Օքսֆորդի բառարանը 2021-ի բառ է հռչակել vax-ը, որը vaccine բառի (պատվաստում), կարճ խոսակցական ձևն է, որը թե՛ բայ է, թե՛ գոյական, թե՛ ածական։ Հայտնվել է նաև այդ արմատով նոր բառ՝ vaxxie, սելֆի, որը արվում է պատվաստվելուց առաջ, ընթացքում և հետո։ Դա այն ֆոտո ապացույցն է, որ պատվաստվելու գործը անցավ բարեհաջող։
Քոլինզ բառարանը կանգ է առել NFT (Non Fungible Token) բառի վրա, որը թվային արտոնագիր է՝ ապացուցող, որ թվային ակտիվների տեր ես, օրինակ, կրիպտոարժույթի։
Մի շարք այլ բառարաններ ևս արել են իրենց ընտրությունը, և շատերի մոտ գերակշռում է հենց պատվաստման հետ կապված բառերը։ Ողջ աշխարհն է հիմա երկմտում դեղաչափերի, պատվաստանյութերի ու կորոնավիրուսի նոր մոդիֆիկացիաների շուրջ։
Հայաստանում ևս փորձ արվեց ընտրելու տարվա բառը։ Հայաստանի Լեզվի կոմիտեն հրապարակեց բառերի ցանկ ու առաջարկեց օգտատերերին քվեարկել դրանց օգտին։ 15 բառերը արտացոլում էին պատերազմական իրավիճակը (առաջնագիծ, սահմանագծում, սահմանազտում և այլն) ու համավարակով պայմանավորված ցանցային վարքագիծը (տեսադաս, առցանց, լրաճարակ, պատվաստանյութ, տեսակապ և այլն)։ Կար նաև անընդհատ օգտագործվող «ապատեղեկատվությունը»։ Եվ հայերեն նոր մի բառ՝ «սրտիկել»։
Այդ ցանկը գրեթե արձագանք չստացավ, քվերակեցին հազարից մի քիչ ավելի օգտատերեր։ Միգուցե Լեզվի կոմիտեի առաջարկած բառերը չափից դուրս «օսլայված» էին ու գրագետ հայերենով։ Ի վերջո, եթե հաշվի առնենք, թե որ բառերն են ավելի հաճախ տեղ գտնում հանրային խոսքում ու մեդիա դաշտում, դրանք դժվար թե լինեն ընդունելի Լեզվի կոմիտեի համար։ Օրինակ, հիշենք արդեն սովորական դարձած «ժեխ»-ը, «կապիտուլյանտ»-ը, «դավաճան»-ը։ Դրանք կլինեն բառեր, որոնք ձևացնում են, թե խոսակցական են, բայց հստակ քաղաքական բույր ունեն։
Տարվա բառերի ընտրությունը սովորաբար կատարվում է երկու տրամաբանական շղթայով՝ ամենից հաճախ օգտագործվող բառեր կամ ամենից դիպուկ բնորոշ բառեր։ Առաջին դեպքում կարևոր է քանակը, երկրորդ դեպքում՝ բնազդային ընկալումը։
Ո՞ր բառը (կամ միգուցե բառերը) ամենից լավ կարող է բնորոշել մեզ անցած տարում։ Եթե, իհարկե, հաշվի առնենք մեր հանրապետության ընդհանուր տրամադրությունը հետպատերազմյան, բայց իրականում սողալով շարունակվող պատերազմի պայմաններում։
Երևի, այդ բառը կապված կլինի չզգալու ցանկության հետ։ Կամ ավելի շուտ փորձերի՝ լինելու ավելի պարփակված ու փակ։ Ընդ որում՝ ոչ միայն քաղաքական անորոշ որոշումներից, այլև պատվաստվելու մասին մտքերից։
Ամենօրյա խոսքում բոլորն էլ այսպես թե այնպես փորձում եմ փակվել զգացմունքներից, սառեցնել հույզերը, տարանջատվել այն իրականությունից, որի վրա ազդել չեն կարող։ Եվ դրանով իսկ համարել, որ ավելի պրագմատիկ են։
Միգուցե դա նման է իրականությունից փախուստի, բայց դա նաև ինքնապաշտպանական հնարք է։ Թվում է, որ եթե զգայարաններդ բթացնես, ավելի հեշտ կկարողանաս դուրս գալ խնդիրների բեռի, տագնապալի լրահոսի ու մահվան նոր դեպքերի մասին լուրերի տակից։ Այդ ինքնախաբեության միջով երևի այսօրվա Հայաստանում շատերն են անցնում։ Եվ տարվա արդյունքը դա է։
Արդյունք, որը չունի համարժեք մեկ բառ, բայց սառեցնում է մարդկային զգայարանները։ Ու առաջ բերում կամ շփոթվածություն, կամ ծայրահեղ ցինիզմ, որը բացում է խցաններն ու դրդում ասել բառեր, որոնց նպատակը դիմացինին ոչնչացնելն է։
Տարվա բառերը ամփոփվում են նաև «հակալեզու» իմաստային ընտրությամբ։ Այդպես ընդգծվում է ատելություն հրահրող այն բառերը, որոնք դառնում են սովորական։ Սովորական քայքայիչ ու ցինիկ բառեր են։ Այդտեղ Հայաստանի ընտրությունը ավելի մեծ կլինի։
Բայց միևնույն է Հայաստանի տարվա բառը կարելի է համարել «անվստահություն»-ը, որի պաշարը հատել է կենսական նվազագույն շեմը։ Չենք վստահում ոչ միայն պետության որոշումներին ու միջազգային ատյանների դերին, այլև սեփական աչքերին, մտքերին ու հույզերին։ Սառեցնում ենք դրանք, որ ապրենք։
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: