Տավուշյան ռազմական գործողությունները շատ հստակ ցույց տվեցին, որ Հայաստանը կարող է մի քանի ժամվա մեջ հայտնվել իրական հիբրիդային պատերազմի կիզակետում։
Կիրառվեցին անհավանական քանակի միջոցներ՝ ուղղված բազմաթիվ թիրախների, որոնցից կարևորագույններից էին լրատվամիջոցները։ Ռազմական գործողությունները գրեթե չսկսած, սկսվեցին հաքերային հարձակումները հայաստանյան լրատվականների դեմ։
Նույնիսկ նկատվեց մի տարօրինակ զուգադիպություն․ երբ ադրբեջանական հատուկ ջոկատայինները իրականացրեցին գիշերային ներթափանցման փորձ, հենց նույն ժամին մի քանի հայաստանյան կայքերի վրա ուժգին DDoS հարձակման ալիք սկսվեց։
Քանի որ արդեն իրավիճակը սահմանին քիչ թե շատ հանդարտվել է, և հիմնական հարձակողական մեթոդները չեն գործում, փորձենք հասկանալ, թե ինչ դասեր կարող են քաղել խմբագրությունները և անհատ լրագրողները այս հիբրիդային պատերազմից։
Հենց հակամարտության ընթացքում մենք խոսում էինք այն պաշտպանողական մեխանիզմների մասին, որոնք թույլ էին տալիս պաշտպանել կայքը, սոցցանցերը, հաշիվները։
Կրկնենք երկու կարևորագույն կետ․ միացնել DDoS հարձակումների դեմ պաշտպանողական համակարգերը կայքերի վրա, իրենց հերթին օգտատերերն էլ պարտադիր պետք է ունենան բոլոր հաշիվների վրա միացրած երկփուլային վավերացում (2 factor authentication):
Իսկ այժմ շարունակենք եզրակացություններ անել․
ա․ Ավելի ու ավելի կարևոր է դառնում, որ խմբագրությունում լինի գոնե մեկը, որը սովոր է փաստերը ստուգել։ Նման հիբրիդային գործողությունների ժամանակ ահռելի քանակի ապատեղեկատվություն է շրջանառվում։
Ապատեղեկատվության մի մասը ստեղծվում է պրոֆեսիոնալների կողմից, և ստուգումներ իրականացնելն էլ է արդեն դարձել պրոֆեսիոնալի գործ։ Առավելևս, որ տեղեկատվական հոսքերը ինչ-որ պահերի քանակապես շատ արագ են աճում և օպերատիվությունը սկսում է գերիշխող պահանջ լինել։
Նման իրավիճակում փաստերի ստուգումը պետք է ոչ միայն որակյալ աշխատանք լինի, այլ նաև արագ։ Ինչը ենթադրում է, որ պետք է լինեն լրագրողներ, որոնք վարժ են իրականացնում նման գործողություններ, այլ ոչ թե տվյալ պահին փորձում են սովորել և զուգահեռաբար փաստերը ստուգել:
բ․ Ռազմական գործողությունների տեղանքում աշխատող լրագրողների համար ավելի ու ավելի կարևոր է դառնում ռազմական լրագրության հետ կապված հարցերի լուծումը։ Հասկանալի է, որ լրագրողները պետք է հատուկ պատրաստվեն։ Սկսած գիտելիքից, թե ինչպես չվտանգեն իրենց կյանքը՝ մարտական գործողությունների թատերաբեմին մոտ լինելիս։
Նաև կարևոր է հստակություն մտցնել մեդիա-բանակ հարաբերություններում։
Բանակը պետք է նշի կոնկրետ կարմիր գծերը, որպեսզի լրագրողներն ամեն անգամ իրենց բանականությանը և կյանքի փորձին չդիմեն՝ որոշելով թե ինչը կարելի է հրապարակել, ինչը՝ ոչ։
Չպետք է լինի իրավիճակ, երբ լրագրողը ուղիղ եթեր մտնի սոցցանցով հենց մարտական գործողությունների ժամանակ սահմանամերձ գյուղից և հետևի ֆոնին ինչ ասես հայտնվի։ Ու հետո ՊՆ-ն չպետք է հորդորի ուղիղ եթեր չանել։
Սա լրագրողը պետք է իմանա, քանի որ իրեն պետք է հստակ բացատրեն ուղիղ եթերի վտանգները նման տեղում և նման պահին։
Իսկ բանակը պետք է նման ռազմական գործողությունների ժամանակ հստակ կանոնների վերաբերյալ փաստաթուղթ հրապարակի և տրամադրի այն բոլոր լրագրողներին, որոնք այդ պահին տեղում կամ առցանց լուսաբանում են մարտական գործողոթյունները։
գ․ Տեղեկատվություն տարածելու տեսանկյունից կարևոր է ունենալ պահուստային հարթակներ։ Նույնիսկ եթե կայքը պաշտպանված է DDoS հարձակումներից, միևնույնն է, հնարավոր են աշխատանքի խափանումներ։
Ի վերջո, կայքը կարող են պարզապես կոտրել, եթե գտնեն խոցելի տեղեր։ Իսկ տավուշյան դեպքերը հուշում են, որ, օրինակ, կառավարական կայքեր կոտրելը նախօրոք պլանավորված գործողություն էր։
Այսինքն, կայքը կարող են կոտրել և ձեռք չտալ մինչև հասնի անհրաժեշտ պահը։
Նաև, տեղեկատվության տարածումը կարող է կասեցվել, եթե արգելափակումների տակ հայտնվի սոցցանցային հաշիվ։ Գաղտնիք չէ, որ այս օրերին ադրբեջանական կողմը կազմակերպել էր զանգվածային բողոքներ սոցցանցերում հայաստանյան կազմակերպությունների դեմ, որպեսզի դրանք արգելափակվեն։
Փորձը ցույց է տալիս, որ մեծ քանակի բողոքների ժամանակ հաշիվը իսկապես կարող է սառեցվել։ Կամ, օրինակ, ցուցադրումները կտրուկ նվազեն։ Այսինքն, սոցցանցը պարզապես սկսի քիչ մարդու ցույց տալ գրառումները։
Հաշվի առնելով այս հանգամանքը, լրատվամիջոցները պետք է ունենան տեղեկատվությունը տարածելու հնարավորինս լայն գործիքակազմ։ Ոչ միայն հաշիվներ Ֆեյսբուքում, Թվիթերում կամ Յություբում։ Այլ նաև ալիք և խումբ Տելեգրամում, այլընտրանքային վիդեո-ալիք, օրինակ, Vimeo-ի վրա, տեքստերի տարածման հնարավորություն այնպիսի հարթակներում, ինչպիսին են Medium, Zen Yandex և այլն։
Այսպիսի դեպքերից հետո մի բան է հասկանալի դառնում՝ լրագրողն արդեն շատ բազմաբովանդակ, կոմպլեքսային մասնագիտություն է, որը ենթադրում է հումանիտար և տեխնիկական գիտելիքների միասնական կիրառում։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: