Նորաստեղծ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ խնդիրներից առաջնահերթը պարենի հարցն էր: Տևական պատերազմը, ի թիվս այլ դժվարությունների, հայ ժողովրդին կանգնեցրել էր նաև պարենային, մասնավորապես հացի սուր ճգնաժամի առջև: Ամենուր սով էր, համաճարակ․
«Հայաստանի զանազան կողմերից սարսափելի լուրեր են հասնում. հաց չկայ, և ժողովուրդը կոտորւում է սովից» («Զանգ», N 84, 1918)։
«Սովը իշխում է ամենուրեք: Օրական մեռնում են 1500-2000 հոգի: Մեր ժողովրդի 50 տոկոսը մահուան է դատապարտուած» («Աշխատավոր», N 69, 1919):
1918-ի հունիս-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ կտրված էր: Երկիրը շրջապատված էր թուրքական զորքերով: Միակ երկաթուղագիծը ևս նրանց վերահսկողության տակ էր: Դադարել էր ապրանքների ներմուծումը: Կտրված էին կապերը Ռուսաստանի, Պարսկաստանի, Եվրոպայի հետ: Առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասություն կար.
«Ժողովուրդը նեղւում է, որ չկայ, օր., սապոն, մոմ, կտորեղէն, ամանեղէն… Այդ բոլոր ապրանքները մենք ստացել ենք Ռուսաստանից: Այսօր, սակայն, Ռուսաստանը չէ կարող այդ մատակարարել, քանի որ ճանապարհ-հաղորդակցութիւն չկայ: Չենք կարողայդ ապրանքները ստանալ որևէ ուրիշ երկրից: Եւ այս վիճակը շարունակւելու է դեռ երկար ժամանակ: Մինչեւ որ այս համաշխարհային պատերազմը չվերջանայ, Ռուսաստանն ու միւս երկրները չվերադառնան իրենց խաղաղ շինարար կեանքին» («Զանգ», N 52(68), 1918):
«Ծանր վիճակն ավելի խորացավ 1918-ի հոկտեմբեր-նոյեմբերից հետո, երբ թուրքական զորքը հետ քաշվելով գրավված հայկական մի շարք շրջաններից՝ իր հետ տարավ կամ ոչնչացրեց տեղերում հավաքված հացը և մյուս պարենամթերքները, որպեսզի կոտորածներից փրկված հայությունն այժմ էլ սովից ոչնչանա: Սկսվեց սովը, որին ուղեկցեցին տարափոխիկ հիվանդությունները՝ տիֆը և խոլերան:
Սովի և համաճարակի խորացմանը նպաստեց նաև հայ-վրացական կոնֆլիկտի ընթացքում վրաց մենշևիկյան կառավարության նախաձեռնությամբ հաղորդակցության տևական շրջափակումը: Նման պայմաններում օրական հարյուրներով մեռնում էր հայությունը, հիմնականում՝ բնավեր եղած ու սովահար գաղթականությունը» (Ս. Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», Բեյրութ, 1958, էջ 242):
«Վերջի վերջոյ , Հայաստանն այս տարի առանց դրսի պարենի չի կարողիր գլուխը պահել: Որտեղից և լինի՝ Հյուսիւսային Կովկասից, Ուկրայնայից, Եվրոպայից թէ Ամերիկայից, հաց պետք է բերել: Վրաստանը, որ մինչ այժմ կտրել էր մեր ճանապարհները և թոյլ չէր տալիս դրսից հաց փոխադրելու, պէտք է ստիպուի թոյլ տալու, այլապէս քաղցած ժողովուրդը նրան էլ հանգիստ չի թողնի: …Պէտք է վերջ տրուի նաև բանակցելու տնավարի, кустарный ձևերին. Մենք այսօր պետութիւն ենք և իբրև պետութիւն էլ յարաբերութիւններ պիտի սկսենք ուրիշների հետ» («Զանգ», N 84, 1918):
Վիճակն այնքան օրհասական էր, որ խնդրի լուծման համար անգամ օգտագործվում էին պետական այրերի՝ թուրք ղեկավար գործիչների հետ ունեցած անձնական կապերը: Այսպես, 1918-ի օգոստոսի վերջին Խալիլ փաշայի Երևան կատարած այցելության ընթացքում Արամ Մանուկյանը, ներկայացնելով երկրում ստեղծված ծանր վիճակը, փաշային խնդրեց Հայաստանին մի քանի հազար փութ հացամթերք վաճառել:
Խալիլը խոստացավ, բայց այդ խոստումը կատարեց միայն հոկտեմբերին՝ իր երկրորդ այցելության ժամանակ, երբ Թուրքիայի պարտությունն առաջին աշխարհամարտում օրերի հարց էր:
Նրա կարգադրությամբ Ղամարլուի զինվորական պահեստներից Հայաստանին վաճառվեց 12 000 փութ հացահատիկ: Դա այն հացամթերքների մի մասն էր, որ թուրքերը հավաքել էին Արարատյան դաշտավայրի զինագրաված շրջաններից (Է. Զոհրաբյան, «Ազգամիջյան կռիվները Երևանի նահանգում», Երևան, 2000, էջ 118):
Սովն ու համաճարակները ինչ-որ ձևով հաղթահարել էր պետք: Մամուլում կառավարության դանդաղկոտությունից դժգոհ հոդվածներ էին երևում.
«Գանգատւում ենք բոլորից ու ամեն ինչից. Ե՛վ Աստծուց, որ Նոյեան տապանը և Դրախտը Հայաստանում տեղավւորեց, և՛ Թիւրքիայից, որ մեզ կոտորեց, և՛ Ռուսաստանից, որ մեզ մենակ թողեց, և՜ Վրաստանից, որ մեր ճանապարհները փակեց, և՜ Ադրբէջանից, որ հայորսութեամբ է զբաղւում, և՜ դաշնակից հրամատարութիւնից, որ այնքան դանդաղ ու մեթոդիկ է գործում, և՜ Պարիզի կոնֆերանսից, ուր հարցերը այնքան երկար են ծամծւում… Բոլորի «խայտառակ» թերութիւններն արձանագրելով՝ մենք «խոստովանում ենք» մեր ժողովրդի զարմանալի տոկունութիւնն ու ընդունակութիւնը՝ մեռնել մեռնել լռելեայն, անաղմուկ («Աշխատավոր», N 69, 1919):
«Բնակչութեանը 90 տոկոսը կսնտնի (սնվում է-խմբ.) բանջարեղէններով, բայց առանց աղի: … Սուրմալուի ողջ բնակչութիւնը կանգնած է այս րոպէիս ահաւոր սովի դէմ («Յառաջ», N 99, 1920):
«Իսկ հում կամ եփւած բանջարեղէններ ուտել՝ առանց աղի, տեղի պիտի տայ աղիքային հիւանդութիւնների և հետևաբար փորհարութեան, որի առաջք եթէ անմիջապէս չառնւի, պիտի խլէ նա մեզմէ այս անգամին ալ հազարաւոր նոր զոհեր» (նույն տեղում):
Աղի խնդիրը, ինչպես և ցորենի ու կարտոֆիլի, այնքան սուր էր, որ դրանով դեռևս Առաջին Հանրապետության սկզբնավորման շրջանում զբաղվում էր Ներքին գործերի նախարարությունը.
«Ներքին գործոց մինիստրը յայտնում է, որ աղի վերաբերեալ բանակցութեան մէջ է մտել թուրքերի հետ և հաւանական է, որ մոտ ապագայում հնարաւոր լինի Արաքս կայարանից մի քանի վագոն աղստանալու… Ի նկատի ունենալով կարտօֆելի սեզոնի մոտենալը կոմիսսիան առաջարկում է կառավարութեանը մշակել մի օրէնսգիծ կարտոֆելի պետականացման մասին» («Կառաւարութեան լրաբեր», N 3, 1918):
«Եթե 6 ամսւայ ընթացքում մեր երկիրը արտաքուստ չմտցնենք 3 600 000 փ․ հաց սննդի համար, անխուսափելի կը լինի մի համաճարակ սով, որի նմանը դեռչի տեսել մեր երկիրը, որի սկիզբը արդէն նկատելի է, և որը յօդս կցնդեցնի ամենայն ինչ: Իսկ եթե ցանքսի ժամանակ չբերվի 4 200 000 փ. հացահատիկի սերմացու, նույն տեսակի սով առաջ կգա հետագա տարին, նույն հետևանքով» («Զանգ», N 5, 1919):
Արտասահմանում օգնություն կազմակերպելու համար 1919-ի ապրիլի 16-ին, կառավարության որոշմամբ, Եվրոպա և Ամերիկա է մեկնում վարչապետ Հովհաննես Քաջազնունու ղեկավարած պատվիրակությունը:
Ամերիկյան առաջին օգնությունը Հայաստան է հասնում 1919-ի մայիսին:
«Եվ այդ զարհուրելի վիճակը շարունակվեց մինչև 1919թ. գարունը, երբ Հայաստան հասավ ամերիկյան ալյուրը: … Կարճ ժամանակամիջոցում ծովով Բաթում և այնտեղից էլ երկաթուղով Հայաստան հասցվեց 1,3 մլն. փութ (569 վագոն) ալյուր և 257 հազ. փութ ցորեն» (Ս. Վրաց յան, «Հայաստանի Հանրապետություն», Բեյրութ, 1958, էջ 242):
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: