2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջադրված 22 կուսակցություններն ու 4 դաշինքները մտել են պայքարի մեջ:
Հունիսի 7-ին մեկնարկած քարոզարշավն անցնում է ծայրահեղ լարված իրավիճակում, երբ պարտության բեռն ու անորոշ ապագան հարկավոր է որևէ կերպ իմաստավորել՝ ձևակերպելով անելիքները արդեն բոլորովին այլ մեկնարկային կետից։
Եվ տպավորությունն այն է, որ այդ նոր մեկնակետը նողկանքն ու զավեշտն է։ Ականատես ենք բառերի, հայտարարությունների ու ձևակերպումների այնպիսի մրցավազքի, որը մի կողմից հիշեցնում է վեհ ու աբստրակտ սովետական ոճը, իսկ մյուս կողմից (ավելի տեսանելի)՝ չի խորշում բացեիբաց հայհոյանքից, սպառնալիքից ու ագրեսիվ կոչերից։
Գրեթե բոլոր քաղաքական ուժերը դիմում, մեղադրում են միմյանց ու իրենց ասելիքը փնտրում մյուսին պատասխանելու մեջ։ Կարծես ընտրազանգված չկա, կան միայն հակառակորդ ուժեր, որոնց հարկավոր է ջախջախել։
Իհարկե, ջախջախման մշակույթը չի արտացոլվում կարգախոսներում, որոնք լինելով ապրանքանշանի խտացված ուղերձ (քաղաքական շուկայում բոլոր կուսակցություններն են ապրանք)՝ զուտ դեկորացիա են։ Համենայնդեպս, այսօր են դիտվում որպես նախշազարդ կցորդ, որը ոչ պարտադիր, բայց գոնե գեղեցկացնող տարր է։
Ընտրողը որոշ դեպքերում անգամ չի էլ նկատում այդ կարգախոսները, եթե իհարկե, դրանք փողոցի պաստառներից մեզ այնքան դիվադադար չանեն ու մեր աչքը չխոթեն որոշակի բառեր։
Իսկ հանրային խոսքում քաղաքական ուժերը ներկայանում են որպես քիլլերներ։ Ու թեև Հայաստանի առաջին դեմքը քիլլեր է անվանում լրատվամիջոցներին, բայց առաջին հերթին սպանիչ են քաղաքական ուժերի ընտրած բառապաշարն ու դրդապատճառները՝ մտնելու քաղաքականությունը։
Բոլոր դեպքերում՝ կարգախոսները չափանիշ են։ Բայց թերևս ոչ թե ծրագրի կամ դիրքորոշման, այլ այն տեղի ու դերի, որը ըստ կուսակցությունների՝ արժանի է հասարակությունը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ սահմանել է այդ ուժերի հերթական համարները ու ի գիտություն ընդունել կարգախոսները։
- «Արդար Հայաստան» կուսակցություն («Վե՛ր կաց, Հայաստան»)
- «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն («Լրջանալու պահը»)
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն («Ապագա Կա՛, Ապագա»)
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն («Ուշ Չէ, Զարթնի՛ր, եկ Պայքարենք»)
- «Ազատություն» կուսակցություն («Չենք Զիջելու»)
- «Պատիվ ունեմ» դաշինք («Ուղղի՛ր մեջքդ։ Կպնե՛նք գործին։ Որ ապրե՛նք»)
- «Միասնական հայրենիք» կուսակցություն («Հետ նայելով, առաջ տանող ճանապարհ չկա»)
- «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն («Մենք գալիս ենք մաքուր խղճով և մաքուր ձեռքերով»)
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն («Կա՛ Այլընտրանք, Քվեարկի՛ր»)
- «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն («Մեր Տունը Հայաստանն է»)
- «Հանրապետություն» կուսակցություն («Աշխատատեղ և Ազատություն»)
- «Հայոց հայրենիք» կուսակցություն («Ո´չ նախկին, ո´չ ներկա, այլ միայն հզոր ապագա»)
- «Ազատ հայրենիք» դաշինք («Ձեր Բեկումնային Որոշումը»)
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն («Անվտանգ Հայրենիք, Հզոր Պետություն»)
- Հայաստանի դեմոկրատական կուսակցություն («Ուժը մարդն է»)
- «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն («Հանուն Հայի և Հայաստանի»)
- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրտական կուսակցություն («Զի ՔՈ է» «Զրո քվե ճգնաժամին»)
- «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» («Ընդդեմ Գողապետության, Հանուն Հանրապետության»)
- «Ազգային օրակարգ» կուսակցություն («Օրակարգում Հայն է»)
- «Վերելք» կուսակցություն («Միտք, Միասնություն, Ուժ»)
- «Ազատական» կուսակցություն («Անվտանգ և ապահով հայրենիք»)
- «Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցություն («Հավատքով, Ուժեղ, Միասնական»)
- Հայաստանի եվրոպական կուսակցություն («Հայաստանը Եվրոպա է և վերջ»)
- «Հայաստան» դաշինք («Ավելի Ուժեղ Հայաստան»)
- «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն («Ոչ անցյալ, Ոչ ներկա, Ազգային Ապագա»)
- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն («Նվիրյալների Ժամանակն է…»)
Հայաստանը ըստ ցուցակների պիտի լինի՝ բարգավաճ, լուսավոր, արդար, ազատ, ինքնիշխան, արթանա, վերելք ու զարթոնք ապրի, պատիվ ունենա, լրջանա ու մտածի, որ կա ապագա, դեռ կան արծիվներ, բևեռ ու եվրոպական կողմնորոշում։
Այս խայտաբղետ բառերի շարանում կան թե՛ պոետիկ ուղերձներ, թե՛ հրամաններ, թե՛ գերակայություն նշմարող ազգային պատկանելիության հղումներ, թե՛ միասին խորհելու հրավեր։
Մի քանի քաղաքական ուժի կարգախոսները պարզապես բառեր են, որոնք շատ արագ կմոռացվեն, կան նաև կարգախոսներ, որոնք ներկայի ուղղիղ արտացոլումն են։ Բայց ամենաարժեքավորը թերևս հենց համատեղ խորհելու միտքն է, ոչ թե հրամանը կամ սպառնալիքը, կամ առավելևս՝ հզոր, ուժեղ ու անվտանգ դառնալու խոստումը։ Եվ ամենահաջողված կարգախոսը ՀԱԿ-ինն է
Լրջանալու պահը
Կուսակցությունը չի հրամայում զարթնել, պայքարել ու ընտրել այլընտրանք, խուսափում է նաև այն բառերից, որոնք միշտ ու բոլոր ժամանակներում եղել են վերացական՝ ազգային երանգով։ Եթե լրջանալու պահն է, ապա որոշումը քոնն է՝ արդեն լուրջ դիրքերից։ Սա այն ուղերձն է, որ կարգախոսը փոխանցում է առանց շատախոսության ու հրամանի։ Չի ասում՝ լրջացե՛ք, այլ ասում է՝ պահ է։
Ուղղի՛ր մեջքդ։ Կպնե՛նք գործին։ Որ ապրե՛նք
Հայաստանի քաղաքացին շատ ուղիղ մեջքով ու նաև ձիգ պարանոցով հանդերձ՝ վաղուց կպած է գործին՝ հաստատելով հենց այս քաղաքական ուժի գլխավոր թեզը. դա ժամանակավրեպ խոսք է։ Ընդ որում՝ նախկին պետական ծառայողներից կազմված այդ ուժը իմպերատիվ կերպով ասում է այն, ինչը պետք է ոչ թե գոռալ, այլ կամացուկ շշնջալ՝ իրար ականջին։ Այլապես ցինիզմի հասնող կարգախոսը միայն միջակ երգ կարող է դառնալ։
Համենայնդեպս, «Պատիվ ունեմ»-ի ցինիզմը յուրաքանչյուրիս վրա անուն առ անուն է տարածվում:
Ապագա Կա՛, Ապագա
Սա ռեֆրենի (կրկնության) վրա հիմնված ասմունքի ժանրի նմուշ է։ Երբ ասում են ապագա կա, ակամայից սկսում ես վախենալ, քանի որ քեզ ասում են մի բան, որը թվում է միշտ կա, բայց պարզվում է կարող է նաև չլինել։ Երկու հատ ապագա ունենալը էլ ավելի մեծ տարակուսանք է առաջացնում։ Ապագա ամենուրեք կա, բայց ի՞նչ տեսակի։ Ափսոս, որ առաջին ապագան հարցակոնով չի, այդպես կստացվեր ավելի դրամատիկ ասմունքել այն։
Ավելի Ուժեղ Հայաստան
Սա ասում է մի ուժ, որը լավագույնս ցուցադրել է իր ուժը նախորդ տասնամյակներում և որի պատկերացրած ուժեղ Հայաստանը իրականում եղել է ամենախոցելի վիճակում՝ լի քրեաօլիգարխիկ տարրերով ու լավ մշակած ճնշման մեքենայով։ Ընդհանրապես անձնապես ուժեղ (երկաթյա ձեռք, ամուր բռունցք և այլն) մարդը, երբ փորձում է նույնանալ ողջ պետության հետ, սկսվում է օրգանական վանում։ Ուժե՞ղ, հա՞։ Իսկ անցյալու՞մ…
Երևի հիմա, երբ Հայաստանը անընդհատ մտովի վերադառնում է անցյալ, պատերազմին ու պետականության հիմքերի սասանման պատճառներին, «ուժեղ» բառը միայն թախծոտ քմծիծաղ է առաջացնում։
Անվտանգ Հայրենիք, Հզոր Պետություն
ԲՀԿ-ն լավ գիտե, թե ինչպես մանևրել, նաև՝ բառերով։ Սա այն կարգախոսն է, որի բառերի տեղափոխումից ոչ մի բան չի փոխվի։ Օրինակ, կարող է լինել լրիվ հակառակը՝ հզոր հայրենիք ու անվտանգ պետություն։ Դրանք պարզապես բառեր են, որոնք շաղ են տրվում՝ առանց երկար-բարակ մտածելու։ Դեկորացիա են իսկական։
Կան կարգախոսներ, որոնք չի ստացվի վերլուծել, քանի որ մեծ հաշվով դրանք ոչ մի բանի մասին են՝ ուժ, միասնություն, հավատք, հայ, մաքուր խիղճ, մաքուր ձեռքեր, ազգային ապագա, ազգի ապագա, նվիրյալների ժամանակ և այլն։
Լավ կարգախոսը միշտ սեղմ, կրեատիվ, հիշվող ու թարմ է։
Բառերը ունեն հատկություն՝ որքան ընդարձակվում, տարածվում, այնքան լղոզվում են ու հեռանում զանգվածներից։ Դա նույնն է, որ լավ սուրճ սիրողը պատվիրի ոչ թե խիտ ու թանձր էսպրեսսո, այլ սուբլիմացված լուծվող սուրճի սուռոգատ։
Եվ այստեղ որպես սփոփանք պետք է նշել Հայաստանի դեմոկրատական կուսակցություն կարգախոսը՝ «Ուժը մարդն է»։ Հիմա այդ կուսակցությունը դուրս է մնացել մրցավազքից, թեև դրա առաջնորդի լուսանկարները ուղղակի ողողել էին Հայաստանը։
Բայց այդ կարգախոսը հիմա կարելի է վաճառել ուրիշներին՝ նույնիսկ ավելի թանկ գնով։ Մարդը իրոք ուժեղ է։ Երևի։
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: