Ո՞վ պետք է … չափ դնե խոսքի և լռության։
Մովսես Խորենացի
Գ. Մտավորականության խոսույթները
1-ին մաս
«Անհուսալիորեն սպասում եմ նաև, որ մեր մտավորականությունը գոնե մեկ անգամ հանդես կգա իր սթափեցնող խոսքով»,- կոչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախյան II պատերազմից շուրջ մեկ ամիս անց, երբ ընդդիմության մի հատվածի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ՀՀ առաջին նախագահի մեկնաբանությամբ, Փաշինյանին արնահեղությամբ էր սպառնացել. «Շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»:
Տեր-Պետրոսյանը չէր բացատրել, թե ում նկատի ունի՝ մտավորականություն ասելով։ Արցախյան II պատերազմից առաջ մեր ամենամեծ ներքաղաքական ցնցումը եղել էր Մարտի 1-ը, որից հետո համարյա բոլոր հայտնի կոմպոզիտորները, բանաստեղծները, ռեժիսորները լուռ էին մնացել։ Ինչի դիմաց կոչումներ ու տարբեր այլ բարիքներ էր ստացել բռնություններն իրականացրած իշխանություններից։ Իսկ երբ Արցախյան II պատերազմի ընթացքում մտավորականների հավաքներ եղան, նրանք կոչեր ստորագրեցին, որոնք պաշտպանում էին նույն ընդդիմության օրակարգը (մասնավորապես Փաշինյանի ներկայացված «հստակ լիազորություններով օժտված ռազմաքաղաքական հատուկ մարմնի» ձևավորման պահանջը), որը «վարչապետի կեցավայրի կեսժամյա շրջափակման և Փաշինյանի ընտանիքի ահաբեկման զազրելի արարքն» էր թույլ տվել իրեն։
Արդյո՞ք նրանք էին հարմար դերակատարները իշխանության և ընդդիմության միջև հաշտություն կայացնելու համար, թե՞ շոու-բիզնեսի աստղերը, որոնցից շատերը 2018-ի ապրիլից մեծ արագությամբ անցան «թավշյա հեղափոխության» կողմը, իսկ պատերազմից հետո նույն տեմպով հրաժարվեցին իրենց ուշացած հեղափոխականությունից։
Մտավորականության տեղին ու դերին, նաև՝ ձևավորման պատմությանը ինքս անցյալ տարի անդրադարձել եմ Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցած իմ բանախոսության մեջ։ Ըստ իս, Տեր-Պետրոսյանի ակնկալիք ազդեցությունը հատուկ է եղել սովետական հանգի հռչակավոր մտավորականներին, որոնք միակուսակցական համակարգում, մեդիայի մենատիրության պայմաններում յուրատեսակ «քվոտա» են ունեցել որոշ հասարակական հնչեղության խնդիրներում «հինգերորդ իշխանության» դերը կատարելու։ Նրանց աստեղային ժամը գորբաչովյան շրջանն էր, երբ «վարչա-հրամայական համակարգի» քարը-քարի վրա չէին թողնում իրենց ծավալուն հոդվածներով, որոնք առաջին հերթին ունեին ճանաչողական, լուսավորչական նշանակություն։
Հենց Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, Արցախյան I պատերազմի ընթացքում անվանի մտավորականների մեծ մասը նախընտրում էր ելույթներով հանդես գալ ընդդիմադիր մամուլը բավական ստվարաթիվ էր, ՀՅԴ-ը, օրինակ, 10-12 անուն թերթ էր տպագրում, իսկ իշխանության քաղաքականությունը պաշտպանում էին միայն Գերագույն խորհրդի «Հայաստանի Հանրապետություն» և Հայոց համազգային շարժման «Հայք» պաշտոնաթերթերը։ Պետական գլխավոր քարոզչամիջոցը՝ հեռուստատեսությունը, նախ երեքժամյա, ապա վեցժամյա հեռարձակմամբ համարյա «խաղից դուրս էր»՝ հոսանքի անջատումների պատճառով հասանելի էր ընդամենը երկու ժամ, այն էլ հովհարաձև՝ առանձին թաղամասերի, գյուղերի համար։
«Երկիր», «Голос Армении», «Մունետիկ», «Անդրադարձ», «Эпоха» թերթերում լույս տեսած հոդվածներում՝ «Համբերության բաժակը», «Ես մեղադրում եմ», «Հապաղելն անթույլատրելի է», «Պատմությունը մեզ չի ների», «Որտեղի՞ց եկանք և ո՞ւր ենք գնում», «Հենրիկ Իգիթյանի մենախոսությունը», «Զարթնիր, Հայաստան» (1992) Նրանք, ի թիվս այլ բաների, քննադատում էին իշխանությանը, նախագահին, որ իրենց հետ հաշվի չի նստում։
Հոդվածների, հավաքական բաց նամակների զգալի մասն էլ պարունակում էր կարոտաբաղձություն սովետական ժամանակի հանդեպ, երբ ստեղծագործական մտավորականության «էլիտար» հատվածը ուներ մեծ արտոնություններ։ Հատկանշական է 1992-ին մի շարք լրատվամիջոցներում տպագրված «Դիմում հայ մտավորականներին» վերնագրով նյութի օրինակը։ Այն կոչ էր անում անդամագրվել նոր ստեղծվող Մտավորականների միությանը։ Իսկ մեկ շաբաթ անց արդեն Միության նորընտիր վարչությունը իշխանության առաջ պահանջ էր դնում… իջեցնել հացի գներն ու ինդեքսավորել աշխատավարձերը։
Վիճակը, իհարկե, վատ էր։ 1992-ին հացը կտրոնով դարձավ, որ բոլորին հասնի։ Շնչին՝ 250 գրամ։ Սննդամթերքը թանկ էր ու չէր ճարվում։ Բայց ռազմաճակատում երբեմն կամավորներն օրերով հացի երես չէր տեսնում, ինչպես մեր ջոկատի հետ պատահեց նույն տարվա ամռանը Մարտակերտի Չլդրան գյուղում։
Իրավիճակից լուծումների առումով առանձնահատուկ հիշատակության է արժանի «Գոլոս Արմենիի» հրապարակումներից մեկը, որի հեղինակի կարծիքով մտավորականությունը պետք է արտագաղթեր, որ ազգի արժեքավոր հատվածը պահպանվի, երբ մնացած բոլորը կոտորվեն («Մտավորականության արտագաղթը ազգի փրկության միջոցն է»)։
Չէ որ նույն թերթը (08.10.92) իր ընթերցողներին զգուշացրել էր, որ «Հայաստանին սպասում է ֆիզիկական սով»՝ հենվելով հետխորհրդային երկրներին նվիրված ինչ-ոէ հետազոտության տվյալների։
(Ակամա մտաբերեցի ԲՀԿ ղեկավար Ծառուկյանի «կանխատեսումը», որ վերնագիր դարձրին մի շարք ԶԼՄ-ներ՝ թե Հայաստանում թագավարակի հետևանքով 2020-ի աշնանը սով է լինելու)։
Քանի դեռ դա տեղի չէր ունեցել… համենայնդեպս… ռուսերենին պետք էր տալ երկրորդ պետական լեզվի կարգավիճակ («Իսկ պե՞տք է արդյոք լեզվի մասին օրենք», 22.12.92)։
Հնդիկ ժողովրդի անկախության պայքարի առաջնորդներից Ջավահարլալ Ներուն համարում է, որ «չկա սեփական ժողովրդի ավելի մեծ թշնամի, քան գաղութարարների դաստիարակած մտավորականությունը»։ Ի դեպ, «գաղութարարներն» իրենք՝ ժամանակի ռուս մտավորականությունը, ի տարբերություն Արցախյան II պատերազմի, ջերմորեն պաշտպանում էր հայկական ժողովրդավարությունը։ Ռուսական սիրված թերթերում լույս էին տեսնում ու մեր մամուլում վերահրատարակվում Անդրեյ Նույկինի, Վիտալի Դանիլովի և այլոց ընդարձակ հոդվածները, որոնք հուսադրում էին, որ մեր պայքարը արդար է, այն հաղթանակով կպսակվի։
Նրանք տեղյակ չէին, որ մեր թերթերում ինչ-որ հետազոտության տվյալներ էին հրապարակվում, թե իշխանությունը «կենսաբանական ցեղասպանություն» է իրականացնում։
Վահրամ Մարտիրոսյան
շարունակելի
Հոդվածաշարի նախորդ մասը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: