2023.12.04,

Նյուսրում

Դատախազությունը դեռ ուսումնասիրում է ՀՀ-ում ազգությամբ հնդիկ առաքիչի նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորման տեսանյութը

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Անցյալ շաբաթ հայալեզու համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց մի տեսանյութ, որի հեղինակը հայհոյանքների ուղեկցությամբ ազգությամբ հնդիկ առաքիչին ստիպում է հագից հանել զինվորական նախշերով բաճկոնը։  

Դեպքը տեղի է ունեցել Երևանում։ Տեսանյութը նկարողն ու հրապարակողը տեսանյութում ասում է, որ զինվորական համազգեստը առաքման  աշխատանքի համար չէ։ Իր խոսքում նա նաև վիրավորում է հնդիկներին, նրանց դիմում «սրանց» բառով ու առաքիչի վրայից հանել տալով՝ վերցնում է այդ բաճկոնը։ 

Զինվորական նախշերով նման բաճկոններ Հայաստանի շատ խանութներում են վաճառում, մարդիկ դրանք ոչ միշտ են կրում զինվորական ծառայության ժամանակ։  Ազգությամբ հնդիկ երիտասարդին տեսանյութի մեկնաբանություններում շատերը վիրավորում էին՝ ասելով, թե սա զինվորական ատրիբուտիկայի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է:   

Սոցիալական ցանցերում այս տեսանյութի քննարկումները ուղեկցվում էին հայհոյանքներով, տարածվում էր ատելության խոսք, ռասայական խտրականություն: Շատերն այս միջադեպի ֆոնին արտահայտում էին իրենց բացասական վերաբերմունքը ազգությամբ հնդիկների և այլ ազգերի նկատմամբ։  

Սոցցանցում քննարկումների ժամանակ օգտատերերը դեպքը դիտարկում էին նաև ազգային պատկանելիության հիմքով խտրականության համատեքստում։ Օրինակ, Վիգեն Սարգսյան անունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրականում խնդիրը զինվորական համազգեստը չէ, այլ՝ ռասիզմը։ «Ստեղ հարցը բուշլատը չի, որովհետև մի 1000 անգամ տեսած կլինի սենց բուշլատ խադավիկի, բանվորի, հովվի կամ հողագործի հագին, ստեղ հարցը հնդիկ տղեն ա, ավելի ճիշտ՝ էտ տղու մաշկի գույնն ա: Հայաստանում ունենաս 3 միլիոն մարդ, ու աշխարհով մեկ 3 անգամ ավելի շատ ու քեզ սե՞նց ամեոբավարի պահես»,- գրել է նա։ 

Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանն ասում է, որ տեսանյութի շուրջ մեկնաբանությունները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ 

Առաջին․ երբ ակտիվ մեկնաբանում էին տեսանյութի հեղինակի կողմնակիցները, որոնք էլ հայհոյում էին ու վիրավորում տղային։  

Երկրորդ․ երբ ակտիվ մեկնաբանում էին նրանք, ովքեր դեմ են ատելությանն ու ռասիզմին։  

«Առաջին խնդիրը, որ նկատվում էր մեկնաբանություններից, ինքնությունը չճանաչելն է։ Մեզանում ընդունված է Հարավային Ասիայից Հայաստան եկած բոլոր ներգաղթյալներին անվանել հնդիկ։ Նույնիսկ, եթե անձը Հնդկաստանից է եկել, հնարավոր է հնդիկ չլինի, այնտեղ ապրում են հարյուրից ավելի ժողովուրդներ։ Գուցե արտաքնապես նրանք նման են մեզ համար, բայց բոլորին մեկ ազգության տակ ներկայացնելը, ռասիզմի դրսևորում է։ Դա նույնն է, երբ ԽՍՀՄ-ում, այդ թվում հայերին, ռուս էին անվանում, երբ մենք այդ Միության քաղաքացի էինք»,- մանրամասնում է Հակոբ Կարապետյանը։  

Ըստ նրա՝ այս միջադեպը ցույց տվեց նաև մեր վերաբերմունքն առհասարակ ներգաղթյալների վերաբերյալ, վեր հանեց կարծրատիպերը, որոնք կան Հայաստանում բնակվող օտարերկրացիների նկատմամբ։  

Կարապետյանը նշեց, որ Հայաստանում չկա մեկնաբանություններ անելու մշակույթ և անգամ նրանք, ովքեր դեմ էին այդ տեսանյութի բովանդակությանն իրենց կարեկցանքն արտահայտում էին հնդիկին ստորացնելու ճանապարհով։ «Մարդիկ գրում էին՝ վայ, մեղք է կամ ինչ եք ուզում էս հնդիկներից, իրենց համար թողեք թող ապրեն։ Սա իհարկե նվաստացուցիչ է»,- ասում է նա։  

ՄԻԵԴ-ը ատելության խոսք է համարում արտահայտման այն բոլոր ձևերը, որոնք տարածում, հրահրում, նպաստում կամ արդարացնում են ռասայական ատելությունը, օտարատյացությունը, հակասեմիթիզմը կամ անհանդուրժողականության վրա հիմնված այլ ձևեր՝ անհանդուրժողականությունը, որն արտահայտվում է ագռեսիվ ազգայնականությամբ կամ էթնոցենտրիզմով, խտրականությամբ և թշնամությամբ՝ փոքրամասնությունների, ներգաղթյալների և ներգաղթյալներից ծագում ունեցող մարդկանց նկատմամբ:  

Ատելության խոսքի դրսևորումները սոցիալական ցանցերում նոր երևույթ չեն։ Մեկնաբանություններն էլ դարձել են այդ խոսքը տարածելու ամենակիրառական գործիքը։  

Այնինչ, որքան ընդունելի չէ ատելության խոսքն արտահայտելը, նույնքան էլ ընդունելի չէ այն տարածելը կամ դրա տարածմանը նպաստելը։ (Ատելության խոսքը քրեորեն պատժելի արարք է): 

Լրատվական կայքերը, դրանց հարթակները սոցիալական ցանցերում, տելեգրամյան ալիքները, հանդիսանում են այս քննարկումների հիմնական հարթակները։ Նրանցից ոչ բոլորն ունեն մոդերացիայի հստակ կանոններ։ Ավելին, ոչ բոլորն են առհասարակ մոդերացիա անում։ Ռասիստական մտքերը, հայհոյանքները չեն հեռացվում։ Երբեմն դրանք արվում են միտումնավոր, որպեսզի մյուս օգտատերերին էլ հրահրեն մեկնաբանություն թողնել։  

Թեմայի քննարկումները բազմակողմանի էին ու այդ քննարկումների ընթացքում ևս մտքեր էին հնչում, որոնք կարող են որպես խտրական դիտարկվել։ Օրինակ, Ազատության եթերում Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում էր, որ Հայաստանի աշխատաշուկան սև բանվորի աշխատանք կատարողների կարիք ունի, իսկ «հնդիկները ավելի դիմացկուն են, քիչ ժամանակ են ծախսում ծխելու, ուտելու վրա, կարող են երկար աշխատել»։ 

Միջադեպից 5 օր անց գործ հարուցված չէ։ Մարդու իրավունքների պաշտպանը տեսանյութի հրապարակման օրը արձագանքել էր կատարվածին։ Պաշտպանն ընդգծել էր՝ անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա։ 

Գլխավոր դատախազությունից media.am-ին հաղորդեցին, որ ուսումնասիրում են հնդիկ երիտասարդի նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորման տեսանյութը։ 

Հակոբ Կարապետյանն ասում է, որ ոչնչով չարդարացված այս վարքագիծը պետք է պատժվի միայն թեկուզ այն բանի համար, որ չի կարելի հանել տալ մարդու վրայից իր սեփականություն հանդիսացող իրը՝ տվյալ դեպքում բաճկոնը և վերցնել այն։

Փորձագետը նշում է, որ իրավապահ համակարգը պետք է հնարավորինս արագ արձագանքեր կատարվածին, սակայն, միջադեպից օրեր են անցել, իսկ այն պատշաճ գնահատականի չի արժանացել։

Հնդիկ երիտասարդին նոր բաճկոն են նվիրել, վերջինս հայ աղջկան շնորհակալություն է հայտնել դրա համար ու շարունակում է զբաղվել իր աշխատանքով՝ սննդի առաքմամբ։ 

Տիգրանուհի Մարտիրոսյան  


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *