2021.04.05,

Քննադատ

Ինչ հնարավոր հետևանքներ կունենան ընտրությունները մեդիադաշտի վրա

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ենթադրաբար հունիսին Հայաստնում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ընտրությունները միշտ ունենում են լուրջ հետևանքներ լրատվականների և ընդհանուր մեդիադաշտի վրա։ 

Քանի որ մինչև վերջերս մենք ենթադրում էինք, որ ընտրական մեծ ցնցումները լինելու են մոտակա մի քանի տարիներին, այս խնդիրները անցել էին երկրորդ պլան, բայց հիմա ժամանակն է հասկանալու, թե ինչ սպասել։ (Իհարկե, բոլոր այս երևույթները հիմա էլ են առկա, բայց ավելի մեծ թափ են ստանալու)։

ա․ Ցավոք, լրատվական դաշտը կհամալրվի փինաչիների նոր հոծ զանգվածով։ 

Մենք, պարզ է, որ դրանց պակասը չենք զգում նաև հիմա։ Բայց, ընտրարշավը ենթադրելու է նաև խորացված մեդիա հարձակումներ, որոնք կպահանջեն լրացուցիչ «գրոհային» լրագրողների ներուժ։ 

Եթե սա վատ պահն է, ապա ավելի վատն այն է, որ, ըստ նախորդ ընտրություների փորձի՝ փինաչիների մի մասը մնալու է լրատվական դաշտում, այդպես գործելը նրանց դուր է գալիս ու մնում են մեր վզից կախված՝ շարունակելով իրենց անտանելի գործունեությունը։ 

Ինչը հերթական անգամ հարվածելու է, օրինակ, լրագրողի իմիջին, քանի որ փինաչիները կազմում են դաշտի մեծամասնությունը, ստվերում են իսկական, նվիրյալ և արհեստավարժ լրագրողի կերպարը։ 

բ․ Բացի փինաչիներից նոր թափ են ստանալու սունկ կայքերը։ 

Իրար հետևից ստեղծվելու են «Բոմբասծիկ լուրեր», «Մի հրաշալի կայք», «Անպաճույճ թուք-ու-մուր» և այլ կայքեր։ Ցավալին այն է, որ նման հարթակներն ունենալու են մեծ լսարան։ 

գ․  Երևի իմաստ չունի ասելու, որ ապատեղեկատվության, կեղտի, քարոզչության քանակը կաճի։ 

Եթե ձեզ թվում է, որ էլ ուր, արդեն ծայրահեղ մեծ է ֆեյքերի քանակը, ապա ասեմ․ տեղ միշտ էլ կա։ Այնպես որ, կապեք ամրագոտիները և պատրաստվեք։ 

դ․ Վերջնականորեն կոչնչացվի քաղաքագետի, տնտեսագետի վարկանիշը։ 

Բոլոր փինաչիները, որոնք չեն հասցրել դառնալ սունկ կայքի խմբագիր, կդառնան փորձագետ։ Ամեն մի զառանցանք կներկայացվի որպես մասնագիտական կարծիք, կարծիքները կառնվեն ու կվաճառվեն։ Իրական փորձագետները դուրս կմղվեն դաշտից, քանի որ իրենց կարծիքն այդքան էլ կարևոր չէ, երբ տեղեկատվական պատերազմ է։ 

ե․ Ֆեյքաբուծարանները ավելի կծլեն ու կծաղկեն։ 

Դրանք հիմա էլ քիչ ազդեցություն չունեն։ Բայց երբ այդ գործի համար նախատեսված բյուջեների գումարները շատանան, մենք կհանդիպենք ավելի ջանասեր ֆեյքերի, որոնք թևերը քշտած կանցնեն իրենց գործի։ Ավելի վատն այն է, որ ֆեյքային բրիգադիրները ընտրություններից հետո իրենց հնարավորությունները կփորձեն օգտագործել նաև այլ նպատակներով։ 

Այնպես որ, շուկայում ավելի մեծ թափ կստանա վարձով ֆեյքային հարձակումների կազմակերպումը, ինչը հաջողությամբ կկիրառվի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում։ 

զ․ Էլ ավելի մեծ կշիռ կստանան արտաքին մեդիաաղբյուրներն և փորձագետները։

Դրանց ներթափանցումը հայաստանյան տեղեկատվական դաշտ արդեն մեծ թափ հավաքեց պատերազմի օրերին։

է․ Նաև հիշենք, որ ավանդաբար նախըտրական օրերին կտրուկ թանկանում է ֆեյսբուքյան գովազդի գինը՝ Հայաստանի թիրախավորմամբ։

Դա բնականաբար, ազդեցություն կունենա ինչպես լրատվականների, այնպես էլ փոքր և միջին բիզնեսի գովազդային բյուջեի վրա։ 

Այս ամենում կա մի դրական պահ։ Քանի որ Հայաստանում իրականում արդեն մի երկու տարի է նախընտրական տրամադրություններ են, ապա կարող է չլինել ծայրահեղ իրավիճակի ավելի մեծ վատթարացում, քանի որ ամեն ինչ արդեն շատ վատ է։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *