2020.07.23,

Քննադատ

Ծիրանն ու սոցցանցային արձագանքները հայ-ռուսական մեդիա հարաբերություններում

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լարված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ծիրանային «պատերազմները», տարբեր հեղինակությունների սոցցանցային գրառումները ու դրանց հակադարձելու փորձերը վերջին շաբաթում միավորվեցին՝ դառնալով առիթ մտորելու, թե ինչպես ենք ներկայանում միջազգային մեդիայում և ինչպես ենք մեզ չափում մեդիայով: Հատկապես ռուսական մեդիայով:

Երբ Մոսկվայի մեծածախ շուկայում ադրբեջանցիները ճխլեցին հայկական ծիրանները որպես «հայրենասիրական» ակցիա, իսկ հետո արգելեցին հայկական մրգի մուտքը շուկայի տարածք, բարձրացավ մեծ ալիք, որը կարելի է անվանել՝ ժողովրդական-ծիսական:

Նախ՝ հարկավոր էր փրկել բեռնատար մեքենաներով երկար ճանապարհ կտրած ու արագ փչացող միրգը (ի վերջո, ծիրանը իրացվեց այլընտրանքային ճանապարհով ու հայերի միավորման շնորհիվ):

Եվ երկրորդը՝ հարկավոր էր կատարել սիմվոլիկ ակտ:

Ծիրանը հայկական ինքնության խորհրդանիշ է, և այն պետք էր փրկել այլաբանորեն (մեզ ոտատակ են տալիս, իսկ մենք հառնում ենք կրկին, ինչպես արել ենք պատմության տարբեր փուլերում):

Ծիսական-փերֆորմատիվ կերպով՝ պարերով, արդարացի գործ անելու գիտակցությամբ ու ի ցույց աշխարհի, ծիրանի բերքը Մոսկվայում փրկվեց, արդյունքում շահեցին թե՛ բիզնեսի, թե՛ ինքնության ջատագովները:

Եվ քանի որ ծիրան տրորելու մեկնակետը իրոք անիմաստ ու ոչ խելացի քայլ էր ադրբեջանցիների կողմից, «ծիրանային պատերազմում» հաղթելու համար հայ համայնքից շատ բան չպահանջվեց: Ընդամենը այդ առիթը օգտագործելը: Ծիրանը հենց հայն էր, ընդ որում՝ բոլորի համար, առանց քաղաքական, սոցիալական, սեռական և այլ տարբերակումների: 

Հայկական տեսակետը պաշտպանելու համար մեծ ջանք չպահանջվեց նաև ռուսական «Время покажет» (Ժամանակը ցույց կտա) թողարկման ժամանակ, երբ թոք-շոուի ադրբեջանցի մասնակիցները ամեն ինչ արեցին ինքնուրույն՝ այնքան բեկորացնելով ու կրքերով լցնելով  «ծիրանային պատերազմների» թեման, որ անգամ առաջ անցան հաղորդավարներից, որոնք ինչպես տեսել ենք՝ միշտ ծայրահեղ հուզական ու սկանդալային են:

Ռուսաստանյան դաշնային ալիքների բանավեճերը նայելը միշտ տանջանք է, քանի որ գոռգոռոցները, բանախոսների ընդհատումներն ու էմոցիաները գրեթե միշտ թույլ չեն տալիս ըմբռնել քննարկման թելը:

Բայց միաժամանակ դրանք գրավիչ են, քանի որ հիշեցնում են ոչ թե նորության մասին երկխոսություն, այլ գեղարվեստական ֆիլմ, հորինվածք, թատերական-կրկեսային ներկայացում: Չես հավատում, բայց հաճույքով դիտում ես: 

Հատկապես, երբ հակառակ տեսակետ ունեցողը ինքն է իր համար տրամաբանական փոս փորում, ինքն էլ ընկնում է դրա մեջ (բավական է հիշատակել նրանց հանգիստ տեսակետը, որ լրագրողները չեն կարող այցելել ադրբեջանական սահման, եթե եղել են Ղարաբաղում): 

Հայ-ադրբեջանական մեդիա բախումները գրեթե միշտ մեզ հասկանալի ու հստակ են (մենք և նրանք), դժվար է ընդունել եռանկյունի քննարկումներում մեր դիրքը, հատկապես, երբ քննարկումների մասնակիցն ու կողմը Ռուսաստանն է, մեր «մեծ եղբայրը», «ուժեղ ձեռքը» և, ի վերջո, «կենտրոնը» դեռ Խորհրդային միության տարիներից: 

Արդյո՞ք հնարավոր է այս ամենը կողք դնել ու խոսել որպես ռազմավարական գործընկերներ, ինչպիսիք ենք փաստաթղթերով: 

Եվ ինչպե՞ս է դա հնարավոր, երբ «ուժեղ ձեռքի» պահանջը դիտարկում ենք ավելի շատ որպես օտարի ուժեղ ձեռք (հավերժական եղբոր): Կարծես հակված չենք ընդունելու, որ ուժեղը մեզանից որևէ մեկն է, քանի որ ներքուստ մտածում ենք, որ ոչ ոք մեզանից առավել լավը չէ, այդ ուժեղ ձեռքը համարվելու համար: 

Հուլիսի 10-ին ՀՀ վարչապետի խոսքը՝ ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի մասին, որը թեև կազմված էր ընդհանուր բառերից և պատմական-ծիսական-մշակութային-խոհանոցային ակնարկներից, այնուամենայնիվ կարևոր էր որպես ժամանակակից վերանայում հենց այդ «ուժեղ ձեռք» մտքի: Հաջողությունների և անհաջողությունների սլաքները դեպի ներս, ոչ թե դեպի դուրս տանելու մասին էր:

Ներսով պայմանավորելը դրսի հետ հարաբերությունները:

Եվ թերևս սա կարևոր է որպես գործիք-վարքականոն՝ օգնող շփվելու առաջին հերթին Ռուսաստանի հետ, որտեղ հաճախ սկիզբ են առնում զարմանալի կերպով մատուցվող իրադարձություններ և նույնքան էլ զարմանալի մեկնաբնություններ, որոնք միշտ չէ, որ լավ հաշվարկված են: Բայց հաճախ հիշեցնում են, թե Հայաստանը պետք է շնորհակալ լինի ու մեծ հաշվով՝ միշտ նայի դեպի Ռուսաստան:

Russia Today հեռուստաալիքի և «Սպուտնիկ» գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի սոցցանցային գրառումը այդ շարքից էր: «Դուք ի՞նչ հայեր եք»,- դիմեց նա «անշնորհակալ» ՀՀ իշխանություններին՝ կապելով հարցը Ռուսաստանի դարավոր բարության ու պաշտպանության վրա «թքելու» հետ: «Եվ Ռուսաստանը բարոյական իրավունք ունի թքել ձեզ վրա ու տրորել»,- այս մտքին միացավ նաև օժանդակ պահարանի վրա Նարեկացի ունենալու պնդումը:

Այն գռեհիկ տոնայնությունը ու խառը մեղադրական տեղեկատվական բեկորները գործեցին այնպես, ինչպես տրորվող ծիրանների տեսարանը: Այսինքն, բուռն ալիք բարձրացավ հայի ինքնության շուրջ:

Ինքնության ընկալումը հակադրվեց դրսից եկող սպառնալիքին ու դրանով իսկ՝ ուղղվեց դեպի ներս:

Ընդհանրապես, ռուսաստանյան քարոզիչների բանակը (հատկապես հայկական ազգանուններ ունեցող) շատ ավելի մեծ արդյունավետությամբ է համախմբում հայաստանցիներին ու օգնում նայել ներսում եղած հաջողություններին ու անհաջողություններին՝ արդեն դրսի ազդեցությունից մաքրված հայացքով:

Իհարկե, Ռուսաստանի հետ խոսելը բարդ է (անգամ սոցցանցային անմեղ զրույցներում), հատկապես, երբ լավ չենք պատկերացնում, թե որն է պաշտոնական տեսակետը և որը անձնական քմահաճույքից բխող կարծիքն ու դրա ներկայացման ձևը:

Սիմոնյանը, որը պետական լրատվական հոլդինգի ղեկավար է, կարծես անցավ այն սահմանը, որը գրված էր «ուժեղ ձեռք» ունեցողին անվերապահորեն վստահելու կոդով: Եվ ընդհանրապես «ուժեղ ձեռք»-ի սահմանումը փոխվեց, ի վերջո, դառնալով հարց՝ իսկ ո՞րն է ուժը:

Ցանկացած պետություն ստեղծում է ոչ միայն իր ապագան, այլև անցյալը: 

Վերցնում է անցյալից այն սիմվոլները, որոնք, ըստ պետական մարմինների, արժեք են, և ջնջում կամ մշուշոտում այն պատմական դրվագները, որոնք պետք է մոռացվեն կամ առնվազն դասվեն երկրորդականների շարքում:

Հիշելու-մոռանալու ունակությունը ուժ է, նաև կենսական պահանջ, որը հիմա Հայաստանում ամեն ոլորտում է կարևոր: Դատական համակարգից սկսած մինչև գրականության դասերը դպրոցում:

Մեծ կայսերությունը, ինչպիսին էր ԽՍՀՄ-ը, մինչը հիմա այնքան մեծ ազդեցություն ունի մեր դպրոցական համակարգի վրա, որ այստեղ մոռանալու պահանջն ավելի թանկ է, քան հիշելու ցանկությունը: 

Կան բաներ, որ պետք է մոռացվեն, ջնջվեն, համարվեն երկրորդական:

Եվ միգուցե երկխոսությունը Ռուսաստանի հետ ավելի արժեքավոր կլինի, եթե մի կողմ դրվի ընդհանուր սովետական անցյալը (չմոռացվի, ընդամենը կողք դրվի), դադարի լինել ուժեղ կենտրոնի ու էկզոտիկ պրովինցիայի հարաբերությունների հայելային արտացոլում:

Ու թող զարմանալի չթվա, բայց կրթական ռեֆորմը և հատկապես հումանիտար ժառանգության վերաիմաստավորումը, որը հիմա ձեռնարկել են ՀՀ իշխանությունները, շատ բան կարող է իր ճիշտ տեղը դնել: Օրինակ կայսերության մաս լինելու փաստը թողնել անցյալում:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *