2022.03.09,

Քննադատ

Z-ով տեսանյութ-ակցիա, որի սպառողը ռուսական լսարանն է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ռուսական մեդիա դաշտում մարտի 8-ից սկսած շրջանառվում է անհայտ ծագումով մի տեսանյութ, որը տարբեր աղբյուրներում անվանվել է՝ «Ի աջակցություն ռուս զինվորականների» կամ «Շնորհավորանք ռուս բանակին»։

Այդ կես րոպեանոց տեսանյութում երեկո է, երևում է Մայր Հայաստանի արձանը, իսկ ստորոտում ենթադրաբար կարմիր լապտերներով (կամ մոմերով, կամ դրոններով) գրվել է Z տառը, որը վերջերս ակտիվորեն օգտագործվում է որպես ռուսական բանակի գործողությունները Ուկրաինայում արդարացնող այլաբանություն։ Կամ ֆլեշմոբ, որով սատարում են «հատուկ օպերացիան»։

Վերջում կարելի է նկատել նաև V տառը, սակայն այս դեպքում թարմն ու հենց այս պատերազմ-օպերացիայի հետ նույնացվողը Z-ն է։ 

Z-ը նաև սպառնալիք է՝ այլախոհներին սաստող ու հաղթական նշան՝ յուրայինների համար։

Այս ակցիա-տեսանյութի հեղինակներն ու հովանավորները անհայտ են, այն անանուն է։ Ո՛չ մասնակիցները, ո՛չ տեսագրություն անողները չեն ուզում երևալ ու ներկայանալ բաց դեմքով։

Տեսանյութը (կամ դրա մոնտաժված տարբերակը) կարծես արվել է մեկ նպատակով. տեղ գտնելու ռուսաստանյան լրատվամիջոցներում կամ Ռուսաստանի գովքն անող սոցիալական մեդիայի հատվածում։ 

Հիմա, երբ Ռուսաստանը խստագույն պատժամիջոցների է ենթարկվում ու նկատվում է զգալի արտագաղթ, նման անհասկանալի սիմվոլիկ ժեստերը թանկ գին ունեն մեդիա դաշտում։ Քիչ մարդ է աջակցում Ռուսաստանի հատուկ ներխուժմանը Ուկրաինա։ Եվ թվում է, որ բոլոր մեթոդները թույլատրելի են։

Ի դեպ՝ թեև տեսանյութը շատ անորակ է մոնտաժված, երևում են մոնտաժային կոպիտ անցումները, բայց դրա իսկությունը ոչ հերքել, ոչ ապացուցել դեռևս չի հաջողվել։ 

Կարելի է ընդունել, որ դա ոչ թե ֆեյք է, այլ իրականում կայացած փաստ։ Ինչպես, օրինակ, մի քանի օր առաջ պատահեց «Ռուսաստանի բանակ» պաստառի հետ, որը մի քանի րոպեով կախվեց Երևանի Կիևյան կամրջից ու արագ անհետացավ՝ թողնելով միայն կարճ տեսանյութի տեսքով մեդիա հետք։ Թեև հետքը փոքր էր, սակայն ալիքն էր մեծ։

Այդ տեղեկատվական ալիքը ստիպեց շատերին հուզականորեն արձագանքել ու այլալված մեկնաբանություններ անել սոցցանցերում։

Պետությունը կապ չունի այդ ակցիայի հետ

ՀՀ պետական ոչ մի մարմին դրոշի ակցիայից տեղյակ չէր։ Ինչպես նաև մարտի 8-ին հայտնված տեսանյութից։

Երևանի քաղաքապետարանը հերքեց, որ նման ակցիա է նախապատրաստվել՝ հիշեցնելով, որ մարդաշատ (բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող) հավաքների ու ակցիաների մասին անպայման պետք է իրազեկել քաղաքապետարանին ակցիացից առնվազն երեք օր առաջ։ Ինչն այս դեպքում չի արվել։

«Երևանի քաղաքապետարանը որևէ առնչություն չունի ռուսական լրատվամիջոցներով տարածված՝ «Ի աջակցություն ռուս զինվորականների» անունը կրող ակցիայի հետ»,- գրել էր քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանը։

Media.am-ին քաղաքապետարանից նաև ասացին, որ զբոսայգու տարածքում առկա պահակակետերի աշխատակիցներից որևէ մեկը նմանատիպ ակցիայի չի հանդիպել։ Հավանականությունը, թե լուսային «շոուն» եղել է այդ տարածքում, նրանք շատ ցածր են գնահատում։

Եվ ծագում է հարց՝ ու՞մ է ուղղված Մայր Հայաստանով ու Z-ով տեսանյութը ու ի՞նչ նպատակ է այն հետապնդում։

Բոլոր դեպքերում՝ այս տեսանյութով Հայաստանը ներքաշվում է մի վտանգավոր քաղաքական խաղի մեջ, որը բնավ չի բխում Հայաստանի շահերից։

Տեսանյութը տարածած առաջին մեդիա հարթակներից էր ռուսական այս կայքը, որը այն վերնագրեց «Շնորհավորանք Երևանից»։ Ընդ որում՝ երկակի իմաստով, քանի որ պարզ չէր, թե Երևանը ի՞նչ է շնորհավորում՝ կանանց տոնը՞, թե՞ ՌԴ բանակի գործողությունները։

Մեկ այլ ռուսական կայք (Ռուսաստանի դաշնային լրատվական գործակալություն) բռնեց շղթան ու հայտնեց, որ Երևանից  շնորհավորում են միանգամից երկու բան՝ «գեղեցիկ սեռի ներկայացացուչներին» ու զուգահեռ նաև՝ ռուսական բանակին։ Կայքը ակցիայի հեղինակներին անվանեց «կամավորներ», որոնք բանեցրեցին հնարք և 8 թիվը մասնատեցին Z և V տառերի։ Այդ հնարքի մասին լուրը ավարտվում էր ՌԴ նախագահի խոսքով։

Տեղակատվական նետումի օրենքով շուտով այլևս կանանց թեման անցավ երկրորդ պլան ու մնաց միայն աջակցությունը ռուսական ռազմական գործողություններին։ Արդեն այս կայքում ասվեց, որ Երևանի ակցիան աջակցում է Ուկրաինայում հատուկ օպերացիա իրականացնող Ռուսաստանին։

Տեսանյութի հետագա տարածումը շարունակեցին antimaydan.info-ն, rusarminfo.ru-ն և այլն։ Որոշ դեպքերում կայքերը որպես աղբյուր նշել են Армения – любовь моя / Armenia my love / Հայաստան – իմ սեր Ֆեյսբուքի էջը։

Միգուցե այս տեսանյութի հայտնվելը այդպես էլ անցներ աննկատ, եթե խաղի մեջ չմտներ ՌԴ կարկառուն պրոպագանդիստ ու պետական խոշոր մեդիա հոլդինգի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը, որը վիդեոն տարածեց իր բոլոր սոցցանցային հաշիվներով ու արդեն շատ լրատվականներ սկսեցին այն տարածել՝ հղում անելով ոչ թե երկրորդական կամ սունկ կայքերին, այլ հենց Սիմոնյանին։

Նույն այդ տեսանյութը տարածեց հայկական արմատներ ունեցող մեկ այլ ռուսաստանցի ու Պուտինի մեծ երկրպագու, կինոռեժիսոր Սարիկ Անդրեասյանը։ Նրա ինստագրամյան սթորին հիմա հասանելի չէ, սակայն պահպանվել են սքրինշոթերը։

Իհարկե, այս տեսանյութի հիմնական լսարանը ռուսաստանցիներն են։ Եվ ով էլ որ այն նախաձեռնել էր, առաջին հերթին փորձել էր լինել ստեղծարար ու հաշվետվության պես մի բան ներկայացնել ռուսական պետական գիծը փոքր-ինչ համակրելի դարձնել ցանկացողներին։

Եվ այդ նպատակով էլ փորձել են Ռուսաստանում ստեղծել տպավորություն, որ Հայաստանում կողմ են պատերազմին ու Ռուսաստանի ցանկացած քայլին։ Ընդ որում՝ կողմ են ոչ միայն անանուն մի խումբ մարդիկ կամ գուցե մեկ-երկու մարդ, այլ հենց պետությունը։

Նման քաղաքական թակարդներ լավ են կառուցում հատկապես ազգությամբ հայ Կրեմլի քարոզիչները, որոնց դերը լավ տեսանք արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։ 

Իսկ այն փաստը, թե որքան տհաճ ու սարսափելի զուգակցումներ է արթանցնում Z տառը (գրեթե նորագույն սվաստիկա), հայտնվելով այլախոհ ռուսաստանցիների բնակարանների դռներին, անգամ չարժի հիշատակել։ 

Նմանատիպ նշանային հետք 1930-ականների վերջին դրոշմում էին նացիստները հրեաների դռներին, որ հետո հեշտ լինի նրանց գտնել։

Ու որպես կանոն այդ ամենը արվում էր մթին, որ նշան (խաչ կամ աստղ) դնողները շարունակեն լինել թաքուն, անանուն ու անորսալի։ 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *