2022.01.26,

Քննադատ

Ասելիքի ազատ ըմբռնում, ընկալում, մեկնաբանում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լրատվամիջոցները կարծես հայտվել են մի իրավիճակում, երբ հենման կետերը նվազում են սահուն ու գեղեցիկ։ Ասենք, եթե պետք է հիմվել որևէ պաշտոնական տեղեկատվության վրա, բնավ էլ չկա համոզմունք, որ դա իրոք պաշտոնական խոսք է, հետևաբար նաև փաստ։ 

Մեծ է հնարավորությունը, որ պաշտոնական խոսքն ընդամենը գեղարվեստական ձևակերպում էր, ինչը նշանակում է, որ պետք է այն դիտարկել հենց գեղարվեստական արտահայտչամիջոցի հաջողված կամ ոչ այնքան լինելու տեսանկյունից։ 

Եվ միշտ մտքում ունենալ, որ ասելիքի ժանրը կարող է փոխակերպվել։ Հաճախ նաև՝ ստանալ լրիվ հակառակ իմաստ։

Օրինակ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում ասաց, որ իր խոսքերը, թե երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական կտա, ընդամենը կատակ էին: 

«Եթե բարի լինեք ամբողջությամբ միացնել ձայնագրությունը, բոլորի համար պարզ կլինի, որ այդ արտահայտությունը կատակով արված հայտարարություն էր, որովհետև այն կոնտեքստը, որում դա ասվել է, եղել է կատակով արված արտահայտություն»,- այսպես նա բացատրեց։

Իրականում, երբ լսում ենք ձայնագրությունն ամբողջությամբ, պարզ է դառնում, որ լրագրողին հարցին պատասխանելով, նախարարը վստահ է, որ լավ ոճ է ընտրել ու առավել լավատեսական է։ Նա դիմում է հարց տված լրագրողին. «Հրաժարական կտամ։ Լա՞վ է։ Գո՞հ եք»։ Լրագրողը բնավ էլ չի ժպտում։ Իսկ ի՞նչ կա ժպտալու, նա հարց է տալիս, նախարարը պատասխանում է։

Եվ լրատվամիջոցը (և ոչ միայն այդ լրատվամիջոցը, այլև շատերը, օրինակ, այս մեկը) հենց այդ վերնագրով էլ տարածում է նյութը՝ «Եթե մինչև տարեվերջ երկնիշ տնտեսական աճ չապահովվի, հրաժարական կտամ. Վահան Քերոբյան»։ Կատակի մասին ակնարկները ո՛չ կես տարի առաջ, երբ ասվել է հրաժարականի մասին, ո՛չ էլ հետագայում, ընկալելի չեն։ 

Ընդհակառակը, դիտարկվում են որպես պետական այրի խրոխտ ասելիք։ Ոչ մի լրատվամիջոց «կատակ» բառը չի ներառել իր նյութերում։ Իհարկե, հումորը նուրբ գործիք է, բայց եթե հումորը հասկանում է միայն հումոր անողը, դա հումոր չէ։

Ասածը որպես կատակ ներկայացնելը հետաքրքիր քայլ է, փրկօղակի պես։ Բայց ավելի հետաքրքիր է, որ պաշտոնյաներն իրենց խոսքը շատ հանգիստ կարող են ներկայացնել որպես այլաբանություն, այսինքն՝ ալեգորիա։ Հետևաբար՝ հաղորդել դրան ստեղծագործողի երանգ, որի առկայության դեպքում փաստը կորցնում է կարևորությունը, կարևոր է դառնում դրա մատուցման ձևը։

Օրինակ, երբ լրատվամիջոցը հարցրեց պատգամավոր Սարգիս Խանդանյանին (որը ղեկավարում էր ատելության դեմ պայքարի համար ստեղծված աշխատանքային խումբը), թե վարչապետի խոսքերը «թաթիկներդ կկտրեմ», «պատերին կծեփեմ» կամ նման արտահայտությունները ի՞նչ խոսք են՝ նա բացատրեց, որ ատելության խոսք այդտեղ չկա. 

«Այդ օրինակները ընդհանրապես չեն կարող լինել ատելության խոսք՝ միջազգային սահմանման շրջանակներում: Այլաբանորեն ասված խոսքը երբեք չի կարող համարվել ատելության խոսք»:

Երբ լրատվական դաշտում ակամայից առաջանում է հարց՝ իսկ կարելի՞ է նախապես իմանալ, թե ինչ ժանրի խոսք է հնչելու ու ինչ ցուցակների ընտրությամբ, որ ի վերջո, պարզ լինի, թե ինչի հետ գործ ունենք։

Խոսքերը, որոնք ասում են պաշտոնյաները, ստանում են այն աստիճանի հեղհեղուկ իմաստներ, որ կարող են հանգիստ խղճով բնութագրվել որպես սիմվոլիկ, մետաֆորիկ, ալեգորիկ, ստանալ առակի կամ պոետիկ ստեղծագործության կառուցվածք։ 

Դա կլիներ նորմալ և անգամ ուրախ միջավայր, եթե զուգահեռ դրան չխստանային հայհոյանքն ու վիրավորանքը քրեականացնող օրենսդրական նախաձեռնությունները։ Եվ լուրջ քրեական հետևանքներ չնախատեսվեին հրապարակային կերպով բռնության կոչեր տարածելու համար։

Իհարկե, օրենքները ենթադրում են տարընթերցում, բայց խնդիրն այն է, որ պետական պաշտոնյաներն իրենք են ստեղծում բազմազան տարընթերցումների նախադեպեր, երբ մեկնաբանում են իրենց խոսքը՝ այն համոզմամբ, որ դիմացինը չի հասկանում իրականի ու հորինվածքի նուրբ եզրը։

ՀՀ արդարատության նախարար Կարեն Անդրեասյանն, օրինակ, բացատրում է. «Քաղաքական բանավեճի մեջ կարող են լինել այլաբանություններ, սիմվոլներ, որոշակի նույնիսկ չափազանցություններ»։

Իհարկե, կարող են լինել, ոչ ոք դրա հետ չի վիճում։ Բայց հետաքրքիր է, որ արդեն չենք ասում՝ դիվանագիտական լեզու, քաղաքական պատեհապաշտության լեզու կամ նույնիսկ պոպուլիստական լեզու։ Այլ ապավինում ենք ավելի շատ արվեստի դաշտի տերմիններին՝ լավ հասկանալով, որ արվեստի գործերն ու պետական ասելիքը նույն հարթության վրա դնելը բարձրացնում են արվեստի կշիռը ու արժեզրկում քաղաքական դաշտը։ 

Ի վերջո, հենման կետեր չունեն ոչ միայն լրատվամիջոցները, այլև քաղաքական գործիչները, որոնք իրար դիմում են արդեն զուտ սիմվոլիկ ձևերով՝ միշտ պատրաստ ավելացնել սիմվոլիզմի չափաբաժինը։

Եվ երբ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրատվամիջոցներին ու լրագրողներին անվանում է «վերբալ մարմնավաճառներ», նա, բնականաբար, կարող է ցանկացած ժամանակ բացատրել, որ ասել է դա այլաբանորեն (սիմվոլիկ, պոետիկ, կատակով, հուզական արձագանք ստանալու մղումով)։ 

Եվ ուրեմն, ամեն ինչ լավ է։

Վարչապետն էլ իր կուսակցի խոսքը չի կշտամբի, այլ խորհուրդ կտա բոլորին պատգամավորի խոսքերը չկտրել կոնտեքստից, քանի որ նա բոլորին ուրիշ բան է ասել։ Ոչ թե այն, ինչ մենք ենք հասկացել, այլ այն, ինչ նկատի է ունեցել Վահագն Ալեքսանյանը։ Օրինակ, նկատի է ունեցել բռնության ու ապօրինության քարոզը։

«Եթե ես լինեի գործող լրագրող, ես ինձ այդ հայտարարությունները չէի վերագրի, եթե իմ մասնագիտությանը ծառայում եմ ազնիվ… Կմտածեի, որ դա իմ մասին չէ, որովհետև եթե իմ մասին է, դա այնքան էլ լավ բան չէ… Վահագն Ալեքսանյանը տվել է քաղաքական գնահատական, և շատ դժվար է այդ քաղաքական գնահատականը անհիմն համարել վերաբերելի մասով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը իր ասուլիսի ժամանակ։ Ու կարևորել լրագրողական էթիկայի կարգավորման հարցը։

Այս պատասխանը առիթ է նաև մտորելու այն մասին, որ երկու բանակի բաժանելով մեդիա դաշտը՝ թուլանում է առաջին հերթին հանրային ներգրավվածությունը բախտորոշ որոշումներ ընդունելու կոնտեքստում։ 

Լրագրողների ու լրատվամիջոցների խմբագիրների դիրքորոշումը ունակ է թեքվելու, ճկվելու, ընդլայնվելու ու, ի վերջո, վերափոխվելու։ 

Եվ շատ դեպքերում թիրախային ու սթափ աշխատանքը մեդիայի հետ թերագնահատել պետք չէ։ Այդ թվում նաև «վերբալ մարմնավաճառների» հետ, քանի դեռ դրանք  «վերբալ քիլլերներ» չեն դարձել (իհարկե, այլաբանական իմաստով)։

«Սև- սպիտակը այլաբանական բնորոշում է՝ դուք այն կողմում եք, մենք՝ այս։ Կարելի է ասել հին և նոր։ Մեծ բան չեմ տեսնում դրա մեջ», – ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը անցյալ տարի։

Բնականաբար, սևի ու սպիտակի բաժանումը նման է սահմանազատման ու սահմանագծման։ Բացի այդ՝ հստակ է նաև, որ սևերը միշտ սևեր չեն, իսկ սպիտակները՝ միշտ սպիտակ։ Բավական է  հիշել այդ գունային բաժանման հեղինակ Հայկ Մարությանի քաղաքական ճակատագիրը։

Չի կարող լինել միայն սպիտակ մեդիա, քանի որ այդպես նրան դրդում ես դառնալ սև, վաճառել մարմինը վերբալ համատեքստից էլ դուրս։ 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *