Հայաստանում վերջերս տեղի ունեցան երկու նորություններ, որոնց արձագանքը շատ բան է պատմում մեր այսօրվա հուզական առողջության մասին։ Ազգությամբ հնդիկ տղային ստիպեցին հանել զինվորական բուշլաթը և տիեզերք ուղարկվեց առաջին հայրենական արբանյակը։
Այդ երկու լուրերն իրար հետ ամուր փոխկապակցված են։
Հարկ է հիշել, որ ինֆորմացիան ներգործում է, երբ իր մեջ պարունակում է բավականին ակտիվ հուզական լիցքեր։ Անգամ եթե խոսքը չոր ու սառը փաստի մասին է, այն միևնույն է պետք է ազդի ենթագիտակցորեն ու դրդի որևէ կերպ արձագանքել տեղի ունեցածին՝ ուրախանալ, բարկանալ, թախծել, մտորել և այլն։
Տեղեկատվության հուզական բաղադրիչը հատկապես հիմա է կարևոր, քանի որ մեգաբայթերով լուրերը անցնում են մեդիա սպառողի կողքով ու անարձագանք անհետանում լրահոսի մշուշում։
Իսկ այս հիշատակած երկու նորությունները արթանացրեցին ուժեղ հույզեր՝ վախ, հպարտություն, ամոթ։
Դրանք են այն երեք բազային հուզական արձագանքները, որոնք շատ բան են ասում ոչ միայն այն լրահոսի մասին, որի մեջ ապրում ենք, այլև հենց մեր մասին։
Անգամ կարելի է ասել՝ դրանք հանրային ինքնազգացողության չափման միավորներ են։
Ինչից ենք վախենում (խուսափում) ու ինչով ենք հպարտանում (ձգտում)… Այս հարցերը զանգվածային ինֆորմացիոն հոսքերում ձևավորում են հանրային նկարագիր։
Եվ բնական է, որ հետպատերազմական Հայաստանում (իրականում, պատերազմից անընդհատ արձակվող ստվերում գտնվելու հանգամանքներում), հպարտության զգացումը ծայրաստիճան սեղմվել է, կծկվել, ստացել ավելի անձնական երանգ ու դադարել լինել բարձրաձայն։ Հպարտանալը կարծես ամոթ է։
Եթե որևէ բանով կարողանում ենք ներքուստ հպարտանալ, ապա դրա մասին չենք հայտնում, լուռ անում ենք մի բան, որը կարող է պետքական ու օգտակար լինել կոնկրետ մարդկանց։ Եվ դրա շնորհիվ ենք ձեռք բերում այդքան թանկ բավարարվածության զգացումն ու ազատվում այն տանջող ու մաշող մտքից, որ ամոթ է լինել գոհ, եթե կողքիդ ցավ է ու կորուստ։
Արցախի հետ կատարվածը շատ բան փոխեց։ Նախ՝ զրոյացրեց շատ միֆեր ու պարծենալու առիթներ։ Հետո կտրուկ պակասեցին բարձրաձայն հպարտանալու առիթները։ Կամ ավելի ճիշտ՝ դրանք ենթարկվեցին լրջագույն վերանայման և այդ պատճառով պակասեցին։
Մարդուց մարդ կառուցվող կամուրջը հանկարծ դարձավ ավելի արժեքավոր ու պետքական, քան միլիոնավոր գեղեցիկ խոսքերը, քաղաքական ելույթներն ու մեդիայում տեղ գտնող սուր ու դժգոհ ուղերձները։
Հիմա և այստեղ եթե կարող ենք մի բան անել, անում ենք։
Վախը, հպարտությունն ու ամոթը միասին դարձան մի նոր հույզ, որի անվանումը թեև չկա, բայց հաստատ մի օր կհնարվի։ Ներանձնական մի ձուլվածք է՝ բոլոր երեք զգացմունքները միասին ու միառժամանակ։ Կարճաժամկետ պլաններ գծելու իրավիճակին հարիր։
Այն, որ հայաստանյան արտադրության «Հայասաթ-1» արբանյակը արձակվեց տիեզերք, սքանչելի առիթ է հետևելու, թե ինչպես է հարաբերվում անձնականն ու «տիեզերականը»։ Կարճաժամկետն ու հեռուն (այս դեպքում շատ հեռուն ու անըմբռնելին՝ տիեզերքը)։
Հայկական արբանյակը ստացել է տիեզերական գործունեություն կատարելու արտոնագիր։ Եվ արդեն անտեսանելի բարձունքներում է։
Կարծես միանգամից առաջարկ եղավ գլուխը բարձրացնել, մեջքը ուղղել ու նայել դեպի վեր, որտեղ թեև ոչինչ չենք տեսնի, բայց կիմանանք, որ մեր դրոշով մի սարք կա ու գրեթե աստվածային սիմվոլ է։
Լիցենզիա, տիեզերք, Հայաստան, Աստված. այս հերթականությամբ շարվող զուգահեռները ինքնին գեղեցիկ են։ Դրանք ենթադրում են հայացք շատ-շատ վերևից։ Ու թեև քչերը կարող են հստակ բացատրել, թե ինչ է այս արբանյակը կոնկրետ անելու ու ինչպես, բայց զգում են, որ դա լավ բան է։
Հանրային արձագանքն այդ լուրին բավականին հետաքրքիր էր։ Կարծես ներքուստ համոզված լինելով, որ մեծ բաներով հպարտանալու ժամանակը չէ, անգամ ամոթ է հպարտանալը, երբ վաղվա օրը վախենալի ու անորոշ է, մարդիկ սկսեցին հեգնել այդ նորությունը։ Իջեցնել կարևորությունը, ծաղրել այն, վերածել մեմերի ու հումորային շարքերի։
Ինքնապաշտպանական բնազդի պես բան է վախենալն ու ամաչելը զանգվածային հպարտության առիթներից։ Միևնույն ժամանակ՝ դա ինքնաապաքինման նշաններից մեկն է։
Իսկ երբ տեսանք, թե ինչպես է առնական-ազգային երևալ ցանկացող ոմն ՀՀ քաղաքացի՝ նսեմացնելով ու սպառնալով ազգությամբ հնդիկ առաքիչին, ստիպում նրան հանել կամուֆյաժի նախշերով բուշլաթը, պատճառաբանելով, որ դա սուրբ ազգային համազգեստ է, կարծես նորովի վերադասավորեցինք այդ երեք կարևոր հույզերը՝ վախը, հպարտությունն ու ամոթը։
Այո, շատ ամոթ է, երբ ինքնահաստատվում են մեկ այլ անձի հաշվին, այն էլ այլազգի՝ իբրև թե հանուն ազգայինի։ Ամոթ է և շատ վախենալու, երբ հատկապես այդպես ենք փորձում գտնել հպարտանալու առիթներ։
Ի դեպ՝ հետաքրքիր է, ինչպես կվարվեր ազգային հանդերձանքի այդ նույն պաշտպանը, եթե բուշլաթ հագած լիներ ոչ թե հնդիկը, այլ ռուսը (այսինքն, հանրային ընկալման այս կառուցվածքում՝ կենտրոնից եկած սպիտակամաշկը)։ Համարձակվենք պնդել, որ սուսուփուս կանցներ կողքով կամ էլ զվարթ կբարևեր, թեթևակի ծռելով մեջքը՝ խոնարհումի նշան ցույց տալով։
Ու թեև հնդիկ երիտասարդի հետ կատարվածը շատ քննարկվեց ու դարձավ այդ թվում նաև ատելության խոսքի տարածման առիթ, սակայն մեծ հաշվով այն նույնպես փաստեց ապաքինվող հասարակության զգուշավոր քայլերի մասին։
Այն, ինչպես վարվում ենք ուրիշի (մեզանից տարբերվողի, այլ դավանանք, մաշկի երանգ, մազի գույն ու հաղորդակցման լեզու ունեցողի) հետ, այնպես էլ պատրաստ ենք, որ մեզ հետ կվարվեն այլ երկրներում ու այլ մշակութային միջավայրում հայտնվելու դեպքում։
Մանավանդ, որ էթնիկ զտումների վտանգի ու Արցախի բնակիչների բռնի տեղահանումների հետ զուգահեռները կառուցվեցին ինքնաբերաբար։
Հարց առաջացավ՝ ու՞մ հետ ենք մեզ նույնացնում ու ինչո՞վ հպարտանում։ Պատասխանը լավը չէր, քանի որ մեր հայրենակցի վարքը վանող էր։
Տեսանք այն, ինչը մինչ այդ գերադասում էինք չնկատել. մեր վախերը ու վախերից առաջացող ագրեսիվ վարքը։ Ի վերջո, տեսանք, պարզ ու բաց այլազգի մարդուն, որը շնորհակալություն հայտնեց իրեն սատարելու ու նոր բաճկոն նվիրելու համար։
Արբանյակը տիեզերքում չենք տեսնում, բայց մարդուն տեսնում ենք։ Երկու դեպքում էլ վախվորած հպարտանում ենք։
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: