2021.07.13,

Քննադատ

Գորգերը՝ կոդավորված ուղերձներ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Շուշիի գորգերի թանգարանը տարհանվեց Արցախից պատերազմի վերջին օրերին, դա նման էր հատուկ օպերացիայի, որն իրականացրեց թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։

Շուշիի հինգ թանգարաններից իրականում կարողացավ փրկվել միայն գորգերի թանգարանը, թեև ոչ ամբողջությամբ՝ մոտ 120 գորգ, բրոնզե և քարի դարի խեցեղեն ու այլ կիրառական իրեր մնացին Ադրբեջանին անցած Շուշիում։ 

Շուշիից եկած գորգերն արդեն մի քանի ամիս է ցուցադրվում են Երևանում՝ պատմելով Արցախի մասին արդեն բոլորովին այլ մեկնակետից՝ հիշողության շարունականության։ 

Ընդհանրապես գորգն ինքնին շատ հետաքրքիր առարկա է։ Բացի կիրառական նշանակությունից (որ լինի տաք, փափուկ, հարմար), այն նաև ուղերձ է՝ կոդավորված զարդանաշխերով։ Եվ ի տարբերություն, օրինակ խաչքարերի, որոնք ուղղված են անդրշիրիմյան աշխարհի հետ կապին, գորգերը միշտ կյանքի մասին են, այսօր ապրող մարդու։

Գորգը առասպելների, աստվածային թեմաների և ժողովրդական բանահյուսություն հատման կետում միշտ պատմում է ունիկալ պատմություն։

«Գորգերը հինավուրց սիմվոլիզմի՝ պրոտոսիմվոլիզմի մասայականացման միջոցներ են։ Այսինքն, դրանք զանգվածային են դարձրել արժեքները։ Եվ ուզես թե չուզես, գիտես կարդալ այդ սիմվոլները, թե չգիտես, դրանք աշխատում են, քանի որ դիպչում է համամարդկային արժեքեներին»,- պատմում է Վարդան Ասծատրյանը։

Զարդանախշի տեսքի վրա ազդում է թելի խտությունը՝ հանգույցների քանակը մեկ դեցիմետրի վրա։ Որքան գորգը խիտ է, այնքան նախշը ռեալիստական է։ Նոսր գործվածքներում զարդանախշը դառնում է գրաֆիկական պատկեր։ Պարզ ասած՝ գորգերը պիքսելներով ստացած առաջին նկարներն են։ Դրանք կոնստրուկտիվ, մաթեմատիկական լուծում պահանջող աշխատանքներ են։ Կարևորը հաշվարկն է։ Կան մետաքսի գորգեր, որոնց խտությունը հասնում է 200-250։

Ռակուրս

Գորգերը վիզուալ տեքստեր են, պատկերաշարեր, անգամ եթե կուզեք՝ ֆիլմեր, որոնք նայելու համար կարևոր է ընտրել ռակուրսը։ 

Գորգերին նայում ես երեք դիտակետից՝ վերևից՝ ներքև, ներքևից՝ վերև, շուրջդ։ Վերևում երկինքն է, տիեզերքը, անհայտն ու ենթադրականը, աստղերն ու մոլորակները, ի վերջո, Աստվածը։ Աչքերդ բարձրացնում ես, որ տեսնես։ Եվ անպայման երևակայում ես, քանի որ հեռուն կարիք ունի երևակայության։

Կա նաև հակառակ ռակուրսը, որով վերևից նայում են մեզ՝ մահկանացուներիս։ Նայողը սովորաբար Աստվածն է։ Այդ դիտանյունով են ստեղծվում աշխարհի արարման, ադրշիրիմյան աշխարհի մասին պատմող սյուժեներով գորգերը։

Իսկ եթե նայում ես շուրջդ ու պատկերում իրականում տեսածդ, ստացվում է պարզ ու մաքուր վավերագրություն։ Ստացվում են՝ ծաղիկներ, կենդանիներ, կենցաղային պատմություններ, ճանաչելի դրվագներ։ Օրինակ, թախտի վրա պառկած կատու, վանդակի մեջ սոխակ, բույն հյուսող ծիծեռնակ, դաշտերում վազող զամբիկ։ Եվ շատ շուշաններ։ Շուշի, Շուշան, շուշան… Ծաղիկ, որը աստվածային ուժի նշան է և հաճախ է հայտնվում թագավարոկան թիկնոցների վրա։

«Մեր գորգերի պատմությունները շատ դինամիկ են, կա պատումի զարգացում, շարժում»,- ասում է Վարդան Ասծատրյանը։

Օրինակ, այս գորգում երկինքն է օրվա տարբեր ժամերին՝ լուսաբաց, ցերեկ, աղջամուղջ, գիշեր։ Մոնտաժված վիդեոշարի պես օրը բացվում է, հետո՝ հանգչում։ Այս «Աստղագորգ»-ում ամբողջական պատմություն ստանալու համար օգտագործվել է այնպիսի գունաբաժանում (բաց կապույտ, մուգ կապույտ, սև), որը երկնակամարի անցումային փուլերը սահուն կերպով սերտաճեն մեկը մյուսի մեջ։ Որ ժամանակը երկնքում հոսի ու մենք՝ հողեղեն էակներս, զգանք այդ հոսքը

Աստղագորգ, 19-րդ դար, Պատարա, Ասկերանի շրջան, Արցախ:

Վարդան Ասծատրյանը պատմում է, որ արաբական ու պարսական գորգերը սովորաբար մեկ պահի ու մեկ իրավիճակի պատմություն են՝ օրինակ, դրախտի կամ կենցաղի։ Իսկ հայկական գորգերում աստվածային թեմաներն ու բանահյուսությունը ներդաշնակորեն կողք կողք են։ 

Հայկական կենաց ծառերի վրա նույնպես հանդիպում ենք մոնտաժային տեխնիկայի։ Օրինակ, Եդեմական խնձորենին նույն գորգի տարբեր դրվագներում տարբեր տեսք ունի՝ սկզբից բերքառատ է, հետո՝ չորացած։ Աստծո ամենատես աչքը տեսավ ու փակեց դրախտի դռները, ծառն էլ չորացավ։

Մետաքսե ճանապարհը, որն անցնում է Ղարաբաղով, պատկերված է ինչպես ընթացք, քարավանի ճամփա, road movie։ Երկնքում գունավոր զիգզագ է, որը խորհրդանշում է սահուն անցումը գիշերից դեպի ցերեկ։ Հետո նորից ու նորից։ Երկար ճանապարհ է, երկար զիգզագ է։  

Քարավան», 18-րդ դար, Շուշի

Հետաքրքիր է, որ հայկական գորգերում հստակ ու կտրուկ սահմաններ չկան, փոփոխությունները դանդաղ են կամ միտումնավոր ներկայացված այնպես, որ կարծես երկու հակադարձ իրավիճակները բխում են մեկը մյուսից։ Այսինքն, կյանքը ներկայացվում է բարդ ու բազմագույն։ Միաժամանակ սև ու սպիտակ։

Հաճախ թվում է, որ գորգերը կարիք ունեն «թարգմանիչների», մեկնաբանների, որոնք կարող են գորգերի նախշերում կարդալ սիմվոլներն ու տեսնել թաքնված ուղերձները։ 

Վարդան Ասծատրյանը վստահ է, որ բավական է հասկանալ զարդանապշերի սկզբունքը, որ հեշտությամբ կարդաս գորգերում ամփոփված պատմությունները.

«Սիմվոլները նույնն են աշխարհի բոլոր ժողովրդների մոտ, նույն սիմվոլներն, օրինակ, կարող եք տեսնել ամերիկյան նավահո հնդկացիների, արաբների կամ սլավոնների մշակույթում։ Նախշերը մեկ առ մեկ կարող են կրկնվել բացարձակապես իրար անծանոթ մշակույթներում։ Օրինակ, կան նախշեր, որոնք երկու հազար տարի առաջ նույնությամբ կրկնել են ամերիկացիներն ու հայերը։ Չգիտեմ, թե ինչպես է աշխատում այդ մեխանիզմը, բայց մարդը ուր էլ լինի, միանգամից կարդում է, ասենք, աստղի նշանը ու դրա փայլի նախշը, որը շատ նման է խաչի։ Բայց կա մի հետաքրքիր տարբերություն՝ չկա այնպիսի նախշ, որը հայերը չեն գործել։ Հայերը ամեն ինչ էին գործում, հայկական գորգերում կարող ես հանդիպել ցանկացած զարդանախշեր»։

Շատ հետաքրքիր պատմություն է պատմում «Աստղաթափ» գորգը։ Աչքերդ բարձրացնում ես երկնքին ու տեսնում, որ փոքր անոթներով (տիեզերանավերո՞վ) վերևից իջնում են փոքրիկ մարդուկներ (այլմոլորակայիննե՞ր)։ Իջնում են հավասար, նույն չափի ու տեսքի էակներ։

Գորգ «Աստղաթափ», 19-րդ դար, Մուշկապատ, Մարտունի

Իրականում, այս գորգը վիզուալիզացնում է այն վարկածը, որը կյանքը Երկրագնդի վրա ոչ թե ինքնաբերաբար է ծագել, այլ ներմուծվել է տիեզերքից՝ սերմի տեսքով։ Եվ ամեն մի աստղ սերմի տոպրակ է, որը թափվում է վերևից ու ծիլ դնում հողի վրա։

Իսկ հողի տակ, ադրշիրիմյան աշխարհում, որտեղ իջնում ես աստիճաններով, կրակի լեզվակներ են (ինֆեռնո), կարիճներ, մեծ ու փոքր սատանաներ ու չար էակներ։ Եվ այդ աստիճանները հայկական գորգերում եռաչափ են։ 

Գորգ «Անդրաշխարհ», 19-րդ դար, Մոխրենես, Հադրութի շրջան

Գորգ «Անդրաշխարհ», 19-րդ դար, Տող, Հադրութի շրջան

Այն ուղերձները, որոնք գորգերը փոխանցել են մարդկանց, ներգործում են թե՛ գիտակցական, թե՛ ենթագիտակցական մակերեսում։ Օրինակ, թիթեռերի պատկերներով։

Թիթեռը երեք փուլանոց էակ է, որը լիովին կերպարանփոխվում է երեք անգամ։ Սկզբից թրթուր է (սպառողական կյանք), հետո բոժոժ (ժամանակավոր մահ) ու վերջում՝ թիթեռ (համբարձում ու ազատագրում)։

Թիթեռը բոլոր ժողովրդների մոտ մարմնավորում է հոգին, հավերժական փխրուն մի նյութ, որի ահմահության նշանները մարդկությունը որոնում է անհիշելի ժամանակներից։ Թիթեռի պատկերների հետ կարող է մրցել թերևս միայն մեղուն, որը տարբեր ֆոլկլորներում մայրն է, հիմքը։ 

Վարդան Ասծատրյանը պատմում է նաև այն գենդերային դերերի մասին, որոնք կոդավորված են գորգերում։ Երբ ծնվում է տղա, նա արդեն տոհմի շարունակողն է, նրան փոխել չի ստացվի։ Իսկ աղջիկը փոփոխվող է, ճկուն, պրագմատիկ։ Նա հիմքն է։

«Առասպելները պետք է ընկալել որպես ամբողջություն։ Չի ստացվի ընդունել բառացի։ Գորգագործները երբեք իմպրովիզացիա չէին անում, նրանց տալիս էին գունային նկար-սխեման, որը պետք էր հստակորեն կրկնել։ Գորգագործությունը կանոնիկ արվեստ էր մինչև 20-րդ դար։ Հիմնական պատվիրատուները քուրմերն էին, հետո եկեղեցու վարդապետերը, իսկ վերջին դարերում նաև հատուկ մարդկանց խավը, որի նպատակն էր արժեքների մասայականացումը»,- ասում է նա։

Եվ եթե կար ժամանակ, որ արվեստը ընտրյալների համար էր, ապա գորգերը օգնեցին այն դարձնել զանգվածայնորեն հասանելի։ Նաև իրազեկելու ու գեղագիտորեն դաստիարակելու։ 

Սիմվոլիզմը աշխատում է ենթագիտակցաբար։ Ժողովուրդը այդ նույն սիմվոլները տեսել է տարբեր տեղեր, հիմնականում եկեղեցում, իսկ հիմա դրանք հայտնվում արդեն նրանց տանը՝ փռվում թախտին, կախվում պատին, ստանում կիրառական նշանակություն։ 

Վարդան Ասծատրյանը պատմում է, որ եղել են մարդիկ, որոնք իրենց վրա են վերցնել պարտականությունը՝ հասցնելու ուղերձները ամեն մեկի տուն՝ նաշխերի ու գույների տրաֆարետներով։ Որ քաոս չլինի ու մարդիկ կանոնավոր ապրեն։ 

Գորգերը կայունության միջոցներից մեկն էին։ Ճիշտ այնպես, ինչպես մեդիան։ Գորգերը ժամանակակից լեզվով ասած՝ մեդիա գործիք են, որոնց համար տրաֆարետները գրում են պատվիրատուները։ Եվ հարցն այն է, թե ի՞նչ նպատակ ունեն այդ պատվիրատուները։

Վարդան Ասծատրյան

«Հայերը միշտ եղել են արժեքների հավաքագրող ու տարածող։ Հայերը չէին զավթում, այլ ներազդում էին մշակույթով, գիտելիքով։ Դա է մեր տարբերությունը»,- համոզված է Վարդան Ասծատրյանը։

Նա գորգը համարում է մինչինտերնետային հարթակ, որը միավորում է, պատմում ամեն ինչի մասին։ Եվ գորգագործության տեխնոլոգիան, որը հիմա անհետանում է ողջ աշխարհում, հանգիստ կարող է կապ հաստատել թվային տեխնոլոգիաների հետ։ Գորգի տրամաբանությանը հոգեպես ու տեխնոլոգիապես ամենամոտը անիմացիան է․

«Մեծ իմաստով գործած պատմությունները հենց անիմացիա են, շարժապատկեր։ Գորգագործության մեջ անբաժանելի են վիզուալն ու տեքստը։ Ու կյանքի մասին պատկերացումներն ու լուծումները մեկ հարթության վրա են հավաքված»։

Կլինի՞ թանգարան

Շուշիի գորգերի թանգարանը մասնավոր է։ Վարդան Ասծատրյանը տասը տարի առաջ այն հիմնադրել է սեփական ուժերով ու սեփական գումարով էլ ձեռք է բերել գորգերը։ Եվ որ ամենակարևորն է, սա այն եզակի թանգարաններից է, որի յուրաքանչյուր նմուշի ծագումնաբանությունը հստակ բացահայտված ու նկարագրված է։ 

Այսինքն, արխիվացված է գորգերի ողջ ճանապարհը՝ արարումից մինչև մեր օրեր (ով, որտեղ, երբ, ինչ նյութով է գործել, ում է ժառանգվել)։ Շատ գորգեր տոհմային առարկաներ են։

Իհարկե, աշխարհում կան թանգարաններ, որտեղ կարելի է հանդիպել ավելի հին, ավելի արժեքավոր գորգեր, բայց այս թանգարանում տեղեկատվությունը ամփոփված է լիարժեքորեն։

Իսկ դա առաջնային պահանջ է, եթե փորձում ես լինել միջազգային ստանդարտներով թանգարան։ Թանգարանային նմուշը պիտի հստակ քարտադարան ունենա, այլապես այն կլինի ոչ թե թանգարանային նմուշ, այլ, ասենք, հավաքածուի տարր։ «Եթե չգիտեմ գորգի ծագումնաբանությունը, երբեք չեմ ցուցադրում»,- ասում է նա։

Հիմա թանգարանի ճակատագիրը անհայտ է։ Բարդ է ասել, թե ապագայում ինչ տեսք ու ուղղվածություն կարող է այն ստանալ, բայց Վարդան Ասծատրյանը երազում է, որ թանգարանը ոչ միայն ցուցադրման վայր լինի, այլև ինտերակտիվ դպրոց։ Եվ խոսքը ոչ միայն արհեստի մասին է, որն արդեն կորսվում է, այլև թաքնված պատմությունների, սիմվոլների խաղի ու սթորիթելինգի հմտությունների փոխանցման։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *