2021.04.28,

Քննադատ

Թատրոնն առաջացրեց լրատվական ալիք, որից կիլոմետրերով հեռու մնաց

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանում վերջին օրերին սկսեցին խոսել թատրոնի մասին այնպիսի ոգևորությամբ, որին արվեստի այդ ճյուղը վաղուց չէր արժանացել։ 

Այն, ինչը կապվում է թատերական կյանքի հետ, մեզ մոտ բարեհաջող նիրհում էր ու շարունակում ընկալվել որպես կյանքից կտրված ժամանցի ձև, գրեթե թանգարանային նմուշ, որը կա, միշտ տեղում է, բայց մեծ հաշվով կարիք չկա այն դիտելու ու քննարկելու։

Բայց ստացվեց այնպես, որ երկու ներկայացումների մասին խոսակցությունները խթանեցին մեծ ալիք մեդիայում ու դարձան քաղաքական մեղադրանքների առիթ։

Հիմնական մեղադրանքը ցենզուրան էր, որը օգտագործեց պետությունը՝ ճնշելով ազատ արտահայտման իրավունքն ու մեծ հաշվով՝ արվեստը։

Ապրիլի 17-ին դրամատուրգ ու դերասան Վահրամ Սահակյանը ֆեյսբուքում գրեց, որ իր «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրաման (սա հեղինակային անվանում է) չեղարկելու համար հանցավոր կերպով զանգահարել և սպառնացել են Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենին, որի հետ Սահակյանն ուներ պայմանավորվածություն:

Ավելի ուշ եղան հրապարակումներ, որ Կամերային թատրոնում արգելել են վերաբեմադրել «Նազար, Նազար մինչև վերջ» հոռետեսական կատակերգությունը (սա հեղինակային անվանումն է), որի պրեմիերան տեղի էր ունեցել 1983-ին, հետո թատրոնը որոշել էր, որ արժի հիմա էլ այն խաղալ։ Բայց եղան լուրեր, որ արգելքը կրկին դրել է պետությունը՝ ԿԳՄՍ փոխնախարարի գաղտնի զանգով։ 

Հայտնի է, որ ժամանակին այդ ներկայացումը համընկավ ԽՍՀՄ-ի փլուզման հետ, իսկ Քաջ Նազարի կերպարը տեղավորվեց թագավորի ու հասարակ ժողովրդի այլաբանական բախումի մեջ։ Հիմա արդեն ներկայացման նոր տարբերակում հնչում է ոչ թե «թագավոր», այլ «վարչապետ» բառը։ 

Բոլոր ժամանակներում էլ ճնշվող արվեստագետները ընկալվում են որպես դիսիդենտներ ու խոսքի ազատության նահատակներ, իսկ պետությունը՝ խավարամիտ ու հետադիմական մամլիչ։ 

Բնականաբար, 2021-ին համատեքստը ընդլայնվում է, իսկ հուզական լուրերին գումարվում մարքեթինգը։ 

«Պարզվում է՝ այս իշխանություններն ընդհանրապես սարսափած են արվեստից»,- այս միտքը գեղեցիկ համառությամբ առաջ տարան մի քանի լրատվամիջոցներ։

«Փաստորեն ստացվում է, որ մամուլին գրաքննելուց զատ իշխանությունները սկսել են արվեստն էլ գրաքննել և այնտեղ իրենց վերաբերող բաներ տեսնել»,- գրեց hraparak.am-ը։ 

Հետաքրքիր է, որ այս կարճ լուրում խտացված է մեր մեդիա դաշտի տրամաբանությունը։ Ո՛չ Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ո՛չ բեմադրիչը չեն ասում, որ եղել է ներկայացման արգելք, իսկ լրատվամիջոցը գրում է, որ իր տեղեկություններով՝ նախարարությունից «զանգել են ու պահանջել հանել ներկայացումը՝ սպառնալով, որ կարող են կտրել ֆինանսավորումը»։

Սպառնալիքը, ճնշումը, վերահսկողությունը միշտ լավ ապրանքն են լրատվական դաշտում։ Հատկապես, եթե դրան գումարվում է գրաքննությունը։ Ցենզուրայի ենթարկված գործը միանգամից դառնում է ցանկալի ու արժեքավոր։ Անգամ եթե այն հերթական անցողիկ կրկնությունն է։

Լրատվական դաշտը՝ առաջ տանելով այդ միտքը, ակամայից դառնում է մեր ժամանակի վավերագրողը։ Եթե, օրինակ, տարիներ անց փորձեն հասկանալ, թե ինչ թատերական նորույթներ են եղել քննարկելի, ապա կստացվի, որ մեկը նորույթ չէ, այլ երեսուն տարվա ռիմեյքի փորձ, իսկ մյուսը ստենդ ափ ժանրի ու ֆեյսբուքյան գրառումների հավաքածու՝ հայհոյանքով լի։

Եվ դա կլինի բնավ էլ ոչ օբյեկտիվ պատկեր. մեր թատերական կյանքը բոլորովին այլ տեղ է, բեմից դուրս։ 

Իսկ նման լրատվական առիթները խոսում են ավելի խորքային խնդիրների մասին։ Ասենք, այն մասին, թե ինչ է պետության համար իր ենթակայության տակ գտնվող մշակութային հիմնարկը և ինչու են բոլոր թատրոնները շարունակում մնալ պետության լիակատար դոտացիայի վրա, ինչպես կար ու շարունակվում է Սովետական ժամանակներից։  

Պետություն ու թատրոն

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ասաց. «Ես ոլորտի ներկայացուցիչն եմ կառավարությունում: Ինձ ճանաչող մարդիկ դժվար կպատկերացնեն մի պրոցես, երբ վերցնում եմ հեռախոսն ու քաղաքական ենթատեքստի պատճառով որևէ ներկայացում չեղարկում»:

Այս պատասխանը շատ բան է ասում հենց պետության մասին։ Օրինակ, ծագում է հարց՝ իսկ եթե կան տեղակալին չճանաչո՞ղ մարդիկ։ Այդ դեպքում ինչպե՞ս է կարգավորվում պետական բեմի ու անտրեպրիզային ներկայացման հարաբերությունները։ 

Եվ ընդհանրապես, ինչու՞ է տեղակալը խոսում այնպես, կարծես կարևոր է ոչ թե համակարգը, այլ հենց իր տեղը՝ այդ համակարգում (որն ի դեպ՝ ԽՍՀՄ տարիներից հետո չի փոխվել, այսինքն այն ժամանակից, երբ թատրոնը պետական գաղափարախոսության մաս էր և այդ նպատակով էլ կառուցվել է նրա ողջ հաշվապահությունը)։

Հարցը, թե ինչպես է համակարգը աշխատում, ավելի կարևոր է, քան ազատ արվեստի ճնշման մասին հռետորական տեքստերը, որոնք սիրով ու պատրաստակամությամբ տարածվում են սոցցանցերում ու մեդիայում։ 

Հայաստանում լրատվական դաշտը հեշտությամբ է ալիքներ ստեղծում ու արագորեն այդ ալիքների մեջ կողմնորոշվում, թե որտեղ է սկանդալը։

Իսկ պետական ատյաններն ամեն ինչ անում են, որ սկանդալ չլինի։ Նման դերաբաշխում ունեն երկուսն էլ։ 

Եվ դա ցավալի է, քանի որ ձևավորվում է չգրված ստատուս քվո՝ պետությունը շարունակում է սովետական ոգով ղեկավարել ՊՈԱԿ-հիմնարկները՝ հարթեցնելով ցանկացած ալիք, իսկ մեդիան ալիք է ստեղծում, որ վաճառի այն։

Մեկը մեղադրում է, մյուսը՝ հերքում։ Բայց դա ոչինչ է, զրոյական աշխատանք, բացի թերևս լրատվական առիթ դարձած ներկայացումների գովազդը, անկախ իրենց որակից։

«Արա Խզմալյանը ապատեղեկատվություն է համարում մամուլում և համացանցում տարածված այն լուրերը, թե իր հորդորով Կամերային թատրոնում չեղարկվել է նշված ներկայացումը»,- այսպես էին պատասխանել Մեդիամաքսին նախարարությունից։

Եվ հետո ի՞նչ։ Ասենք, հորդոր չի եղել։ Բա ո՞րն է թատերական հիմնարկների ինքնուրույն ընտրության երաշխիքը, եթե պետությունն է բեմերի, տարածների տերն ու ինքն է վճարում աշխատավարձեր։ 

Ի վերջո, թատրոնը բանակ չէ, որ ենթարկվում է գլխավոր հրամատարին, բայց ձևացնում, որ ազատ ստեղծագործական վայր է։ Այդպես չի լինում, կամ մեկն է, կամ մյուսը։ Եվ եթե կա անհամաձայնություն, դատարանն է հաջորդ քայլը, այլ ոչ թե ասենք, նման բացատրությունը.

«Այո՛, պետական կառույցների տնօրենները պետք է պատասխանատվություն կրեն այն բովանդակության համար, որը ներկայացվում է իրենց բեմերում, նրանք պետք է պատասխանատվություն կրեն որակի, չափի ու չափանիշի տեսակետից, ոչ թե քաղաքական առումով»։ 

Այդպես ասել է պետության ներկայացուցիչ Արա Խզմալյանը և այս միտքն է, որն իր ողջ հետադիմական ուժով կշռաքարեր է կապում թատրոնի բարալիկ ոտքերին ու տանում նրան դեպի հետ (պետական գաղափարախոսություն), իսկ պետությանը տալիս հերթական առիթ՝ խոսելու վերացական բաներից ու չփոխվելու։

Խնդիրն այն չէ, որ պետությունը ուզում է ճնշել (միշտ է ուզելու), այլ այն, որ չի ուզում փոխել կառավարման մոդելը։ Իսկ եթե չի փոխվում, միշտ հետ է մնալու։ 

Վահրամ Սահակյանի համար վաղուց արդեն կյանքը բեմ է ու միաժամանակ՝ լրատվական խողովակ, որտեղ նա իր պոռթկումներն է արտահայտում՝ իր սրտի ուզած բառապաշարով ու ձևով։ Այդ ձևն ու բառերը կարող են դուր գալ կամ ոչ (օրինակ, այսպիսի գրառումը կամ ավելի ռադիկալները)։ 

Նրա ընտրած հայհոյանքի ու հեգնանքի ոճը շուկայական ապրանքն է, որը նա ուզում է վաճառել։ Եվ եթե գին տվող կա, վաճառելու է։ Հետո փորձելու է ավելի մեծացնել գինը, արդեն որպես ցենզուրայի անմեղ զոհ։

Հիմա ԿԳՄՍ նախարարությունն է բարձրանում նրա գինը (իրականում շատ ցածր), եթե կարծում է, որ պետք է խոսի «որակի, չափի ու չափանիշի» մասին։ 

Բովանդակությունը (թե՛ թատրոնում, թե՛ մեդիայում) տարբեր է։ Պետք է լինի տարբեր։ Բայց ինչպե՞ս այն կարող է լինել տարբեր, եթե բոլոր թատրոնները պետական են ու գեթ մեկ դեպք չի եղել, որ թատրոնը համարձակվի դուրս գալ «պետական» պիտակի տակից։ 

Մի պահ պատկերացնենք, որ բոլոր լրատվամիջոցներն են պետական, ու բոլորն իրենց հարմարավետ են զգում։

Այնպես որ, բովանդակության պատասխանատվության մասին լավ կլինի խոսել անկախ այն բանից, կառույցը պետական է, թե մասնավոր։ 

Հակառակ դեպքում կստացվի, որ ասենք, մասնավոր լրատվամիջոցները չպիտի պատասխանատվություն կրեն, իսկ Արմենպրեսը ամենապատասխանատուն է, քանի որ պետական է։

Ու կա մի այլ գեղեցիկ հարց՝ ի՞նչ է այսօր թատրոնը։ Նախկինում տեղ էր, ուր փող վճարելով, գնում էին վերապրելու ուրիշ փորձառություն։ 

Միգուցե այդ մեխանիզմն արդեն չի աշխատում, քանի որ լրիվ նոր տեղեկատվական միջավայրում ապրող մարդը այնքան է փոխվել, որ բեմի գաղափարն արդեն այլ է։

Նման բեմ են սոցցանցերը, որոնց գումարվում է քաղաքական ռեժիսուրան։ 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *