2023.11.13,

Քննադատ

Մեդիագրագիտության շաբաթվա հետքերով 

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Անցյալ շաբաթ Հայաստանում կրկին Մեդիագրագիտության շաբաթն էր։ Դե ոչ միայն Հայաստանում, շատ երկներում են նշում, ՄԱԿ-ն է հայտարարում և այլն։ Հասկանալի է, որ շատ ոլորտային կազմակերպությունների համար սա հաշվետու շաբաթ է, ակտիվությունները մի քիչ ավելի առաջ քաշելու շաբաթ է։  

Բայց դե բացի դրանից սկսվում են «վերևից» իջեցրած հանդիսություններ, շաբաթօրյակներ։ Դպրոցներում, համալսարաններում հավաքում են երեխաներին, ուսանողներին և պատմում, թե որքան կարևոր է մեդիագրագետ լինելը, տարբերել ճիշտ և սուտ լուրերը և այլն։  

Իրականում այս ամենը մոտավորապես նույն ոճի բան է, ինչ, օրինակ, ամեն տարվա սեպտեմբերի առաջին օրերին խիստ մտահոգված ոստիկանների միջոցով դպրոցների մոտ երթևեկության կանոնակարգումը։ Մի հինգ օր առավոտյան ոստիկանները հետևում են, թե ինչպես են երեխաները անցնում փողոցը։ Վարորդներն էլ շատ սիրալիր ճանապարհ են տալիս փուչիկներով և ծաղկեփնջերով առաջին դասարանցիներին։ Իսկ տարվա մնացած հատվածում երեխաները դադարում են լինել ուշադրության կենտրոնում։ Օրինակ, ոչ ոք չի հիշում, ոստիկանները ևս, որ ըստ օրենքի, այդ նույն փուչիկներով առաջին դասարանցիները պետք է հատուկ քարսիթում նստեն։  

Նույնը մեդիագրագիտության հարցում է. հանդիսավոր շաբաթից դուրս, նույն դպրոցներում կամ համալսարաններում  թեման հիմնականում անտեսվում է։ Ուսուցիչների և փոխտնօրենների մեծ մասը շարունակում են սոցցանցերում տարածել աշխարհի ամենազարհուրելի ստերն ու հիմարությունները։  

Հիմա, քանի մեդիագրագիտության շաբաթն ավարտվել է, եկեք հանգիստ հասկանանք, թե ինչ կարելի է անել տարվա մյուս հատվածում՝ այն մնացած 52 շաբաթվա և մի քանի օրվա ընթացքում, որպեսզի իրավիճակը բարելավենք։  

ա. Իրականում, առանց պետության կողմից լուրջ ներդրումների հարցը հանրայնացման տեսանկյունից լուծել դժվար թե ստացվի։ Անընդհատությունը և թարմացումներն այս հարցերում կարևոր են։ Ինչպես նաև հասարակության լայն զանգվածների համար հասանելիությունը։ Ինչը ենթադրում է մեծ հանրային իրազեկման արշավներ, որոնց հարցում պետությունն ունի ամենամեծ հնարավորությունները՝ ծավալների, հարթակների տեսանկյունից։ Օրինակ, սոցիալական գովազդի եղած հնարավորությունները, որոնք չեն օգտագործվում։  

բ. Կրթական ծրագրերի մեջ մեդիագրագիտությունը արդեն, դանդաղ, բայց սկսում է ներառվել։ Սակայն խնդրահարույց է ուսուցիչների վերապատրաստումը, երեխաների համար ընդունելի և ընկալելի ուսուցման մեթոդները, որոնք չեն ներառում տրված տեքստերի ավանդական անգիր սովորելու եղանակը։ 

գ.  Ամենակարևոր հատվածն այն է, որ բոլոր նման ծրագրերը՝ պետական, ազգային, անհատական, կազմակերպությունների մակարդակով չեն ունենա լուրջ զարգացում, մինչ մեդիագրագիտությունը չդիտարկվի որպես առանձին երևույթ, ունակություն։  

Իրականում, առանց ընդհանուր գրագիտության մակարդակի աճի հնարավոր չէ մեդիագրագիտության մակարդակի բարձրացում։ Եթե մարդ ֆինանսական ոլորտից ոչինչ չի հասկանում, նույնիսկ մաթեմատիկայից է շատ թույլ և ունակ չէ հաշվել բարդ տոկոս, հնարավոր չէ նման մարդուն դարձնել մեդիագրագետ ֆինանսական ոլորտում։ Նույնը վերաբերում է բժշկությանը, քաղաքականությանը, աստղագիտությանը և ընդհանրապես բոլոր ոլորտներին։ Այնպես որ, ուզենք, թե չուզենք, հարկավոր է զուգահեռ աշխատել ընդհանուր ոլորտային հանրային գրագիտության վրա։ Հնարավոր չէ ավազի վրա կառուցել մեդիագրագիտության բաստիոն։  

Եվ, անշուշտ, հարկավոր է լավ գիտակցել, որ մեդիագրագիտությունը այսօր ողջ աշխարհի համար ամենակարևոր ունակություններից է։ Իսկ Հայաստանի դեպքում, դա նաև կենսական ոլորտ է, հաշվի առնելով որ մեր երկրի, հասարակության դեմ իրականցվում են նաև տարբեր հիբրիդային հարձակումներ, որոնց կարևորագույն բաղադրիչներից է տեղեկատվական հատվածը։ 

Սամվել Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *