2020.11.09,

Քննադատ

Հայաստանյան մամուլը հիբրիդային պատերազմի կիզակետում․ մի քանի խորհուրդ դիմակայելու համար

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ավելի քան մեկ ամիս է, ինչ Հայաստանը գտնվում է լայնածավալ հիբրիդային պատերազմի կիզակետում։ Ադրբեջանական և, մեծ հավանականությամբ, նաև թուրքական հաքերային խմբերը, քարոզչության և ապատեղեկատվության մասնագետները, ֆեյքաբուծարաններն ու թրոլլերի ֆաբրիկաները աշխատում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայության դեմ։ Կարևորագույն թիրախ են հանդիսանում բացի ամենից լրատվամիջոցներն ու լրագրողները։ 

Հաշվի առնելով արդեն կուտակված փորձը, մի քանի խորհուրդ տանք լրագրողներին և խմբագիրներին։ 

Տավուշյան դեպքերից հետո արդեն փորձի վերլուծություն արել էինք։ Այն ժամանակ էլ պարզ էր, որ DDoS հարձակումները լինելու էին հիմնական և անընդհատ գոյություն ունեցող վտանգներից մեկը։ Եվ այս պահին, երևի, չկա ոչ մի հայաստանյան լրատվամիջոց, որն արդեն պաշտպանված չէ նման  հարձակումներից։ 

Սոցցանցային այլընտրանքների հարցը նույնպես արդիական է։ Այս պահին Ադրբեջանում գործում են մեծ ցանցային խմբավորումներ, որոնք անընդհատ բողոքներ են ուղարկում բոլոր հնարավոր սոցցանցերում, որպեսզի արգելափակեն լրատվամիջոցների էջերը։ 

Հաշվի առնելով այն, որ պատերազմական թեմաները շատ զգայուն բովանդակություն են պարունակում, բողոքների պատճառով արգելափակումների կամ ժամանակավոր տարբեր ֆունկցիաների սահմանափակումների հնարավորությունը կտրուկ աճում է։ 

Բացի դրանից՝ սոցցանցերում ձևափոխվում է ներկայության տրամաբանությունը, քանի որ պատերազմի ընթացքում նաև վերաբաշխվեցին լսարանները, ինչ-որ հարթակներում նկատվեց կտրուկ այցելուների աճ։ 

Այսօր պետք է ֆիքսենք, որ մի կողմից՝ բողոքակայուն են, իսկ մյուս կողմից՝ կտրուկ աճ են գրանցել Հայաստանում երկու կարևոր հարթակներ՝ Թվիթերն ու Տելեգրամը։ 

Թվիթերի դեպքում, իհարկե, կա արգելափակվելու շանս, սակայն այն չի ենթարկվում Ֆեյսբուքի նման տոտալ և հաճախ անհեթեթ մոդերացիայի, երբ մեկ անհասկանալի բառի համար ձեզ կարող են արգելափակել։ Բացի դրանից, այսօր Թվիթերում մի քանի անգամ աճել է Հայաստանի լսարանի, էլ չասենք դրսից տարածաշրջանով հետաքրքրվողների մասին։ Հատկապես անգլիալեզու լսարանի համար այս պահին սա հիմնական հարթակն է և հայաստանյան մամուլը չպետք է հեռու մնա Թվիթերից։ 

Տելեգրամում նույնպես նկատվում է լսարանի կտրուկ աճ, կան ալիքներ, որոնք տասնապատկել են իրենց ընթերցողների թիվը։ Սա ավելի շուտ ռուսալեզու հարթակ է, և թույլ է տալիս բացի ամենից կապ հաստատել Սփյուռքի հետ։ 

Հայերեն տարբերակն էլ է այսօր աճում, ոչ այնքան արագ, որքան ռուսալեզուն, սակայն ամեն դեպքում Տելեգրամն արդեն կարևոր հարթակ է և այն անտեսել չի կարելի։ Սա նաև ամենակայուն սոցիալական մեդիան է, արգելափակումները այստեղ շատ հազվադեպ են, գրեթե անհնարին։

Անկասկած շարունակում է կարևորագույն խնդիրներից մնալ թվային հիգիենայի պահպանումը՝ հստակ գաղտնաբառերի հետ աշխատանքը, երբ բոլոր աշխատակիցները բոլոր հաշիվների վրա պարտադիր պետք է միացրած լինեն երկփուլային վավերացումը (2 factor authentication): 

Բացի դրանից՝ հարկավոր է շատ ուշադիր լինել սարքերի հանդեպ՝ համակարգիչն ու սմարֆոնը պարտադիր պետք է ունենան թարմ ծրագրային ապահովում և օպերացիոն համակարգ։ Եթե մինչ այս պահը սրան ուշադրություն չեք դարձրել, ապա ժամանակն է հենց այս րոպեից մտահոգվել և հնարավորինս թարմացնել ամեն ինչը։ 

Արդեն կան արձանագրված դեպքեր, երբ հակառակորդի հատուկ ծառայությունների կողմից կիրառվել են վիրուսներ, որոնք ուղարկվում են մեսենջերների միջոցով։ Սակայն, դրանք ազդեցություն ունեն միայն հնացած օպերացիոն համակարգերի վրա։ 

Ամեն դեպքում այսօր հատուկ ծառայությունների կողմից կիրառվող հնարքների թիվը շատ մեծ է, անընդհատ նոր մեթոդներ են օգտագործվում։ Եվ կարևոր է հիշել, որ ամեն անհասկանալի իրավիճակում հարկավոր է կանգ առնել և դիմել մասնագետի։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *