2021.11.26,

Քննադատ

Զրահապատ մանդատի զրնգոցը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մեր հասարակությունը շնչահեղձ է լինում նորություններից։ Բայց նույնիսկ եթե փորձում ենք պատնեշվել անկարևոր ու ցավալի տեղեկատվությունից, նորությունները գալիս ու թակում են մեր դուռն ու ուղեղը։

Եվ հաճախ մեծ ջանքերով պահպանվող հանրային սթափությունը ալեկոծում են այն նորությունները, որոնք ընկալում ենք մաշկով, բնազդային զգայարաններով։ 

Նման նորություններից կարող ենք ակտիվորեն ինքնակազմակերպվել կամ էլ սարսափելի անպետք մեզ զգալ, քանի որ մեզ հատկացվում է ընդամենը պասիվ դիտորդի դեր, որին խաբել, ծալել ու մի կողմ են դրել։

Այն լուրը, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կունենա 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի նոր ծառայողական մեքենա, որը նաև կլինի զրահապատ (հետագայում), միանգամից իրար կապեց գումարը, մակնիշը ու անձամբ Ալեն Սիմոնյանի կերպարը՝ ստիպելով արտահայտվել գրեթե բոլորին։

Այդ լուրը բոլորիս ծալեց ու մի կողմ դրեց, վրան էլ գրեց՝ «օտարված եք»։

Դա բոլորի լուրն էր այն պարզ բացատրությամբ, որ պատերազմի աղետը քիչ ժամանակ է տվել ոտքի կանգնելու համար, իսկ կառավարությունն այդ ժամանակը անհոգաբար մսխում է։ Անգամ քիչ թե շատ իշխանություններին լոյալ սոցցանցային հատվածը նոյեմբերի 25-ին ամեն ինչ ասաց՝ Ալենի, նորի, թանկի ու նրա անձնական պաշտպանության մասին։

Դա ոչ թե պողպատյա մանդատի վրա նետած մեծ ռումբ էր, այլև՝ զրահը փշրող միասնական կարծիք։

Տարբեր գրառումներում նոր մեքենայի գումարը վերածվում էր զինվորական զրահաբաճկոնների կամ դիրքերի կահավորման համար անհրաժեշտ պարագաների։ Համեմատվում էր մարզային ճանապարհների վիճակի ու աղքատիկ կենցաղի հետ։ Տեղահանված արցախցիներին տեղավորելու ու ապահովելու հետ։

Ի վերջո, հարց էր առաջանում, թե ինչու հիմա կառավարությունը որոշեց պաշտպանական բարձր մակարդակով ապահովել (եղած մեքենան հին էր ու լավ չէր պաշտպանում) մեկ պաշտոնյայի՝ ներկայացնող այն խումբը, որը քայլելով կտրել էր Հայաստանի տարածքն ու հեղափոխություն արել։ Այսինքն, սիմվոլիկ կերպով մաքրագործվել էր՝ կոռուպցիոն ու օլիգարխիկ համակարգից։ Ավելորդություններից ու կոմֆորտից։

Որքան էլ մեղադրենք լրատվամիջոցներին ու տարբեր քաղաքական նկատառումներով մանիպուլյացիա անող օգտատերերին, սա այն լուրն էր, որով իշխանությունները փորեցին իրենց գերեզմանափոսը ու վրան մեծ տապանաքար դրեցին՝ մեքենայի մակնիշով ու «Ալեն» փորագրությամբ։

Այս լուրը ոչ միայն ցինիկ էր իր էությամբ, այլև առասպելական իր անպատեհությամբ, քանի որ միանգամից խորացրեց խզումը մարդու ու չինովնիկի միջև։ 

Երբ պատերազմից հետո տարբեր մարդկանց հարցնում էի, թե ինչը ստիպեց նորից ձայն տալ փաստացի պատերազմ պարտված քաղաքական ուժին, հաճախ պատասխանում էին, որ իրենց նույնացնում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Որ նա հասկանալի ու հարազատ է, որ եթե պարտվել է, ուրեմն իրենք են նաև կրում պարտության բեռը։ Ասում էին՝ Նիկոլը մերն է։

Հարց՝ իսկ ու՞մն է Ալենը։ 

Ամեն դեպքում՝ հիմա ինչ էլ անի, ասի, ձեռնարկի նրան Հայաստանում պաշտոնապես երկրորդ մարդը կարգած քաղաքական ուժը, օտարումը սկսվել է հսկայական արագությամբ։ 

Կան հարցեր, որոնք լրատվամիջոցները հստակ ձևակերպում են՝ հրապարակելով հետաքննություններ այդ բարձրաստիճան ծառայողի կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների մասին։ Գումարած դրան՝ մեծ հարցեր է առաջացնում նրա հետ փոխկապակցված լրատվամիջոցների աշխատաոճը՝ տեղեկատվական նետումներով, չստուգված լուրերով ու անփույթ շարադրանքով։ 

Անփույթ և լավ պաշտպանված. թերևս այսպես։

Ի դեպ՝ նույն օրը, երբ գումար հատկացվեց ԱԺ նախագահին ֆիզիկապես լավ պաշտպանելու համար, հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի արտահերթ խնդիրները լուծելու համար կառավարությունը տրամադրել է 400 մլն դրամ։ Այդ երկու գումարային հատկացումները նույն հարթության վրա դրեցին Սիմոնյանին ու Սյունիքին, ու այսուհետ ինչ էլ անեն իշխանությունները, Սիմոնյանը ընկալվելու է որպես Սյունիքի պես հատուկ պաշտպանության օբյեկտ կառավարության համար:

Սիմվոլները շատ հետաքրքիր են աշխատում։ Մեկ մարդուն պաշտպանելու համար ձեռք բերվող մեքենայի լուրը (նույնիսկ եթե այն իրականություն չդառնա), անդառնալի ճաքեր առաջացրեց ամուր մանդատի լեգենդում։ Պողպատյա՞ մանդատ։ Ավելին՝ զրահապատ։ 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *