99 թվականը փաստորեն հերթական դադարն էր լինելու լրագրական գործունեությանս մեջ: Լիքը պարապ ժամանակ՝ անցյալի ևս մի փուլ վերաիմաստավորելու և ստեղծված խառնաշփոթից ելք փնտրելու…
Դեռ 98-ի փետրվարից, երբ նախագահ Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, ինձ անընդհատ ուղեկցում էր զգացողությունը, թե ետ ենք դարձել ճանապարհի կեսից և գնում ենք բոլորովին ուրիշ ուղղությամբ: Դա անհարմարության շարունակական վիճակ էր, որը կարող էր հաղթահարվել միայն ժամանակի հոսքի մեջ տարրալուծվելով:
Շատերն են պատճառաբանություններ փնտրում անցյալի իրենց դիրքորոշումը միակ ճիշտը համարելու և իրենց սխալները չխոստովանելու համար: Նրանց համար կարծես դժվար չէ ժամանակ անց բացատրել կատարված ամեն ինչի անխուսափելիությունը, հիմք փնտրելով իրենց արածների պատասխանատվությունը չկրելու: Հետադարձ ֆատալիզմի այս դրսևորումը գուցե գալիս է ինքնակեղեքման չենթարկվելու բնազդից, գուցե անզորությունից, բայց ում հայտնի չէ, որ մարդկության դժբախտությունների հիմնական պատճառը ինչ-որ ժամանակ կատարված սխալն է, այն չգիտակցելն ու չշտկելն է, երբեմն էլ, ցավոք, շտկելու անհնարինությունը:
Ահա սա էր մեր երկրում չմարսված 96-ի ընտրությունների, ապա և բեկումնային դարձած 98-ի հեղաշրջման իմ ընկալումը, որը արտահայտվում էր մասնագիտական գործունեությանս մեջ՝ որոշակիորեն օտարելով ինձ քաղաքական բոլոր շրջանակներից:
98-ի հեղաշրջմամբ իշխանությանը տիրացածների թիրախում Վանո Սիրադեղյանն էր, որը ամիսներ անց հարկադրված էր հեռանալ Հայաստանից: Նա նաև լրագրողների թիրախում էր, լրատվամիջոցների ամենապահանջված հերոսը՝ իր էքսցենտրիկ խառնվածքով, կարևորագույն հարցերում՝ միշտ առանցքային դերակատարությամբ, իշխանափոխությունից հետո՝ ճակատագրի անսպասելի շրջադարձով…
Վանոն Հայաստան վերադարձավ 99-ի գարնանն ու առաջադրվեց Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու: Խորհրդարանի ընտրությունները կայանալու էին մայիսին, ջախջախիչ հաղթանակ էր տանելու Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքը: Վանոյի վերադարձի օրը նրա ընկերները, համակիրներն ու լրագրողները դիմավորելու գնացին մի քանի տասնյակ ավտոմեքենաներից բաղկացած շարասյունով: Իշխանությունը նման սցենար չէր նախատեսել: Փոխարենը նախատեսել էր հենց օդանավակայանում՝ ինքնաթիռի դռների մեջ, ամենքի աչքից հեռու, նրան ձերբակալել ու տանել ԱԱԾ մեկուսարան: Այդպես էլ արեցին: Ազատ արձակեցին ձերբակալման 96 ժամը չլրացած, լրատվամիջոցներից հնարավորինս «թաքուն», որ աղմուկ չլինի, ուշադրության չարժանանա: Քոչարյանն իր ատելությունը նրա ու առհասարակ նախկին իշխանության հանդեպ օրեր անց արտահայտեց վատ թաքցրած նախանձի ու արհամարհանքի համադրումով. «Կարծես Քրիստոսին էին դիմավորում…»:
Քաղաքական պայքարի մեջ ներգրավվելը, նախընտրական քարոզչություն ծավալելն, իհարկե, համադրելի չէ լրագրողի և խմբագրի գործունեությանը, բայց ես ունեի երկու ծանրակշիռ փաստարկ՝ ստանձնելու Վանո Սիրադեղյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուի դերը. առաջին՝ գիտակցում էի, որ Վանոյի պարտությունը հասարակության մի մեծ հատվածի մատնելու էր անդառնալի հիասթափության, և երկրորդ՝ որ գործազուրկ էի ու կարող էի ամբողջովին ազատ լինել իմ անելիքն ընտրելիս:
Չափազանցություն թող չթվա՝ խորհրդարանի այդ ընտրություններում ներքաղաքական հիմնական (եթե ոչ միակ) ինտրիգը հենց Վանոյի ընտրությունն էր: Վերջնականապես համաձայնեցված սցենար չկար՝ ընտրական գործընթացի վրա ազդեցություն ունեցող իշխանական ռեսուրսները կենտրոնացվել էին հակամարտ կողմերում: Թեև արտաքուստ տեսանելի չէր, բայց շղթայական դեպքերը հուշում էին, որ մի կողմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում էր, որ նա չընտրվի, մյուս կողմը՝ Վազգեն Սարգսյանի հրահանգով, կարծես փորձում էր չեզոքացնել խառնակչությունն ու միջամտությունը, վստահ, որ Տավուշում Վանոն վայելում է ընտրողների վստահությունը:
Հաճախ՝ բացահայտ, երբեմն՝ աներևույթ արգելքները հաղթահարելով՝ Սիրադեղյանը մեծ դժվարությամբ ընտրվեց ԱԺ պատգամավոր: Զուգահեռաբար սկսվեց նրա ներգրավմամբ քրեական գործով դատավարությունը: Դատական նիստերից մի քանի ռեպորտաժ հրապարակեցի «Առավոտում», երբեմն թղթակցում էի նաև «Հայքին»:
Լրագրության մեջ էլ ինտրիգային իրադարձություններ էին ծավալվում Նիկոլ Փաշինյանի և նրա փակված «Օրագիրի» փոխարեն լույս տեսնող «Հայկական ժամանակի» շուրջ: Նիկոլը հաճախ էր ներքաշվում սկանդալների մեջ. դա իր տարերքն էր լրագրական գործունեության հենց սկզբից: Եվ, բնականաբար, մերթընդմերթ հայտնվում էր զանազան կոնֆլիկտների և իրավական քաշքշուկների կիզակետում: «Հայկական ժամանակի» հրապարակումների հերոսներ էին դառնում էկզոտիկ մականուններով դեմքեր՝ «Չուգուն», «Կազյոլ» և այլն, իրենց գործունեության ամբողջ հմայքով և այդ գործունեությանը տրվող համարժեք գնահատականներով: Այս հրապարակումները մի կողմից բազմապատկում էին հետաքրքրությունը թերթի նկատմանբ, մյուս կողմից՝ մեծացնում ճնշումները՝ սպառնալիքներ, քրեական գործի հարուցում, ընդհուպ մինչև խմբագրության գույքի առգրավում և թերթի հրատարակման խափանում…
Լրագրողները, ի համերաշխություն ՀԺ-ի իրենց գործընկերների և ի պաշտպանություն Նիկոլի՝ 99-ի սեպտեմբերին ցույցերի շարք սկսեցին Բաղրամյան 26-ի դիմաց, որոնցից ամենահիշարժանը տեղի ունեցավ ՀԺ-ի հրապարակումներից մեկի հերոսի՝ «Կազյոլի» կերպարի «բնօրինակ» – նախատիպի մասնակցությամբ:
Հատուկենտ մարդիկ գիտեին, ու առ այսօր չի հրապարակվել, որ լուսանկարում պատկերված այծին մեր ցույցին մասնակից դարձնելու միտքը հուշել էր Վանո Սիրադեղյանը: Այծը Երևանի մերձակա մի գյուղից բերել էր Սուրեն Սիրունյանը՝ Ճուտը: Կազյոլը Բաղրամյան 26 բերվեց որպես Նիկոլ Փաշինյանի այծ, որը եկել էր՝ իր մկկոցով միանալու մամուլը լռեցնելու դեմ կազմակերպված ակցիային: Բնականաբար, կանխատեսելի էր ոստիկանների ռեակցիան. նրանք հազիվ էին զսպում ծիծաղները: Կանխատեսելի էին նաև նրանց գործողությունները. հաղթահարելով շփոթմունքն ու իրավիճակի անհարմարությունը, ի վերջո անհամաչափ ուժ կիրառեցին և ձերբակալեցին խաղաղ ցուցարարին: Կենդանին աղիողորմ մկկաց, բայց կոտրելով նրա դիմադրությունը՝ ոստիկանները խցկեցին «Վիլիսը» և բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին:
Այդ ցույցի մասին մանրամասն և շատ համով ռեպորտաժ տպագրեց «Առավոտը»:Մեջբերեմ ամենազավեշտալի պատկերը. «…երբ այծիկը մոտեցավ նախագահի նստավայրի ցանկապատին ամրացրած «Դատարանը՝ քավության կազյոլ» ցուցապաստառին, ոստիկաններին թերևս թվաց, որ կրկնվելու է 1996-ի սեպտեմբերի 25-ը, և այծը հիմա իր պոզերով խորտակելու է ցանկապատը»: Եվ՝ հետգրությունը. «Հ. Գ. Տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը մտմտում է՝ դիմե՞լ դատախազությանն իր անձնական ունեցվածքի հափշտակման վերաբերյալ. «Գուցե այդ այծն իմ ընտանիքի եկամտի արդեն իսկ միակ աղբյուրն էր…»։
Վասակ Դարբինյան
շարունակելի
Հոդվածաշարի նախորդ մասը:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: