2022.11.16,

Քննադատ

Pegasus-ը կրկին Հայաստանում է

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Մեկ տարի առաջ մեծ աղմուկ հանեց Pegasus լրտեսական ծրագրի կիրառման մասին լուրը։ Apple֊ի կողմից եկած ծանուցումները, որոնք ստացան աշխարհով մեկ տարբեր ոլորտներում աշխատող մարդիկ, ցույց տվեցին, որ հատուկ ծառայությունները ակտիվորեն կիրառում են մարդկանց հետևելու համար հատուկ ծրագրեր։  

Այնպես չէ, որ դա նորություն է, այնպես չէ, որ Pegasus֊ը միակն է։ Սակայն, հետաքրքիր էր մի քանի պահ։  

Այն, որ այդ ծրագրի վրա ծախսվում են մեծ գումարներ՝ Pegasus֊ը թանկ հաճույք է։ (որ մոտավորապես պարզ լինեն գները, բացահայտված դեպքերից մեկում, համակարգի տեղադրումը պատվիրող կողմին արժեցել է կես միլիոն դոլար, իսկ 10 հեռախոսի վարակումը՝ լրացուցիչ 650 հազար դոլար։)  

Այն, որ, չնայած թանկությանը, հաճախ թիրախավորվում են մարդիկ, որոնք առաջին հայացքից պետք է որ հետաքրքիր չլինեն ուժային կառույցների համար։  

Նաև կարևոր է հասկանալ, որ տվյալ ծրագրերը վաճառվում են միայն պետական կառույցներին, տրվում են, իբր, օրինապահ մարմինների օպերատիվ աշխատանքի համար։ Բայց իրականում հաճախ օգտագործվում են ընդդիմադիրներին հետևելու համար։ Ինչպես նաև օգտագործվում են այլ երկրի դեմ լրտեսական գործողությունների համար։  

2021-ի Pegausu-ի բացահայտված պատմությունից մեկ տարի անց, նոյեմբերի 11֊ին Հայաստանում տասնյակ անձինք ստացան նմանատիպ նոր զգուշացումներ Apple֊ից այն մասին, որ իրենք պետական հաքերային խմբերի կողմից հարձակման են ենթարկվել։  

Ի՞նչն էր այս անգամ հետաքրքիր։  

ա․  Այս անգամ նամակ ստացողների գերակշռող մասը հանրային չբարձրաձայնեց դրա մասին։ Մենք CyberHUB-ում տեղյակ ենք տվյալ պահին ավելի քան երեք տասնյակ զոհերի մասին։ Նրանցից ընդամենը երկուսն են հանրային հայտարարել այդ մասին։ Նաև նշենք, որ բոլորին ստուգել մենք չեն կարողացել, սակայն մի քանիսը հաստատ վարակված են։ Նաև կան դեպքեր, երբ, ամենայն հավանականությամբ, վարակման փորձ եղել է, սակայն անհաջող։  

բ․  Տվյալ դեպքում հարձակման ենթարկվածների ցանկում կան կան մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, ինչը չկար անցյալ տարի։ Եվ սա խիստ մտահոգիչ է, քանի որ հարձակվողները դուրս են եկել զուտ քաղաքական դաշտից և թիրախավորում են նաև լրագրողներին։  

գ․ Հարձակման են ենթարկվում ոչ միայն կարևոր թիրախները, այլ իրենց շրջապատը, օրինակ, օգնականները։  

դ․ Կան դեպքեր, երբ վարակումները սիստեմատիկ բնույթ են կրել, մարդու հեռախոսը վարակել են տարվա ընթացքում մի քանի անգամ։  

Հաշվի առնելով այն, որ տվյալ լրտեսական ծրագիրը շատ բարդ է բացահայտվում, աննկատի է վարակում հեռախոսները, հարկավոր է մի քանի կարևոր քայլի հետևել․  

ա․ Գիտակցել, որ Անդրոիդ համակարգով հեռախոսները նույնպես վարակվում են Pegasus-ով։ 

բ․ Միշտ թարմացվող հեռախոսը ավելի բարդ է վարակել։ 

գ․ Հասարակ restart֊ը անվերադարձ ապաակտիվացնում է մինչև նոր վարակումը։ 

դ․  Apple Lockdown վիճակը տվյալ պահին թույլ է տալիս խուսափել վարակումից։ 

 Սամվել Մարտիրոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *