2022.04.19,

Քննադատ

Մարզային ռադիոն ունի ապագա, բայց դրան հավատացողներ գրեթե չկան

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ պետությունը հայտարարարում է մարզային ռադիոհաճախականությունների մրցույթներ, բայց այդ մրցույթները չեն կայանում: Դիմորդներ չկան:

2022-ին միանգամից երեք մարզում՝ Վայոց ձորում, Լոռիում, Սյունիքում (անցյալ տարի նաև Գեղարքունիքում) մրցույթն անցել է ապարդյուն. ոչ մի տեղական կազմակերպություն չի ցանկացել ռադիո թիմ կազմավորել ու մարզային կյանքում ստանալ դերակատարում՝ առավելագույն մատչելի ու մոբիլ այդ մեդիա ռեսուրսի ուժին հավատալով:

Սա իրոք մտահոգիչ իրավիճակ է, որը թերևս ունի իր պատճառները: 

Տարիներ շարունակ գործել է ռադիոհաճախականության լիզենզավորման սահմանափակում, ըստ որի ամեն մարզում կարող էր գործել միայն մեկ ռադիո: Այդ անհասկանալի պահանջը առիթ էր, որ հապաղեն կամ ընդհանրապես դադարեն ձևավորվել նոր մեդիա թիմեր՝ նոր ծրագրերով: Ի՞նչ կարիք կա ջանք թափել ռադիոյի մասին մտածելով, եթե միևնույն է չի ստացվի հեռարձակվել FM տիրույթում, հետևաբար նաև ծրագարվորել անելիքներն ու բիզնես պլանը:

Մարզային ռադիոհեռարձակման սահմանափակումները վերացան 2019-ին ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով, որը ազատականացրեց շուկան ու թույլ տվեց ռադիոարտոնագիր ստանալ բոլոր ազատ FM հաճախականությունների համար՝ արդեն անկախ ցանկացողների քանակից:

Եվ այն փաստը, որ դիմողներ չկան, հուշում է այն մասին, որ ժամանակի ընթացքում լրջորեն խաթարվել է մայրաքաղաքի ու մարզերի հավասարաչափ զարգացման տրամաբանությունը: Արդյունքում, մայրաքաղաքային ռադիոհեռարձակման մրցույթները անցնում եմ թեժ պայքարով, իսկ  մարզային մրցույթները պարզապես չեն կայանում:

«Շատ ցավալի է, որ մրցույթները չեն կայանում: Դժվարանում եմ ասել, թե ինչու: Հաճախականություններ կան, ուզող չկա: Մինչդեռ մարզային ռադիոն կարող է նաև հաջող բիզնես նախագիծ դառնալ: Բացի դրանից դա առաջնային մեդիան է արտակարգ իրավիճակներում»,- մեկնաբանում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը.

Ըստ օրենքի, եթե մրցույթը չի կայանում, ՀՌՀ-ն մեկ ամիս անց նոր մրցույթ է հայտարարում: Եթե կրկին դիմորդներ չլինեն, նորից մրցույթ կլինի, և այդպես շարունակ:

Միգուցե ննջող մարզային հանրային կյանքում ռադիոն համարվում է բեռ կամ անհեռանկար ռեսուրս, մինչդեռ դա ամենամոդայիկ ու արագահաս մեդիան է, որը վերջին տարիներին ոչ միայն լրջորեն մրցակցում է հեռուստատեսության հետ, այլև շատ դեպքերում՝ հաղթում:

Ի վերջո, ձայնն ավելի արագ է հասնում լսարանին, քան պատկերը: Ձայնն արդեն իսկ ազատության նշան է, քանի որ թույլ է տալիս լսարանին հետևել կարևոր իրադարձություններին հպանցիկ եղանակով՝ գործ անելիս, առանց հատուկ սարքավորումների ու հավեյլալ ժամանակ հայթայթելու: Ձայնը ազատագրում է մեր աչքերը, ձեռքերն ու զգայարանները: Օրինակ, ռադիոն ավելի ցանկալի է դաշտում աշխատանքի ընթացքում, մեքենա վարելիս և այլն: 

Գումարած դրան՝ ռադիոն անհամեմատ ավելի քիչ ֆինանսական միջոցներ է պահանջում, քան պատկերի հետ գործ ունեցող հեռուսատատեսությունը: 

Կոնկրետ, արագ, անվճար 

Ռադիոն թե՛ տեղեկության ալիք է, թե՛ զրուցակից, թե՛ էմոցիոնալ ֆոն: Վիզուալ մեդիան պարտադրում է, իսկ աուդիո մեդիան հրավիրում է շփման. միգուցե այդպես կարելի բնութագրել ռադիոյի ավելի թարմ կարգավիճակը, որը հիմա մեծ պահանջարկ ունի:

Ընդհանրապես, լսողական մեդիան ողջ աշխարհում է ստանում երկրորդ շնչառություն ու կարևոր գործոն դառնում հատկապես համայնքների կյանքում՝ շնորհիվ իր հստակ լսարանի: Դա վերացական լսարան չէ, այլ շատ կոնկրետ ու շատ շնորհակալ, քանի որ գիտի, որ իր հետ խոսելու են իր խնդիրների մասին: Ու նաև իրեն հասկանալի լեզվով (բարբառներն ու տեղական համատեքստը շատ թանկ ապրանք են թիրախային լսարան ունեցող լսողական մեդիայում):

Մարզային ռադիոյի դեպքում կարելի է նշել մի քանի անվերապահ առավելություն.

ա) Այն օգնում է դուրս գալ երևանակենտրոն լրագրության ազդեցությունից: Եվ ապակենտրոնացնել տեղեկատվական շրջանառությունը:

Հայաստանի մարզերի բնակիչները սովորաբար իրենց մասին լսում են, երբ Երևանից գալիս է լրագրող ու ռեպորտաժ անում: Հաճախ դա լինում է մակերեսային ու կարծրատիպային ռեպորտաժ: Իսկ երբ տեղում կատարվածը տեղացին է վերաիմաստավորում, միանգամից ստանում է բոնուս՝ թիրախային լսարան: Նա գիտի, ում համար է աշխատում, ում է տեղեկացնում ու ինչպես: Եվ կարևորը՝ արագ:

Եվ անգամ եթե չստացվի ապահովել մեդիա նյութերի բարձր որակը, լսարանը դա կընկալի ներողամտորեն: Եթե իհարկե, զգա, որ ռադիոալիքի վրա կանգ առնելով, պետքական բան է իմանալու հենց իր ամենօրյա կյանքի մասին: 

բ) Ռադիոն ձևավորում է իրազեկ ու հոգատար համայնք ավելի արագ, քան որևէ այլ հաղորդակցության միջոց: Կարիք չկա ողջ աշխարհի պատկերը խցկել մարզային ռադիոյի եթեր, հարկ է անել հակառակը՝ աշխատել ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց: 

Այսինքն, վերցնել կարևոր թեմա, մաքրել այն ավելորդություններից ու գեղագիտական մանրամասներից ու խորքային լուսաբանել: Եթե, օրինակ, ջրի սակավայությունը որևէ գյուղում հիմնախնդիր է երևանակենտրոն մեդիայի համար, ապա գյուղացիներն իրենց կենցաղով գիտեն այդ հարցի պատճառները, ջրամատակարարման պատմությունը, համայնքի վարքագիծը։ Նրանք կհետաքրքրի մանրամասներ, որոնք ոչ այդ տարածքի մարդկանց համար «ավելորդ» են:

Համայնքի հարցերը շատ ավելի մոտ են լսարանի մաշկին, քան, օրինակ, ԱԺ-ի հերթական ու անբովանդակ ելույթները, որոնք կարող են անտեսվել: Փոխարենը մարզի բնակիչը պիտի վստահ լինի, որ իր մարզին առնչվող պետական որոշումների մասին ինքն անպայման կիմանա իր համայնքի ռադիոյից:

գ) Մարզային ռադիոն կարող է ինքնուրույն գովազդ ձևավորել՝ ներգրավելով տեղական արտադրողներին ու բիզնես միջավայր ձևավորողներին: 

Շատ դեպքերում դա անելը ավելի հեշտ է, քանի որ կրկին ծագում է պետքականության հարցը: Լսարանն ավելի հակված է տեղեկանալ իր շուրջը եղած ծառայությունների ու ապրանքների մասին, քան լսել վերացական գովազդ՝ իր հետաքրքրությունների ու հոգսերի հետ չառնչվող:

դ) Ռադիոն ամենակայուն հաղորդակցության միջոցն է: Ռադիոկապի ստանդարտները պատմության ընթացքում մնացել են անփոփոխ, իսկ դա նշանակում է, որ տեխնոլոգիապես այն ամենադեմոկրատականն է ու հասանելի բոլորին: Ռադիոյի ազդանշանը կարելի է որսալ անգամ այն սարքերով, որոնք տասնամյակների կյանք ունեն, ասենք, հարյուր տարվա ընդունիչով: 

Այսինքն, ոչ մի ջանք ու գումար լսարանից չի պահանջվում: Կարելի հանել փոշոտ ու հինավուրց ընդունիչներն ու լսել համայնքային կյանքի մասին: Եվ ամենակարևորը՝ լրիվ անվճար: Ի տարբերություն՝ ինտերնետային կապի վրա հիմնված մեդիայի, որն ամեն դեպքում պահանջում է սպառողից գումար:

ե) Մարզային ռադիոն արագ արձագանքման միջոց է: Այն կարող է մոբիլիզացնել ու իրազեկել ավելի արագ, քան որևէ այլ մեդիա միջոց: 

ՀՀ ՊՆ կամ ԱԻՆ նախարարությունները առնվազն պետք է դա լավ գիտակցեն ու նպաստեն մարզային ռադիոյի կայացմանը:

Խոսքը ինչպես լուրջ ու արտակարգ իրավիճակների (հրետակոծումներ, հրդեհներ, ռազմական գործողություններ և այլն), այլև ամենօրյա իրադարձությունների մասին է՝ կարկուտ, երաշտ, ճանապարհային խցանումներ, դպրոցական արձակուրդների երկարաձգում, առողջապահական դիպվածներ և այլն: 

Ռադիոն անփոխարինելի է, քանի որ ավելի շատ մարդկանց է դիմում և օրինակ, կարիք չկա հասնել տուն ու հեռուստացույցից իմանալ նույնը կամ պահել գրպանում ինտերնետին միացած հեռախոս:

Իսկ եթե մարզային ռադիոն կարողանա նաև լինել ինտերակտիվ (որ լսողները կարողանան զանգել, հարցեր տալ կամ առաջարկել թեմաներ), ապա ռադիոն հաստատ կդառնա վստահելի աղբյուր: Իսկ վստահությունը ամենամեծ մեդիա կապիտալն է հատկապես հիմա, երբ բոլորը ապրում են մեծամասամբ չհիմնավորված կամ անպետք լուրերի ռմբակոծման տակ:

Խթանել մարզային ռադիոն

Բայց փաստ է, որ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման ու սփռման մարզային մրցույթը Հայաստանում չի կայանում: Պետությունը մրցույթ է հայտարարում ու կարծես քաշվում կողք՝ սպասելով, որ այդ առաջարկին ինքնաբերաբար կծագի առաջարկ:

Խնդիրն այն է, որ եթե իրոք խթանման ու աջակցության ծրագիր չլինի, դիմորդները դժվար թե համարձակվեն մրցույթին մասնակցել: 

Տիգրան Հակոբյանն ասում է, որ ՀՌՀ-ն գործիք չունի, որով կարող է խթանել ռադիոյի հանդեպ հետաքրքրությունը, թեև հանրային մուլտիպլեքսի սլոթերի համար դիմող հեռուստաընկերություններին իրենք նաև խորհուրդ էին տալիս մտածել ռադիոյի մասին, քանի որ այդպես հնարավոր էր ավելի մատչելի միջոցներով մեդիա ունենալ ու օգտագործել սեփական բովանդակությունը.

«Ինձ թվում է, որ այս հարցում միասին պիտի համագործակցեն պետությունը, հանրային ու մասնավոր ոլորտները»,- կարծում է Տիգրան Հակոբյանը:

Շատ բան կախված է նաև մեդիա ոլորտի մասնագետներից, որոնք կարող են դասընթացքների միջոցով հուշել մարզերի բնակիչներին, որ ռադիոն ունի ապագա ու դա լավ ապագա է:

  • Որոշակի երաշխքիներ կարող է տալ Հանրային ռադիոն, որի արխիվի օգտագործումը ու նաև համագործակցությունը մարզերի հետ կարող է ավելի արդյունավետ լինել:
  • Գերատեսչությունները կարող են առաջնահերթ համարել հանդիպումներն ու մեկնաբանումները ոչ թե իրենց նախընտրած մեդիայի, այլ մարզային ռադիոյի հետ: Այդպիսով մարզային ռադիոն ոչ թե ստիպված կլինի մեջբերել ուրիշ լրատվամիջոցներին, այլ ուրիշները կմեջբերեն իրեն:
  • Հասարակական կազմակերպությունները կարող են մարզային ռադիոյի աշխատավարձների որոշակի բեռ իրենց վրա վերցնել: Նաև աջակցել փորձով, նյութերով, կապերով:
  • Ի վերջո, կառավարությունը պետք է ընդունի, որ «մերկ» տեղեկատվական դաշտում հայտնվում են մոլախոտներ ու վնասատու բույսեր: Եվ ամուր համայնքային մեդիա ունենալը պետական անվտանգության հարց է:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *