2021.03.23,

Քննադատ

Լրագրության անցյալից. «Արմենիա»՝ «Օրվա մամուլը»

author_posts/vasak-darbinyan
Վասակ Դարբինյան

լրագրող, խմբագիր

«Արմենիա» հեռուստաընկերության նոր նախագիծը՝ «Օրվա մամուլը» անվանումով, որքան հասկացա դրա գաղափարը միջնորդավորված ինձ փոխանցելուց, որոշակի հակակշիռ պիտի դառնար գնալով կոշտացող իշխանական քարոզչությանը, հավասարակշռություն ու բազմակարծություն պիտի փորձեր ապահովել եթերում՝ հոկտեմբերի 27-ի ցնցումները մեղմելու նպատակով: 

Քսանամյա վաղեմության հոգեբանական արգելքը համարեմ հաղթահարված ու բացահայտեմ՝ այդ հաղորդումը սպանված վարչապետի քաղաքական զինակիցների մտահղացումն էր, քանի որ ինչ-որ պահից ակնհայտ դարձավ, որ քոչարյանական թևը ջանք չի խնայում կատարված ողբերգությունը «ուչաստկովիի» բացահայտման մակարդակին իջեցնելու ուղղությամբ, և դա հստակ ուղերձ էր, որ պետական-իշխանական-կուսակցական քարոզչամիջոցները լծվել են հոկտեմբերի 27-ի սպանդը որպես «մի խումբ ռոմանտիկների» ինքնաբուխ նախաձեռնություն մատուցելու առաքելությանը… Վազգեն Սարգսյանի մտերիմները սա դիտարկում էին որպես մեծագույն անարգանք նրա հանդեպ: 

Տասնյակների հասնող այդ քարոզչամիջոցները՝ տպագիր ու հեռարձակվող, բավարար հակակշիռ չունեին, դրանց ակամա հակակշիռը ընդամենը մի քանի թերթեր էին ու մայրաքաղաքային սփռմամբ մի հեռուստաալիք՝ Ա1+-ը: 

«Օրվա մամուլը» պիտի հեռարձակվեր ամեն օր (բացի կիրակի և երկուշաբթի օրերից, երբ թերթեր լույս չէին տեսնում): Հաղորդումը պիտի վարեր Աննա Իսրայելյանը: Ամեն օրվա մամուլի հրապարակումները պիտի ընտրեի և մեկնաբանությունները գրեի ես: «Օրվա մամուլը» եթեր պիտի մտներ ուղիղ հեռարձակմամբ, ժամը 20.00-ի մատույցներում: 

Բայց այնպես չէր, որ դա պատասխան խոսք էր լինելու իշխանական քարոզչությանը, պաշտպանություն էր լինելու քարոզչական գրոհից: Հաղորդաշարը, դրա ստեղծագործական կազմի նախապայմանով, առաջին իսկ թողարկումից պահպանելու էր հավասարակշռությունը, հավասարապես ներկայացնելու էր մամուլում արտահայտված իրարամերժ ու հակադրվող դիրքորոշումներն ու տեսակետները: 

Ի պատիվ այդ տարիների լրագրողների՝ սուր հրապարակումների պակաս չկար, և մանրակրկիտ ու բարեխիղճ աշխատանք էր պահանջվում դրանցից ամենահետաքրքիրներն ընտրելու, մեջբերումներ առանձնացնելու, դրանք թեմատիկ դասակարգմամբ և հակիրճ մեկնաբանություններով մատուցելու համար: Գրեթե ամեն հաղորդման ընթացքում ուղիղ եթեր էր հրավիրվում լրագրող կամ քաղաքական գործիչ՝ օրվա առանցքային թեմային կամ հրապարակմանը առավել համակողմանի անդրադառնալու, հավելյալ մանրամասներ բացահայտելու նպատակով: 

«Արմենիայի» «Օրվա մամուլը» կարճ ժամանակում դարձավ հայկական եթերի բարձր վարկանիշով հաղորդումներից մեկը: Ցավոք, հաղորդումը երկար կյանք չունեցավ: «Արմենիայի» ղեկավարությունը, որի գերխնդիրը սուր անկյուններից խուսափելն էր, օրվա իշխանության հետ հարաբերությունները չփչացնելը՝ ինչ-որ պահից փորձեր արեց բանակցությունների միջոցով միջամտել հաղորդման բովանդակությանը, ուղղորդել այն դեպի ավելի «անշառ» թեմաներ, խուսափել իշխանությունների հավանական դժգոհություններից կամ բարկությունից: 

Արդյունքի չհասնելով՝ մի օր տեղեկացրին, թե Սերժ Սարգսյանն ուզում է հանդիպել  հաղորդման հեղինակների հետ: Հանդիպման նպատակն ու զրույցի բովանդակությունը կանխատեսելի էր, և մենք կտրուկ մերժեցինք առաջարկը: 

Զուգահեռաբար ակնհայտ էր, որ վարչապետ Արամ Սարգսյանը չէր տիրապետում բավարար տեղեկատվության, չուներ փորձ և հմտություն՝ արագ կողմնորոշվելու, իրավիճակը վերահսկողության տակ առնելու, և զարմանալի չէր, որ օրեցօր ամրապնդվում էր Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը: 

Ահա այդ շրջանում էր, որ բռնագրավվեց «Առավոտի» գույքը: Առժամանակ թերթը լույս չտեսավ: Առժամանակ ամենքը հավատում էին, թե թերթի տպագրությունը, ըստ կեսբերան հնչած բացատրության՝ ընդմիջվել է խմբագրության «տեխնիկակական վերազինման» նպատակով: Մինչդեռ նման խնդիր պիտի որ չլիներ՝ Մամուլի շենքի 15-րդ հարկում տեղակայված խմբագրության տեխնիկան ու գույքը լավագույնն էին այդ ժամանակներում: Ի՞նչ վերազինման մասին էր, ուրեմն, խոսքը…

Մինչ կպարզվեր այս հարցի պատասխանը, շրջանառվում էին տարբեր անուններ, թե ո՞վ է, ի վերջո, ֆինանսավորում «Առավոտը: Մանավանդ որ խմբագրակազմով, 16 էջանոց ծավալով, օպերատիվությամբ, տպաքանակով ու պրոֆեսիոնալիզմով այն շարունակում էր մնալ տպագիր մամուլի առաջատարը: «Կոկա-կոլայի» վարկածի մասին արդեն գրել եմ: Դրանից բացի շրջանառվում էին այլ անուններ, որոնցից գոնե ինձ համար ամենաանհավանական թվացողը պնդում էր Վանո Սիրադեղյանը. այն է՝ Սերժ Սարգսյանն է ֆինանսավորողը: 

…Մի գեղեցիկ օր «Արմենիայի» ուղիղ եթերում «Օրվա մամուլը» հաղորդման հերթական թողարկման հյուր, «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանն ի վերջո բացահայտեց, թե ինչու է թերթը հայտնվել «տեխնիկական վերազինման» անհրաժեշտության առաջ: Ասաց, որ խմբագրության գույքը տեղափոխվել է ԱԱԾ: Ապա սահուն անցումով շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին, որը, կատարելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանձնարարությունը՝ ֆինանսավորում էր 97-ի հունիսից 16 էջով լույս տեսնող օրաթերթը:

Ուսերից ծանր բեռ թոթափածի արժանապատվությամբ ուղիղ եթերի տաղավարից դուրս եկած Արամին հարցրի. «Փաստորեն Սերժ Սարգսյա՞նն է «Կոկա կոլայի» հայաստանյան ներկայացուցիչը…» (որը, հիշեցնեմ, ավելի քան մեկ տարի առաջ պայման էր դրել՝ կամ ես ազատվում եմ աշխատանքից, կամ ինքը դադարեցնում է «Առավոտի» ֆինանսավորումը): 

Մենք բարձրաձայն ծիծաղեցինք:

2000 թվականի առաջին ամիսների ներքաղաքական կյանքի վրա հոկտեմբերի 27-ի դրոշմն էր՝ երկրի համար մռայլ հեռանկարով, հասարակական տրամադրություններում խորացող անհուսությամբ: Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց կշեռքի նժարը թեքել իր կողմը, վերահսկելի դարձնել քաղաքական դաշտը, վերականգնել ազդեցությունը իշխանության բոլոր օղակներում, նախ և առաջ՝ ուժային կառույցներում, դատական  իշխանությունում: 

2000-ի ապրիլին ապօրինի կալանավորման ստույգ հեռանկարից խուսափելով՝ Վանո Սիրադեղյանը հեռացավ Հայաստանից: Մոտ մեկ ամիս անց  Արամ Սարգսյանն ազատվեց վարչապետի պաշտոնից: 

Դրանից մի քանի օր անց «Օրվա մամուլը» փակվեց… «Արմենիայի» ղեկավարությունը մեզ հրավիրեց զրույցի, տրտնջաց, թե չի դիմանում «քաղաքական բլոկի ծանրաբեռնվածությանը» և առաջարկեց գնալ արձակուրդ: «Չվերադառնալու պայմանով, բնականաբար»,- արձագանքեցինք: «Չեմ կարող ասել»,- անկեղծացավ «Արմենիայի» տնօրենը:

… Շատ հնարամիտ լինել պետք չէր՝ հասկանալու,  որ Սերժ Սարգսյանը երրորդ անգամ է «հեռավար» հեռացնում ինձ աշխատանքից: Թեև սա ասում եմ առանց ապացույցի: Ընդամենը իրողությունների և փաստերի համադրմամբ:

Վասակ Դարբինյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *