2022.09.15,

Քննադատ

Տեղական ու ադրբեջանական քարոզչությունը AraratNews-ի լրագրողի գրառման օրինակով

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Հերթական անգամ փոխվեցին լրատվականների թեմաները, աշխատանքային ռեժիմն ու վայրերը այն պահից, երբ Ադրբեջանը սեպտեմբերի 13-ին հարձակվեց Հայաստանի բնակավայրերի վրա։ Այս ամենի հետ մեկտեղ մեդիայում ավելացան արագ գրվող լուրերը, վրիպակները, կիսաճշմարտությունը, ակտիվացան տարբեր քաղաքական ուժեր ու իրենց հանրային խողովակներով քարոզեցին սեփական հայացքները։ Սակայն այն, ինչ իրեն թույլ տվեց AraratNewsի լրագրող Նանե Իսրայելյանը, մեղմ ասած վրիպակ չէր։ 

Թղթակից Իսրայելյանը սեպտեմբերի 13-ին ժամը 23:18-ին գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում, նշելով, որ ինքը ժամանել է դեպքի վայր՝ Գորիս, բայց այնտեղ որևէ բան չի կատարվում, լռություն է, որևէ հարձակում չկա։ 

Գրառման մեջ լրագրողը չի զսպել իր պրոֆեսիոնալ երևալու, հայտնի դառնալու ցանկություններն ու ատելությունը՝ թիրախի տակ վերնցելով «դիվանին նստած պարապ պրոֆեսորստատուսագիրներին»:  

Գորիսը հայկական մի քանի բնակավայրերից մեկն էր, որը, համաձայն ՀՀ Պաշտպանության նախարարության, հրետակոծել են Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները՝ թիրախավորելով ոչ միայն հայկական դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքները։  

Նանե Իսրայելյանի գրառումը լայն տարածում ստացավ, քննադատվեց, նրա հասցեին հնչեցին ատելության կոչեր։ Շուտով սոցցանցային հանրությունը նկատեց, որ գրառմանը կցված երկու լուսանկարներից մեկը արված է ոչ թե Գորիսում, այլ Տավուշի մարզում գտնվող Բերքաբերի (Ջողազի) ջրամբարի ֆոնին, որտեղ երևում է Գավազան (Գվարզին) լեռը։ Այս մասին գրել էր նաև Yerkir.am-ը։  

Դատելով լրագրողի հրապարակած լուսանկարներից, դժվար է ասել, արդյո՞ք դրանցից որևէ մեկն արվել է Գորիսում, թե՞ ոչ։ Ենթադրելով պատկերներից, դրանք երկու տարբեր օրերի լուսանկարներ են։ Այս թեմայով մեկնաբանություններից մեկին Իսրայելյանը պատասխանել է, որ դրա մասին հետգրություն է թողել տեքստում «ՀԳ. Ուղղակի չէի ցանկանում ենթակառուցվածքներ հրապարակեմ իմ նկարներով, բայց դա պատճառ չէ ֆեյքերի խրախճանքի»։  

Լուսանկարների ընտրության մասին լրագրողի տված բացատրությունը հստակ ու հասցեական չէ։ 

Հաջորդ օրը, սեպտեմբերի 14-ին էլ Նանե Իսրայելյանի գրառումն էլ ավելի տարածվեց։ Դրան հետևեց AraratNews-ի թղթակցի երկրորդ ստատուսն այս թեմայով 

«Կրկնում եմ, եղել եմ Գորիսում, Սիսիանում, խոսել եմ բնակիչների հետ, քաղաքներում հանգիստ վիճակ ա, չկա մեկը, ով ինչոր կերպ կապացուցի հակառակը։ Թե ինչ ա կատարվում այս քաղաքների հարակից տարածքներում, երեկոյան Արարատ նյուզի եթերում կտեսնեք»: 

Սխալ պահին, սխալ տեղում ու սխալ ժամանակ արած հանրային կարծիքի արտահայտման կրկնությունը չմեղմացրեց լրագրողի նախորդ գրառումը։ Ավելին, նրան արտատպեց հայտնի ադրբեջանական Haqqin.az-ն իր տելեգրամյան ալիքում։ Սկզբում անդրադարձը միայն Իսրայելյանի մասին էր, որտեղ ալիքը նշել էր` հայ լրագրողը հերքել է Երևանի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ Սյունիքը հրետակոծել են։ 

Haqqin.az-ի տելեգրամյան ալիքի գրառման խմբագրված ու լրացված տարբերակը

Haqqinaz-ն իր գրառումը լրացրեց մեկ այլ հայ լրագրողի պատասխանով, որը տեղ էր գտել Իսրայելյանի ստատուսի տակ «Կենտրոն» հեռուստաալիքի հաղորդավարուհի Անուշիկ Առաքելյանի համաձայն հայկական կողմի զոհերի թիվը հասել է 250-ի։

Առաքելյանի ներկայացրած թվերը այս պահին հրապարակված պաշտոնական տվյալների հետ չեն համընկնում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրել էր հայկական կողմի 105 զոհերի մասին։ Եթե անգամ հաղորդավարուհու՝ Ֆեյսբուքում հայտնած թվերը ճիշտ են (հուսանք` ոչ), ապա նման տեղեկությունը չարժեր այդ պահին հանրայնացնել։ Փաստացի, մեկնաբանությունն օգտագործեց ադրբեջանական լրատվական կայքը՝ ադրբեջանական քարոզչական օրակարգն առաջ տանելու համար։ 

Սեպտեմբերի 15-ին Նանե Իսրայելյանը հանդես եկավ հայտարարությամբ, որի համաձայն լրագրողն ընդունեց՝ գրառումը սխալ է ընկալվել, իր կողմից դիտավորություն չի եղել, այլ ուղղակի անզգուշություն։ 

Որքան էլ խոսենք լրագրողական համայնքի ներսում եղած սխալներից ու էթիկական խախտումներից, միևնույնն է, կհայտնվեն նոր լրատվականներ, որոնք, սպասարկելով սեփական քաղաքական շահերը, հերթական հարվածը կհասցնեն առանց այն էլ քիչ վստահություն ունեցող լրատվական դաշտին։ Հարց է առաջանում, թե ինչ քաղաքական շահերի մասին է խոսքը, երբ վտանգված է հանրապետությունն ու խաղաղ բնակիչները։  

Քրիստիան Գինոսյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *