ՀՀ նախագահի 2003-ի ընտրություններին իշխանությունը նախապատրաստվեց այն գիտակցումով, որ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի միակ գլխացավանքը կարող է լինել տեղեկատվական դաշտը:
Ակնհայտ էր, որ «Ա1+»-ին ասպարեզից հեռացնելը տեղավորված էր հենց այդ համատեքստում, քանզի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը հրաշալիորեն հասկանում էին, որ որևէ այլ խոչընդոտ չէր կարող լինել կեղծիքներին ապավինելով՝ ընտրություններում «հաղթելու», ապա այդ «հաղթանակը» միջազգային ու տեղական հանրությանը որպես կատարված փաստ մատուցելու համար:
Նախընտրական իրենց հոլովակները ընդդիմությունը պատվիրել էր «Ա1+»-ին, և ընդդիմադիր գործիչներից ոմանց հաճախ կարելի էր տեսնել «Ա1+»-ի միջանցքում:
Նախընտրական քարոզչության վերջին օրերին՝ ընտրությունից անմիջապես առաջ, ընկերներիցս մեկը գաղափար հուշեց՝ «Այբ-ֆե»-ի առաջին էջում հրապարակել Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում սպանված պետական բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքական գործիչների, նրանց հետ ու նրանցից առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի լուսանկարները:
Չիմացողների համար պարզաբանեմ, որ Քոչարյանի նախընտրական կարգախոսը ոչ այլ ինչ էր, քան աշխատանքի հրավեր… Հենց այդպես պարզ ու անպաճույճ էլ ձևակերպված էր՝ «Աշխատենք միասին»: Եվ ահա լուսանկարների այդ «վինետկան» պետք է կրեր չափազանց խոսուն, նախազգուշական, եթե կուզեք՝ չարագուշակ վերնագիր. «Նրանք աշխատել են միասին»:
Բայց որքան մեծ եղավ իմ զարմանքը, երբ ընդդիմադիր ամենաազդեցիկ ուժի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն, ուշադիր լսելով առաջարկս, այն է՝ թերթի այդ համարը տպագրել մեծ տպաքանակով ու բաժանել ընտրողներին անվճար, առժամանակ մտքերի մեջ ընկավ, ապա խոստացավ քննարկել ղեկավարության հետ և ի վերջո մերժեց այն:
Պալատական հեղաշրջմամբ իշխանության եկած ու հոկտեմբերի 27-ով այդ իշխանությունն ամրապնդած ուժերն, իհարկե, վստահ էին, որ մամուլը լուրջ ազդեցություն չէր կարող ունենալ նախընտրական ու ընտրական գործընթացների վրա, առավելագույնը կարող է բացահայտել ու հանրությանը մատուցել դրվագներ կուլիսային քաղաքական խաղերից, որ կազմակերպվում ու անցկացվում էին հանրության աչքից հեռու: Բայց իշխանության քարոզչամեքենան պատրաստ էր ցանկացած պահի հակահարված տալ նաև այդ բացահայտումներին: Այսպիսով, չնայած պատրանքներին, թե այս անգամ կեղծիքները հնարավոր կլինի կանխել, ընտրությունները նման էին մի ճակատամարտի, որի կանխորոշված ելքը փոխելու ոչ մի միջոց չկար. ցանկացած միջոց վնասազերծվում էր կանխավ: Սցենարը մշակվում էր վաղօրոք, և իշխանամետ լրատվամիջոցները ապահովում էին այդ սցենարի իրագործումը:
Անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ բացառիկ դեպքը, երբ երկրորդ փուլ անցած թեկնածուները բանավիճեցին Հանրային հեռուստաընկերության եթերում, ակնհայտորեն կազմակերպվեց գործող նախագահի առավելությունն ի ցույց դնելու նպատակադրումով: Դա զգացվում էր լրագրողների՝ նախագահի թեկնածուներին ուղղված հարցերից, այդ հարցերի ենթատեքստում նկատվող կողմնապահությունից: Առերևույթ քաղաքակիրթ չափանիշներին համապատասխան, իբր՝ թեկնածուների համար հավասար պայմաններ ապահովելուն միտված նախընտրական այս հեռուստաբանավեճը փաստորեն ծառայեցվեց իշխանական թեկնածուի քարոզչությանը:
Թե՛ նախընտրական փուլում, թե՛ հետընտրական քաղաքական զարգացումների, հանրային դժգոհության ու ընդվզումների ֆոնին հրատապ էր մնում «Ա1+»-ի թեման:
Հեռուստաընկերությունը հնարավորություն ուներ մասնակցել հեռուստահաճախականությունների՝ իրար հաջորդող մրցույթներին, թեև շատ հնարամիտ լինել պետք չէր՝ հասկանալու համար, որ այդ մրցույթներում հաղթողները կանխորոշված են, և իշխանությունը որդեգրել է հեռուստաընկերությունը հյուծելու, մաշեցնելու, շարունակ ցածր գնահատականներ նշանակելով ու այդ մրցույթներում պարտությունների մատնելով՝ բարոյապես ճնշելու, դատական անհեռանկար քաշքշուկների մեջ ներքաշելու, նվաստացնելու և վերջնականապես ասպարեզից վտարելու ռազմավարությունը:
Ահա այդպես ազատ խոսքը վտարվեց փողոցներ, և շարունակաբար անցկացվող բողոքի ակցիաները, երթերն ու ցույցերը ընդամենը բացասական հույզերը պարպելու միջոց էին ու որևէ շոշափելի արդյունք տալ չէին կարող, հետևաբար առավելապես միտված էին միջազգային կառույցների ուշադրությունը գրավելուն:
«Ա1+»-ի զբաղեցրած կապուղուն տիրացած «Շարմը» 2003-ին հեռուստաընկերությունը վաճառեց, և նոր սեփականատերը այն անվանակոչեց «Կենտրոն»: Մինչ այդ էլ, 2002-ի մայիսին, ստեղծվել էր ԱԼՄ-ն, որի բացման կարմիր ժապավենն, ի դեպ, ամենայն հանդիսավորությամբ կտրեց ու հեռարձակման կոճակը ինքնագոհ սեղմեց Ռոբերտ Քոչարյանը: Դրա անխոնջ ղեկավար Տիգրան Կարապետյանը, սակայն, հաճախ էր սիրում շեշտել, որ իր ղեկավարած այլընտրանքային լրատվամիջոցը ոչ իշխանական է, ոչ էլ ընդդիմադիր, և ինքը գերադասում է միշտ լինել կենտրոնում… Եվ բնական էր, որ Ա1+-ից խլված կապուղիով հեռարձակվող հեռուստաընկերությունը «Կենտրոն» անվանումով կնքելը ամենևին էլ նրա սրտով չէր:
…Մի գեղեցիկ օր Տիգրան Կարապետիչը «Ա1+ մամուլ» այլևս եթերազուրկ հաղորդաշարի ստեղծագործական կազմին հրավիրեց հանդիպման: ԱԼՄ-ի հյուրընկալ հարկի տակ: Նախ իր հերոսական անցյալից դրվագներ պատմեց, սուրճ ու կոնյակ հյուրասիրեց, ապա ի վերջո անցավ բուն թեմային. առաջարկեց մեր հաղորդաշարը վերաբացել ու հեռարձակել ԱԼՄ-ով:
Ես առժամանակ փորձում էի շեղել նրան այդ գաղափարից, անդադար կարևորելով նրա անձը, մերթ ասելով, թե ինչու, օրինակ, Տիգրան Կարապետյանի պատվին Ռոբերտ Քոչարյանը Տիգրանակերտ անունով քաղաք չի հիմնում, ապա գուշակելով՝ գուցե պատճառն այն է, որ ժողովուրդը կարող է շփոթել, որ այն ոչ թե Տիգրան Կարապետյանի պատվին է կառուցվում, այլ Տիգրան Մեծի, մերթ հուշելով՝ իսկ եթե պարզապես Երևանում փողո՞ց անվանակոչվի իր անունով, ապա ենթադրելով, որ էս դեպքում էլ կարող են մտածել, թե փողոցը ոչ թե Տիգրան, այլ Շավարշ Կարապետյանի անունով է… Տիգրան Կարապետյանն ակնհայտորեն հաճույք էր ստանում այդ կատակներից, բայց հնարավոր չէր անվերջ խոսքը կտուրը գցել ու անպատասխան թողնել նրա առաջարկը:
Շատ ավելի դժվար էր բարեհոգի այդ մարդուն ուղիղ տեքստով ասել, որ իր առաջարկն ընդունելը դավաճանության պես մի բան կլիներ «Ա1+»-ի հանդեպ, հասկացնել, որ մեզ բոլորովին էլ չի գայթակղում անչափ հավակնոտ, բայց ինչ-որ տեղ զվարճալի, ինչ-որ տեղ պարզունակ, հանրությանը ժամավաճառությամբ զբաղեցնող և անչափ կարճ ժամանակում անլուրջ լրատվամիջոցի համբավ ձեռք բերած այդ ալիքի եթերում հաղորդում ունենալու հեռանկարը:
Մեծ ջանքեր գործադրեց Տիգրան Կարապետյանը մեր համաձայնությունն ստանալու համար, շարունակ կրկնելով, թե ինքը ոչ իշխանամետ է, ու ոչ էլ ընդդիմադիր, ինքը կենտրոնում է, և մեր հաղորդումը նույնպես կարող է լինել կենտրոնում, խոստացավ, որ կլինենք բացարձակապես ազատ… Ու երբ ի վերջո հարցական նայեց աչքերիս՝ դրական արձագանքի ակնկալիքով, հոգոց հանեցի ու ասացի. «Չէ, Կարապետիչ, չհամոզեցիք»: «Ինչո՞ւ, ախր»,- բացականչեց նա՝ գլուխը կտրուկ իջեցնելով և հայացքը ակնոցի վրայից հանդիմանանքով հառելով աչքերիս, պատրաստ հակահարված տալու յուրաքանչյուր փաստարկի, որ կարող էի բերել: «Դե… որովհետև իմ և Ձեր պատկերացրած կենտրոնները տարբեր տեղերում են»:
Իմ այս պատասխանին հետևեց Կարապետիչի հանրահայտ «Հա՜-հա՜-հա՜»-ն, որն այնքան ինքնաբուխ էր, որ կարող էր ընդհատվել միայն էլ ավելի ինքնաբուխ ու տևական հազով:
Վասակ Դարբինյան
շարունակելի
Հոդվածաշարի նախորդ մասը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: