2021.11.17,

Քննադատ

Թերահավատությունը նորից ծնում է տեղակատվական աղբ, թույն ու փոշի

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի պետական մարմինների հաղորդած լուրերին հանրության մեծամասնությունը վերաբերվում է թերահավատորեն։ Ավելի հստակ ասած՝ չի վստահում: 

Պաշտոնականը ընկալվում է որպես քարոզչության բաղադրիչ ու վատ լուրերը թաքցնելու առիթ։ 2020-ի պատերազմի ընթացքում հենց պաշտոնական աղբյուրներն ամեն ինչ արեցին, որ իրական պատկերը (սարսափելի) փոխարինվի խմբագրված պատկերով (հուսադրող)։

Եվ հիմա փաստացի, երբ հայ-ադրբեջանական պատերազմը շարունակվում է ու անհայտ է, թե ինչ է կատարվում սահմանին, նաև քաղաքական ու ռազմական որոշումների թիկունքում, թերահավատության մթնոլորտն ավելի է խորացել։

Մարդկային լեզվով ասած՝ չգիտենք, թե ինչ չհայտարարված պայմանավորվածություններ ու նպատակներ կան (տարբեր պետությունների ու խմբերի), հետևաբար չգիտենք, թե ինչ գին ենք վճարելու դրանց համար որպես հանրություն։

Նոյեմբերի 14-ին սկսած սահմանային սրացումները ու ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի տարածք ուղեկցվում են ինֆորմացիոն քաոտիկ ջղաձգումներով։

Գերիների, զոհերի ու վիրավորվածների մասին լուրերը իրարամերժ են անգամ հենց պաշտոնական աղբյուրներում։

Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» գրեց, որ կա 10 զոհ, ՔՊ պատգամավորը խոսեց 15-ի մասին, ՊՆ-ն հայտնեց, որ կա 1 զոհ։ Թվերը հակառակորդի կորուստների մասին ևս հակասական են։

Բարդ է հասկանալ, թե քանի մարտական դիրք ենք կորցրել, և քանիսը (գուցե ոչ մեկը) հետ բերել։ Եվ, ի վերջո, որքան տարածք է մնում օկուպացված Ադրբեջանի կողմից այս կես տարում։

Մի կողմից հապաղող, իրարամերժ ու անվստահելի պաշտոնական լրահոսն է, մյուս կողմից որոշ լրատվամիջոցների խուճապ առաջացնող նետումները մոտալուտ կործանման ու աղետի մասին (օրինակ, որ արդեն Սյունիքը հանձնվել է թշնամուն կամ անցյալ տարի նկարահանված հայ գերիներին նվաստացնելու կադրերը, որոնք ներկայացվում են որպես թարմ), կարծես լրիվ անպաշտպան են դարձնում մեզ նաև ինֆորմացիոն պատերազմում։

Եվ շատ լավ աշխատում են տեղեկատվության տարածման այն սխեմաները, երբ անհայտ ու փոքր մի կայք հրապարակում է սենսացիոն ու ցավոտ մի լուր, այդ լուրը միանգամից (վայրկենական) տարածում են ադրբեջանական կայքերը, հետո լուրը նորից է վերադառնում հայկական լրահոս՝ արդեն որպես ավելի ծանրակշիռ փաստարկ։ 

Ու սկսում է բորբոքել լսարանի զգացմունքները, նյարդերը, ստիպում հուզականորեն արձագանքել ու տարածել տարբեր տեղակատվական աղբ, թույն ու փոշի։ Նաև՝ աղոթք, այսինքն մի ժանր, որ ծագում է լիակատար անհուսությունից։

Եվ ոչ ոք, սկսած պաշտոնական աղբյուրներից (Արծրուն Հովհաննիսյանն, օրինակ, որն այդպես էլ հանրայնորեն ներողություն չխնդրեց իր տապալված գործի համար), վեջացրած սենսացիաները պետական անվտանգությունից ավելի բարձր դասող լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներով, երբեք ու ոչ մի հանգամաքներում չեն էլ պատկերացնում, որ կարելի է ասել՝ կներեք, սխալվեցինք, քանի որ ուզում էինք ոչ թե տեղեկացնել, այլ համոզել ու քարոզել։ 

Արդյունքում խեղաթյուրեցինք կամ ուռճացրեցինք փաստերը, որ դուք, լսարան, համոզվեք՝ ամեն ինչ լավ է (ամեն ինչ շատ վատ է)։

Բարդ է, երբ ուզում ես իմանալ ոչ միայն այն, թե ինչ է կատարվում, այլ ինչ է այդ կատարվածը նշանակում՝ հեռանկարում ու անցյալ քայլերի համադրմամբ։

Որևէ պատգամավորի հետևից ընկնելն ու հարց տալը անիմաստ է, քանի որ նրա խուսափող ու անգամ արհամարհական պատասխաններից լրատվամիջոցները կշահեն միայն քլիքեր ու անեծքներով լի մեկնաբանություններ։ Ոչ ավելին։ Եվ այդ ոչ ավելին նույնպես քարոզչության մաս է, այդ թվում՝ ադրբեջանական։

Եվ քանի որ հանրությունը առնվազն պետք է իմանա իշխանությունների վարած քաղաքականության համար իր վճարելիք գինը, այն փորձում է արագորեն ու նշանակություն չունի, թե որ աղբյուրներից ստանալ իրականության պատկերը։ 

Արագ իմանալ, թե ինչ է կատարվում Սյունիքում, պետական այրերի հանդիպումների կուլիսներում կամ ոչ հանրային խոսակցությունների ընթացքում։

Տեղակատվական դեֆիցիտ է։ Եվ նաև հենց պետական մարմիններում։ Իսկ երբ պետությունը չի լրացնում այդ դեֆիցիտը, իսկ պրոֆեսիոնալ լրատվամիջոցները համախմբված չեն, հայտնվում են հազարավոր սպեկուլյանտներ ու առաջարկում իրենց ապրանքը։ Հիմնականում՝ ֆեյք ու հապճեպ կարկատած։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *