2021.12.20,

Քննադատ

Մանկական Եվրատեսիլում հաղթեց ադրբեջանական քարոզչությունը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանի հաղթանակը այն աստիճանի քաղաքականացվեց ու դարձավ գույժերի առիթ, որ հայ աղջկա գրաված առաջին տեղը նույնացվեց ոչ թե Հայաստանի հաղթանակի, այլ Հայաստանի պարտության հետ։ 

Եվ դրան հասնելու համար սոցցանցային մարդիկ ու հասարակությանն անընդհատ տագնապների ներարկումներ անող լրատվամիջոցների ներկայացուցիչները գործադրեցին մեծ երևակայություն ու ուժ։ 

Ցանցերը ողողվեցին կեղտոտ ու կրքոտ գրառումներով, որ այդ հաղթանակով օրինականացվեց հողերի հանձնումը, Արցախի կործանումը և ընդհանրապես մեզ որպես խամաճիկներ են օգտագործում թե՛ Հայաստանի կառավարությունը, թե՛ եվրոպական քաղաքական ուժերը, նետելով փոքրիկ ուրախություններ մեծ տապալման դիմաց։

Եվ օրինակ, եթե հաջորդ տարի «Մանկական Եվրատեսիլը» գա Հայաստան, մենք ստիպված ենք լինելու ջերմորեն ընդունել Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչներին ու դրանով իսկ՝ խաչ քաշել մեր արդար պայքարի վրա։ 

Այս միտքը առաջ էին տանում հատկապես այն բլոգերները, լրագրողներն ու փորձագետի իմիջ ունեցող մարդիկ, որոնք ամեն տեղ որոնում են կապիտուլյացիայի նշաններ ու շտապում կիսել դրանք բավականին լարված ու նյարդային վիճակում գտնվող օգտատերերի հետ։ Շատ ուշագրավ էր, օրինակ, մի լրագրողի գրառումը, թե ինքը հույս ունի, որ Հայաստանը հաջորդ տարի կործանված կլինի ու ինքը չի լինի ամոթի ականատես։

Իրականում այս մեդիա աղմուկը ցույց տվեց, թե որքան անպատրաստ ենք դիմակայելու ու պաշտպանվելու ինֆորմացիոն պատերազմներում։ Որքան կանխատեսելի ու մակերեսային ենք ընկալում մեդիա արշավները, որոնք կազմակերպում է Ադրբեջանը։

Սա քաղաքակա՞ն մրցույթ է։ Անկասկած։ 

Եվ Ադրբեջանը մեզ լավ ցույց տվեց՝ ապավինելով մեր հանրապետության ներսում գործող իբրև թե ընդդիմադիր մեդիա ռեսուրսին՝ ինֆյուենսերներին, լրատվամիջոցներին ու ակտիվ օգտատետերին, որ հաղթողը ինքն է, ոչ թե մենք։

Երբ Հայաստանի հաղթանակից անմիջապես հետո Ադրբեջանի պատվիրակությունն ու երգչուհի Սոնա Ազիզովան մոտեցան Մալենային, շնորհավորեցին ու գրկեցին նրան, տեղի ունեցավ հույզերի նոր պոռթկում։

Այդ դրվագը Հայաստանում դարձավ համազգային ողբի առիթ, իսկ Ադրբեջանի համար՝ մեծ հաղթանակ, քանի որ այդպես այն ներկայացավ որպես մարդասեր, հեռատես ու բայրացակամ։ 

Եվ ամենակարևորը՝ խաղաց մեր ազգային ինքնասիրության վրա, կարծես ասելով՝ դե կերեք ձեզ ձեր իսկ ձեռքերով ու ձեր իսկ կանխատեսելիությամբ։

Իրականում սա իսկապես Ադրբեջանի հաղթանակն է, որը ապահովեցինք մենք։ 

Իհարկե, մեծ հաշվով «Եվրատեսիլը» փոքր բան է ու ոչ մի լուրջ հետք չի թողնում երգի ոլորտում։ Անկեղծ ասած՝ Հայաստանի երգն էլ առանձնապես լավը չէր։ Բայց դրանք երկրորդական բաներ են, քանի որ երբ ադրբեջանցի աղջիկը գրկում է հայ աղջկան, նա հաղթում է։ 

Իսկ նրա հետևում  կանգնած պետությունը լավ օգտագործում է մեր մեդիա ռեսուրսը սեփական նպատկաների համար։ Եվ մենք բոլորովին դրան պատրաստ չենք, ընդհակառակը՝ սիրով ուռճացնում ենք նրա նետած փշուրները մեծ ողբերգության ու հոգեկան տվայտանքների։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *