2020.07.14,

Քննադատ

Հանրային քննարկում՝ ինչով գոյատևել և ինչ կերպ ստեղծագործել

Հուլիսի 13-ի ԱԺ-ն հատուկ նիստում մեկ ամսով ևս երկարացվեց արտակարգ դրությունը, և պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ մշակույթն այն ոլորտներից է, որտեղ կանոնների պահպանման պայմանով սահմանափակումները մեղմելու հնարավորություններ են դիտարկվում։

Համավարակի պայմաններում կառավարությունը պահպանել է պետական բոլոր կառույցների աշխատակիցների աշխատավարձը, ինչը գոյատևելու սոցիալական փրկօղակ է ընդամենը, սակայն այդ շրջանակից՝ ծառայողական աշխույժ մասսաներից դուրս գտնվող արվեստագետների վիճակը անհնարինության սահմանագծին է:

Նախարարությունը դեռ դանդաղ քննարկում է նրանց կարգավիճակի հարցերը, խնդիրները, լուծումների համար պարետատուն դիմելու համար: 

Մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանի սկանդալային հարցազրույցի այն միտքը, թե «հետագա պետական աջակցության տրամաբանության մեջ առաջին տեղում պետք է լինեն հենց գործող, ստեղծագործող և ճգնաժամային այս իրավիճակում իրենց լավագույնս դրսևորած կազմակերպությունները», անհանգստություն է առաջացրել նաև աշխատավարձ ստացող արվեստագետների շրջանում: 

Նա հստակ ջրբաժան էր գծել՝ «մշակույթի ոլորտի առաջամարտիկները, նախաձեռնող, ստեղծագործ խմբեր» և «պասիվ, կենսաթոշակառուի, նպաստ ստացողի հոգեբանությամբ առաջնորդվող, որևէ կերպ թվային տիրույթում չդիրքավորվողներ»: 

Փոխնախարարը նույն տեսակետը, մի քիչ ավելի զգուշավոր, երկչոտ արտահայտեց Հանրային հեռուստաընկերության «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ: «Թատրոնը համավարակի օրերին» քննարկմանը, փոխնախարարից բացի, մասնակցում էին Սունդուկյանի թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Համազգային թատրոնի գեղղեկավար Նարինե Գրիգորյանն ու «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը: 

Հաղորդման սկզբում բոլորը փորձում էին ապացուցել, որ համավարակը հնարավորություն է երևակայություն աշխատեցնելու, արտահայտվելու նոր ձևեր փնտրել-գտնելու, սակայն կամաց-կամաց համոզվեցին, որ թատրոնը կյանքային հաղորդակցության արվեստ է, և առանց կենդանի շփման դժվար իրագործելի: 

Վարդան Մկրտչյանի տեսակետով՝ եթե անգամ թույլ տան ներկայացումներ անել, պահպանելով հակահամաճարակային կանոնները (ինչը հնարավոր է), իրենք վստահ չեն, թե հանդիսատեսը կգա թատրոն, այսքան վախերի ու վտանգների պարագայում: 

Նարինե Գրիգորյանը ներկայացրեց իրենց նախագծերը՝ թատրոնի նոր շենքի տանիքում բացօթյա ներկայացում, մանկապարտեզների բաց տարածքում մանկական ներկայացում և այլն:

Քննարկման գլխավոր կետը, սակայն, «Բոհեմ» թատրոնի իրավիճակն էր, իբրև միակ մասնավոր թատրոն, օրինավոր հարկատու (անցյալ տարի՝ 7 միլիոն դրամ): Նարեկ Դուրյանը թատրոնի և դերասանների վիճակի բարդությունը ներկայացրեց առանց զեղումների, ասելով, որ բոլոր հարցերը կլուծվեն, միայն թե հնարավորություն ունենան խաղալու, քանի որ երբևէ հանդիսատեսի խնդիր չեն ունեցել: Դուրյանի ասելով՝ անգամ տարածքում հավաքվել-մտածելն անվճար չէ, քանի որ տարածքը վարձակալում են: 

Անելանելի թվացող մի վիճակ, որում այս ամիսներին գտնվում են մասնավոր խմբերն և ազատ արվեստագետները: Եվ նրանց խնդիրները գրեթե չեն հայտնվում մեդիայում: Ճանաչված թառահար Միքայել Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը դրա վկայությունն է: 

Արա Խզմալյանը արդեն արձագանքել էր, թե «կառավարության հակաճգնաժամային քննարկումներում ակնարկ չկա արվեստի անկախ գործիչների մասին, որոնց եկամտի 95%-ը գոյանում է կենդանի ելույթներից, հյուրախաղերից և մշակութային նախագծերից, որոնք մարտի 12-ից առայսօր ամբողջությամբ կանգ են առել՝ ոլորտի մարդկանց թողնելով փակուղում»։ 

Թեև քննարկման ժամանակ փոխնախարարն ասաց, որ պիտի օգտագործել ամառվա այս ամիսները, բացօթյա համերգներ և միջոցառումներ կազմակերպելու տեսանկյունից, սակայն հուլիսի կեսին ենք, ու դեռ այս հարցով կառավարությունը չի դիմել պարետատուն:

Սպասողական այս վիճակում հաղորդման վարող Պետրոս Ղազարյանը հարցրեց, թե 22 պետական թատրոնը արդյո՞ք շատ չէ, և, չանսալով Խզմալյանի հորդորին, թե կդառնաք թիրախ, ասաց, որ չի զգուշանում «հետմահու ռահվիրաների» հարձակումներից: Իհարկե, շատ են թատրոնները, սակայն արժե՞ հանուն համարձակության, անհասցե վիրավորել, նշավակ դարձնելով արվեստագետի տարիքը: 

Պետրոս Ղազարյանը կարողանում է նաև ճիշտ պահին հարց տալ: Փոխնախարարի խոսքին, թե ի վերջո պիտի հասկանանք, նախարարությունը սոցիալական հարցեր է լուծու՞մ, թե՞ պրոֆեսիոնալ,  վարողը հակադարձեց. «Պարոն Խզմալյան, մենք ձեզ ենք պատվիրակել, դուք մե՞զ եք հարցնում»: 

Սեր առ հանդիսատես, առանց հանդիսատեսի համերգներ 

Երաժշտական ու թատերական կոլեկտիվները մամուլում ակտիվորեն  տարածում են փոքր խմբերով փորձերի, առաջիկա առցանց ներկայացման, համերգի մասին տեղեկություններ, որոնց թվում կան իրական և հաջող նախագծեր, նաև հանդիսատեսին ուղղված սիրատոչոր վերնագրերով գործ անելու ջանք և իմիտացիա: 

Մարզահամերգային համալիրում, հուլիսի 10-28-ը, առանց երաժշտասերների, կանցկացվի «Music-20» դասական երաժշտության առցանց միջազգային փառատոնը: Աշխարհահռչակ արտիստներ կգան Հայաստան, ակնկալվում է 100 հազարից ավելի օնլայն դիտում: 

Օգոստոսի 1-10-ը կանցկացվի «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, բացօթյա, նաև ուղիղ հեռարձակմամբ: Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը հանդես կգա հեռուստաներկայացումներով, թատրոնը գտել է ստեղծագործելու, չլճանալու այս տարբերակը, հանդիսատեսին կներկայանան Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» ներկայացումներով: 

Համազգային թատրոնը 7 մասանոց ֆիլմաշար է ներկայացնելու, Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհների» գործի հիման վրա: Թատրոնի դերասաններն իրենց նկարահանել են հեռախոսով: 

Հուլիսի 10-ին ներկայացվեց առաջին մասը: 

Չգոհանալով և չսպասելով, թե «ամենավերջում կբացվեն թատրոնները», հուլիսի 8-ին Ստանիսլավսկու թատրոնի բացօթյա տարածքում Թատերական գործիչների միությունը նիստ է արել և առաջարկով դիմել նախարարություն՝ խնդրելով վերջինիս միջնորդությունը պարետատուն՝ թատրոնների ստեղծագործական աշխատանքները անվտանգության բոլոր նորմերը պահպանելով վերսկսելու համար: 

Բրիտանական կառավարությունը 1 միլիարդ 570 միլիոն ֆունտ սթերլինգ է տրամադրել մշակույթին՝ համավարակի բարդությունները հաղթահարելու համար, հիմնավորելով, որ արվեստն իրենց էությունն է, որը պարտավոր են պաշտպանել։ 

Նաև ֆինանսապես պաշտպանված լինելու համար են  հայաստանյան մշակութային կոլեկտիվները ձգտում լինել «առաջմարտիկ, նախաձեռնող, որևէ կերպ թվային տիրույթում դիրքավորվող»:

Գայանե Մկրտչյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *