2022.12.27,

Քննադատ

Գեյ զույգի ինքնասպանությունը մեդիամանիպուլյացիաների թիրախում

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Ավելի քան երկու ամիս է անցել երիտասարդ գեյ զույգի՝ Արսենի և Տիգրանի ինքնասպանությունից, սակայն դեպքի հետ կապված իրավական գործընթացները մնացել են անհայտ ու անպատասխան։ 

Ո՞վ կամ ի՞նչն է մեղավոր դրանում։ Ինտերնետային քննարկումների համաձայն, տարբերակները շատ են։ Օրինակ, անչափահաս Արսենի անհանդուրժող ու բռնություն կիրառող ընտանիքը, մասնավորապես մայրը, հոմոֆոբ ու ԼԳԲՏ անձանց ինքնասպանությունը խրախուսող հասարակությունը, չափահաս Տիգրանը, որը կարող էր անչափահասին դրդած լինել այդ քայլին։ 

Դասական ու թվային մեդիան հենց այս հարցերով էր տարված՝ ստվերում թողնելով երկու անձանց կյանքը։ 

Դեպքը

Հոկտեմբերի 20-ին Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվեց երկու դի, որոնց ճշգրիտ ինքնությունը պարզվեց մի փոքր ուշ։ 16-ամյա Արսենը և 21-ամյա ՌԴ քաղաքացի Տիգրանն ինքնասպանություն էին գործել՝ նետվելով կամրջից։ 

Մինչ դեպքի մասին առաջին հաղորդագրությունները, Արսենն իր Ինստագրամում հրապարակել էր նկարներ ու կատարել հետևյալ գրառումը՝ «Happy End․ լուսանկարներով կիսվելու և մեր հետագա գործողությունների վերաբերյալ որոշումները կայացրել ենք համատեղ»։ 

«Նորությունը հանրությունն ընկալել է մի քանի ալիքով։ Առաջինը, երբ, հիմնականում, ԼԳԲՏ համայնքի մարդիկ գիտակցում ու կիսում էին տուժածների ցավը, վիշտը, երկրորդ ալիքն արդեն ագրեսորների ի հայտ գալն էր, երբ դեպքի մասին սկսվեց ավելի շատ խոսվել։ Նրանք ծաղրում էին, ծիծաղում ու մյուսներին ևս նման վերջաբան մաղթում», – ասում է «Փինք» իրավապաշտպան կազմակերպության հաղորդակցման ղեկավար Մամիկոն Հովսեփյանը։ 

Համացանցի օգտատերերը նկատել էին նաև Արսենի մոր մեկնաբանությունները, որոնք նա շուտով հեռացրել էր։ 

Արսենի մոր մեկնաբանութունները

Ըստ Մամիկոն Հովսեփյանի՝ մոր մեկնաբանությունից ակնհայտորեն երևում է, որ բռնարար է և շարունակաբար որդու հանդեպ ցուցաբերել է դաժան վերաբերմունք։ Որպես ապացույց է բերում տղայի ընկերուհու գրառումը, որտեղ կան օնլայն զրույցից սքրինշոթեր այն մասին, թե ինչպես է Արսենը եղել փակի տակ, առանց հեռախոսի։ 

Որևէ տեղեկություն չկա Տիգրանի մասին, չնայած ինտերնետային որոշ օգտատերեր, անգամ նրանց ընկերները ժխտում էին նաև զույգի նույնասեռական լինելը։ Որքանով է անչափահաս Արսենի զուգընկերը ազդել իր վրա ոչ հնարավոր է հերքել, ոչ՝ հաստատել, քանի որ չկան բավարար փաստեր։ 

Լրատվականների արձագանքը 

Դեպքի մասին առաջիններից գրեց Epress-ը, որը Շամշյանի ինքնասպանության եղելության մասին զեկույցը համադրել էր հասանելի փաստերի հետ՝ անդրադառնալով նաև մոր մեկնաբանություններին։ Դրանից հետո հայտնվեցին սունկ կայքերի տարատեսակ ապատեղեկատվություններ։

«Շատ էր շահարկվում անչափահաս տղայի տարիքը։ Ոստիկանությունը հայտնել էր, որ նրանք 16 և 21 տարեկան են։ Լուսաբանելիս շատ էին գրում անչափահասի 15 տարեկան լինելու մասին։ Կարելի է ենթադրել, որ լրատվականները կամ լուր տարածողները ցանկանում էին դեպքը շեղել այն մտքի վրա, որ եղել է անչափահասի հետ սեռական կապ, թեև որևէ մեկս չգիտի սեռական հարաբերությունների մասին», – ասում է Մամիկոն Հովսեփյանը։ 

Դեպքից հետո մի խումբ երիտասարդներ կամրջի տակ մոմավառություն էին կազմակերպել, ինչը լուսաբանել էր Ազատությունը։ Լրատվականը օգտագործել էր խտրական տերմին` ոչ ավանդական սեռական կողմնորոշում

Հանրային հեռուստաալիքի «Տարբեր կարծիքներ» հաղորդումը Հովսեփյանը «շատ տհաճ» որակեց։ Պարզվում է, որ եթերին մասնակցելու էին հրավիրել նաև «Փինքին», սակայն նրանք հրաժարվեցին, երբ իմացան, որ լինելու է «դեմ և կողմ» ձևաչափով բանավեճ։ 

«Հանրայինի հաղորդումն ագրեսիվ էր ու ատելություն սրող», – Մամիկոն Հովսեփյան։ 

Այս առիթով «Փինքը» նամակ էր գրել Հանրային հեռուստաալիքին՝ նշելով, որ հաղորդման ընթացքում հնչել են հակագիտական պնդումներ ու վերլուծություններ, որոնք մտահոգիչ են և կարող են ապակողմնորոշիչ լինել ու սրել ԼԳԲՏ անձանց հանդեպ բացասական վերաբերմունքը։ Իրավապաշպտպան կազմակերպությունը խնդրել էր հեռացնել այդ թողարկման տեսագրությունը կամ հարթակ տրամադրել սեռական կողմնորոշման և գենդերյաին ինքնության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված և մարդու իրավունքների սկզբունքներից բխող տեղեկատվության համար։ 

Նամակին ի պատասխան Առաջին ալիքը հայտնել էր, որ հաղորդման տեսագրությունը կարող են հեռացնել բացառապես օրենսդրորեն նախատեսված սկզբունքների խախտման դեպքում, իսկ թողարկումը ոչ թե եղել է ԼԳԲՏ անձանց, այլ ինքնասպանության դեպքին։ Եվ որ հաղորդման հյուրերը ատելության խոսք չեն հնչեցրել, այլ դեպքի մասին հայտնել են անձնական կարծիքը։ Հեռուստաալիքը խոստացել է ծանրաբեռնված եթերացանցում  «Փինքին» հնարավարություն տալ խոսել այս թեմայից, երբ այն օրակարգային դառնա։ 

«Ատելության դեմ կանխարգելիչ, ուսուցանող դեր ունի հենց մեդիան, որովհետև նկատում ենք, որ նույնիսկ զգայուն լեզվի օգտագործումը կարող է բերել նրան, որ հասարակության ներկայացուցիչները փորձեն ավելի զուսպ, հիմնավորված ձևով իրենց խոսքը կառուցել։ Այստեղ մեդիան կարող էր ստուգված ինֆորմացիա փոխանցել, ցույց տալ, որ ԼԳԲՏ անձանց խմբի հանդեպ ծայրահեղ ատելությունն ու անհանդուրժողականությունը կարող է բերել մահվան։ Մեկ այլ կարևոր խնդիր, որի վրա լրատվական դաշտը կարող էր ուշադրություն դարձնել, ծնող-երեխա հարաբերություններն են», – ասում է «Փինք» իրավապաշտպան կազմակերպության մոնիթորինգի մանսագետ Հռիփսիմե Կիզոգյանը։ 

Կատարվածի մեջ մարդկանց որոշակի խումբ մեղադրեց նաև հասարակական կազմակերպություններին, իբրև իրենք էին կազմակերպել, որպեսզի գրանտեր ստանան: Շրջանառվեցին մտքեր այն մասին, իբրև ԼԳԲՏ անձինք կարող են ընտրել իրենց կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը։

Ստացվում է, լրատվամիջոցները դեպքի մասին կա՛մ լռել են, կա՛մ այն դարձրել շոու կա՛մ նպաստել արդեն իսկ խոր արմատներ ունեցող հոմոֆոբիայի սրմանը: Այն լրատվամիջոցները, որոնք կարող էին առանց գնահատականների լուսաբանել, կա՛մ չեն գրել, կա՛մ գրել են միայն իրենց անգլալեզու բաժիններում: Ստեղծված իրավիճակում հաղթել է վատ հետևանքներ ունեցող, ապատեղեկատվությամբ լի ու դիտավորությամբ մանիպուլացնող, պառակտող խոսույթը, որը միշտ ներկա է գտնվել քվիր անձանց վերաբերյալ ցանկացած թեմային անդրադառնալիս։ 

Քրիստիան Գինոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *