2021.10.19,

Քննադատ

Էլեկտրոնային կառավարության ձևական դրսևորումները

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեն բազմաթիվ էլեկտրոնային կառավարման գործիքներ, որոնք պետք է հեշտացնեն քաղաքացիների կյանքը, պետական համակարգը դարձնեն ավելի թափանցիկ ու հասանելիլ, ստեղծեն պետական համակարգի ու հանրություն ավելի սերտ կապեր և այլն և այլն։ Կարող է տարօրինակ թվալ շատերի համար, բայց Հայաստանում էլեկտրոնային կառավարությունը բավականին մեծ և բավականին երկար տարիներ գործող համակարգ է։ 

Բայց խնդիրներից մեկն այն է, որ շատ քիչ մարդ գիտե, և ավելի քիչ մարդ օգտվում է տվյալ ծառայություններից ու հնարավորություններից։ Մյուսն էլ այն է, որ համակարգն արդեն հին է, վաղուց արդեն հարկավոր է արդիականացում, ընդլայնում և զանազան բաղադրիչների միավորում։ 

Քանի որ էլեկտրոնային կառավարությունը, փաստացի, շատ ցրված է ու հաճախ միայն թղթի վրա է իրականացվում այն, ինչի համար ստեղծել է այս կամ այն հարթակը, գոյություն ունեն տիրույթներ, որտեղ կան հստակ, տարիներ ի վեր չլուծվող սկզբունքային խնդիրներ։ Խոսենք դրանցից մի քանիսի մասին։ 

ա․  E-draft հարթակը ստեղծվել է շատ լուրջ խնդիր լուծելու համար։ Մեջբերեմ․ «Միասնական կայքի ներդրմամբ ստեղծվել է առցանց հարթակ, որը ապահովում է գերատեսչությունների կողմից իրավական ակտերի նախագծերը հանրությանը ներկայացնելու, առցանց տարբերակով հանրային քննարկումներ կազմակերպելու հնարավորությունը, արդյունքում նաև՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ակտիվ մասնակցությունը իրականացվող օրինաստեղծ աշխատանքներին»։

Համաձայնեք, որ հիանալի գաղափար է։ Իսկ ի՞նչ է լինում իրականում։ 

Օրինագծերը հրապարակվում են, կառավարությունն ու ԱԺ-ն բացարձակապես ոչ մի ուշադրություն չեն դարձնում կայքում ներկայացված կարծիքների վրա։ 

Բայց հարկ եղած դեպքում պետական տիկնայք ու պարոնայք միշտ ունեն ասելու տեղ, թե օրինագիծը ներկայացվել է հանրությանը, լսվել են կարծիքները և այլ պոպուլիստական հայտարարություններ անելու համար։ Իրականում, տվյալ հարթակը հակառակ դեր է կատարում․ թույլ է տալիս իշխանություններին իմիտացնել ժողովրդավարական գործընթացները։ 

բ․ Էլեկտրոնային ռեգիստրում իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկատվությունը առ այսօր մնում է վճարովի։ Դրական փոփոխությունն այն էր, որ վերջերս լրագրողների համար այն դարձավ անվճար։ Սակայն տեղեկատվության ազատության տեսանկյունից նման խտրականությունը շարունակում է մնալ անհասկանալի։ Առավելևս, որ սա հակակոռուպցիոն գործիքներից մեկն է։ 

գ․ Տարիներ առաջ ստեղծվեց ազդարարման համակարգ։ Այն առաջացրեց բուռն քննարկումներ Ազգային Ժողովում։ Այնքան բուռն, որ արդարադատության նախարարության կայքում նույնիսկ տեղադրվեց այսպիսի ոչ տրիվիալ վերնագրով նյութ․ «Գործ տվո՞ղ», թե՞ ազդարար. Պաշտոնյաների դեմ հաղորդում քաղաքացիները կարող են ներկայացնել Գլխավոր դատախազություն՝ անանուն, օն-լայն»։ 

Ազդարարման կայքում գոյություն ունի վիճակագրություն, ըստ որի մենք տեսնում ենք, որ քաղաքացիները թևերը քշտած ազդարարում են, ու դրա հիման վրա հարուցվում են քրեական գործեր։ Բայց բացահայտված հանցագործությունների բաժինը դատարկ է։ 

Ցավոք, չի ազդարարվում, թե իրականում ինչ է կատարվում այս ոլորտում, հասկանալի չէ, թե արդյոք այս հարթակը իրականում աշխատում է, թե ոչ, որքանով արդյունավետ և այլն։ 

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք հասկանալի են դարձնում․ էլեկտրոնային կառավարման համակարգը պետք է հիմնովին թարմացվի։ 

Եվ ամենակարևորը․ այն պետք է ձևական բնույթ չկրի։ Ձևականությունն ու պոպուլիզմը չեն կարող լինել հիմնական քաղաքական վեկտոր։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *