2021.10.22,

Քննադատ

Լրագրության անցյալից. Էլեկտրոնային թերթի ժամանակը. «Տարեգիր»

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

Նախորդ հոդվածներից մեկում գրել եմ, որ չնայած թերթերի առատությանը, այդ տարիներին մեծ տպաքանակներ չկային, իշխանությունը վերահսկողության տակ էր առել գրեթե բոլոր թերթերը, իսկ հատուկենտ անհնազանդներից շատ մեծ ջանքեր էին պահանջվում ֆինանսներ հայթայթելու և գոյություն պահպանելու համար:

Բնական է, որ այս իրավիճակը թելադրում էր այլընտրանքային լուծում, և այս առումով շատ ոգևորիչ եղավ էլեկտրոնային օրաթերթ ստեղծելու առաջարկը, որը շատ անակնկալ ստացա 2001 թվականի օգոստոսին:

Քսան տարուց փոքր-ինչ ավելի է անցել այդ օրերից, ու հիմա կարող եմ բացահայտել այս գաղափարի հեղինակին. Վանո Սիրադեղյանն էր, որից մեկուկես տարի ոչ մի լուր չունեինք:

Այլ անձանց միջոցով Վանոյի առաջարկը փոխանցվեց ինձ: Ասես հայտնվելով դեդեկտիվ ֆիլմի հերոսի դերում՝ հանդիպեցի այդ գաղափարն ինձ հետ իրագործելու պատրաստակամություն հայտնած հովանավորին, որի համեստ ներդրումով էլ լույս աշխարհ եղավ առաջին էլեկտրոնային օրաթերթը Հայաստանում (որոշ կայքեր, իհարկե, արդեն կային, խոսքը նոր «ժանրի»՝ էլեկտրոնային օրաթերթի մասին է):

Վանո Սիրադեղյանը և Արմեն Շեկոյանը

Չեմ բացահայտի այդ օրերի որոշ մանրամասներ՝ չափից դուրս անառողջ հետաքրքրություն ունեցող մարդկանց երևակայությունները մի ավելորդ անգամ չբորբոքելու համար: Կասեմ միայն, որ սա տեղավորվում էր պարկեշտության և ընկերության վերաբերյալ իմ պատկերացումների շրջանակում:

Նոր լրատվամիջոցի համար իմ առաջարկած մի քանի տարբերակներից ընտրեցինք «Տարեգիր» անվանումը, թեև այդ անունն ընտրելու պահից ի վեր շարունակ մտածել եմ, որ դա լավ անվանում կլիներ տպագիր լրատվամիջոցի համար, էլեկտրոնային (կամ ինչպես այն տարիներին էինք ասում՝ ինտերնետային) լրատվամիջոցի համար դա հաջող անուն չէ, քանի որ դրա մեջ բացակայում է օրվա ռիթմը ընթերցողին հաղորդելու նպատակը, հրատապ լուր հայտնելու հավակնությունը, մինչդեռ այս պարագայում առավել հարազատ ու բնորոշ պիտի լինեին հենց այդ հրատապությունն ու ռիթմը:

Անվան ու գործունեության հակասությունն ըստ երևույթին բխում էր առավել բաց ու պրոզայիկ անհամապատասխանությունից՝ հատկացված միջոցները և դրանց շրջանակում ներգրավվելիք ստեղծագործական ու տեխնիկական ռեսուրսները չափազանց սուղ էին երկնքից աստղեր իջեցնելու, հայ մամուլի պատմության մեջ հեղաշրջում անելու համար, եթե չասեմ, որ դրանք խնայողաբար օգտագործելու դեպքում կարող էին  բավարարել ընդամենը մի փոքրիկ լրատվամիջոցի ու շատ համեստ աշխատակազմի գոյությունը պահպանելուն, հույսի ու հուսահատության միջև երերացող հավասարակշռության պարանից չգայթելուն:

Արմեն Շեկոյանը և Վասակ Դարբինյանը

Պարզունակ կառուցվածքով ու շատ համեստ տեսքով կայքը ստեղծելուն զուգահեռ ամբողջացավ խմբագրակազմը: Խմբագրականները գրելու գործը հանձն առավ բանաստեղծ, իմ ավագ ընկեր և մամուլում բավականին մեծ փորձառություն ունեցող Արմեն Շեկոյանը: Քաղաքական և տնտեսական թեմաներով գրում էր Գառնիկ Գևորգյանը, իրավական ոլորտը լուսաբանում էր Լիլիթ Սեյրանյանը: Սկզբնական շրջանում թղթակցում էր նաև Հասմիկ Բուդաղյանը:

Էլեկտրոնային թերթի գաղափարը ամենաշատը զվարճացրեց Արմեն Շեկոյանին: Կիսաժպիտը դեմքից անպակաս՝ եզրակացրեց. «Էտի լավ բան ա: Փաստորեն թերթ ենք սարքելու, բայց «վազվռատ» չենք ունենալու»: Մի առանձին թեմա դարձավ անվան ընտրությունը. «Եկեք նյութերի տակ ստորագրությունները ավանդական ձևով չդնենք. ասենք՝ ես ստորագրեմ տարեգիր գրագիր, դու՝ տարեգիր խմբագիր, Գառնիկը…»: «Ես՝ տարեգիր Գարեգին»,- վրա բերեց Գառնիկը: «Որ հանկարծ Վանոն նյութ գրի մեզ համար՝ տակը կգրենք տարագիր տարեգիր»,- բառախաղերի շարանը շարունակեց գրագիր տարեգիրը…

Վանոն, ցավոք, երբևէ նյութ չուղարկեց, առհասարակ ոչ մի առնչություն չունեցավ «Տարեգիրի» հետագա գործունեության հետ: Ես ընդամենը ենթադրում էի, որ նա կարող է այցելել taregir.am ու տեսնել, թե ինչ կա-չկա Հայաստանում, ինչ տրամադրություններ են, ով է ողջ ու ով՝ ոչ, բայց դա ոչինչ չէր պարտադրում ինձ, և կարող եմ ասել, որ նոր լրատվամիջոցը կատարելապես ազատ էր բոլոր կարգի կաշկանդումներից, չհաշված, թերևս, մեզ համար անտեսանելի, անուղղակի խոչընդոտները՝ կապված ինտերնետ կապի խափանումների կամ գուցե տեխնիկական այլևայլ խնդիրների հետ:

Արմենին շատ էր զարմացրել նաև, որ հոդվածները կրճատելու պարտադրվածություն չենք ունենալու, և դրանք որքան էլ երկար լինեն՝ շատ հանգիստ կտեղավորվեն, իր բնորոշմամբ՝ «ինտերնետի անծայրածիր տարածքներում»: Այս ու սրանց նման այլ հայտնագործություններ անելիս Արմենը պտտվում էր մեր վարձած փոքրիկ խմբագրատանը, վերադառնում ու հերթական սրամտությունն անում: Ահա դրանցից մեկը. «Էդ որ Քոչարյանն ասում ա՝ 40 հազար աշխատատեղ ա բացել, կարող ա՞ էս մեր «Տարեգիրի» աշխատատեղերն էլ ա հաշվել»:

Արմենի հանդարտ ոճը, պարզությունը, հեգնանքի ու լրջության միահյուսումը, պաթոսից զուրկ և դիպուկ խոսքը խիստ համահունչ էին «Տարեգիր»  համեստ անվանումով պարբերականին:

Վասակ Դարբինյանի «Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդեսը։ Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Մի առիթով գրել եմ, հիմա կրկնեմ Արմենի շատ բնութագրական մի դիտարկումը. «Գիտե՞ս որն ա քո  և իմ տեքստերի տարբերությունը… Դու մինչև չես ջղայնանում՝ չես գրում, իսկ ես հակառակը. մինչև չեմ խաղաղվում՝ չեմ գրում»: Ու մինչ նրա ասածը կփորձեի զուգադրել իրականությանը՝ ժխտելու կամ հաստատելու, մինչ կգուշակեի՝ դիտողությո՞ւն է անում, թե՞ հակառակը՝ ավելացրեց. «Վանոն էլ ա ջղայնացած գրում»:

Բանաստեղծի բնատուր ինտուիցիայով Արմենը գուցե գուշակում էր Վանոյի հեռակա առնչությունը «Տարեգիրին», բայց ես երկար տարիներ գաղտնիքը չբացահայտեցի:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *