Արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին կանգնած Հայաստանի քաղաքական դաշտն այն աստիճանի է լցվել ատելության խոսքով, ոչ նորմատիվ լեքսիկոնով ու բրուտալ հայտարարություններով, որ թվում է՝ մենք գտնվում ենք թրիլլերային իրականության մեջ, որտեղ փթթում են խորքային բարդույթներն ու «ու՞մ թուրն է ավելի մեծ» մանկապատանեական խաղերը։
Չկան խոսքի սահմանագծման ու սահմանազատման փորձեր (եթե կան էլ, ապա դրանք կորչում են համատարած աղմուկի մեջ)։
Փոխարենը մեդիա դաշտում լսելի են միայն այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք իրենց հայտարարություններն ու հանրային ելույթները կառուցում են միմյանց պատասխանելով այնպես, որ ամեն մի նոր պատասխանով խոսքի մակարդակն իջնի ավելի ու ավելի ցածր աստիճանի։
Եվ նմանվի միաժամանակ կռիվ-կռիվ խաղացող դեռահաս տղաների պահվածքին ու հասունության տարիքի հասած ու շատ ցավեցնող հնարքներ իմացող քաղաքական տեխնոլոգների արշավներին։
Պարտության բեռի տակ մնացած, սառած ու շվարած հասարակությանը առաջարկվում է այնպիսի մեդիա օրակարգ, որը միանգամից ստեղծում է զզվանքի ու հրճվանքի խառնուրդ։ Եվ որքան հրճվում է մեկ հատվածը, այդքան զզվում է մյուս հատվածն ու առաջարկում նույն այդ խառնուրդի ավելի խտացված չափաբաժին։
Դա կործանարար խառնուրդ է, բայց այն միակը, որն ունենք այս պահի դրությամբ։ Եվ ոչինչ չի հուշում, որ հնարավոր է դրանից ազատվել, քանի որ քարոզարշավն ինքնին գարշահոտ է ու պայմանավորված տարբեր քաղաքական բևեռների համատեղ ջանքերով՝ խաղալու այդ գարշահոտության վրա։
Տղա՞ ես, արի՛ ասեմ…
Տղամարդ լինելու (թուրը ճոճելու) ամենաճղճիմ ոճով իրար մարտահրավեր են ուղարկում մարդիկ, որոնք հավակնում են լինել Հայաստանի փրկիչն ու իրենց ծրագրերում վեհ բառերով խոստանում են ապահով ապագա ու ուժեղ պետություն։
Եվ զարմանալի համերաշխ են միայն մեկ հարցում, որ իրենք կհաջողեն, եթե խոսեն բակային սանձարձակ բառապաշարով՝ նսեմացնելով դիմացինի մեջ առաջին հերթին տղամարդուն (այսինքն, կդիմեն սեռով պայմանավորված դերաբաշխմանը, ոչ թե քաղաքական դիրքորոշմանը)։ Եվ հուսով, որ դա է հասարակության այսօրվա ուզածը։
Վերջին օրերին նորաձև դարձած «դուել» բառը շատ լավ արտացոլում է այն անդունդը, որի մեջ սահուն սուզվում ենք (այս բառն էլ իրականում նոր իմաստ ստացավ մեկ այլ քաղաքական մասնակցի շնորհիվ, որը ի ծաղր աշխարհի հայտարարեց, որ «անդունդը խանգարել» պետք չի)։
«Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով ընտրությունների մասնակցող «Հայաստան դաշինքի» առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը այսպես է տեսնում քաղաքական բանավեճի ֆորմատը՝ զենքով դուելի.
«Բանավեճի պատրաստ չեմ… բայց ռուսերեն լավ բառ կա՝ դուել։ Այ, դուելի պատրաստ եմ, յուրաքանչյուր զենքի տիպով, բայց չեմ կարծում, որ տղամարդկությունից խոսացողը տղամարդակության հետ որևէ առնչություն ունի»։
Մութ բնազդներին հղում անող այս թեման շարունակեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալով՝ նա հայտարարեց, որ ընդունում է մարտահրավերը. «Ռոբերտ Քոչարյանը ուզում է իբր ուժեղ տղու կերպար ստեղծել, ես քեզ ասում եմ՝ Ռոբիկ, դու ոչ մի բան ես: Ոչնչություն ես: Դու տղա չես, դու տղամարդ չես, եթե տղամարդ ես, ես քեզ հրավիրում եմ բանավեճի»:
Տղա, տղամարդ լինելու մասին մեջբերումները լցվեցին մեդիա որպես քաղաքական խոսք, արժանացան հազար ու մի մեկնաբանությունների ու շարունակությունների, որոնք ցույց էին տալիս, թե որն է տղամարդ լինելու այսօրվա մոդելը։
«Ասա ժամը և տեղը, վերցրու ուզածդ զենքը, նշանակիր և ես գալու եմ»,- դուելի թեման ակտիվորեն շարունակեց Նիկոլ Փաշինյանը։
Դուելը տղամարդային զբաղմունք է սկսած կենդանական աշխարհից, երբ կոտոշներով, սմբակներով ու մարմնի այլ ամուր մասերով իրար են բախվում որձերը՝ հանուն էգի ու ժառանգություն թողնելու իրավունքի։
Հիմա դուելն ու «տղայական» պահվածքը տեղափոխվել է քաղաքական դաշտ ու դարձել լրատվական դաշտի հրճվանք-զզվանքի առարկա։
Մինչև մահ կամ առնվազն՝ հաշմանդամություն, դեմ առ դեմ կռվելու այս նորաձև քաղաքական պահվածքը եկավ փոխարինելու այն, ինչ կարելի էր անվանել բանավեճ։ Հիմա ուզում են վիճել բանով, այսինքն, ուժի խորհրդանիշով։ Օրինակ բազկով, բռունցքով, սառը զենքով կամ հրազենով։
Ու նաև այն բառապաշարով, որով խոսում են քրեական տարրերն ու դեռևս սոցիալիզացիայի փուլ չանցած, բայց եռացող արյուն ու սեռական քիչ փորձ ունեցող պատանիները։
Մինչ այդ էլ հորդորներ էին հնչում հարցերը լուծել ռինգում, կրկին բանավեճի փոխարեն։ Սյունիքի նախկին մարզպետն, օրինակ, նման հրավեր էր արել ԱԺ պատգամավորին։ Եվ դա որոշ ժամանակ թոփ թեմա էր լրահոսում։
Մաչո տղամարդիկ իրար էին ցույց տալիս ուժը, բա իհարկե, դա կդառնար լրահոսի թագուհին։
Քաղաքական ուժերն ասում են, իսկ լրատվամիջոցները մեջբերում են խոսքեր, որոնք ոչինչ են քաղաքական տեսակետից, բայց կոտոշ ցույց տալու հարմար առիթ են։ Եվ հարց՝ ու՞մ են ցույց տալիս այդ կոտոշները։ Ու՞մ վրա են թափ տալիս տղայական հավակնությունները։ Երևի Հայաստանն էլ իրենց համար ցանկալի էգն է, հանուն որի կարելի է մրցել այնպես, կարծես տեղեկատվական միջավայը իրենց արոտավայրն է, իսկ ընտրողները դուելի (ցլամարտի, ռինգի) հանդիսատես։
Էլ չասած, թե ինչ սարսափելի բառապաշար է դրանով օրինականացվում ու հազարապատիկ անգամ շրջանառվում մեդիայով։
Օրինակ, «Պատիվ ունեմ» դաշինքի մաս կազմող ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը խոստանում է վարչապետին «մորթել»։ Մնացածը նաև՝ գնդակահարել, վառել, հերձել։ Իսկ վարչապետն էլ իր հերթին խոստանում է բոլորին «շինել»։
«Տո այ հարբած տուզիկ, քեզ քաղաքական մայրուղի հանած սուտենյորներին ուրիշ տեղ փնտրիր, անլվա մարմնավաճառ»,- սա ասում է Հայաստանի նախկին կրթության նախարարը։ Եվ ոչ մի խնդիր չի տեսնում, որ իր քաղաքական ուժը մեզ հորդորում է «մեջքը ուղղել ու կպնել գործի»։
Ռոբերտ Քոչարյանն էլ, որի քաղաքական ուժը կարգադրում է մեզ գնալ դեպի ուժեղ Հայաստան, կանգնում է հոգևորականի կողքին, որն առաջարկում է «Նիկոլի գլխին պարկ հագցնել ու տանել կորցնել»։ Եվ այս խոսքերը Հայաստանի ամենախոշոր առցանց մեդիան հանգիստ մեջբերում է։
Բոլորը շատ հանգիստ իրենց գործն են անում, մեկը մյուսի «անդունդը» չխանգարելով։ Իրենք ասում, իրենք իրենցով հպարտանում են։ Խանգարվում է հանրային կյանքը։ Բայց դա արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։
Մարտեր են առանց կանոնների՝ քարոզարշավի անվան տակ։
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: