2022.02.27,

Քննադատ

Պատերազմական լրահոս սպառելու խորհուրդներ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Պատերազմի ժամանակ խմբագրվում են լրագրության ստանդարտները։ Ռազմական դրությունը պարտադրում է որոշակի կամ ուղիղ գրաքննություն, հնարավոր են արգելքներ ու կապի արգելափակումներ, հակասական հայտարարություններ, պաշտոնական աղբյուրների հապաղում, իրականության քողարկում և այլն։

Խմբագրվում են նաև լրահոս սպառելու կանոնները։

Մենք ինքներս, անցնելով 2020-ի հայ-ադրբեջանական պատերազմի քարոզչական փոշով ու իրականության մասին թյուր պատկերացում կազմելով, շատ լավ գիտենք, թե ինչ է տեղեկատվական քաոսը կամ տեղեկատվական խաբկանքը։

Եվ այն, թե ինչ ենք կարդում, լսում, տեսնում, քննարկում, եզրակացնում ու դրանից բորբոքվում, մեծապես կախված է մեր սեփական ընտրությունից։

Մեդիա նյութերի ընտրությունը պատերազմների ժամանակ առանց չափազանցության օրհասական պահանջ է։ Եվ առաջնայինը ընդունելն է, որ մեր կարդածածի, լսածի ու տեսածի մեծ մասը լինելու է կեղծ լուր, ակնհայտ սուտ, քարոզչական նյութ, գրաքննության պահանջ կամ պարզապես ոչ ամբողջական տեղեկություն։ 

Չկա վստահելի աղբյուր

Պատերազմների ժամանակ չի կարող լինել ամբողջական տեղեկատվական փաթեթին տիրապետող մեկ մարդ, հարթակ կամ նույնիսկ պետություն։ Դա ուղղակի անհնար է։ Եվ արժե միանգամից գիտակցել, որ վստահել չի կարելի ոչ մեկին։ 

Բայց կարելի է պաշտպանվել (առաջին հերթին հոգեբանորեն) ամեն աղբից, ծխից, մաղձից ու պաթոսից, որոնցով սովորաբար լցվում է լրահոսը։

Ամեն րոպե փոփոխվող ռազմական լուրերի ու դեպքերի մասին սկսում են խոսել բոլոր մեդիա հարթակները, ազդեցիկ օգտատերերը, վկաները, նրանց մեջբերող, հետո նաև հերքող ու համալրող լրատվամիջոցները, տելեգրամյան ալիքները, բլոգերները, տարբեր պետությունների գերատեսչությունները և այլն։ 

Արդյունքում, իրար են խառնվում պետական քարոզչությունը, լրատվամիջոցների կամ ալիքների տերերի շահերը, քաղաքական պատեհապաշտությունը և էլի շատ բան։ 

Ոչ թե շատ, այլ քիչ

Պատերազմի մասին շատ բան կարդալով հաստատ ավելի տեղեկացված չենք դառնա, այլ ավելի շատ կխճճվենք։ Եվ արժե անել ընդհակառակը՝ կարդալ քիչ։ 

Օրինակ, զրոյացնել այն հարթակների ցանկը, որին սովոր ենք։ Ու սկսել հավաքել նոր ցանկ։ Սկզբից ընտրել մեկ մեդիա հարթակ կամ լրատվամիջոց, որը քիչ թե շատ անաչառ կերպով պատմում է իրականության մասին և որին անձամբ վստահում ենք։ Հետո դրան գումարել ևս մի քանիսը։ Երեք-չորս մեդիա հարթակները լրիվ բավարար են։

Ընտրեք այն հարթակները, որոնք ունեն թափանցիկ կառավարում, կապված չեն պետական քարոզչության հետ և առաջարկում են արագ թարմացվող լրահոս։

Հավատացեք, մեծ հաշվով լրահոսը բոլոր լրատվամիջոցներում նույնն է։ 

Ավելի շատ տեքստ, ավելի քիչ վիզուալ

Երբ ընտրում եք հիմնական տեղեկատվական աղբյուր, աշխատեք, որ այն չլինի հեռուստատեսություն կամ վիզուալի վրա շեշտադրող մեդիա։

Տեսանյութեր դիտելով, մենք դառնում ենք ավելի խոցելի, տեսողությունը որսում է մեդիա ուղերձները նույնիսկ անջատ համատեքստից։ Ի վերջո, վիզուալով ավելի հեշտ է մանիպուլացնելը, քան տեքստով։ 

Երբ կարդում ենք տեքստ առանց վիդեոյի ու ֆոտոյի, մեր քննադատական մտածողությունն ու վերլուծելու ունակություններն ավելի լավ են աշխատում։ Եվ ուղեղն ավելի արագ է իմաստավորում կարդացածը, չշեղվելով նկարի վրա։

Կարևոր է ոչ միայն այն, թե ինչի մասին են գրում, այլև ինչի մասին չեն գրում

Մենք շատ լավ գիտենք, որ կործանիչ են ոչ միայն սուտն ու ապատեղեկատվությունը, այլև իրականության մասին լռելու, կարևոր ինֆորմացիա թաքցնելու փորձերը։ Ու նաև տեսել ենք, թե ինչպես են այս կամ լրատվամիջոցները շրջանցում բախտորոշ լուրերը ու ստեղծում պատրանք, որ դրանք իրենց պատկերացրած արժեհամակարգում անէական մանրուք են։

Եվ քանի որ պատերազմի ժամանակ վստահությունը ցանկացած մեդիա հարթակի հանդեպ սասանվում է, աշխատեք քիչ հետևել նորածին մեդիա հարթակներին կամ այն սունկ կայքերին, որոնք մինչ այդ ննջում էին ու հանկարծ արթնացան։ 

Ու նաև ձեր հին «ընկեր» մեդիա հարթակներին փորձեք նայել ավելի քննադատորեն։ Եթե ինչ-որ կարևոր բանի մասին չեն գրում, դա ահազանգ է, որ չի կարելի լիովին հավատալ նաև գրածին։

Անտեսեք պաշտոնական մեդիան

Ընդ որում՝ այս հորդորը տեղին է ոչ միայն պետական ֆինանասավորում ունեցող մեծ հեռուստաալիքների, լրատվական գործակալությունների կամ զուտ քարոզչության համար ստեղծված հարթակների, այլև պետական փողերով աշխատող «փորձագետների» ու տարատեսակ բլոգերների դեպքում։

Դա հատկապես ակտուալ է հայաստանցիների համար, որոնք տարիներ շարունակ սպառել են ռուսական դաշնային հեռուստաալիքների նյութերը ու սովոր են տարբեր քաղաքական շոուներում հնչող հիստերիկ մտքերին ու ոճին։ Եվ բնական է, որ հիմա ռուս-ուկրաինական պատերազմի օրերին, ռուսաստանյան պետական փողերով աշխատող մեդիան պարզապես չի կարող լինել վստահելի աղբյուր։ 

Հաշվի առնենք նաև պաշտոնական գրաքննությունը (Ռուսաստանի պետական գրաքննող մարմինն, օրինակ, արգելել է օգտագործել «պատերազմ», «ներխուժում», «հարձակում» բառերը, կարելի է միայն ասել, որ Ուկրաինայում տեղի է ունենում «հատուկ օպերացիա» ու հղում անել միայն պետական աղբյուրներին) և սոցցանցերում կիրառվող սահմանափակումները (պետությունը դանդաղեցրել է Ֆեյսբուքի, Թվիթերի, Ինստագրամի հասանելությունը, նույնը սպասում է նաև Յություբին)։

Պատերազմի ժամանակ պետությունների համար մեդիան զենք է ու վերահսկողության գործիք։ Եվ բնավ էլ պարտադիր չէ, որ մենք որպես սպառողներ հայտնվենք այդ զենքի ազդեցության շառավղում։

Նույնն էլ Ուկրաինայի դեպքում է։ Բայց քանի որ ուկրաինական մեդիային ուղիղ հետևելու ավանդույթ չունենք, արժե գոնե նվազեցնել ռուսական մեդիայի այսչափ մեծ ազդեցությունը։

Պաշտոնական ինֆորմացիան շատ կարևոր է, երբ հայտարարվում է ռազմական դրություն, մոբիլիզացիա կամ արագ ընդունվում են օրենսդրական ակտեր։ Բայց այդ մասին մենք կարող ենք նույնքան արագ կարդալ ավելի վստահելի լրատվամիջոցում կամ հարթակում։ Եվ ինչը շատ արժեքավոր է, բացատրությամբ, թե ինչ է դա նշանակում։

Սկզբնաղբյուրի ուժը

Ինֆորմացիայի սկզբնաղբյուր գտնելու պահանջը պարտադիր է լրագրողների համար, հատկապես փաստեր ստուգողների։ Անհրաժեշտ է գտնել անկախ աղբյուրից հաստատում, համադրել տվյալները, տեխնիկապես լինել զինված և այլն և այլն։ Ժամանակ, համառություն ու պրոֆեսիոնալիզմ է պետք։ Պատերազմի ժամանակ դա անելը բարդ է։

Բնական է, որ լսարանը չունի ամեն ինչ ստուգելու ժամանակ ու հմտություններ, պատերազմական լրահոսը արագափոխ է։ Բայց կան դեպքեր, երբ սկզբնաղբյուր գտնելը հեշտ է ու անգամ հաճելի։

Պետք չէ դառնալ փաստ ստուգող ու ստուգել ամեն մի հայտարարություն, բավական է միայն որոշել, որ պետք է կրճատել տեղեկատվական հեղեղը։ Հասցնել այն նվազագույնի։

Օրինակ, եթե խոսքը ենթակառուցվածքների մասին է (բանկերը փակվել են, չվերթները չեղարկվել, դեսպանատները վիզա չեն պահանջում և այլն), ապա սկզբնաղբյուր գտնելը հեշտ է, լուրն այդ մասին հաստատ կլինի բանկի, օդանավակայանի կամ դեսպանատան կայքում (կամ դրանց սոցիալական մեդիա հարթակներում)։ 

Սկզբնաղբյուրում նման լուրեր կարդալը թեև լիովին չի ապահովագրում  ապատեղակատվությունից, բայց որոշ չափով նվազեցնում է խաբված լինելու ռիսկը։

Կամ եթե կարդում եք լուր, որ պետության նախագահը դիմել է փախուստի ու հանձնել երկիրը, արժի մի քանի րոպե սպասել լուրին արձագանքելուց ու տարածելուց առաջ։ Միգուցե հենց այդ նույն րոպեներին այդ նախագահը ոչ թե փախչում է, այլ հանդիպում, բանակցում կամ պարզապես լայվ մտնում իր էջից ու իր հայրենիքից։ 

Մեկ-երկու հպումներ ավելի անելով, կարող եք առնվազն նվազեցնել քարոզչության ու ապատեղեկատվության չափաբաժինը։

Պատերազմի ժամանակ կա երկու տեսակի լուր՝ հուզական ու օգտակար

Պատերազմը մարդկային խեղված ճակատագրեր են, մահ, արյուն ու կորուստ, և բնական է, որ մենք որպես մարդ արարած ապրումակցում ենք, հուզվում ու տվայտվում։ Բայց…

Պատերազմական ու բախումների ժամանակ մեդիա սպառողի համար հույզերը չարիք են։ Համենայնդպես թույլ չեն տալիս տեսնել ավելի լայն պատկեր։ Իհարկե, անպայման չէ, որ հույզերի վրա կառուցված լուրերը լինեն կեղծ կամ ուռճացված (մոտալուտ մահվան սպառնալիքն արդեն իսկ ամեն ինչն է ուռճացնում, հատկապես վկաների խոսքը), բայց հույզերը լավ խորհրդատու չեն, երբ հարկ է ընդունել բախտորոշ որոշում։

Հույզերի վրա կառուցված մեդիա նյութերն ունեն նպատակ՝ դրդելու մեզ գործել։ Ասենք, վերջին բառերով քարկոծել մի կողմին ու փառաբանել մյուսին։ Անել քայլեր ու ասել բաներ, որոնք ուրիշ ժամանակ չէինք անի։ 

Ատելության տարածումը հաճախ պետական գաղափարախոսության մաս է (թշնամու կերպարը օգնում է պետությանը աչքաթող անել ներքին խնդիրներն ու խաղալ հանրային վախերի վրա)։ Մենք Հայաստանում դա լավ գիտենք։

Լավ կլինի թշնամանքի ու ատելության լեզուն թողնել քարոզիչներին, դուրս գալ դավաճան-հերոս, քաջ-ստոր փակուղուց ու լինել ավելի սթափ, քան մանիպուլյատիվ մեդիա բովանդակություն ստեղծողները։

Օրինակ, մաքրել տեքստը գերադրական կամ նսեմացնող ածականներից ու գտնել լուրի օգտակար բաղադրիչը։

Պարզ պաշտպանություն

Ինֆորմացիայից պաշտպանվելու համար հիմա ավելի մեծ ջանք է պետք, քան ինֆորմացիա գտնելու համար։ 

Հաշվի առնելով, որ պատերազմի ժամանակ ավելանում է ուղղորդող մեդիա ռեսուրսների ծավալը, հոգեխանգարում առաջացնող բովանդակությունը, իսկ սոցցանցային թրոլերն ու բոտերը ստանում են կոնկրետ հրամաններ ու հարձակվում են զորքերով, լավ կլինի կասեցնել սոցիալական մեդիայում մեկնաբանելու ու տարածելու պրակտիկան։

Ձեր ընտրած երկու-երեք լրատվամիջոցներն ու մեդիա հարթակները ամեն դեպքում կտեղեկացնեն կարևորի մասին, բայց չեն նետի հույզերի հորձանուտն ու չեն պահի այնտեղ այնքան, մինչև շնչահեղձ լինեք կամ ապարդյուն ու անիմաստ ցանցային վեճերի մեջ խեղդվեք։

Մի վախեցեք ինչ-որ բան բաց թողնելուց

Լրահոսին միանալու ու լրահոսից անջատվելու ունակությունը թերևս միակ զենքն է, որ մնում է մեզ։ Պատերազմը միշտ սարսափ է, ու տեղեկատվական պատերազմը թողնում է ոչ պակաս սարսափելի հետևանքներ։

Պատերազմի առաջնագիծը կարող է անցնել ընկերների, ընտանիքի անդամների ու գործընկերների մարմինների վրայով։ Անդառնալի թշնամացնել մեզ։

Հիասթափեցնել, հատկապես, երբ տեսնում ենք, թե ինչ տարօրինակ բաներին են հավատում մեր մտերիմները, ինչ հեշտությամբ են տարածում ամեն մի տեղեկատվական նետում կամ բացեիբաց սուտ։ Զուգահեռ դրան էլ՝ մեզ կշտամբում, որ չենք տեսնում ակնհայտը։

Խաղաղ կյանքը մեծ շնորհ է ու կարող է պատահել այնպես, որ պատերազմի լեզվին ընտելանալուց հետո, այլևս չկարողանանք ընկալել խաղաղության լեզուն։ Դադարենք լինել մարդ։

Իհարկե զուսպ մեդիա սպառումը պատերազմի ժամանակ, բարդ է։ Եվ կամքի ուժ է պետք ինքներս մեզ խոստովանելու, որ տեղեկատվական միջավայրի համար մենք ընդամենը սնունդ ենք։ 

Եվ ոչ թե մենք ենք կառավարում մեր լրահոսը, այլ կառավարում են մեզ, հմուտ մեդիա գործիքներով մեր մեջ արթանացնելով մութ բնազդներն ու ենթագիտակցական վախերը։ 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *