի էլ չեն վստահում։

Լրատվամիջոցների վստահության հարցը տարբեր կերպ է ձևակերպված զեկույցներում, մեծամասամբ վերաբերում է քաղաքականությանը, մի դեպքում՝ արտաքին քաղաքականությանը։  

Տեղեկատվության վստահելի այլ աղբյուրները և կառույցները

Ըստ 2023-ի առաջին զեկույցի՝ հարցվածներից ամենաշատը՝ 76%-ը հայկական հեռուստաընկերություններն են օգտագործում քաղաքական տեղեկատվություն ստանալու համար։ Լրատվամիջոցներից այս ցանկում հաջորդիվ ռուսական հեռուստաընկերություններն են հինգերորդ տեղում 40%-ով։  

Թեև ռուսական հեռուստաընկերությունները օգտագործվում են տեղեկություն ստանալու համար, բայց ըստ վերջին՝ 2023-ի դեկտեմբերի զեկույցի, ամենաշատը՝ 40%-ը ընդհանրապես չի վստահում ռուսական լրատվամիջոցներին անվտանգության վերաբերյալ տեղեկատվության ստանալու համար։ 

Հարցվածների ամենամեծ՝ 38%-ը ամենաշատը լիովին վստահում է ընկերներին և ընտանիքին, իսկ 27%-ը՝ վարչապետին, անվտանգության վերաբերյալ տեղեկատվության ստանալու համար։

Ռուսական մեդիայի հանդեպ անվստահության տոկոսը ավելի քիչ էր նախորդ՝ 2020-ի հունիսի և 2021-ի հուլիսի զեկույցներում։ Թեև հարցը ոչ թե անվտանգությանը, այլ՝ կորոնավիրուսի և դրա դեմ պատվաստանյութի մասին տեղեկատվության ստանալուն էր վերաբերում։ 

2021-ի դեկտեմբերի զեկույցում կա հարց, թե որ կառույցներին են համարում առավել վստահելի արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը այս ցանկում 25%-ով առաջինն է։ Սա հետպատերազմյան այն ծանր շրջանն էր, երբ Մարդու իրավունքների այն ժամանակվա պաշտպան Արման Թաթոյանը բարձր վստահություն էր վայելում։

Ապատեղեկատվություն

Ապատեղեկատվությանն անդրադարձ կա 2022-ի հունիսի զեկույցում, համաձայն որի՝ մարդիկ այն լուրջ խնդիր են համարում։

Հարցվածների մեծամասնությունը՝ 61%-ը շատ, 22%-ը՝ որոշ չափով խնդրահարույց է համարել լրատվամիջոցներում առկա ապատեղեկատվությունը մեր երկրի համար։ Միայն 4%-ի համար այն  բոլորովին խնդրահարույց չէ։

Իսկ 85%-ը կարծում է, կառավարությունը պետք է ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցներ ձեռնարկի։ Որպես լուծման ամենաարդյունավետ տարբերակ ամենաշատը նշվել է քրեական պատասխանատվությունը՝ 39% և վարչական տույժը՝ 36%։ 

Ընդհանուր հարցվածների 6%-ը կարծում է, որ կառավարությունը միջոցներ չպետք է ձեռնարկի, որպես հիմնական պատճառ նշելով, որ կառավարությունն այդ միջոցները կօգտագործի որպես պետական քարոզչության գործիք։ 

Նաև, որ դրանք կսահմանափակեն երկրում խոսքի ազատությունը, կառավարությունը չունի բավարար ռեսուրսներ միայնակ պայքարելու ապատեղեկատվության դեմ կամ որ ապատեղեկատվությունը լուրջ խնդիր չէ երկրի համար։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *