Ապատեղեկատվությունը նկատելու կարողությունը լրագրողների համար ամենակարևոր հմտություններից մեկն է։
Ապատեղեկատվության հսկայական քանակությունն այնքան արագ է տարածվում, որ լրագրողները հաճախ չեն հասցնում դրանք գտնել ու հերքել: Այստեղ է, որ կարող են օգնության հասնել AI համապատասխան գործիքները:
Ներկայացնում ենք արհեստական բանականության մի քանի գործիք, որոնք օգնում են լրագրողներին և փաստերը ստուգողներին բացահայտել ապատեղեկատվությունը:
Դրանց շնորհիվ դուք կարող եք գտնել կեղծ տեքստեր, պատկերներ, որոնք օրինակ ֆոտոշոփած են, տեսանյութեր, որտեղ հին կամ գոյություն չունեցող կադրեր կան և այլն:
Եթե հայերենի դեպքում տեքստային գործիքները չեն աշխատում կամ աշխատում են թերի, այլ կերպ ասած՝ հայերենով ապատեղակատվությունը բացահայտել չեն կարողանում, ապա ֆոտո և վիդեո կոնտենտի պարագայում դրանք միանշանակ օգտակար են տեղական լրատվամիջոցների համար:
AI գործիքներ, որոնք կօգնեն բացահայտել ապատեղեկատվությունը
Ա․ Exorde Network-ը տեղեկատվության մշակման գլոբալ հարթակ է, որը վերլուծում է համացանցում բովանդակության տարածումն ու տարածվածությունը: Exorde Network-ը ստանում է տեքստի բովանդակության URL-ը և այնուհետև վերլուծում է այդ տեքստը՝ տրամադրելով պատկեր, թե որտեղ և ինչպես է այն կիրառվել: Հայերենի դեպքում գործիքն առայժմ չի աշխատում, բայց եթե կարիք լինի անգլերեն, ռուսերեն բովանդակության տեքստերի իսկությունը ճշտել, այն կօգնի ձեզ:
Բ․ Վստահ ենք` գիտեք FactCheck.org-ի մասին, որը Փենսիլվանիայի համալսարանի Հանրային քաղաքականության Annenberg կենտրոնի նախագիծն է: Այն երկար տարիներ է, ինչ ստուգում է քաղաքական գործիչների հայտարարությունները: Ծրագրում գրում ես օրինակ որևէ պատգամավորի կողմից արտահայտած միտք և այն ցույց է տալիս՝ իրականությանը համապատասխանում է տեղեկատվությունը, թե ոչ: FactCheck-ը ներկայացրել է Ask FactCheck և Ask SciCheck գործիքները, որոնք թույլ են տալիս լրագրողներին ստանալ ռեսուրսների թիմի կողմից իրականացված տեղեկատվության ստուգման արդյունքները:
Գ․ Factiverse-ը ևս արհեստական ինտելեկտի վրա աշխատող գործիք է, որը լրագրողները կարող են օգտագործել՝ արագացնելու փաստերի ստուգման գործընթացը: Այստեղ կա AI խմբագիր, որը բացի ապատեղեկատվությունը գտնելուց նաև առաջարկում է վստահելի ռեսուրսներ:
Դ․ Արհեստական բանականության կողմից ստեղծված ֆոտո և վիդեո կոնտենտի որակն այնքան է բարձրացել, որ առաջացել է կարիք ստեղծելու այնպիսի գործիքներ, որոնք կտարբերակեն վիզուալն իրականից: Լուսանկարներից յուրաքանչյուրն ունի EXIF, որը պարունակում է տեղեկատվություն պատկերի մասին՝ ISO, նկարահանման արագություն, լուսանկարի արման ամսաթիվը և վայրը: Բնօրինակ լուսանկարի ցանկացած փոփոխություն գրանցվում է այստեղ: Լրագրողների համար օգտակար է ստուգել բոլոր լուսանկարների EXIF-ը, որպեսզի տեսնեն, թե արդյոք լուսանկարը մշակման ենթարկվել է, թե ոչ: EXIF Data Viewer-ը և Metadata2go-ը օգնում են բացահայտել՝ երբ է արվել ֆոտոն, որտեղ, իրական է, թե AI կողմից ստեղծված, ֆոտոշոփի ենթարկվել է, թե ոչ:
Ե․ Սոցիալական ցանցերում շատ տարածված է տեսանյութերին աուդիոֆայլեր կցել ֆիլմերից, երգերից, հարցազրույցներից, որոնց աղբյուրները կարող եք գտնել Glorious ContextuBot-ի օգնությամբ: Այստեղ կարող եք ներբեռնել տեսանյութը և ծրագիրը կտա ինֆորմացիա, թե աուդիոֆայլը որտեղ է կիրառվել, որտեղից է վերցվել:
Զ․ Երբեմն ռեպորտաժներ պատրաստելիս լրագրողները հանդիպում են կադրերի պակասի խնդրին ու հաճախ թեմայի վերաբերյալ պատկերներ գտնելու համար որոնողական համակարգերի կողմից առաջարկվող տեսանյութերն են վերցնում: Դրանց մի մասը շատ հաճախ տվյալ իրադարձությանն իրականում չի առնչվում, հին է կամ նկարահանվել է մեկ այլ վայրում: Նման խնդիրներից խուսափելու համար տեսանյութերի սկզբաղբյուրը, նկարահանման վայրը ևս կարելի է ստուգել Truepic Display գործիքի միջոցով:
Է․ Եվ վերջում. ապատեղեկատվության տարածման գործում վերջերս ավելի ու ավելի շատ է նկատվում բոտերի միջամտությունը: Որպեսզի պարզեք՝ տարածվել է այն բոտի կողմից, թե մարդու, օգտվեք Hoaxy գործիքից: Այն ցույց կտա, թե առաջինը որ հարթակում է տարածվել կեղծ ինֆորմացիան, մարդու կողմից է այն արվել, թե բոտի:
Հոդվածի հրապարակման դրությամբ բոլոր գործիքներն անվճար են օգտագործման համար:
Տիգրանուհի Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: