2020.09.25,

Քննադատ

Մերօրյա պատմիչները բռնադատվածների մասին

Առաջին անգամ անցկացվող «Հունիսի 14» ստեղծագործական-խորհրդանշական մրցույթով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը նպատակ ուներ մասսայականացնել Հայաստանի պատմության խորհրդային շրջանի վերաբերյալ գիտելիքը, զրույց ծավալել և ստեղծել հարթակ, որտեղ հանրայանցվելու նպատակով կհավաքվեն բռնադատվածների պատմությունները։ 

Հունիսի 14-ը 2006-ից է նշվում որպես Բռնադատվածների հիշատակի օր, իսկ 2008-ին Երևանում, Ազատության պողոտայի սկզբնամասում՝ Կասկադի բարձր կետում բացվել է բռնադատվածների հուշահամալիրը, որի մասին քչերը գիտեն:

Լայնաշունչ ու իրազեկող «Հունիսի 14» մրցույթին ներկայացվող գործերը շատ տարբեր, խայտաբղետ ու բազմաժանր էին՝ էսսե, գեղարվեստական, գիտական ու փաստագրական նյութ, գրքեր, արխիվային փաստաթղթեր, ֆոտոպատմություն, գիտական հոդվածներ, վավերագրական պատմություններ, խաղարկային և փաստագրական ֆիլմեր։

Մրցույթի ամփոփումից հետո կայացած առցանց քննարկումն ավելի շուտ հիշեցնում էր զրույցի, թեմայի, խոսակցության սկզբնակետ, ինչը և հետաքրքիր էր, և անհանգստացնող: 

2019թ-ի տվյալներով, Հայաստանում բնակվում է բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող հազար մարդ, որոնք 80-90 տարեկան են: Նրանք դարձյալ անտեսված են, նրանց պատմությունները՝ չգրված: 

«Հիշենք անուն առ անուն» խորագրով 1993-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում առաջին անգամ հրապարակվեցին 1930-1938-ին բռնադատվածների ցուցակները: Այդ տարիներին ձերբակալվել է 14,904 մարդ, նրանցից 4531-ը դատապարտվել է գնդակահարության: 1939-ին Գուլագում 11 հազար 64 հայ է եղել: 

Իսկ բռնաճնշումների ողջ ալիքի ժամանակ (1920-1953) բռնաճնշումների ենթարկված հայաստանցիների թիվը 42 հազար է:

Եթե Սոլժենցին ես և ապրում ես դրսում, կգրես «Գուլագ արշիպելագ», կամ եթե բռնադատված հայ գրող Մահարի ես, 60-ականներին կգրես  «Ծաղկած փշալարեր», որը կհրատարակվի միայն 1988 թվականին: 

Իսկ ո՞վ էր գրելու նրանց՝ 42 հազարի մասին, մարդկանց, որոնք, Հրանտ Մաթևոսյանի բառով, պատմություն են մտնում իբրև վիճակագրություն, և նրանց մասին հիշողությունը սահմանափակվում է տուն ուղարկված  տառապագին, գեղագիր, քրքրված նամակներով:

Այսօր գրել բռնադատվածի մասին, կնշանակի վերծանել լռության ձայնը: 

Ծնվել գաղթականների ընտանիքում և լռել- ոչինչ չիմանալ Ցեղասպանության մասին, լինել բռնադատվածի որդի ու թոռ ու չխոսել նրա և այդ մասին, մեր պատմության քսաներորդ դարում այս մանկուրտիզմը հնարավոր եղավ Սովետի իրականության մեջ:

Պատմել, նորից պատմել

Մրցույթի համակարգող Նանե Պասկևիչյանը առցանց քննարկման սկզբում իրազեկեց, որ ստացել են 28 դիմում և շատ հայտեր՝ գրքերի, ֆիլմերի, և դժվար էր գնահատելը, քանի որ բոլոր նյութերն էլ հավասար էին ու միաժամանակ շատ տարբեր: Հավասար էին, քանի որ նյութերի հիմնական դրդապատճառը հիշողության պահպանումն է, հեղինակները մերօրյա պատմիչներ են, պահպանելով ու տարածելով այդ հիշողությունը: 

Նյութերը գնահատել է մասնագիտական հանձնաժողովը՝ Էվիյա Հովհաննիսյան, Տիգրան Ամիրյան, Անահիտ Քեշիշյան, Սուսաննա Շահնազարյան, Սառա Խոջոյան, և երկար քննարկման արդյունքում, գլխավոր մրցանակը շնորհվել է Արմեն Օհանյանին «Ի հիշատակ հիշատակի» էսսեի համար, հատուկ մրցանակների են արժանացել Ռուբինա Փիրումյանի «Թավրիզից ստալինյան Գուլագ ընդհատված պատմություն», Հասմիկ Ալազանի «Տառապանքի ուղիներով», Գոհար Ստեփանյանի «Խորին վրդովմունքով բողոքում եմ…» գործերը:

«Եվրասիա»-ի գործադիր տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանի գնահատականով, «չկա դիսկուրս, չկա շղթա, այս թեմայով գործունեությունը Հայաստանում շատ է դժվարացել,  առաջնայնություն չի տրվում ու չի ողջունվում, և հոգեբանական- գաղափարախոսական պատճառով ստեղծված խորհրդային ենթակառուցվածների մեջ անհետանում է մեր պատմության այդ մասը»: 

Ժյուրիի անդամ, գրականագետ Անահիտ Քեշիշյանի կարծիքով՝ մրցույթի գործերի մեջ ահռելի լավ նյութ կա: Թեման է բարդ ու վանողական. «Օրինակ, տառապանք էր Սոլժենիցին ընթերցելը, և երկու մեծ տրավմա հնարավոր չէր տեղավորել, նաև այդ պատճառով իրենց արդարացի բնութագրումն ու գնահատականը չստացան»:

Մրցանակակիր պատմաբան Ռուբինա Փիրումյանը հիշեցրեց իր փորձը, թե ինչպես առաջինը անտեսված հարցի նկատմամբ ուշադրություն սևեռելու նպատակով անգլերեն գրել է «Սիբիրում տառապող բոլոր բռնադատվածները» ուսումնասիրությունը, հիմքում ունենալով բռնադատված հոր պատմությունը, 2019-ին հայերեն լույս տեսավ նրա «Թավրիզից ստալինյան Գուլագ, 11 տարի Նորիլսկում» գիրքը:

Հասմիկ Ալազանը շնորհակալ էր, որ իրենց՝ դաժան ժամանակների զոհերի հարազատներին, այսպիսի հնարավորություն է տրվում՝ պատմել, նորից պատմել:

Մրցանակ ստացած Գոհար Ստեփանյանը ուսումնասիրել էր զոհերի հարազատների աղերսագրերը, և զարմացել այն փաստից, որ դրանք հիմնականում բողոք նամակներ էին, որոնցում քաղաքացու դիրքրոշումն էր գերակա, և արդարության պահանջ էր դրվում:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որի ուշագրության կենտրոնում է նաև այս թեման, ասաց, որ մրցույթի նյութերի մեջ շատ ինֆորմացիա կա, որն իր հերթին շատ ասպեկտներ, զուգահեռ թեմաներ է բերում:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչ Վահե Ղարիբյանը, պարզվեց, տարիներ առաջ է մասնակցել դպրոցի «Բռնադատվածներ» նախագծին, որի ընթացքում փողոցում հարցում են արել և ստացել հետևյալ պատկերը՝ 20-40 տարեկան 100 հոգուց 12 հոգի են իմացել, թե ինչ է բռնադատվածը: Վահե Ղարիբյանի ասելով,  մրցույթի նյութերի ժանրային ու միջոցների տարբերությունը, գեղարվեստական ու գիտական աշխատանքները համեմատելի չէին: 

Ազգագրագետ Գայանե Շագոյանը նկատեց, որ հիշելու առումով աշակերտներից ուշացել էինք: Նա շեշտադրեց հիշելու կարևորույունը, ոչ միայն իբրև հարգանքի ձևաչափ, այլև ինքնություն ձևավորելու գործիք: 

Քննարկման ժամանակ մրցանակակիր Արմեն Օհանյանն ասաց, որ  «հարցը որոշվեց փակել հուշարձանացմամբ, ուստի պատահական չէ, որ դրանով զբաղվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, նպաստի-փոխհատումնան հարց է լուծվում այն դեպքում, երբ նրանք ինտելեկտուալ հոգատարության կարիք ունեն»: 

Հպանցիկ ուսումնասիրելով 1994-ի Բռնադատվածների մասին օրենքն ու  մեկ տարի առաջ՝ 2019-ի սեպտեմբերին ընդունված Բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների և սոցիալական պաշտպանության մասին օրենքի նախագիծը, պարզ է դառնում, Արմեն Օհանյանը լավատես է:  

Նպաստն ու փոխհատուցումն էլ այս պարագայում անկարևոր չեն, քանի որ այդ կարգավիճակն ունեցող մարդիկ 80-90 տարեկան են, ուղղակի դա էլ չկա, որքան էլ զարմանաի է:

Բառացիորեն ոչինչ չունենք բռնադատվածների սոցիալական պաշտպանության համար, փաստացի չեն գործում նախկինում սահմանված արտոնությունները (ամսական 12 հազար դրամ նպաստ, արտոնյալ վարկեր), իսկ նոր նախագիծը, որի նպատակը «պետության բարոյական պարտքը մասամբ փոխհատուցելն» է, դեռևս օրենք չէ:

Մրցույթը առիթ էր գույքագրելու, թե որքան անլուրջ-անտարբեր ենք մեր անցյալը վերագնահատելու հարցում: 

Գայանե Մկրտչյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *