2022.07.26,

Քննադատ

Ինչպես ենք մենք ու սոցցանցերը փչացնում մեկմեկու

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Սոցիալական մեդիան Հայաստանում տվյալ պահին խնդիրների կծիկ է։ Այն առաջացնում է տարբեր լարվածություններ՝ կապված թե՛ ընդհանուր հանրային մթնոլորտի, թե՛ կոնկրետ մեդիա հարթակների զարգացման հեռանկարների։ 

Առաջին խնդիրն ամենաակնհայտն է, որի լուծումների ուղղությունները հնարավոր է մոտավորապես պատկերացնել։ Սակայն արդեն մեկ տարուց ավելի է լուծումը չի գտնվում։ Խոսքը զանգվածային արգելափակումների մասին է, որոնք հստակորեն ազդում են նաև մեդիադաշտի վրա։ Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Ֆեյսբուքը կամայականորեն արգելափակում է բովանդակություն, որը կապ ունի Մոնթե Մելքոնյանի հետ։ 

Այլ հարց է, թե ինչու։ Ամենայն հավանականությամբ, խնդիրը Մոնթեի կապն է ԱՍԱԼԱ-ի հետ, որը ԱՄՆ կառավարությունը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն։ 

Ֆեյսբուքն էլ պարզապես մեխանիկորեն զննում է գրառումները, գտնում Մոնթեի նկարներն ու արգելափակում հաշիվներն ու էջերը, որտեղ այն կա։ 

Վերջերս իրականությունը էլ ավելի սաստկացավ․ արգելափակումները կիրառվում  են նույնիսկ միայն Մոնթեի անունը հայերեն հիշատակելու համար։ Մեզ հայտնի է դեպք, երբ լրատվականի էջը արգելափակվել է նույնիսկ «Ավո» անունը կիրառելու համար։ 

Կան կասկածներ, որ նման վերաբերմունք, ոչ այսքան արտահայտված, նաև մի քանի այլ ռազմական գործիչների հանդեպ է։ Ու չկա ոչ մի երաշխիք, որ շարքերը չեն ընդլայնվի, քանի որ Ֆեյսբուքում համարում են, որ պետք է ավելի ուժեղացնել վերահսկողությունը բովանդակության հանդեպ։ 

Հայտնի չէ՝ կապ ունի՞ այս ամենի հետ ադրբեջանական լոբբինգը։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Բայց հայտնի է մի բան․ հարցը լուծել մասնավոր կարգով գրեթե հնարավոր չէ։ Կա մի մասնավոր տարբերակ՝ Ֆեյսբուքի անկախ խորհդատվական մարմինը՝ Oversight Board-ը, դիտարկում է նման վիճելի հարցերն ու նախադեպային որոշումներ կայացնում Ֆեյսբուքի, ապա մոդերացիայի վերաբերյալ։ 

Այստեղ դիմողներ եղել են, բայց գործը կարող է դիտարկվել մի քանի տարի հետո՝ հաշվի առնելով այն, որ մարմինը ուսումնասիրում է ողջ աշխարհից ստացվող բողոքներ։ Էլ չասեմ, որ որոշումը այդքան էլ ակնհայտ չէ, ու հնարավոր է մեզ համար նաև շատ բացասական զարգացում։ 

Ամեն դեպքում, հասկանալի է, որ հարկավոր են բանակցություններ Ֆեյսբուքի հետ ու դրանք այս պահին անհնարին է անել մասնավոր նախաձեռնությամբ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ պետական մարմիններն այս հարցը պետք է փորձեն լուծել Ֆեյսբուքի հետ։ 

Սակայն լուծում չկա, արգելափակվող լրագրողների և լրատվամիջոցների հաշիվների թիվը գնալով աճում է։ Սրան զուգահեռ աճում է նաև լարվածությունը լրագրողական համայնքի և պետական կառույցների միջև։ 

Մյուս խնդիրը շատ դեպքերում որպես խնդիր չի էլ ընկալվում Հայաստանում։ Ավելին, տվյալ հարցը բարձրաձայնելը ընկալվում է որպես կեղծ օրակարգ։ 

Հարցը լրագրողական համայնք-քաղաքական դաշտ հարաբերություններն են սոցցանցերում։ Մեր հասարակության մեջ հիմնականում նորմալ են համարվում լրագրողի մեղմ ասած հստակ արտահայտված դիրքորոշումները քաղաքական ուժերի նկատմամբ, որը նա ամեօրյա ռեժիմով արտահայտում է սոցիալական ցանցերում։ 

Լրագրողը, խմբագիրը կարող է բացահայտորեն քննադատել, հայհոյել, նույնիսկ ծիսականացված անիծել այս կամ այն քաղաքական ուժին կամ դրա ներկայացուցչին։ 

Կան երկրներ, որտեղ լրագրողին աշխատանքից կհեռացնեն նույնիսկ այս կամ այն քաղաքական գործչի գրառումը Ֆեյսբուքում կամ այլ սոցցանցերում լայքելու համար։ Սա մի ծայրահեղություն է։ Մեզ մոտ՝ սրա հակառակ բևեռն է։ 

Իհարկե, դա թվում է հիանալի խոսքի ազատության տեսանկյունից։ Բայց մյուս կողմից, դարձնում է լրագրողներին քաղաքական պայքարի մաս, միաձուլում այս կամ այն ճամբարի հետ։ Որպես հետևանք՝ խարխլվում են հենց խոսքի և մամուլի ազատության հիմքերը, տառապում է օբյեկտիվ լուսաբանումը։ 

Հաջորդ խնդիրն այս պահին, երևի թե, անլուծելի է։ 

Խոսքը հենց այդ ճամբարների բաժանումն է, որը սոցցանցերի շնորհիվ տասնապատկվում է, եթե ոչ հարյուրապատկվում էմոցիաների և ներգրավվածության տեսանկյունից։ Ի՞նչ ունենք։ Հայհոյանքների, ատելության խոսքի նորմալացում։ Եվ այս ամենի մակարդակի շարունակաբար անկում։ 

Քանի որ այն քաղաքական գործիչները, որոնք ուզում են տարբերվել ընդհանուր գորշ զանգվածից, ստիպված են ավելի ցայտուն արտահայտություններ օգտագործել, քանի որ դա է այսօր հիմնական ինքնադրսևորվելու ձևը (քաղաքական միտքը, հումորը արդեն երկար ժամանակ է կոմայի մեջ են, մնում է հայհոյանքը ու կրկին ծիսականացված անեծքը)։ 

Իսկ քանի որ մակարդակը անընդհատ անկում է ապրում, մենք ականատես ենք դառնում ավելի ու ավելի զուլում հայհոյանքների հանրային կիրառման։ 

Ցավոք, այս գործընթացը կասեցնելու ներուժ այսօր չի երևում։ Այնպես որ գոտեպնդվեք, հարգելի հայրենակիցներ։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *