2021.04.12,

Քննադատ

Խոսքը և լռությունը Արցախյան I և II պատերազմների մեդիայում-7

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Ո՞վ պետք է… չափ դնի խոսքին և լռությանը։
Մովսես Խորենացի

Բ. «Էս հայերն էլի հույսներն ինձ վրա են դրել»

3-րդ մաս

Երկու պատերազմների մեդիան ներկայացնում էր հանրության որոշակի հատվածի հույսերը՝ ամենազոր դաշնակիցների օգնությամբ լուծել բոլոր խնդիրները, զուգահեռաբար արծարծվում էր փոքր դաշնակիցների միջոցով հակառակորդին թուլացնելու թեման։

Ազգային փոքրամասնություններ

1988-ի Սումգայիթի, 1990-ի Բաքվի ջարդերից, 1988-ից սկսած զինված բախումներից հետո Ադրբեջանի հայերն ու Հայաստանի ադրբեջանցիները լքեցին իրենց բնակավայրերը։ Հայաստանից հեռացան նաև քրդերը, փոքրամասնություններից մնացին եզդիները, ասորիները, հույները, որոնք վերջին հարյուրամյակում զինակցել էին մեզ ռազմական բախումների ընթացքում։

Ադրբեջանի ևս կան բնիկ փոքրամասնություններ։ Արցախյան թե՛ I և թե՛ II պատերազմների մեդիայում շրջանառում էր նրանց հանդեպ բռնաճնշումների թեման։

1992-ին «Մ. Վարանդյան» հրատարակչությունը լույս է ընծայել բ.գ.դ. Վարդան Գրիգորյանի «Մուսուլմանական ազգային փոքրամասնությունների բռնի ուծացումը Ադրբեջանում» վերնագրով գրքույկը։ Այն ռուսերեն է, ինչը նշան է, որ ավելի շատ արտաքին լսարանի համար է նախատեսված։ Գրքույկի բաժինների խոսուն վերնագրերը՝ «Լեզգի ժողովրդի պահանջը», «Թալիշ ժողովրդի դառն ճակատագիրը», «Քուրդ ժողովրդի հարցի լուծման ադրբեջանական տարբերակը», «Ինչպե՞ս են անհետանում թաթերը», ներկայացված են «Գոլոս Արմենիի» թերթում լույս տեսած գրախոսությունում (23.10.92)։

Նույն թերթը հրապարակել է քրդական ազգային-ազատագրական շարժման կոչը՝ «Քրդերը Ադրբեջանի ժողովուրդներին ազգային ինքնորոշման պայքարի ջանքերի միավորման կոչ է անում» (25.10.92)։ Ազգային փոքրամասնությունների պատմությունը նենգափոխելու մեղադրանքով ադրբեջանցի ակադեմիկոս Զիա Բունյաթովի աշխատությունների հերքմանը հոդվածներ են նվիրել դաշնակցական «Ազատամարտը», «Երկիրը» և այլ թերթեր։

Պետք է նկատել, որ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների պայքարի աջակցությունը 1990-ականների սկզբին որոշակի հրատապություն է ունեցել։ 1993-ին, դիցուք, Ադրբեջանի հարավ-արևելքում՝ Իրանի և Կասպից ծովի մերձակայքում ստեղծվել է Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետություն։ 

Արցախյան II պատերազմի մեդիայի մի շարք հրապարակումներ հույս էին ներշնչում, որ ազգային տեղաբնիկ փոքրամասնությունները ոտքի կկանգնեն ու ներսից կքանդեն Ադրբեջանը։ 2020-ի հոկտեմբերի սկզբին Մերձկասպյան և հարավ-արևելյան Կովկասի բնիկ ժողովուրդներին ադրբեջանական «հանցագործ իշխանությունների հարկադրանքին» դիմադրելու կոչ ուղղեց Հայաստանի Հանրային խորհուրդը, որը, բնականաբար, տարածվեց շատ ԶԼՄ-ներում։ Նույնը վերաբերում է լուրին, թե Դերբենտի ամրոցից լեզգիները ցած են նետել ադրբեջանական դրոշը, որը հրապարակեցին «Կենտրոն» հ/ը, «Երկիրը», «Հայելին», «Իրավունքը», «Առավոտը» և այլն։

Սքրինշոթ yerkir.am-ից

2020-ի նոյեմբերի 7-ին «Առավոտը» տպագրեց «Ալիևյան ռեժիմի պարտությունը մոտ է» վերնագրով հոդված, որի կանխատեսման հիմքը նույնպես տեղաբնիկ փոքրամասնությունների ենթադրվող անհնազանդությունն էր ադրբեջանական զորակոչին։ Իսկ Հայաստանի փաստացի պարտությունից հետո, նոյեմբերի 11-ին, թերթում լույս տեսավ վերլուծաբանի կարծիք, թե «հայ-ադրբեջանական ազգամիջյան բախումներից սկսված Ադրբեջանի հոգեվարքը օր-օրի դառնում է ավելի իրական, և Հայաստանի շահը պահանջում է վերջնականապես ջախջախել Ադրբեջանին և մասնատել»:

Բնական կլիներ, որ այսպիսի նյութերը դառը ժպիտ հարուցեին, բայց դրանք բավական մեծ լսարան են հավաքում։ Թերևս պատճառներից գլխավորը իրազեկության պակասն է։ Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետությունը 1993-ին գոյատևել է 2-3 ամիս։ Սովետական Ադրբեջանի՝ իշխանության վերադարձած Հեյդար Ալիևը այն վերացրեց։ Հետագա 2,5 տասնամյակում բռնապետական լծակների աստիճական ավելացման արդյունքում տեղաբնիկ փոքրամասնությունների ազգային շարժումներ Ադրբեջանում ճզմվել է սաղմնային վիճակում։ Բավական է հիշել, որ յութուբյան տասնյակ միլիոնավոր դիտումների արժանացած “Давай, до свидания!” տեսահոլովակի հեղինակին՝ «Թալիշի ձայն» թերթի և կայքի գլխավոր խմբագիր Գիլալ Մամեդովին, ձերբակալեցին թմրադեղ՝ հերոին պահելու համար, որը հետսովետական տարածքում ոստիկանության ամենասիրելի շինծու մեղադրանքներից է։

Իսկ թերթի նախորդ գլխավոր խմբագիր Նովրուզալի Մամեդովը 2008-ին էր դատապարտվել 10 տարվա ազատազրկման՝ պետական ​​դավաճանության համար։ 2009-ի 17-ին նա վախճանվեց բանտի հիվանդանոցում, ավելի ուշ մահացան Մամեդովի երկու որդին՝ Էմիլն ու Կամրան։

Իսկ Ադրբեջանի բնիկ փոքրամասնությունների ընդհանուր ժողովրդագրական պատկերն էլ հետևյալն է՝ բնակչության 1 տոկոսը գերազանցում են միայն լեզգիներն ու թալիշները՝ ընդամենը 2,0 %, 1,3 % համապատասխանաբար։

Սոցցանցերից հիշատակեմ պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի 2020 հոկտեմբերի 2-ի «Ադրբեջանի լծի տակ տառապող թալիշ ժողովրդի ձայնը» վերնագրված դիմատետրային գրառումը, որը պատմում է Ադրբեջանում բանտարկված թալիշ գործիչ Ֆահրադդին Աբոսզադեի մասին։ Հոկտեմբերի 9-ին նրան, ըստ թալիշական աղբյուրների, բանտում սպանեցին։ Այս մասին ո՛չ սոցցանցերում, ո՛չ ԶԼՄ-ներում ես որևէ տեղեկություն չհայտնաբերեցի։ Փոխարենը նույն ԶԼՄ-ները, որոնք քարոզում էին, թե Ռուսաստանը… Իրանը… Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները մեր խնդիրները կլուծեն, լրջորեն ապավինում էին նաև գերբնական ուժերի զորակցությանը։

Վահրամ Մարտիրոսյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *