2023.07.13,

Քննադատ

AI օգտակար գործիքները մեդիա մասնագետների ու բլոգերների համար

author_posts/tigranuhi-martirosyan
Տիգրանուհի Մարտիրոսյան

Լրագրող, մեդիայի առաջխաղացման մասնագետ

Արհեստական բանականության (AI) ստեղծած հնարավորությունների մասին խոսում են մասնագիտական բոլոր շրջանակներում։ AI-ն օրեցօր կատարելագործվում է, ավելանում են գործիքները, դրան զուգահեռ՝ օգտատերերը:

Կան բազմաթիվ հնարավորություններ՝ ներդնելու արհեստական բանականությունը մեդիայում, մարքեթինգում, բլոգգինգում։ Այդ գործիքներն օգնում են խնայել ժամանակն ու ռեսուրսները՝ կոնտենտ ստեղծելու և այն մշակելու հարցերում։

Media.am-ը զրուցել է մասնագետների հետ, որոնք պատմել են մեզ AI-ը կիրառելու իրենց փորձի մասին և կիսվել են օգտակար գործիքներով։

NEWS.am Tech-ի խմբագիր Սասուն Խաչատրյանն ասում է, որ իրենք կիրառում են արհեստական բանականությամբ գործող ChatGPT նեյրոնային ցանցի հնարավորությունները։ Քանի որ այս չատբոտի հայերենն այդքան էլ լավ չի գործում, բոլոր առաջադրանքները նեյրոցանցին տրվում են անգլերեն, հետո թարգմանվում հայերեն։

«Օրինակ՝ երբեմն անհրաժեշտ է լինում տեքստը վերաշարադրել, և ChatGPT-ն հիանալիորեն անում է դա։ Ճիշտ է, իրենից հետո անպայման կարդում և ստուգում ենք, բայց այս չատբոտը բավական լավ կատարում է առաջադրանքը,  նույնիսկ ճիշտ և դիպուկ վերնագրեր է կարողանում դնել։

Երբեմն նյութեր ենք պատրաստում ChatGPT-ին տրված հարցերի հիման վրա։ Օրինակ՝ հարցնում ենք, թե ինչ կարելի է անել հեռախոսի, նոութբուքի մարտկոցի կյանքը երկարացնելու համար, և չատբոտը հանգամանալից՝ կետերով, հիմնավորումներով ու բացատրություններով ներկայացնում է թեման: Եթե նախկինում նման նյութ պատրաստելու համար կարիք կլիներ մի քանի հոդված կարդալ և բավական ժամանակ ծախսել այդ հոդվածներից կարևորն առանձնացնելու վրա, ապա չատբոտի պատասխանի պարագայում դա տևում է մեկ րոպեից քիչ։ Այն միանգամից տալիս է գրեթե պատրաստի հոդված»,- պատմում է Սասուն Խաչատրյանը։

AI գործիքներից, որոնք կարող են օգտակար լինել մեդիայում, Սասուն Խաչատրյանն առանձնացրեց սրանք՝

  •         Podcastle-ը, որն ի դեպ հայ մասնագետներն են մշակել։ Այն ձայնագրման և աուդիո խմբագրման հարթակ է՝ ներկառուցված արհեստական բանականության գործիքներով, օգնում է ստեղծել հստակ, սահուն ձայնագրություններ։
  •         Pinpoint-ը, որն ունի փաստերի ստուգման, տվյալների վիզուալիզացիայի և իրական ժամանակում բովանդակության վերլուծության հնարավորություն, որոնք թույլ են տալիս լրագրողներին աշխատել ավելի արդյունավետ:
  •         QuillBot-ը, որը թույլ է տալիս վերափոխել ցանկացած տեքստ՝ միաժամանակ ապահովելով, որ բովանդակությունը պահպանի ճիշտ բառապաշարը, տոնայնությունը և ոճը: Բացի դրանից, այն ստուգում է քերականությունը, նաև՝ արդյոք գրագողություն կա տեքստում, թե ոչ։
  •         Descript-ը, որը կարող է օգտագործվել աուդիո և վիդեո բովանդակության խմբագրման համար։ Այն հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով հանել ավելորդ բառերը, ինչպիսիք են՝ «ըըը»-երը և բանավոր խոսքի ընթացքում հնարավոր այլ անհարթություններ և օգնում է խնայել ժամանակը տեսանյութը խմբագրելիս։
  •         Dialpad-ը, որը ճանաչում է մարդկային խոսքը և ռեալ ժամանակում այն վերածում տեքստի։
  •         Trint-ը, որը սղագրում է ինչպես աուդիո, այնպես էլ վիդեո բովանդակությունը։

⚠️ Ծրագրերը, որոնք կապված են հայերեն տեքստերի շարադրման, սրբագրման կամ խմբագրման հետ աշխատում են թերի։ Երբեմն ծրագիրը բավական լավ է կատարում առաջադրանքը, բայց մի քանի փորձից հետո միայն։ Լրատվականներում ռուսերեն կամ անգլերեն կոնտենտ ստեղծելու համար դրանք միանշանակ օգտակար կլինեն։

SSB Academy-ի Marketing Automation Specialist Հայկ Մելքոնյանն ասում է, որ իրենք կիրառում են տեսահոլովակներ ստեղծող ու լուսանկարների որակը բարձրացնող AI գործիքներ։ Մելքոնյանն ասում է, որ հատկապես բլոգերների համար, որոնք 24/7 ռեժիմով կոնտենտ են ստեղծում, գրում, նկարահանում, լուսանկարում, այդ ամենը մշակում, օգտակար է կիրառել այս գործիքները։

Հայկն առանձնացրել է գործիքներ, որոնց օգնությամբ բլոգերները կարող են արագացնել ու հեշտացնել իրենց գործը՝

  •     ChatGPT, որը կարողանում է պատասխանել հարցերի, գրել տեքստեր՝ տրված առաջադրանքին համապատասխան, առաջարկում է գրառումների, հոդվածների թեմաներ և այլն։
  •     Jasper AI, որը ևս տեքստերի հետ աշխատելու, դրանք գրելու, մշակելու համար է։ Այն կարողանում է առաջարկել ռազմավարություն սոցցանցերը կամ բլոգը վարելու համար։
  •     PhotoRoom, Beautiful AI, Poly, որոնք կատարում են աշխատանք լուսանկարների հետ։ Կտրում են ֆոնը, փոխում գույները, բարձրացնում որակը։ Դրանք օգտակար կլինեն Ինստագրամի կամ Ֆեյսբուքի սթորիների ստեղծման համար։
  •     Murf AI-ը աուդիոյի հետ աշխատելու համար է, այն կարողանում է մաքրել անհարթությունները, մոնտաժել ձայնը, բարձրացնել կամ իջացնել տոնայնությունը։

Արհեստական բանականությունը կփոխարինի՞ մարդկանց

Որքան էլ այս ամենը մարդու կողմից ու մարդկանց համար ստեղծված հնարավորություն է, շատերն ունեն մտահոգություններ, որ մարդկային ռեսուրսի ու միջամտության կարիքը գնալով կնվազի՝ հանգեցնելով աշխատատեղերի կրճատման, որոշ մասնագիտությունների վերացման։

Այս մտահոգությունները պատահական չեն, որովհետև մի շարք խոշոր ՏՏ կազմակերպություններ արդեն իսկ կրճատել են աշխատատեղեր ու փոխարինել մասնագետներին AI-ով։

Սասուն Խաչատրյանն ասում է, որ մեդիան էլ բացառություն չէ․ ծախսերը կրճատելու համար միջազգային մեդիայում կրճատումներ են սկսվել։

Օրինակ, գերմանական Bild պարբերականը, որը մտնում է Axel Springer եվրոպական բազմալեզու կոնցեռնում (այն հրատարակում է նաև Die Welt, Fakt պարբերականները), արդեն հայտարարել է, որ նախատեսում է կրճատել իր աշխատողների մի մասին և նրանց փոխարինել արհեստական բանականության գործիքներով։ Ընդ որում՝ կրճատվողների թվում կան նաև խմբագիրներ։

Ըստ Սասունի՝ Bild-ը միակ չէ, որ գնում է այս ճանապարհով։ Բրիտանական Daily Mirror և Daily Express պարբերականները ևս դիտարկում են ծախսերը կրճատել իրենց աշխատողներին արհեստական ինտելեկտով փոխարինելու միջոցով։

Հայկ Մելքոնյանի կարծիքով որքան զարգանա արհեստական ինտելեկտը, մարդկային գործոնը չի անհետանա:

«Ես չեմ կարծում, որ AI-ը կարող է քայքայիչ լինել, այն կարող է միայն օգնել մարդկանց, կարող է հեշտացնել նրանց կյանքը, բարձրացնել աշխատանքի որակը: Եթե խոսենք գործազրկության մասին, ապա մարդիկ, ովքեր լավ չեն տիրապետում իրենց աշխատանքին, միգուցե ապագայում փոխարինվեն արհեստական ինտելեկտով: Եկեք լինենք անկեղծ. ո՞ր գործատուն չի ցանկանա հզորացնել իր բիզնեսը, հասնել առավելագույնի, մեծացնել արտադրությունը, տալ ավելի լավ որակ։ Կարելի է եզրակացնել մի պարզ բան. AI –ը չի կարող փոխարինել մտածող, պրոֆեսիոնալ մարդուն»,- ասում է Հայկ Մելքոնյանը։

Իրական VS Անիրական

Արհեստական բանականության գործիքների կիրառմամբ ստեղծված կոնտենտը հաճախ այնքան իրական է, որ դժվար է տարբերակել՝ կեղծ է այն, թե ոչ։ Դրանք ժամանակի ընթացքում այնքան են կատարելագործվում, որ նման ծրագրով ստեղծված մարդու ու իրական մարդու տարբերությունը գնալով փոքրանում է։

Հարցին լուծում տալու համար ստեղծվում են նաև ծրագրեր, որոնք տարբերակում են AI-ով ստեղծված նկարն ու իրականում արված նկարը։ Բայց դրանք էլ հաճախ սխալվում են։

Սասուն Խաչատրյանը կարծում է, որ, մեդիայում կան հաստիքներ, մարդիկ, որոնք անփոխարինելի են ու որքան էլ արհեստական բանականությունը զարգանա, այն չի կարող ամբողջովին փոխարինել մարդուն, օրինակ՝ լրագրողին։

«Արհեստական բանականության արած աշխատանքը պետք է անպայման ստուգվի մարդու կողմից, քանի որ այն նեյրոցանց է, որը կարող է և սխալվել։ AI անպատասխանատու կիրառումը կարող է նաև բացասաբար ազդել ոլորտի վրա։ Օրինակ՝ եթե լրագրողը նյութը գրելիս օգտվի ChatGPT-ից և չստուգի նեյրոցանցի տրամադրած ինֆորմացիան՝  հույսը դնելով միայն չատբոտի վրա, այն կարող է տրամադրել հին կամ կեղծ տեղեկատվություն»,- ասում է Խաչատրյանը։

Նույն խնդիրը կա նաև բլոգինգում։ Դեմքի դիմակ-ֆիլտրերն այնքան են կատարելագործվել, որ կարողանում են արտահայտել ցանկացած էմոցիա, միմիկա, ու դրան զուգահեռ ստեղծվել են ծրագրեր, որոնք օգնում են հասկանալ՝ դիմակ է դա, թե իրական դիմագիծ։

Մասնագետներն ասում են, որ եթե նման վրիպակներ թույլ տրվեն, ապա հանրության անվստահությունը մեդիայի ու բլոգինգի նկատմամբ կխորանա։

Տիգրանուհի Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *