2024.04.02,

Քննադատ

Հայկական մամուլի խմբագրականները։ Մաս 2. 1990-ականներ

Հայկական պաշտոնաթերթերը Ղարաբաղյան շարժման սկզբնական փուլում` 1988-ին, շարունակում էին խորհրդային տարիներին ձևավորված տեղեկատվական քաղաքականությունը։ Նրանք չէին կարող և չէին էլ ցանկանում անդրադառնալ Շարժման ընթացքին, ներկայացնել պետական-կուսակցական դիրքորոշումից տարբերվող տեսակետներ։

Այդ շրջանում շատ ավելի ազատ ու համարձակ էին ոչ պաշտոնական թերթերը, որոնք կարելի է դասել ինքնահրատ մամուլի շարքին (самиздат)։ Այս թերթերը չունեին հստակ արտաքին ձևավորում, բնորոշ տառատեսակ և հիմնականում գրամեքենայով տպագրված, բազմացված, ապա՝ միմյանց կարված էջեր էին։ Ինքնահրատի հիմնական բովանդակային առանձնահատկությունը այս կամ այն քաղաքական ուժի կամ կուսակցության գաղափարների տարածումն էր, այսպես ասած՝ հանրայնացումը։ Թերթերը, սակայն, տպագրում էին նաև առանձին իրադարձությունների նկարագրություններ և տեղեկություններ, որոնք չէին հայտնվում մամուլի մյուս օրգաններում։ Ունենալով պաշտոնաթերթի կառուցվածք՝ ինքնահրատ թերթերը ևս ունեին առանձին խորագրեր ու ենթախորագրեր, որտեղ կարևորագույն մասը խմբագրականներն էին։ Կախված ինքնահրատից՝ դրանք կոչվում էին «Խմբագրական» կամ «Խմբագրություն» և ներկայացնում էին տվյալ պահին տեղի ունեցող կարևորագույն իրադարձության նկատմամբ թերթի մեկնաբանությունը, վերլուծությունը, երբեմն նաև պարունակում էին հանրությանն ուղղված կոչեր։

1988թ. սեպտեմբերի 29-ին Սփյուռքի ավանդական հայկական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը և ՍԴՀԿ-ն ընդունում են համատեղ հայտարարություն, որտեղ Խորհրդային Հայաստանի իշխանություններին կոչ էին անում ավելի վճռական լինել և դառնալ «հարազատ թարգմանը ժողովրդական իրավացի պահանջներուն»։ Մեկ այլ դրույթով՝ կուսակցությունները խստորեն դատապարտում էին ժողովրդական շարժումը, հանրահավաքները, գործադուլներն ու դասադուլները։ Ըստ հայտարարության հեղինակների՝ այս գործողությունները վնասում էին խորհրդային իշխանությունների, մյուս հանրապետությունների հետ հարաբերություններին և «կծառայեն մեր ժողովրդի թշնամիներու հետին նպատակներուն»[1]։

Սփյուռքի կուսակցությունների, հատկապես՝ Դաշնակցության այս հայտարարությունը խիստ բացասաբար է ընդունվում հայկական իրականությունում։ Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) «Հայրենիք» ինքնահրատ թերթի 1988թ. սեպտեմբերի համարի խմբագրականն ամբողջությամբ նվիրված էր վերոնշյալ հայտարարությանը։ Հեղինակը՝ խորհրդային տարիների այլախոհ, Հայ Հայրենասերների միության անդամ Հակոբջան Թադևոսյանն էր։ Նա խստորեն քննադատում էր բոլոր կուսակցություններին, բայց հատկապես՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությանը ինչպես ժողովրդական շարժմանը դեմ լինելու, այնպես էլ խորհրդային իշխանություններին իրենց աջակցությունը ցուցաբերելու համար։

«Խեղճ Դաշնակցություն, լավ չէր լինի, որ արյուն հեղեղող ռուս դագանակավոր զինվորի վրա նետված քարերից մեկն էլ հենց քո գլխին դիպչեր ու զգաստացած պայմաններում «բուրժուական սովետի» եղծելի հայտարարության տակ քո ստորագրությունը չդնեիր։ Ոչ և ոչ. դու եռագույնի տերն էիր, բայց դալտոնիկ դարձած, խորհրդային Երևանում պարզած դրոշի գույներից նարնջագույնի մեջ կարմիր ես տեսնում։ …Դու փոխանակ ներքին հպարտություն ապրես, որ քո հալածվող մենակությանը զորավիգ են դառնում միլիոնից ավելի հայորդիներ, դու այդ քանակից սարսափած՝ կծկվում ես տեղումդ ու քո ծվծվոցով ուզում ես խլացնել այն մռնչոցը, որ արդյունք է չորս կողմից մեզ հալածողների արձակած նետերի»,— գրված էր խմբագրականում[2]։

«Հայրենիք» թերթի խմբագրականներում մեծ անդրադարձ կար պատմությանը, որը միահյուսվում էր ներկայում տեղի ունեցող իրադարձություններին։ Խոսելով Հայոց պետականության գլխավոր խորհրդանիշի՝ Եռագույնի մասին, թերթի խմբագրականում զուգահեռներ էին տարվում Առաջին Հանրապետության շրջանի դեպքերի, խորհրդային պատժիչ համակարգի և 1921թ. փետրվարին բոլշևիկյան բռնության դեմ ծառացած ժողովրդական շարժման մասին։ «Եռագույնի ճիչը» սյունակում Հակոբջան Թադևոսյանը գրում էր. «Բայց, ինչպես հետո տարագիր Դրոն կգրեր, «Ամեն երրորդ Հայաստանցու մեջ, եթե նա հայ է իսկապես, ԵՌԱԳՈՒՅՆԸ բանտվել է, որ մի օր նա արևի լույսը տեսնի և կծածանվի հայրենիքում»։ Եվ նա ծածանվեց Խորհրդային Երևանում 1988թ. փոթորկահույզ մայիսի 28-ին։ Իսկ դա արդյունք էր ազգաշունչ այն աննախադեպ պայքարի, որտեղ մեր ազգային բոլոր անկատար իղձերը գումարվելով, «Ղարաբաղյան շարժում» անվան տակ, ազգի լավագույն տարրերին արթնացման ղողանջ հնչեցրեց»,— գրել էր Թադևոսյանը[3]։

1980-ականների վերջին Խորհրդային Հայաստանում լույս տեսնող ինքնահրատ մամուլի առաջին օրգանն Ազգային Ինքնորոշում միավորման «Անկախություն» թերթն էր, որը լույս էր տեսնում 1987թ. հոկտեմբերից։ Սկզբնական շրջանում թերթն առավելապես կազմակերպության և կազմակերպության ղեկավար Պարույր Հայրիկյանի տեսակետներն էր ներկայացնում՝ տարատեսակ դիմումները, կոչերը, ԱԻՄ-ի ծրագրային դրույթները և Հայաստանի անկախացման ճանապարհը։ Ժամանակի ընթացքում թերթի էջերի քանակն ու խորագրերն աստիճանաբար ավելանում են։ Ի թիվս վերոնշյալ հարցերի՝ թերթն անդրադառնում էր հայ-ադրբեջանական և հայ-ռուսական հարաբերություններին, տպագրում էր տեղական և արտասահմանյան «արգելված» լուրեր։

«Անկախություն» թերթի 1988թ. 15-րդ համարում (11 ապրիլի) առաջին անգամ հրապարակվում է «Խմբագրական» խորագիրը, որը բավականին ծավալուն անդրադարձ էր Պարույր Հայրիկյանի ձերբակալությանը։ Խմբագրականը ստորագրված էր «Ռ.Հ.», որը կարելի է ենթադրել ԱԻՄ-ի անդամ Ռաֆայել Համբարձումյանի անվան սկզբնատառերն էին։

Թեև թերթի գրեթե բոլոր համարները սկսվում էին առաջնորդող հոդվածով, սակայն առանձնացված «Խմբագրական» խորագիրը ոչ միշտ է հանդիպում։ «Անկախություն» թերթի 29 և 30-րդ համարներն ունեին նշված բաժինը, սակայն հետագա մի շարք համարներում դրանք չկան։ Նախնական դիտարկումով «Խմբագրական» խորագրում այն հոդվածներն էին, որոնք վերաբերում էին հիմնականում Պարույր Հայրիկյանի ձերբակալությանը և ԱԻՄ-ի քաղաքական հիմնական ուղեգծին՝ անկախությանը։ Այս հոդվածները վերաբերում էին ընդհանուր քաղաքականությանը՝ ի տարբերություն առանց խորագրի տպագրվող սյունակների, որոնք անդրադառնում էին ավելի կոնկրետ որևէ իրադարձության։

1991թ. ընթացքում աստիճանաբար ուրվագծվում են այն հիմնական առանցքները, որոնց շուրջ անհամատեղելի տարաձայնություններ ունեին ԱԻՄ-ը և Հայաստանի նոր ձևավորվող իշխանությունը։ Տարաձայնությունները մամուլում տպագրվում էին ոչ միայն հարցազրույցների և ընդհանուր ակնարկների ձևաչափով, այլև խմբագրականներով։ 1991թ. հունիսի 28-ին, անդրադառնալով Գերագույն խորհրդի նախագահության լիազորությունները մեծացնելու խնդրին, «Անկախությունը» գրում էր, որ «ներկա իշխանությունները կազմալուծման եզրին են»։ «Նոր նախագահություն ստեղծելու կամ եղածին լրացուցիչ լիազորություններով օժտելու նախագիծը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ Հայաստանում սովետական բռնակալական կառույցներն ավարտին հասցնելու փորձ, մերժվեց, չնայած պրն. Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները ջանք ու եռանդ չխնայեցին այն ընդունել տալու համար»,— գրում էր թերթը։

Խմբագրականներ կային նաև «Գոյապայքար» երիտասարդական միության թերթում՝ «Մաշտոց»-ում։ Թերթն ուներ ազգային ուղղվածություն, պայքարում էր հայոց լեզվի պահպանության, երեխաներին հայկական դպրոց ուղարկելու՝ այն ժամանակ բավականին տարածված շարժման համար, անդրադառնում էր բնապահպանական, քաղաքական հարցերի։ Այս թերթում ևս «Խմբագրական» խորագրի ներքո տպագրվում էին ոչ թե ընթացիկ, այլ՝ համազգային հատուկ կարևորություն ունեցող անդրադարձներ։ «Մաշտոցի» 1989թ. մայիսի թողարկման խմբագրականը նվիրված էր Մայիսի 28-ին՝ Առաջին Հանրապետության հիմնադրմանը։ Ինչպես հայտնի է, 1989թ.-ից Մայիսի 28-ը նշվում էր որպես Հանրապետության տոն։

«Հայոց նոր պետականության ծագման և երկուսուկես տարվա գոյության շնորհիվ է, որ այսօր կա Խորհրդային Հայաստան։ Հայկական հանրապետության պատմությունն այսօր հայ ժողովրդին ճիշտ ներկայացնելու դեպքում կամրանա մեր ժողովրդի ազգային-պետական մտածողությունը։ Այս է պատճառը, որ մայիսի 28-ը հայ ժողովրդի ազգային ամենամեծ տոնն է դարձել»,— գրում էր թերթը։

1988-90թթ. Հայաստանում պաշտոնապես լույս տեսնող թերթերը պահպանում էին իրենց նախկին աշխատաոճը։ Խմբագրականները հիմնականում արտահայտում էին պետական մարմինների ու կուսակցության տեսակետը և իրադարձությունները գնահատում պետական դիրքորոշումից։ 1990թ., սակայն, նկատվում է թերթերի բովանդակության որոշակի փոփոխություն՝ մամուլն ավելի ու ավելի հաճախ էր անդրադառնում ազգային խնդիրներին։ 1990թ. հուլիսին՝ Գերագույն խորհրդի ընտրությունների երկրորդ փուլից և նոր իշխանության ձևավորումից հետո պաշտոնական մամուլի ձեռագիրն ամբողջությամբ փոխվում է, և կարելի է ասել՝ սկսվում է անկախ Հայաստանի նոր մամուլի ձևավորումը։

Նորանկախ Հայաստանի մամուլի կայացման գործում մեծ դերակատարություն են ունենում հայկական ավանդական կուսակցությունների պաշտոնաթերթերը, որոնք 1991 թվականի ընթացքում սկսում են տպագրվել մայր հայրենիքում։

1991թ. փետրվարին Երևանում սկսում է լույս տեսնել Ռամկավար Ազատական կուսակցության պաշտոնաթերթը՝ «Ազգը», որը դառնում է նոր մամուլի առաջատարը։ Թերթի արտաքին տեսքը, նյութերի կառուցվածքը, բովանդակային բաժանումը նորություն էր այն օրերի հայ ընթերցողի համար։ Թերթն ուներ խմբագրական բաժին, որտեղ տպագրվում էին, թերևս առավել կարևոր արձագանքներն ու կարծիքները՝ հիմնականում ներքաղաքական զարգացումների վերաբերյալ։

1991թ. հունիս-օգոստոսին  «Ազգի»  «խմբագրականի» ուշադրության կենտրոնում էր վարչապետ Վազգեն Մանուկյանի և ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի միջև հակասությունը։ 1991թ. հուլիսի 18-ին հեռուստատեսային ելույթում Վազգեն Մանուկյանը հայտարարում է նոր քաղաքական կուսակցության՝ Ազգային ժողովրդավարական միության ստեղծման մասին։ «Ազգի» խմբագրականը նրա այս որոշումը համարում էր վտանգավոր, որը կարող էր պառակտել ուժերը և միջամտության դուռ բացել Մոսկվայի համար։ «Այս կացությունից գլխավոր օգտվողն է լինելու, անկասկած, Կրեմլը, որի տեղական շոշափուկները, արցախյան ճնշումներից հետո, փորձ են անելու ներքնապես խախտել արդեն խիստ խախուտ ամբողջ իշխանությունը, ի վերջո մեզ ստիպելու համար, որ հակառակ մեր կամքին ստորագրենք և պայմանագիր, և այլ բաներ»,— գրում էր թերթը։

1991թ. օգոստոսի 27-ին Երևանում լույս է տեսնում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության պաշտոնաթերթ «Երկիրը»։ Այդ օրերի քաղաքական ամենակարևոր իրադարձությունները երկուսն էին՝ սեպտեմբերի 21-ին կայանալիք Անկախության հանրաքվեն և հոկտեմբերի 16-ի նախագահական ընտրությունները, որոնց շուրջ էլ բորբոքվում էին ներքաղաքական կրքերը։ «Երկիրի» հենց առաջին համարում տպագրված էր ՀՅԴ-ի նախագահի թեկնածու դերասան Սոս Սարգսյանի նկարը և նրան առաջադրելու ՀՅԴ բյուրոյի որոշումը։ Նույն համարի խմբագրականը, որը վերնագրված էր «Այո՛ Անկախությանը», ներկայացնում էր թերթի հիմնական նպատակներն ու առաքելությունը. «Երկիրը» այլևս հայրենիք վերադարձած ու հայրենի հողի վրա՝ հանուն Հայաստանի անկախության արյուն ու քրտինք թափելու պատվին վերատիրացած Հայ Յեղափոխական Դաշնակցության ազգանվեր ծառայության մի նոր արտահայտություն պիտի դառնա»։

Հայաստանում գործող կուսակցական պաշտոնաթերթերի խմբագրականներն ունեին մեկ ուշագրավ առանձնահատկություն՝ դրանք կարող էին ներկայացնել ոչ միայն խմբագրի կամ խմբագրական խորհրդի, այլև կուսակցության տեսակետը։ Այս առումով խմբագրականները ինչ-որ իմաստով դառնում էին տվյալ կուսակցության պաշտոնական դիրքորոշումը։ Արդեն 3-րդ համարում «Երկիրն» անդրադառնում էր ազգային գաղափարախոսության և ՀՅԴ-ի հասցեին ներկայացվող մի շարք մեղադրանքներին։ «Հայաստանի քաղաքական իրականության մեջ այս կարողություններով օժտված կազմակերպությունը նախանձելի է դարձել ու իր վրա հրավիրել մանավանդ կազմավորման երկունք ապրող հոսանքների ուշադրությունը։ Դեռևս խարխափումների մեջ գտնվող այս միավորումներն իրենց կազմակերպական թուլությունը քողարկելու համար հուսալիորեն դիմելու են ծայրահեղ հայտարարությունների, ինչպես, օրինակ, «ամենաազգայինը» լինելու կամ ազգային որևէ գաղափարախոսության գոյության հիմնովին ժխտումը»,— գրել էր թերթը։

«Ազատամարտը», ինչպես ՀՅԴ բոլոր մյուս թերթերը, հանդես էր գալիս իշխանությանը անզիջում ընդդիմության դիրքերից, միաժամանակ՝ մեծ շեշտ դնելով ազգայնական գաղափարների, պահանջատիրության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վրա։ ՀՅԴ-ի գլխավոր պահանջներից էր ուշադրություն դարձնել ազգային բանակի ստեղծմանը, որը կուսակցությունը համարում էր երկրի պաշտպանության հիմնական երաշխիքը։

Իշխանությունների քննադատության թեմաներից էր նաև ժողովրդի հիասթափությունն ու շարժման ղեկավարների դիրքորոշման փոփոխությունը։ 1991թ. հունիսի 13-ի խմբագրականում «Ազատամարտը» գրում էր, որ հրապարակներում նվազել են ճառերը, որովհետև նախկին «հռետորները հիմա շահավետ գործ են անում»։ Ըստ թերթի՝ ոմանք շտապել էին գյուղ՝ հողը սեփականաշնորհելու, ոմանք ձեռնարկատիրությամբ էին զբաղվում։ «Մի խոսքով մնաց ժողովուրդը… Մնաց վերջին հրաժեշտը տալու Արցախում զոհված իր որդիներին։ «Պայքար, պայքար մինչև վերջ»։ Այլևս չհասկանալով, այլևս չընդունելով թանկագին այդ զոհերը։ Ում և ինչի համար։ Ո՞ւր են երեկվա ճառասացները։ Ո՞ւմ են խաբում։ Ի՞նչ է թաքնված այս ամենի ետևում»,— գրում էր թերթը։

Բովանդակային առավել մեծ ազատություն և բազմազանություն ուներ «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթը։ Թեև թերթը նախկին «Կոմունիստի» իրավահաջորդն էր, սակայն աչքի էր ընկնում ազգային-պետական դիրքորոշմամբ և կոմունիստական գաղափարների ջատագովը չէր։ «Գոլոսը» չուներ առանձին «Խմբագրական» խորագիր, սակայն թերթի առաջին և երկրորդ էջերում տպագրվող տարբեր հեղինակների կարծիքները բովանդակային իմաստով լիովին համապատասխանում էին խմբագրականին։ Ուշագրավ է նաև, որ այս թերթում Խմբագրականների թեմաներն առավել բազմաժանր էին, լեզուն՝ առավել հարուստ ու գեղարվեստական։ Եվ եթե կուսակցական մամուլում գլխավորապես անդրադառնում էին ներքաղաքական մի քանի հիմնական պատումի, ապա «Գոլոս Արմենիի»-ում գրում էին նաև դեռևս միութենական, ընդհանուր, միջազգային և այլ թեմաների մասին։

Նշվածի լավ օրինակներից է «Գոլոս Արմենիի» հատուկ թղթակից Վալերի Այդինյանի 1990թ. դեկտեմբերի 8-ի համարում հրատարակած «Чей Кампф?» սյունակը, որտեղ հեղինակն անդրադառնում է Խորհրդային Միությում հայտնի ռազմա-պատմական ամսագրի՝ Հիտլերի հայտնի աշխատությունը թարգմանելու որոշմանը։ Հեղինակը զարմանքով և հիասթափությամբ էր անդրադառնում մտադրությանը՝ այն համարելով բացարձակ անտեղի։ Արժե նշել, որ 1990-ականների սկզբին դրական փոփոխությունների հետ միասին արդեն նշմարվում էր դեղին մամուլը, որտեղ հայտնվում էին սենսացիոն լուրերը, ասեկոսեները, բամբասանքներն ու չճշտված, անգամ՝ ամբողջովին մտացածին նյութերը։ Սյունակում Վալերի Այդինյանն անդրադառնում էր էժանագին լուրերի ու բովանդակության խնդրին, ինչը գրեթե բացակայում էր խորհրդային թերթերում։ «Այսօր, շուկայական հարաբերությունների նախաշեմին շատ թերթեր ու ամսագրեր գնում են այդ ճանապարհով։ Ոմանք այնպիսի ինտիմի մեջ են խորացել, որն անգամ Արևմուտքում են փորձում ստվերել, մյուսները փնտրում են կախարդների և այլմոլորակայինների։ Մեկ էլ կտեսնես հեղինակավոր մի հրատարակություն մի ճարպիկ խաղ է խաղում՝ շփոթեցնելով բարեկիրթ լսարանը։ Եվ ուշագրավ երևույթ է նկատվում. որոշ հրատարակություններ իրենց հայացքն ուղղել են քաղաքակրթության շրջերեսին՝ թեմաներ ու պատրաստի շարադրություններ հայտնաբերելով, որոնք կարող են առաջացնել թեկուզ անառողջ, բայց վճարվող հետաքրքրություն»,— գրում էր Վալերի Այդինյանը։

«Գոլոս Արմենիի» առաջին էջում պարբերաբար տպագրվում էր «Վալերի Այդինյանի էկրանը» խորագիրը, որտեղ թերթի հատուկ թղթակիցը սեփական մեկնաբանությամբ անդրադառնում էր հանրային-քաղաքական կարևորագույն իրադարձություններին։ Դրանցից մեկը, որը գրավեց մեր ուշադրությունը, վերնագրված է «Միայն բռնապետն էր մեզ պակաս»։ Այդինյանն անդրադառնում էր 1993թ. հունվարին հանրության շրջանում հաճախակի քննարկվող՝ Հայաստանում դիկտատուրայի հաստատման հարցը։ Արժե նշել, որ բռնապետություն հաստատելու կամ նման մտադրություն ունենալու մեղադրանքը ներկայացվել է Հայաստանի առանց բացառության բոլոր իշխանություններին։ Վալերի Այդինյանը գրում էր, որ բռնապետության հաստատման համար անհրաժեշտ է ժողովրդի կամքն ու ցանկությունը։ «Բռնապետ դառնալու համար հայտարարությունը բավարար չէ։ Բռնապետին իր կույր վստահությամբ և լիակատար հնազանդությամբ ստեղծում է ժողովուրդը։ Մեր քաղաքական դաշտում ունե՞նք առաջնորդ, որին կուրորեն կհետևի ժողովուրդը։ Չունենք։ Ավելին, նրանք, ովքեր մի ժամանակ Թատերական հրապարակի բազմահազար ամբոխի կուռքն էին, սպառել են իրենց ժողովրդականությունը։»,— գրում էր հեղինակը։

1990-ականների սկզբի հայկական մամուլի շարքում ուշադրության արժանի է «Հայքը», որը, չնայած ՀՀՇ պաշտոնաթերթն էր, սակայն հաճախ քննադատում էր իշխանությանը։ Թերթն առանձին խմբագրական խորագիր չուներ, սակայն շատ էին հեղինակային սյունակները, որոնք տպագրվում էին տարբեր էջերում։

1991թ. սեպտեմբերի 25-ի համարում Վալերի Միրզոյանն անդրադառնում էր դիմորդների ու նրանց հարազատների նստացույցերին՝ նշելով, որ բուհ ընդունվելու համար դրանք ավելի կարևոր են դառնում, քան քննությունն ու գիտելիքը։ «Նստացույցին ենք պարտական քսաներորդ դարի մեծագույն գյուտով՝ ապառնի ուսանողության ձևավորմամբ։ Ընթերցողը եթե մինչև հիմա չի իմացել, ապա թող իմանա և հպարտանա։ Այո, Նախարարաց խորհրդի իմաստուն կարգադրությամբ՝ բժշկական ինստիտուտը արդեն 200 ուսանող է ընդունել 1992-1993 ուս. տարվա համար։ …Իսկ ինչո՞ւ նստացույցը չտարածել մնացած ցանկությունները բավարարելու վրա։ Պրեզիդե՞նտ ես ուզում ընտրվել, ի՞նչ կա որ, ամենաարդյունավետ միջոցը կրկին նստացույցն է՝ գումարած մեր-երկու օրվա հացադուլը»,— գրում էր Միրզոյանը։

1991թ. դեկտեմբերի 18-ի «Հայք» թերթի հոբելյանական 100-րդ համարի խմբագրականը վերջին երկու տարիների քաղաքական իրադարձությունների ու պայքարի խտացումն էր։ Նյութում նշված էր Հայաստանի ձեռքբերումները, անցած ճանապարհը և որպես անկախ պետության հիմնական ուղենիշները։ «Մենք ենք մեր կորուստների ու հաջողությունների տերը։ Մենք ենք, որ հանդուրժում ենք աչքները վախեցածների՝ միմյանց փոխադարձաբար թալանելու եռուզեռը։ Մենք ենք, որ չենք տարբերում դրսից պարտադրվածն ու ներսում խմորվողը, որ շփոթում ենք այսօրվա ու վաղվա անելիքը, թացն ու չորը, անգամ՝ սուգն ու ուրախությունը։ Եվ, ուրեմն, հրաժարվենք միմյանց մեղադրելու մոլեռանդությունից, բարձրագոչ բառերով փորձենք այլ խաղի հաղթաթղթեր շահել ազգի մեջ և այդ հաղթաթղթերը կիրառել այլազգիների հետ խաղացվելիք ուրիշ խաղում»,— գրել էր թերթը։

«Հայաստանի Հանրապետություն» թերթն ուներ բազմաթիվ խորագրեր, որոնք առավել մոտ էին սյունակների ժանրին։ 1991թ. վերջին քննարկվող հիմնական թեմաները վերաբերում էին Խորհրդային Միության փլուզմանն ու Անկախ Պետությունների համագործակցության ստեղծմանը։ Ուշադրության են արժանի նաև մի քանի սյունակներ, որոնք կրկին անդրադառնում էին Հայաստանի քաղաքական կողմնորոշման խնդրին։ Այս հարցն ակտիվորեն քննարկվել էր 1988-90թթ. թե՛ մամուլում, թե՛ հանրահավաքներում։

1991թ. դեկտեմբերի 24-ին «Հայացք» խորագրի ներքո տպագրվում է Կտրիճ Սարդարյանի «Կրկին կողմնորոշման, պահանջի ու տիրության մասին» սյունակը, որտեղ հեղինակն անդրադառնում էր հայ-ռուսական հարաբերություններին։ Սարդարյանը նշում էր, որ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից, իսկ Հայաստանում որոշ մարդիկ «նրա փեշից կառչած փորձում են պատմությունը ետ պահել»։ «Մնում է, որ մենք ճանաչենք մեր անկախությունը։ Վերջնականապես գիտակցենք և արժևորենք կատարվածը։ Հասուն լինենք ինքներս մեզանից։ Հաղթահարենք անպետական ժամանակների մեր վարքագիծը։ Հաղթահարենք մեր եսը, այն ստորադասենք պետության շահերին։ Անկառավարելի ու եսասեր մեր հոգեբանությանը պետք է փոխարինելու գա ինքնակենտրոն ազգային-պետական գիտակցությունը»,— գրում էր Կտրիճ Սարդարյանը։

«Հայաստանի Հանրապետություն» թերթի սյունակներում հաճախ էին քննարկվում հայկական մամուլի խնդիրները։ Տնտեսական ճգնաժամն ու շուկայական հարաբերությունները մի կողմից նոր մեդիայի ստեղծման հնարավորություն էին, մյուս կողմից՝ լրջագույն մարտահրավեր։ 1991թ. դեկտեմբերի 12-ին Արմենպրեսի թղթակից Գագիկ Մարտոյանը «Հայաստանի Հանրապետությունում» գրում էր, որ պետությունը ձեռք է քաշել թուղթ մատակարարելուց, ինչի պատճառով խմբագրությունները մշտապես տպագրական թղթի խնդիր էին ունենում։ Հասկանալի է, որ ոչ բոլոր թերթերն էին ի վիճակի ֆինանսական սուղ միջոցներով տպագրական թուղթ հայթայթել։ Բացի այդ, դեռևս ձևավորված չէր մամուլի տարածման և բաժանորդագրության նոր համակարգը, ինչն էապես նվազեցնում էր թերթերի սպառումը։ «Իսկ Հայսոյուզպեչատ հանրապետական միավորման ետնաբակի պահեստում հաճախ կողք-կողքի ննջում են «Հայաստանն» ու «Գոլոս Արմենիին», «Հայաստանի Հանրապետությունն» ու «Մունետիկը», «Հայքն» ու «Անկախությունը», «Երկիրն» ու «Ազգը»… Բոլորն են այնտեղ. թե՛ խորհրդային մամուլի պանծալի վետերանները, թե՛ հայոց մամուլի «ոսկեդարի» զավակները։ Անդ հանգչում է Հայաստանի Հանրապետության չորրորդ իշխանությունը»,— գրում էր հեղինակը։

* * *

Խմբագրականներն ու կարծիքները հայկական մամուլի կարևոր առանձնահատկություններից էին։ Լրագրության այս ժանրը ոչ միայն հետաքրքիր էր, այլև զարգացնում էր ազատ խոսքը, կարծիքների բազմազանությունը և հրապարակախոսությունը։ 2000–ականներին  թերթերում քաղաքական բանավեճը, սոցիալական, հանրային խնդիրները խմբագրականներում և սյունակներում շոշափվող հիմնական հարցերն էին։

Հայկական լրատվական կայքերից ոչ բոլորն  են այսօր պահպանում երբեմնի մեծ տարածում ունեցող ժանրը և իրենց կայքերում բաժիններ հատկացնում խմբագրականների ու կարծիքների համար։ Մյուս կողմից՝ երևի թե վաղ է խոսել ժանրի հարաբերական նվազման մասին, ամենայն հավանականությամբ, խմբագրականները կկարողանան պաշտպանել իրենց դիրքը բազմազան լրատվական բովանդակության մեջ, և  ինչ-որ պահի կրկին վերականգնեն իրենց երբեմնի նշանակությունը։

Միքայել Յալանուզյան
նախորդ մասը

Հրապարակվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և n-ost-ի կողմից իրականացվող «Մրցակցող պատումներ» նախագծի շրջանակներում:

[1] Աշոտ Սարգսյան, Ղարաբաղյան շարժման պատմություն (1988-1989), Երևան 2018, էջ 261։ Տե՛ս նաև՝ Դրօշակ, 12.10.1988, էջ 2։

[2] Հայրենիք, Երևան, սեպտեմբեր 1988, էջ 3-6։

[3] Հայրենիք, թիվ 7, հունվար-փետրվար 1989թ., էջ 7։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *